Jump to content

Լյուսե ֆյորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսե ֆյորդ
Տեսակֆյորդ
Երկիր Նորվեգիա[1]
ՎարչատարածքՖորսան, Սաննես և Ստրանդ
Երկարություն42 կմ
Կազմված էKjerag? և Պրեքեսթուլեն
Ավազանի երկիր Նորվեգիա[1]
Քարտեզ
Քարտեզ

Լյուսե (նորվ.՝ Lysefjord), ֆյորդ Նորվեգիայի Թագավորությունում, գտնվում է Վեսթլանում՝ Ռուգլան կոմսությունում, Ստավանգերի հարևանությամբ։ Շնորհիվ իր հասանելիության, գեղեցկագույն տեսարանների և ճանաչողական արժեքների՝ Լյուսե ֆյորդը համարվում է Նորվեգիայի ամենաշատ այցելուներն ունեցող զբոսաշրջային վայրերից մեկն[2]։ 20-րդ դարի վերջին տասնամյակում հենց այսշրջանում իր տարածումը գտավ անկարգելային սպորտի նոր ուղղությունը՝ բեյսջամփինգը, որը գնային առումով առավել հասանելի է, քան սովորական դասական անկարգելային սպորտը, որի համար հատուկ թռչող օբյեկտներ են անհրաժեշտ։ Լյուսե ֆյորդը հայտնի է նաև ցամաքային և ջրային զբոսաշրջություններով։

Լյուսե ֆյորդի երկարությունը կազմում է 42 կմ։ Ամենափոքր խորությունը 13 մետր է (Ֆորսանի տարածքում), առավելագույնը՝ 422 մետր (Պրեքեսթուլենի շրջանում)[3]։

Առաջացման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Նորվեգիայի մյուս բոլոր ֆյորդերը, Լյուսե ֆյորդը նույնպես ձևավորվել է խզումային խախտումների ձևով։ Վերջիններս առաջացել են երկրակեղևի սալերի տատանողական շարժումների արդյունքում, որը եղել է Կալեդոնյան լեռնակազմական պրոցեսի ժամանակ՝ ավելի քան 400 միլիոն տարի առաջ[4]։

Սառցե դարաշրջանում այդ խզվածքները լցվում են սառցով։ Այդ սառցի լեզվակը շարժվում էր դեպի ծովը՝ իր հետ ողողամաշելով ու տանելով խզվածքների ապարները։ Սահելով ներքև՝ այդ նստվածքային նյութերը հասնում են մինչև ֆյորդի ավարտը՝ այսպես կոչված ֆյորդային գետաբերան։ Անընդհատ այդ նյութն ու սառույցը շարժվելով հղկել ու մաշել են ֆյորդի ժայռակոփ պատերը, որի համար էլ հիմնականում դրանք ողորկ են։ Ֆյորդերը գտնվում են զուգահեռ բարձր ձգված լեռների միջև։ Հենց շարժման ուղղությամբ էլ սկսվել է սառույցի հալման պրոցեսը, երբ ավարտվել է սառցի դարաշրջանը։ Գիտական գրականության մեջ այս պրոցեսն անվանում են էկզարացիա՝ սառցադաշտային ողողամաշում (գերմ.՝ Glazialerosion)[5]:

Այն բանից հետո, երբ սառցադաշտը նահանջեց, այդ «հսկայական խզվածքը» լցվում է ջրով։ Այդ երևույթն առաջացել է մոտավորապես տասը հազար տարի առաջ։ Լյուսե ֆյորդը ձգված է արևմուտքից արևելք ուղղությամբ՝ մոտավորապես 42 կմ երկարությամբ։ Ջրի վրա խոյացած զուգահեռ ժայռերի բարձրությունը հասնում է մոտավորապես մեկ կիլոմետրի։

Ֆյորդի ափերի բարդ ռելիեֆի պատճառով այստեղ ձևավորվել են միայն երկու բնակավայրեր՝ Լյուսեբոթն (նորվ.՝ Lysebotn) և Ֆորսան (նորվ.՝ Forsand):

Ֆյորդի տարածքով զբոսաշրջային երթուղային կենտրոնը համարվում է Օանես (նորվ.՝ Oanes) բնակավայրը։ Այստեղից կարելի է տեղեկություն իմանալ և առաջին կարծիքը կազմել Լյուսե ֆյորդի տեսարժան վայրերի մասին։ Ֆյորդով կարելի է երթևեկել նաև սեփական բայդարկայով (նավակով)։ Կայանատեղիներ ֆյորդում կառուցված են հարավային ափին։ Բարդ ռելիեֆի պատճառով դրանք ընդամենը չորսն են քառասուն կիլոմետր երկարության վրա։ Ամառային եղանակին Ֆորսանից դեպի Լյուսեբոթն նավ է երթևեկում օրվա մեջ մի քանի անգամ։ Մոտակա էլեկտրակայանի մոտ զբոսաշրջիկները կարող են հետևել փոկերի խմբին[2]։

Լյուսեբոթնը (նորվ.՝ Lysebotn) փոքր քաղաք է Լյուսե ֆյորդի ամենաարևելյան հատվածում։ Բնակչությունը հիմնականում կազմված է երկու հիդրոէլեկտրակայանների աշխատակիցներից։ Այդ Ջրէկ-ները գտնվում են Լյուսեում և Թյոդանում։ Դրանք կառուցված են ժայռի վրա։ Լյուսեի հիդրոէլեկտրակայանում ջուրը լցվում է տուրբինների մեջ՝ 620 մետր բարձրությունից գահավիժելով և արտադրում է 210 մեգավատտ էլեկտրաէներգիա։ Թյոդանի էլեկտրակայանի հզորությունը կազմում է մի փոքր ավելի պակաս՝ 110 մեգավատտ. այստեղ ջուրը թափվում է 896 մետր բարձրությունից։ Վերոնշյալ երկու ջրաէլեկտրակայանները 100 հազար բնակչի ապահովում են էլեկտրաէներգիայով։

