Jump to content

Ներսես Ակինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Ակինյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1883(1883-09-10)[1][2][3]
Արդվին, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][3]
Մահացել էհոկտեմբերի 28, 1963(1963-10-28)[3] (80 տարեկան)
Վիեննա, Ավստրիա[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ավստրիա
Ազգությունհայ
Մասնագիտությունեկեղեցական պատմաբան, պատմաբան, բանասեր և ձեռագրագետ
Հաստատություն(ներ)Հանդես ամսօրյա[2]
Գործունեության ոլորտպատմություն և ձեռագրագետություն
Տիրապետում է լեզուներինհայերեն[1]

Ներսես Հակոբի Ակինյան (ավազանի անունը՝ Գաբրիել, սեպտեմբերի 10, 1883(1883-09-10)[1][2][3], Արդվին, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][3] - հոկտեմբերի 28, 1963(1963-10-28)[3], Վիեննա, Ավստրիա[3]), բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1901), Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր (1954)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է Արդվինում։ 1895 թվականին ընդունվել Վիեննայի Մխիթարյանների վարժարանը։ Առաջին ուսուցիչն է եղել Հակովբոս Տաշյանը։ Հետևել է Վիեննայի համալսարանի հունա-հռոմեական, բյուզանդական մշակույթի պատմության, հունարենի, լատիներենի, ասորերենի դասընթացներին, հմտացել աստվածաբանության, փիլիսոփայության մեջ, աշակերտել ավստրիացի արվեստաբան, հայ ճարտարապետության և արվեստի նշանավոր հետազոտող Յ. Ստրժիգովսկուն, հետագայում դարձել նրա խորհրդատուն, ապա և աշխատակիցը։ Համալսարանի դասընթացներն ավարտելուց հետո 1907 թվականին ձեռնադրվել է քահանա և պաշտոնավարել Վիեննայի Մխիթարյանների Մայրավանքում. 1907 թվականին՝ ուսուցիչ դպրեվանքում, 1908–1911 թվականներին՝ փոխտնօրեն, 1916–1920 թվականներին՝ տնօրեն, 1909–1963 թվականներին՝ միաբանության մատենադարանապետ, միաժամանակ (ընդհատումներով)՝ «Հանդես ամսօրյայի» խմբագիր։ 1931 թվականին ընտրվել է Մխիթարյան միաբանության ընդհանուր վարչության անդամ, 1931–1937 թվականներին՝ Մայրավանքի մեծավոր, հյուրընկալ։ Հայ մշակույթն ուսումնասիրելու համար շրջել է «երկրէ երկիր», «բախել ամեն դուռ», հավաքել բազմահազար հայերեն ձեռագիր ու տպագիր գրքեր։ 1912 թվականին Ս. Էջմիածնում մասնակցել է Գևորգ Ե Սուրենյանցի կաթողիկոսական օծմանը, այցելել Գառնի, Այրիվանք, Անի, ապա և ուրիշ հնավայրեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դրամ է հանգանակել, օգնել հայ տարագիրներին ու գերիներին։ 1923–1929 թվականներին աշխատել է Ս. Էջմիածնի ձեռագրատանը։ 1929 թվականներին կալանավորվել է, 40 օր անց ազատվելով՝ ստիպված հեռացել է Հայաստանից։ Այնուհետև շարունակել է իր ուսումնասիրությունները Բեռլինում, Մյունխենում, Տյուբինգենում, Փարիզում, Լեհաստանում, Հռոմում, Լիվոռնոյում, Երուսաղեմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով յոթ տարի մնացել է Բեյրութում, 1946 թվականի աշնանը վերադարձել Վիեննա։

