Բրանկո Շմիդտ (խորվաթերեն՝ Branko Schmidt, սեպտեմբերի 21, 1957(1957-09-21), Օսիեկ, ՀՍՖՀ), խորվաթ կինոռեժիսոր, սցենարիստ։ Նրա «Բուսակեր մարդակերը» ֆիլմը ներկայացվել է Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, սակայն չի ընդգրկվել վերջնական ցանկում[1]։
Բրանկո Շմիդտը ծնվել է Օսիեկ քաղաքում։ 1981 թվականին ավարտել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը։ Առաջին լիամետրաժ խաղարկային «Սոկոլը նրան չի սիրում» (Ֆաբիան Շովագովիչի համանուն պիեսի էկրանավորումն է, ֆիլմի երաժշտության հեղինակն է Զորան Մուլիչը) ֆիլմը նկարահանել է 1988 թվականին։ Ֆիլմը Պուլայի կինոփառատոնում արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ Շմիդտը նկարահանում է և գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, որոնք հիմնականում վերաբերում են Հարավսլավիայի և Խորվաթիայի նորագույն պատմությանը։
Շմիդտի «Սեխի ճամփան» կինոնկարը (2006) Խորվաթիայում արժանացել է մի շարք մրցանակների, իսկ Մոնպելյեի կինոփառատոնում լավագույն երաժշտության համար արժանացել է «Ոսկե Անտիգոնե» գլխավոր մրցանակին։ Շմիդտի «Մետաստազներ» խաղարկային ֆիլմը (2009, Իվո Բալենովիչի վեպի կինոտարբերակն է) երեք «Ոսկե Արենա» մրցանակ է ստացել «լավագույն կինոնկար», «լավագույն դերասան» և «լավագույն դիմահարդարում» անվանակարգերում։ Նրա «Բալերի անունները» ֆիլմը 2016 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում[2][3] և արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին[4][5]։