Ոսկե ծիրան
Ոսկե ծիրան | |
---|---|
Տեսակ | կինոփառատոն |
Երկիր | Հայաստան |
Կարգախոս | Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ |
Հիմնադրված | 2004 |
Հիմնադիր | Հարություն Խաչատրյան և Միքայել Ստամբոլցյան |
Կայք | gaiff.am(անգլ.)(հայ.) |
Ոսկե ծիրան, Երևանում անցկացվող ամենամյա ամենամեծ կինոփառատոնը, որը հիմնադրվել է 2004 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից և անցկացվում է հուլիսին։ Փառատոնն ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ Վերջին տարիներին փառատոնը նաև Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից է։ Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։
Փառատոնի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2004 թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն են՝ փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնը ֆիլմերի հիմնական մասը ամեն տարի ցուցադրվում են «Մոսկվա» և «Նարիր» կինոթատրոններում։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի և երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։
Անվանակարգեր և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառատոնին ֆիլմերը ներկայացվում են երեք հիմնական մրցութային անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր։ Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ։ Փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգը հատուկ համահայկական մրցութային բաժին է, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչները ցանկացած տևողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերով։
Փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագիր, որի բաժինները տարբեր տարիների փոփոխություններ են կրում, վերջին տարում՝ 2010-ին, դրանք հետևյալն էին․
- «Երևանյան պրեմիերա»
- «Հայկական Էսքիզներ»
- «Բրիտանական վեց կարճամետրաժ»
- «Ոսկե ծիրան բարձրագույն կինոդպրոց»։
Տարբերանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի փառատոնին «Ոսկե ծիրանի» նոր տարբերանշան է ընտրվել, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը։ Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը[1]։
Ժյուրի
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ոսկե ծիրանն» ունի առանձին ժյուրիներ համապատասխանաբար փառատոնի երեք՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր անվանակարգերի համար։ 2007 թվականից փառատոնն ունի նաև էկումենիկ և FIPRESCI ժյուրի, որոնք տալիս են իրենց հատուկ մրցանակները։ 2010 թվականին փառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահել է եղել իսլանդացի կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնը, վավերագրական ֆիլմերի ժյուրին նախագահն է եղել իտալացի կինոքննադատ Լուչանո Բարիզոնեն, իսկ «Հայկական համայնապատկեր» անվանակարգի ժյուրիի նախագահը եղել է կինոգետ և պրոդյուսեր Արմեն Մեդվեդևը։
«Ռեժիսորներ առանց սահմանների»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) «Ոսկե Ծիրանի» ստեղծած՝ ռեժիսորների և կինոյի մասնագետների ցանց է, որին անդամակացում են Հարավային Կովկասի տարածաշրջանի և հարակից այլ պետությունների կինոգործիչները։ ՌԱՍ-ը հիմնադրվել է իրանցի հանրահայտ ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի նախաձեռնությամբ։ ՌԱՍ-ն աջակցում է համատեղ արտադրության ֆիլմ-նախագծերին, որոնք բացահայտում են ազգերի ու մշակույթների միջև ծագած խնդիրները։ ՌԱՍ-ն ընդգծում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասյան տարածաշրջանում դարերով կողք կողքի ապրած ժողովուրդների միջև այսօր կան բազմաթիվ կրոնական, էթնիկ և մշակութային հակասություններ, որոնք արտահայտվում են նաև կինոարտադրության բնագավառում՝ ստեղծելով խնդիրներ պրոդյուսերների, ռեժիսորների և սցենարիստների համար։ ՌԱՍ-ը նպատակն է հաղթահարել սահմանները ու ստեղծել համընդհանուր մարդասիրական սկզբունքներին համապատասխանող կինոյի մթնոլորտ և կինոդաշտ։
Լավագույն գեղարվեստական կինոնկարի համար «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակի դափնեկիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Երկիր |
---|---|---|---|
2004 | Արարատ | Ատոմ Էգոյան | Կանադա |
2005 | Արևը | Ալեքսանդր Սոկուրով | Ռուսաստան/ Իտալիա/ Ֆրանսիա |
2006 | Երեք անգամ | Հոու Սյաոսյան | Թայվան/ Ֆրանսիա |
2007 | Ներմուծում/Արտահանում | Ուլրիխ Զայդլ | Ավստրիա |
2008 | Ջրահարսը | Աննա Մելիքյան | Ռուսաստան |
2009 | Այլ ափը | Գիորգի Օվաշվիլի | Վրաստան/ Ղազախստան |
2010 | Տիեզերք | Ռեհա Էրդեմ | Թուրքիա/ Բուլղարիա |
2011 | Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը | Ասղար Ֆարհադի | Իրան |
2012 | Մշուշում | Սերգեյ Լոզնիցա | Ռուսաստան |
2013 | Շրջաններ | Սրջան Գոլուբովիչ | Սերբիա |
2014 | Ցեղը | Միրոսլավ Սլաբոշպիտսկի | Ուկրաինա |
2015 | Օձի գրկում | Սիռո Գեռա | Կոլումբիա, Վենեսուելա, Արգենտինա |
2016 | Բալերի անունները[2] | Բրանկո Շմիդտ | Խորվաթիա |
2017 | Ցանկալի Դուրգան[3] | Սանալ Կումար Սասիդհարան | Հնդկաստան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Ոսկե Ծիրան» փառատոնն անցկացվում է պետական աջակցությամբ». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Ungiven wins at Golden Apricot Festival in Yerevan». Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ ««Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են». gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր
- «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայք Արխիվացված 2022-07-11 Wayback Machine
- Ոսկե ծիրան 2014 նվիրված Սերգեյ Փարաջանովի 90- ամյակին Արխիվացված 2022-07-11 Wayback Machine
- «Ամփոփվեցին XVI «Ոսկե ծիրանի» ձեռքբերումներն ու իրականացրած ծրագրերը». OST Armenia. 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե ծիրան» հոդվածին։ |
|