Թողել է ավելի քան 40 ուսումնասիրություն, որոնք վերաբերում են միջնադարյան մատենագրության ու հայագիտության տարբեր հարցերի վերլուծմանն ու բնագրագիտական խնդիրներին։ Հայագիտությունը Ակինյանին է պարտական աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերեն բազմաթիվ ձեռագրերի բովանդակությանը ծանոթանալու համար։ Նրա ջանքերով են հրատարակվել Կիպրոսի, Լեհաստանի, Ուկրաինայի հավաքածուների ձեռագրացուցակները, ստեղծվել Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման պատմության քիչ թե շատ ամբողջական պատկերը («Հայ-վրացական յարաբերութիւնք Դ-Է դարուն մէջ», 1907)։ Ակինյանին մշտապես հետաքրքրել է Հայ եկեղեցու հազարամյա (ըստ նրա, Հայ եկեղեցին սկզբնավորվել է III դ. 20-ական թթ.) և մատենագրության ողջ պատմությունը, որոնց համար հաճախ առաջարկել է ինքնատիպ ժամանակագրություն։ «Դասական հայերէնը եւ Վիեննական Մխիթարեան դպրոցը» (1932) մենագրությունում թվագրել է հայ մատենագրության վաղ շրջանի երկերը, հունաբան դպրոցի թարգմանություններից առանձնացրել դասական հայերենով գրված գործերը։ Անդրադարձել է Ընդհանրական եկեղեցու հայրերի և մատենագիրների՝ Տիմոթեոս Կուզի, Իրենեոսի, Դիոնիսիոս Արիոպագացու, Հովհան Ոսկեբերանի, Հովհաննես Աստվածաբանի, Եփրեմ Ասորու, Պրոկղ Դիադոխոսի, Հովհան Կլիմաքոսի, Հովհաննես Դամասկոսցու և այլոց երկերին, հայ մատենագրության մեջ հայտնաբերել, ուսումնասիրել ու հրապարակել է դրանք։

Ակինյանի ուսումնասիրությունների հիմնական առարկաներն են հայ ինքնուրույն և թարգմանչական գրականությունը, մատենագրական երկերի բնագրագիտական քննությունը։ Նա փորձել է սպառիչ տեղեկություններ հաղորդել իրեն հետաքըրքրող այս կամ այն երկի վերաբերյալ, սակայն միջնադարյան բնագրերը երբեմն վերաձևել է, հարմարեցրել իր տեսություններին, ինչին «զոհ» են դարձել Ագաթանգեղոսը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին, Ղևոնդը, Սեբեոսը, Կորյունը և այլք։ Աշխատակցել է հայկական, գերմանական, անգլիական բազմաթիվ հանդեսների, իր շուրջը համախմբել նշանավոր գիտնականների, Եվրոպայի և Արևելքի մի շարք երկրներում դասախոսություններ կարդացել հայ ձեռագիր մշակույթի մասին, նպաստել հայագիտության զարգացմանը։ Ակինյանի անտիպ աշխատությունները պահվում են Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում։

