Jump to content

Նիդերլանդների աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիդերլանդներ, արևմտաեվրոպական պետություն, որը տեղաբաշխված է Միջին եվրոպական հարթավայրի արևմտյան մասում։ Հյուսիսից և արևմուտքից պետության տարածքը ողողում են Հյուսիսային ծովի ջրերը, այս մասում գերակշռում են պոլդերները՝ նախկին ջրային տարածությունները, որոնք ամբարտակներով փակվել և չորացվել են՝ վերածվելով մշակվող բերրի հողատարածքների, և դյուները՝ ավազաբլուրները։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ հս. լ. 51°-53° և արլ. ե. 4°-7°։ Նիդերլանդների առանձնահատկությունն այն է, որ տարածքի մեծ մասը ձեռք է բերվել ծովի հաշվին՝ չորացնելով այն, իսկ ներկայումս Նիդերլանդների տարածքի կեսը, որի վրա ապրում է բնակչության մոտ 60 %–ը, գտնվում է ծովի մակարդակից ցածր, իսկ 1/3–ը ունի մինչև 1մ բարձրություն։ Թարգմանաբար Նիդերլանդներ նշանակում է «ցածրադիր երկրներ», որը բացատրվում է ցածրադիր հարաթավայրային ռելիեֆով։

Երկիրը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։ Հյուսիսում և արևմուտքում տարածվում են ցածրադիր հողերը, որոնց մեծ մասը գտնվում է Հռենոսի, Մաասի և Շելդայի դելտայում։ Ծովի ափն ի վեր ձգվում է ավազաբլուրների գոտին՝ 405 մ լայնությամբ և 60 մ բարձրությամբ, որը ջրանցքների համակարգի, ամբարտակների և պատնեշների հետ պաշտպանում է ցածրադիր բերրի հողերը (մարշերը) ջրհեղեղներից։

Երկրի հարավային և արևելյան մասերը գտնվում են ծովի մակարդակից բարձր, արևելքում տիրապետում են բլրապատ լանդշաֆտները, իսկ հարավում ավազային, կրաքարային հարթավայրեր են, որոնք աստիճանաբար փոխակերպվում են բլրապատ անտառային լանդշաֆտների՝ Արդենների նախալեռներում։ Ծայր հարավային հատվածում (Լիմբուրգի պրովինցիա) բարձրությունը ծովի մակարդակից հասնում է մինչև 150-320 մ, այստեղ է գտնվում երկրի ամենաբարձր կետը՝ Վաալսերբերգ լեռը (321մ)։ Մարշերից արևելք տեղաբաշխված է բլրապատ հարթավայրային գոտին («գեստեր»)՝ ձևավորված սառցադաշտային նստվածքներից։ Այսելմերից հարավ–արևելք պահպանվել է մորենային ռելիեֆը՝ մինչև 106 մետր բարձրությամբ թմբաշարերով։

Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդեռլանդների հյուսիսում գերակայում են ժամանակակից և պլեյստոցենային ավազակավային, ծովային և գետային նստվածքները։ Արևելքում սառցադաշտային և ջրասառցադաշտային նստվածքների գոտին է։ Գետերի դելտաները կազմված են կուտակումնային նստվածքներից, իսկ հարավային՝ Լիմբուրգի շրջանի հողերը հիմնականում կազմված են ուշ մեզոզոյի, պալեոգենի և նեոգենի շրջանի կրաքարերից, մերգելներից և կրերից։ Հռենոսի՝ հեղուկ գազի տարածման շրջաններից, Զյոյդեր-Զե նախկին ծովածոցով դեպի հյուսիս-արևմուտք տարածվում է նստվածքային ապարաշերտերի կենտրոնական Նիդեռլանդական ալիքը, մնացած հատվածներում ապարաշերտերն ավելի նոսր են տեղաբաշխված։

Երկիրն ունի նավթի և բնական գազի խոշոր պաշարներ, որոնք տեղաբաշխված են Այսելմիերից դեպի արևմուտք և արևելք (Սլոխտերեն), ինչպես նաև Հյուսիսայի ծովի ծանծաղուտում։ Կան նաև քարածխի և գորշ ածխի պաշարներ (Լիմբուրգի հարավում), տորֆ,կերակրի աղ և կաոլին։

