Բարձրությունը՝ 10-20 (25) մ է։ Տերևները հերթադիր են՝ խիտ դասավորված երկու շարքով, մուգ կանաչ։ Կոները միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտղանման։ Սաղարթը խիտ է։ Ապրում է 2-3 հազար տարի։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Ասեղնատերևները հերթադիր են, խիտ, 2 շարքով դասավորված, մուգ կանաչ գույնի։ Արական հասկիկները (միկրոստրոբիլները) միայնակ են, գնդաձև։ Կոները (մեգաստրոբիլները) միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտուղների տեսքով։ Բույսը թունավոր է, պարունակում է տաքսինալկալոիդ։
Տարածված է Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Իջևանի, Շամշադինի շրջաններում, Զանգեզուրում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է Ախնաբադի ձորում (Մալախ գյուղի մոտ, 25 հա)։ Հայաստանում տարածված է սովորական կամ հատապտղային կենին (Taxus baccata), որին բնափայտի գույնի, ամրության և գեղեցկության համար կոչում են նաև գեղձի, բզենի, նետածառ, մահեկ։ Ստվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը։ Աճում է դանդաղ, ապրում 2-3 հազար տարի։ Հազվադեպ՝ ստորին և միջին լեռնային գոտիներում (1000-1800 մ բարձրություններում), առաջացնում մաքուր ծառուտներ։ Ամենամեծը (25 սմ) գտնվում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում։
Բազմանում է սերմերով, կտրոններով։ Բնափայտը արժեքավոր է, ամուր, գորշակարմրավուն, կիրառվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Բազմաթիվ պարտեզային ձևեր աճեցվում են դեկորատիվ նպատակով։ Օգտագործվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։
Ասեղնատերևները, կոները և ընձյուղները պարունակում են տաքսին ալկալոիդ, տերևները՝ նաև եթերայուղեր։ Բույսն ամբողջովին թունավոր է։
Մեղրատու է։ Երրորդային դարաշրջանի մնացորդ է. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 366)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։