Հիմնական երկերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՇԱՐՔ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

  1. Հ. Ներսէս Ակինեան, Տիմոթէոս Կուզ հայ մատենագրութեան մէջ։ 1909, էջք Ը+60 էջ (Ազգային մատենադարան, ԾԸ)։
  2. Հ. Ներսէս Ակինեան, Զաքարիա Եպիսկոպոս Գնունեաց եւ իւր տաղերը, 1910, էջք ԺԲ+87 էջ (Ազգային մատենադարան, ԾԸ)։
  3. Հ. Ներսէս Ակինեան, Կիւրիոն Կաթողիկոս Վրաց, 1910, էջք ԻԷ+315 էջ (Ազգային մատենադարան, Կ)։
  4. Հ. Ներսէս Ակինեան, Յովնաթան Նաղաշ եւ Նաղաշ Յովնաթանեանք եւ իրենց բանաստեղծական եւ նկարչական աշխատութիւնք, 1911, էջ 49-117 էջ (Ազգային մատենադարան, ԿԵ)։
  5. Հ. Ներսէս Ակինեան, Գաւազանագիրք Կաթողիկոսաց Աղթամարայ։ Պատմական ուսումնասիրութիւն, 1920, ԺԱ+200 էջ (Ազգային մատենադարան, ՁԶ)։
  6. Հ. Ներսէս Ակինեան, Հինգ պանդուխտ տաղասացներ։ 1921, 223 էջ (Ազգային մատենադարան, ՂԲ)։
  7. Հ. Ներսէս Ակինեան, Մատենագրական հետազօտութիւններ, Ա (1. Ներածութիւն ի Գիրս Պատճառաց։ Գրիգոր որդի Աբասայ։ Դաւիթ Քոբայրեցի։ Վարդան Հաղբատացի։ 2. Վկայաբանութիւն Ս. Կիպրիանոսի։ 3. Թէոդորոս Ապիկուրա եւ Նանա Ասորի Հայաստանի մէջ եւ Նանայի Յովհաննու Մեկնութեան հայերէն թարգմանութիւնը։ 4. Շապուհ Բագրատունի եւ իւր Պատմութիւնը) 1922, Զ + 230 էջ (Ազգային մատենադարան, ՂԴ)։
  8. Հ. Ներսէս Ակինեան, Մատենագրական հետազօտութիւններ, քննութիւն եւ բնագիր։ Բ (5. Սեբիոս եպ. Բագրատունեաց եւ իւր Պատմութիւնն ի Հերակղ։ 6. Երգ տռփանացն Տիրիթայ։ 7. Փաւստոս Բիւզանդի աղբիւրներէն. Սքանչելիք զոր եցոյց Աստուած ի ձեռն սրբոյն Երասիմոսի), 1924, 150 էջ (Ազգային մատենադարան, ՃԴ)։
  9. Հ. Ներսէս Ակինեան, Մատենագրական հետազօտութիւններ. Գ (8. Ղեւոնդ երէց պատմագիր։ 9. Ղեւոնդ երէց եւ Մովսէս Խորենացի։ 10. Հայ Բագրատունեաց տոհմածառը), 1930, ԺԱ + 334 էջ (Ազգային մատենադարան, ՃԻԷ)։
  10. Հ. Ներսէս Ակինեան, Թուղթ Մակարայ Բ. Երուսաղեմի հայրապետի առ Վրթանէս եպիսկոպոսապետ Սիւնեաց Յաղագս կարգաց Եկեղեցւոյ։ Բնագիր եւ քննութիւն, 1930, 128 էջ (Ազգային մատենադարան, ՃԻԸ)։
  11. Հ. Ներսէս Ակինեան, Եղիշէ Վարդապետ եւ իւր Պատմութիւնն Հայոց պատերազմին. քննական ուսումնասիրութիւն, Ա, 1932, ԺԲ + 399 էջ (Ազգային մատենադարան, ՃԼԳ)։
  12. Հ. Ներսէս Ակինեան, Դասական հայերէնն եւ Վիեննական Մխիթարեան Դպրոցը։ 1933, 387 էջ (Ազգային մատենադարան, ՃԼԴ)։
  13. Հ. Ներսէս Ակինեան, Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան. կեանքն եւ գրական գործունէութիւնը. մատենագրական ուսումնասիրութիւն։ Մէկ պատկերով։ 1933, 280 էջ (Ազգային մատենադարան, ՃԼԵ)։
