Jump to content

Մետրոդորոս Սկեպսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետրոդորոս Սկեպսացի
Μητρόδωρος ὁ Σκήψιος
Ծնվել էScepsis?
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, պատմաբան և հռետորություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[1]

Մետրոդորոս Սկեպսացի (հուն․՝ Μητρόδωρος ὁ Σκήψιος), Մ.թ.ա. 145 - Մ.թ.ա. 70 անտիկ դարաշրջանի ծագումով հույն հռետոր, մտածող, ով տևական ժամանակ ծառայել է հին աշխարհի հայտնի տիրակալներ Միհրդատ VI Եվպատորի ապա նաև Հայոց Արտաշեսյան դինաստիայի արքա Տիգրան Մեծի արքունիքներում, որպես խորհրդական և դեսպան։ Հայոց պատմության մեջ հայտնի է անտիկ հեղինակների մոտ հիշատակվող տեղեկություններով ու ունեցած շփումներով Տիգրան Մեծի հետ, ինչպես նաև հիշատակմամբ, որ հեղինակել է անհետ կորած «Տիգրանի Պատմությունը» գիրքը[2]։ Նրա կյանքի ու կենսագործունեության մասին մնացել են շատ սուղ ու ոչ միանշանակ հիշատակումներ անտիկ շրջանի այլ կենսագիրների ու պատմաբանների մոտ, ինչպես օրինակ Պլուտարքոսի, Ստրաբոնի, Պուբլիուս Օվիդիուս Նասոի, ինչպես նաև այլ հեղինակների մոտ։ Շատերը Մետրոդորոսին նմանեցնում են Պլինիոս Ավագի մոտ հիշատակվող Misoromæusի հետ, որը թարգմանվում է որպես «Հռոմեացիներին ատող», «հռոմաատյաց»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական անունը հուշում է, որ նա ծնվել է Էգեյան ծովի փոքրասիական հատվածի ափամերձ գոտում գտնված անտիկ Սկեպսիս քաղաքում։ Երիտասարդ տարիքում հետաքրքրված է եղել փիլիսոփայությամբ ու դրա ուսուցմամբ, սակայն հետագայում սկսել է հետաքրքրվել հռետորությամբ։ Անգամ սկսել է ուսուցանել դրա եղանակներ՝ օգտագործելով յուրահատուկ ոճային հնարքներ։ Եղել է ոչ հարուստ ընտանիքից. Ստրաբոնն անգամ գրում է, որ Մետրոդորոսը եղել է աղքատ, սակայն իր հռետորական հնարքների շնորհիվ կարողացել հասնել շատ հաջող ամուսնության Բոսֆորի նեղուցի ափին գտնվող Քաղկեդոն քաղաքից սերող մի կնոջ հետ։

- Եվ (Սկեպսիսից էր) բացի նրանից Դեմետրիոսից Մետրոդորոսը, որը փիլիսոփա էր և անցել էր քաղաքական կյանքի ասպարեզ։ Լինելով իր գրվածքներում առավելապես ճարտասան՝ նա գործ էր ածում ինչ-որ անսովոր ոճ և զարմանք պատճառում շատերին։ Չնայած աղքատությանը, շնորհիվ ճարասանության, կարողացել էր փայլուն ամուսնության հասնել Քաղկեդոնում և շատ հաճախ իրեն ներկայացնում են որպես քաղկեդոնացի։ Ծառայության մտնելով Միհրդատ Եվպատորի մոտ՝ նա իր կնոջ հետ գնաց նրա մոտ Պոնտոս. առանձնապես հարգված էր այնտեղ և պաշտոն էր ստացել դատարանում, որի վճռի դեմ դատապարտյալն իրավունք չուներ վերաքննման գանգատով դիմելու թագավորին։ Սակայն նրա բախտավորությունը հարատև չեղավ, այլ նա՝ գրգռելով իր դեմ անարդար մարդկանց թշնամությունը՝ թագավորի մոտից հեռացավ ու իբրև դեսպան գնաց Տիգրան արմենի մոտ։ Իսկ սա դժկամությամբ հետ ուղարկեց նրան Եվպատորի մոտ, որն արդեն փախչում էր հայրենի երկրից։ Մետրոդորոսը ճանապարհին մահացել էր՝ կամ թագավորի հրամանով և կամ հիվանդությունից։ Հաղորդում են թե այս և թե մյուս տեղեկությունը։

[3]