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առափնյա(չաշխատող հղում) ավազաբլուրները, առանց որոնց Նիդերլանդների կեսը կանցներ ջրի տակ
Նիդերլանդների(չաշխատող հղում) քարտեզը առանց ավազաբլուրների և պաշտպանիչ ամբարտակների (տարածքները, որոնք գտնվում են ծովի մակարդակից ցածր, անցել են ջրի տակ)։

Գետեր և ջրանցքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական խոշոր գետերի գետաբերանները գտնվում են Նիդերլանդներում՝ Հռենոսի, Մաասի և Շելդայի, որոնք ձևավորում են խոշոր դելտա։ Ամբողջ տարվա ընթացքում գետերը ջրառատ են, նրանց հուները ուղղված են և միացված միմյանց ջրանցքներով, իսկ գետերի հոսքի ռեժիմը՝ կարգավորված։ Ջրաբերուկները պատճառ են դառնում գետերի հուների բարձրացման շրջակա ցածրադիր տարածքների նկատմամբ, դրա համար շատ գետեր ունեն պաշտպանիչ կառույցներ։

Գետերի վտակներն ու գետաբերանները, ինչպես նաև լճերը, միացված են բազմաթիվ ջրանցքներով, որոնցից են՝

Արևմտաֆրիզյան կղզիների և Նիդերլանդների մայրցամաքային մասի միջև տեղաբաշխված է Վադենզե ծոցի հարավային մասը։ Երկրի հյուսիսում է գտնվում Դոլարթ ծովախորշը։

1282 թվականին աղետալի ջրհեղեղի արդյունքում առաջանում է Զյոյդեր Զե ծոցը, որը Աֆսլեյտդեյք ամբարտակի կառուցումից հետո վեր է ածվում քաղցրահամ Էյսելմեր լճի։ Հսկայական տարածքներ են ազատվում գրունտային և մակերևույթային ջրերից բազմաթիվ ջրանցքների միջոցով, ինչպես նաև պոմպերի միջոցով ջրի հեռացման միջոցով (նախկինում այդ նպատակով օգտագործում էին հողմաղացները)։ Այսպիսով, հատուկ ծրագրի՝ Զյոյդեր Զե նախագծի շնորհիվ Էյսելմերի հարավարևելյան մասը չորացվում է և վեր է ածվում պոլդերների, որի վրա ձևավորվում է Ֆլևոլանդ պրովինցիան։ Պոլդերներից դեպի արևելք և հարավ թողնում են ծոցը, որը միավորում է միմյանց հետ կապված բազմաթիվ լճեր։

1963 թվականից մինչև 1975 թվականն ընկած ժամանակահատվածում կառուցվում է Հաութրիբդեյկ ամբարտակը, որով բաժանվում էին Էյսելմեր և Մարկեմեր լճերը։

Երկրի հարավարևմտյան մասում է գտնվում Գրեվելֆինգ լիճը։ Ֆրիզլանդի շրջանում է գտնվում լճերի համակարգ, որոնք գտնվում են ծովի մակարդակից ցածր։ Դրանցից են՝ Ֆլյուսեն, Սլոտեր Մեր, Տյոկե Մեր, Սնեկեր Մեր և մի շարք այլ լճերը։ Երկրի հյուսիսում գտնվում է Լաուվերսմեր լիճը, որը նախկինում նույնպես Լաուվերսզե ծոցի մաս էր կազմում։

Նիդերլանդների կլիման ծովային է, չափավոր տաք։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է +1– +3 °C, հուլիսին՝ +16– +17 °C։ Արևոտ օրերի քանակը քիչ է, եղանակը փոփոխական է, հաճախ է առաջանում խիտ մառախուղ, որն անդրադառնում է տրանսպորտի[1] աշխատանքի վրա։ Արևելքից սառը օդային հոսանքների ներխուժման ժամանակ Հռենոսի ցածրադիր մասերը և Այսելմիեր լիճը սառցակալվում են։

Տարեկան տեղումների քանակությունը 650-750 մմ է, հիմնականում անձրևի տեսքով։ Ձյուն հազվադեպ է տեղում։

Հողեր, բուսականություն և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներում գերազանցապես տիրապետում են պոդզոլային հողերը, առափնյա շրջաններում տարածված են բերրի հողերով մարշերը, իսկ գետահովիտներում՝ ալյուվիալ-մարգագետնային հողերը։ Ճմապոդզոլային հողերը և տորֆային ճահիճները տարածվում են երկրի հյուսիսում, իսկ հարավային Լիմբուրգի շրջանում պահպանվել են էոլային ծագման փխրուն, լյոսսային հողերը։