  14. Հ. Ներսէս Ակինեան, Մովսէս Գ. Տաթեւացի Կաթողիկոս Հայոց յԷջմիածին եւ իւր ժամանակը (1577-1633). նպաստ մը Հայոց Եկեղեցւոյ պատմութեան, 1935, 450 էջ (Ազգային մատենադարան, ՃԼԹ)։
  15. Հ. Ներսէս Ակինեան, Եղիշէ վարդապետ եւ իւր Պատմութիւնն Հայոց պատերազմին. քննական ուսումնասիրութիւն, Բ, 1936, 400-800 էջ (Ազգային մատենադարան, ՃԽ)։
  16. Հ. Ներսէս Ակինեան, Սիմէոն դպրի Լեհացւոյ Ուղեգրութիւն. Նկարագիր ուղեւորութեան ի Լվովէ ի Կ. Պոլիս, ի Հռոմ, ի Մուշ եւ յԵրուսաղէմ յամսն 1608-1619, 1936, էջ ԽԴ + 493 էջ (Ազգային մատենադարան, ՃԽԱ)։
  17. Հ. Ներսէս Ակինեան, Մատենագրական հետազօտութիւններ։ Դ (11. Յակոբ Թոխաթեցւոյ Ողբ ի վերայ երկրին Օլախաց։12. Յովհ. Ոսկեբերանի Եսայեայ Մեկնութիւն։ 13. Թոռնիկեանց ճիւղագրութիւնը։ 14. Թէոնեայ Յաղագս ճարտասանական կրթութեանց։ 15. Յակոբ Նետրարենց եպ. Արծկէի 16. Խրատք Նուշիրվան թագաւորին։ 17. Խաչատուր Խասպիկ տաղասաց։ 18. Սիմէոն Խրմպէյի որդի, տաղասաց։ 19. Բիւրասպի Աժդահակ։ 20. Ազարիա Սասնեցի։ 21. Դաւիթ Սալաձորեցի։ 22. Կարապետ Վ. Բաղիշեցի), 1938, Ժ + 406 էջ (Ազգային մատենադարան, ՃԽԵ)։
  18. Հ. Ներսէս Ակինեան, Տեսիլ Ս. Սահակայ. Մատենագրական-պատմական քննութիւն։ 1948, Ը+ 93 էջ (Ազգային մատենադարան, ՃԾԷ)։
  19. Հ. Ներսէս Ակինեան, Ս. Մաշտոց վարդապետ. կեանքն եւ գործունէութիւնը. հանդերձ կենսագրութեամբ Ս. Սահակայ, 1949, ԺԱ+ 473 էջ
  20. Հ. Ներսէս Ակինեան, Քրիստոնէութեան մուտքը Հայաստան եւ Վրաստան. (Գերի Կինը), Ս. Հռիփսիմէ և Ս. Նունէ, 1949, ԺԱ+ 348 էջ
  21. Հ. Ներսէս Ակինեան, Քննութիւն Ս. Սահակի վերագրուած Կանոններու եւ Հայոց եկեղեցական տարին Է. դարու սկիզբը, 1950, 192 էջ (Ազգային մատենադարան, ՃԿԳ)։
  22. Հ. Ներսէս Ակինեան, Սիմէոն Պղնձահանեցի եւ իր թարգմանութիւնները վրացերէն, 1951, 276 էջ (Ազգային մատենադարան, ՃԿԴ)։
  23. Հ. Ներսէս Ակինեան, Եղիշէ վարդապետ եւ իւր Պատութիւնն Հայոց պատերազմին. քննական ուսումնասիրութիւն, Գ, 1960, 604 էջ (Ազգային մատենադարան, ՃԿԸ)։
  24. Հ. Ներսէս Ակինեան, Կարմիրն Վարդան եւ Աւարայրի Ճակատամարտը ըստ Ղազար Փարպեցւոյ, 1951, Է+96 էջ (Ազգային մատենադարան, ՃԿԹ)։
  25. Հ. Ներսէս Ակինեան, Բաղեշի Դպրոցը 1500-1704. Նպաստ մը Հայոց Եկեղեցւոյ պատմութեան եւ մատենագրութեան, 1952, Ը+390 էջ
  26. Հ. Ներսէս Ակինեան, Մատենագրական հետազօտութիւններ, Ե (23. Ագաթանգեղոսի Հայոց դարձի Պատմութիւնը։ 24. Ս. Գրիգոր Լուսաւորչի տօները Նէապոլիսի մարմարեայ Տօնացոյցին վրայ։ 25. Արտաշէս Բաբականի վէպը յունարէն Ագաթանգեղոսի մէջ եւ Ս. Գրիգորի նորագիւտ յունարէն վարքը։ 26. Տիմոթէոս վարդապետ եւ իւր մեկնութիւնն Արարածոց գրոց 27. Գէորգ Վ. Մեղրիկ եւ իր գրութիւնները։ 28. Ականց