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ էության, Մետրոդորոսի քաղաքական՝ դիվանագիտական գործունեությունը հայտնի սկզբնաղբյուրների համեմատական քննությամբ, սկսվում և ավարտվում է շատ կարճ ժամանակահատվածում՝ մ.թ.ա. 72 թվականից մինչև մ.թ.ա 70/69 թվականները։ Այն բանից հետո, երբ մ.թ.ա. 72 թվականին Պոնտոսի արևմտյան մասեր մտավ Հռոմեական հանրապետության զորավոր, մ.թ.ա. 74 թվականին Կիլիկիայի կոնսուլ նշանակված, Լուցիոս Լիցիլիուս Լուկուլլոսը, Միհրդատը նախ կորցրեց ծովափնյա քաղաքները՝ Ամիսոսն ու Թեմիսկիրան, ապա սկսեց հավաքել նոր զորքեր ու ամրանալով իր երկերի լեռնային շրջաններում՝ աշխատեց նախապատրաստել նոր դիմադրություն։ Միևնույն ժամանակ նա օգնություն խնդրեց իր հիմնական դաշնակիցներից՝ այդ թվում որդուց՝ Մաքարեսից, ով Բոսփորի փոխարքան էր և Տիգրան Մեծից։ Նրա որդից ոչ միայն հրաժարվեց օգնել հորն, այլև հարմար առիթ էր փնտրում միանալու հռոմեացիներին՝ օգնելու վերջնականապես ջախջախելու Պոնտոսի թագավորությունը։ Հայոց թագավորի մոտ ուղարկված դեսպանությունը գլխավորում էր հենց Մետրոդորոսը՝ մ.թ.ա. 72 թվականի վերջ, 71-ի սկիզբ։ Հենց այս ժամանալ էլ տեղի է ունեցել, ըստ Պլուտարքոսի, հայտնի զրույցը Մետրոդորոսի և Տիգրան Մեծի միջև, որտեղ առաջինը խնդրում է օգնել Պոնտոսի արքային՝ իր դաշնակցին՝ Միհրադատ Եվպատորին։

- Մետրոդորոսը Միհրատի կողմից ուղարկված էր Տիգրանի մոտ իբրև դեսպան խնդրելու օգնություն հռոմեացիների դեմ։ Սրան հարցրել էր Տիգրանը՝ «իսկ դու ինքդ, ո՜վ Մետրոդորոս, ի՞նչ խորհուրդ կտաս այդ մասին»։ Եվ նա՝ կամ Տիգրանին օգտակար լինելու համար և կամ չցանկանալով որ Միհրադատը փրկվի՝ ասում ՝,- «իբրև դեսպան խորհուրդ եմ տալիս, իսկ որպես խորհրդատու՝ ոչ»։

[4]

Պատմագիտության մեջ այդպես էլ հարցական է մնում հարցը, թե արդյո՞ք Տիգրանն օգնում է իր կնոջ հորը՝ Պոնտոսի թագավորին, քանի որ այլ աղբյուրներում նաև պահպանվել են տեղեկություններ, որ Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի աղերսներին ընդառաջ գնալով՝ Տիգրանը խոստանում է օգնել[5]։

Վերադառնալով Պոնտոս Մետրոդորոսը Միհրդատին գտնում է այն ժամանակ (եթե իհարկե նա վերադարձել է, քանի որ Ստրաբոնի վկայությամբ նա, ամենայն հավանականությամբ մահացել է հենց այդ ճանապարհին), երբ վերջինս արդեն սկսել էր վերջնական պարտություն կրել՝ մ.թ.ա. 71 թվականի ամառ։ Պոնտոսի արքան որոշում է կայացնում հեռանալ իր գլխավոր դաշնակցի՝ Հայոց թագավոր Տիգրան Մեծի մոտ՝ մ.թ.ա. 71 աշուն։ Հստակ հիշատակումներ ու ուղղակի տեղեկություններ չկան, որ Միհրդատի հետ միասին Հայաստան է եկել նաև Մետրոդորոսը, սակայն Պլուտարքոսի հիշատակմամբ հայտնի է, որ տևական ժամանակ Հայաստանի հեռավոր գավառներից մեկում Տիգրանի հրամանով ապաստան ստացած Միհրդատը մ.թ.ա.69 թվականի սկզբում իր առաջին հանդիպման ժամանակ (ապաստան տալուց հետո՝ 1 տարի ութ ամիս անց համաձայն Մեմնոնի[6]) Տիգրանը երեք օր տևացած բանակցությունների ընթացքում պատմել է հենց իր և դեսպանությամբ Հայաստան եկած Մետրոդորոսի հետ վերոշարադրյալ երկխոսության մասին.

- ...Տիգրանը այս պատմեց Միհրադատինև մեղադրեց նրան, չմտածելով, որ դրանով վտանգում է Մետրոդորոսին։ Եվ սա իսկույն ևեթ սպանվեց, իսկ Տիգրանը զղջաց, բայց մտածեց, որ ինքը չէ միայն պատճառ Մետրոդորոսի դժբախտության, այլ այդ բանի խթան է հանդիսացել նաև Միհրդատի ատելությունը նրա նկատմամբ։ ...Սրա դիակը Տիգրանը մեծ շուքով թաղել տվեց, նա ոչ մի ծախս չխնայեց մեռածի համար, որին կենդանության ժամանակ ինքը մատնել էր։

[7]

Այս ամենը ոչ միանշանակ է դարձնում Մետրոդորոսի մահվան ճշգրիտ թվագրությունը՝ մ.թ.ա. 71-69 թ.թ.ների միջև։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ակադ. Հակոբ Մանանդյան - Տիգրան Բ. և Հռոմը Երևան 1940

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. Հակոբ Մանանդյան - Տիգրան Մեծ և Հռոմը. Եր. 1940 էջ. 8, 67
  3. Ստրաբոն - «Աշխարհագրություն» Գիրք 13, Գլուխ 1, 55
  4. Պլուտարքոս - Համեմատական Կենսագրություններ՝ Լուկուլլոս, 22, 4
  5. Մեմնոն - Գլ. 43, Lipsiae 1816, էջ 64
  6. Տե՛ս Մեմնոն, գլ. 55
  7. Պլուտարքոս - Համեմատական Կենսագրություններ՝ Լուկուլլոս 22, 2-6