Տարածքի յուրացման և բնակեցվածության բարձր մակարդակի հետևանքով անտառները խիստ կրճատվել են (անտառներն ու թփուտները՝ հիմնականում սոճու և կեչու, կազմում են տարածքի 7-8 %–ը) և վերածվել են մշակովի լանդշաֆտների։ Տարածքի 40%–ից ավելին զբաղեցնում են արոտավայրերը, 35 %–ը՝ վարելահողերը, ջերմոցներն ու այգիները, 10 %–ը՝ կառույցներն ու ճանապարհները։ Անտառները ներկայացված են պուրակների և զբոսայգիների տեսքով, շատ են դեկորատիվ բուսատեսակները։ Ծառերի հիմնական տեսակներն են՝ կաղնի, հաճարենի, նոճի, կենի, խոշոր գետերի ափերին տարածվում են ուռենիները։ Ավազաբլուրներում աճում են սոճիները և չիչխանը, ավազոտ ափերը զբաղեցնում են կիսաանապատները՝ թփուտներով։

Բնակչության բարձր խտության պատճառով Նիդերլանդներում կենդանական աշխարհը վատ է պահպանված։ Կաթնասուններից պահպանվել են եղջերուն, կզաքիսը, աղվեսը, ճագարը։ Նիդերլանդները գտնվում են թռչունների միգրացիոն գոտում, յուրաքանչյուր տարի այստեղ են հայտնվում բազմաթիվ թռչուններ (սագեր, ճայեր, բադեր, ձկնկուլներ և այլն), Հռենոսի, Մաասի և Շելդայի դելտայում ձևավորվել են պահպանվող տարածքներ՝ թռչունների ապահով ձմեռման համար։ Հյուսիսային ծովը հարուստ է արդյունաբերական նշանակության ձկնատեսակներով՝ ծովատառեխ, տրեսկա, սկումբրիա։

Պահպանվող տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներում տեղաբաշխված են 20 ազգային պարկեր, ինչպես նաև մի քանի արգելոցներ, պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 127 հազար հեկտար։ Այդ տարածքի մեծ մասը զբաղեցնում են ծանծաղուտները, որտեղ իրականացվում է ծովափղերի պահպանությունը։ Ամենախոշոր ազգային պարկը գտնվում է Արևելյան Շելդայի նախկին գետաբերանում և զբաղեցնում է 37 հազար հեկտար մտարածք։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիդերլանդների(չաշխատող հղում) արբանյակային լուսանկարը, 2000 թ.։ Ցայտուն երևում է Էյսելլմեր լճի գույնի տարբերությունը Մարկեմեր լճից (բաց կանաչ)։ Բաց-շագանակագույն հատվածները՝ պոլդերներ
  • Ընդհանուր մակերեսը՝ 41 526 կմ²
  • Ցամաքային տարածքը՝ 33 883 կմ²
  • Ներքին ջրերը՝ 7 643 կմ²
  • Տարածքայի ջրերը՝ 12 ծովային մղոն
  • Հատուկ ծովային գոտի՝24 ծովայի մղոն
  • Բացառապես ձկնորսական գոտի՝ 200 ծովային մղոն
  • Տարածքի ընդհանուր ձգվածությունը՝ 1 027 կմ
    • Բելգիայի հետ սահմանի ձգվածությունը՝ 450 կմ
    • Գերմանիայի հետ տարածքի ձգվածությունը՝ 577 կմ
  • Ափագիծը՝ 451 կմ
  • Ամենացածր կետը՝ Զյոյդպլասպոլդեր-7 մ
  • Ամենաբարձր կետը՝ Վալսերբերգ− 322 մ
  • Հյուսիսային ծայրակետը՝ Ռոտլյումերպլատ կղզին
  • Արևմտյան ծայրակետը՝ Սինտ Աննա տեր Մյոյդեն քաղաքը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Туман привел к серьёзным транспортным проблемам в Нидерландах // RUS.nl». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Abraham Jacob van der Aa Географический справочник Нидерландов (հոլ.՝ Aardrijkskundig woordenboek der Nederlanden). — 1839—1851.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]