կամ Ակների վանքը։ 29. Գրիգոր քահանայ Ակներցի, հեղինակ Թաթարաց Պատմութեան։ 30. Կիրակոս Վ. Գիտնական։ 31. Հեթում Ա. թագաւորի մահուան տարին։ 32. Յովհ. Նասրեդինեան, արքեպ. Հայոց Լվովի եւ ամենայն Ռուսաց և Վլախաց աշխարհի։ 33. Գիր օրհնութեան առթիւ Ղալաթիայի Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ շինութեան։ 34. Կոստանդնուպոլսոյ Հայ պատրիարքութեան սկզբնաւորութիւնը։ 35. Մականուանակերտ ածանցներ հայերէնի մէջ), 1953, 431 էջ
  27. Հ. Ներսէս Ակինեան, Ներսէս Լամբրոնացի, կեանքն ու գրական վաստակները, հանդերձ ազգաբանութեամբ Պահլաւունեաց եւ Լամբրոնի Հեթումեանց, 1956, 472 էջ (Ազգային մատենադարան, ՃՀԹ)։
  28. Հ. Ներսէս Ակինեան, Գրիգորիս Ա. Կաթողիկոս Աղթամարայ, կեանքն ու քերթուածները։ 1958, ՃԾԳ+135 էջ
  29. Հ. Ներսէս Ակինեան, Դաւիթ Հարքացի, Անյաղթ փիլիսոփայ, կեանքն ու գործերը, 1959, 184 էջ
  30. Հ. Ներսէս Ակինեան, Եւկլիդեայ Գիրք յաղագս տարերաց երկրաչափութեան, Բնագիր եւ քննութիւն, 1960, 44 էջ
  31. Հ. Ներսէս Ակինեան, Մատենագրական հետազօտութիւններ, Զ, 1964, Է+455 էջ
  32. Հ. Ներսէս Ակինեան, Մովսէս Դասխուրանցի, կոչուած Կաղանկատուացի եւ իր Պատմութիւն Աղուանից, 1970, Ը+378 էջ

Անտիպ աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ժամակագրութիւն հայ գաղթականութեան ի Խրիմ (1300-1700)։
  2. Գաւազանագիրք հայ կաթողիկոսաց (220-1954). եկեղեցապատմական-ժամանակագրական ուսումնասիրութիւն,
  3. Սուտն-Կալիստենէս. Աղեքսանդրի վէպը հայ թարգմանութեամբ ըստ հնագոյն խմբագրութեան հայ ձեռագրի մը մէջ։
  4. Յովհ. Ոսկեբերեանի Մեկնութիւն թղթոց Թեսաղոնիկեցւոց եւ Փիլիմոնի. հին թարգմանութեամբ ըստ 2 ձեռագրաց։
  5. Ժամանակագրութիւն Հիպպողիտեայ Ե. դարու թարգմանութեամբ ԺԲ. դարու ձեռագրի մը մէջ։
  6. Կ.Պոլսոյ Պատրիարքին՝ Եւտիքիոսի (552-582) վասն Մարմնաւորութեան Բանին։
  7. Պատրիարք Փոտի Թուղթ առ Հայս. Բնագիր եւ քննութիւն։
  8. Եւսեբեայ Եմեսացւոյ Ճառք 1-12։
  9. Պատմութիւն հայ թարգմանութեան օտարալեզու բնագիրներու (408-1800), 1 հատոր։
  10. Պատմութիւն հայ մատենագրութեան (408-1800), 3 հատոր։
  11. Գալէմքեարեան-Ակինեան, Հայերէն տպագրութիւններ առաջին 300 տարիներուն (1512-1812), 1 հատոր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հրանտ Արմէն, Խորենացի, Եղիշէ եւ Հ. Ներսէս Ակինեան, Երուսաղէմ, 1951։
  • Ինգլիզեան Վ., Հ. Ներսէս վրդ. Ակինեան. Իր յիսնամեայ գրական գործունէութեան առթիւ, Վիեննա, 1954։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Ակինյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 224
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: