Ջերմոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծաղիկների աճեցման ջերմոց ՀՀ Արմավիրի մարզի Գայ համայնքում
Լոլիկի աճեցումը ջերմոցային տնտեսությունում

Ջերմոցներ, կուլտիվացիոն կառույցներ՝ բանջարային բույսերի և ծաղիկների սածիլներ, ինչպես նաև բանջարեղեն և սերմեր աճեցնելու համար։ Տարածված են հս․ լայնության 40°-ից բարձր գտնվող երկրներում։

Կառուցվածքային տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կառուցվածքային առանձնահատկության բաժանվում են միաթեք և երկթեք տեսակների, որոնք էլ լինում են գետնափոր և վերգետնյա, իսկ վերջիններս՝ մշտական և փոխադրովի։ Ջերմոցում բույսերի տաքացումը իրագործվում է արևային, կենսաբանական (կենսավառելանյութով՝ թարմ գոմաղբ, տնային թափոններ) և տեխնիկական ջեռուցմամբ (շոգիով, ջրով, էլեկտրականությամբ)։ Օրվա ցուրտ եղանակին ջերմոցը ծածկում են ապակեպատ շրջանակներով կամ լուսաթափանց սինթետիկ թաղանթներով։ Ըստ շահագործումն սկսելու ժամկետների ջերմոցները բաժանում են վաղ, միջին և ուշ տիպերի։

  • Միաթեք գետնափոր ջերմոցը, բաղկացած է փոսորակից (պեղանից), դրա եզրին տեղադրած արկղից (տախտակե, ցեմենտ-բետոնե կամ քարե, 25 սմ բարձրությամբ) և շրջանակից (լայնությունը 106 սմ, երկարությունը՝ 160 սմ)։
  • Միաթեք վերգետնյա ջերմոցները տարածված են հս․ շրջաններում, ինչպես նաև այն վայրերում, որտեղ գրունտային ջրերը բարձր են։
  • Երկթեք ջերմոցները քիչ են տարածված՝ շրջանակների ոչ ամուր միացման պատճառով։

Տեղադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմոցի տեղադրման համար հողամասը հարթեցնում են, նշագծում փոսորակները և միջփոսորակային անցումաշավիղները։ Ջերմոցը դասավորում են քառակուսի հողամասերում, յուրաքանչյուր հողամասում՝ 30 փոսորակ (կամ 600 շրջանակ)։ Քառակուսի հողամասի ընդհանուր երկարությունը 72, լայնությունը 21,2 մ է (հավասար է 20 շրջանականոց ջերմոցի երկարությանը՝ 1․06X X 20=21,2 մ)։ Եզրային ճանապարհները, ջերմոցային հողի պահպանման համար պետք է ունենան 10 մ լայնություն, իսկ կենսավառելանյութի համար՝ 15 մ։ Քառակուսի հողամասերի միջև ճանապարհների լայնությունը 5 մ է։ Այս սխեմայով 1 հա տարածության վրա տեղադրվում է 2500 շրջանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png