Միակ ճանապարհը, որը Լյուսեբոթնը միացնում է արտաքին աշխարհի հետ, քսանյոթ շրջադարձերով ուղին է՝ 900 մետր ընդհանուր հավաքական բարձրությամբ։ Ճանապարհի թևերից մեկն անցնում է թունելով։ Ամառային սեզոնին Լյուսեբոթն և Լաուվիկ (նորվ.՝ Lauvvik) բնակավայրերի միջև օրական երկու անգամ երթևեկում է զբոսաշրջային լաստանավ[6]։ Ֆյորդի տարածքով ճանապարհորդության ժամանակ բարձրախոսով ներկայացվում է տեսարժան վայրերի ընդհանուր բնութագիրը մի քանի լեզուներով, մասնավորապես՝ բուկմոլ, անգլերեն, գերմաներեն։ Լաստանավի սրճարանում տրամադրվում են նաև այլ լեզուներով բուկլետներ։

Լյուսե ֆյորդի արևելյան վերջավորությունը և Լյուսեբոթն բնակավայրը

Լյուսե ֆյորդը Ֆորսան կոմունայի քարտեզի վրա

Քյերագը (նորվ.՝ Kjerag) սարահարթ է, որը տարածվում է Լյուսե ֆյորդի վերին հատվածում՝ ժայռերի վրա։ Քյերագի բարձրությունը ծովի մակարդակից ամենաբարձր տեղում կազմում է 1084 մետր[3]: Զբոսաշրջիկների մեծամասնությունը Քյերագ է բարձրանում ոչ այնքան հիանալի տեսարաններով զմայլվելու համար, որքան հասնելու Քյերագբոլթոն ժայռին, որին անվանում են նաև «սիսեռահատիկ»՝ իր կլոր տեսքի համար։

Քյերագբոլթոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյերագբոլթոնը (նորվ.՝ Kjeragbolten) հսկայական մեծություն ունեցող գլաքար է, որի ընդհանուր ծավալը 5 մետր³ է։ Վերջինս երկու ուղղաձիգ ժայռերի միջև զմռսված կլորավուն քար է։ Քյերագբոլթոնը Լյուսե ֆյորդի ամենաայցելվող տեսարժան վայրերից մեկն է համարվում։ Այդ քարի վրա հասնելու համար հատուկ լեռնագնացության գործիքներ ու սարքավորումներ անհրաժեշտ չեն։ Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ քարի վրայից մինչև ֆյորդի ջրերը մեկկիլոմետրանոց խորությամբ անդունդ է տարածվում։ Ամառային լավ եղանակներին այս քարի վրա բարձրանալու համար ոչ միայն արտասահմանցի զբոսաշրջիկներ են գալիս, այլև մեծ թվով նորվեգացիներ։

Ճանապարհորդությունը դեպի Քյերագ սկսվում է Օյգարդսթոլեն (նորվ.՝ Øygardsstølen) տեղանքից, որի անվան ստուգաբանությունը մեկնում է, որ նորվեգերենով այն նշանակում է «Արծվի բույն»։ Վերջինս իրենից ներկայացնում է ոչ շատ մեծ մի սրճարան՝ 500 մետր բացարձակ բարձրության վրա։ Դեպի «Արծվի բույն» ճանապարհը գալիս է Սթավանգերից։ Սրճարանի հարևանությամբ է գտնվում նաև վճարովի ավտոկայանատեղին, որտեղ զբոսաշրջիկները թողնում են իրենց ավտոմեքենաները՝ դեպի Քյերագ բարձրանալիս։ Այստեղ տեղադրված է տեղեկատվական տախտակ, որտեղից կարելի է իմանալ ճանապարհների մասին, ուղիների, զուգարանների և լոգասենյակների տեղադրության մասին։

Դեպի ներքև՝ Լյուսեբոթն տանող մեծ ճանապարհ է կառուցված։ Սրա վրա կան թվով քսանյոթ մեծ շրջադարձումներ։ Այս ճանապարհը գործում է միայն ամառային եղանակին՝ անվտանգության նկատառումներով։ «Արծվի բույն» տեղանքում նաև տեղադրված է դիտահարթակ, որտեղից կարելի է տեսնել վերոնշյալ շրջադարձերն ու Լյուսեբոթն բնակավայրը։

Սրճարանը սպասարկում են մեկից երեք անձինք։ «Արծվի բույն» սրճարանից կարելի է գնել խմելու ջուր, բուտերբրոդներ. հենց այստեղ էլ իրականացվում է ավտոկայանատեղիի վճարումները։ Վաճառքում, բացի սննդամթերքից, կան նաև հուշանվերներ, հատկապես բացիկներ Լյուսե ֆյորդի տեսարժան վայրերի պատկերներով։ Ի դեպ, գնված բացիկներով կարելի է հենց այդտեղից նամակ ուղարկել. այն ընդունված կարգ է Նորվեգիայի զբոսաշրջային ոլորտում:

Øygardsstølen կամ «Արծվի բույն»
Դեպի Քյերագ բարձրացող զբոսաշրջիկների համար առաջին կանգառը
Տեսարան «Արծվի բույն» տարածքից։ Լավ երևում է ցանկապատված դիտահարթակը, որը գոտեվորում է շինությունը բոլոր կողմերից։ Տեսարան ներքևից դեպի սրճարանի շենքն ու դիտահարթակը Սրճարանի մուտքը ավտոկայանատեղիից։ հետին պլանում ֆյորդի ժայռակոփ ափերն են։

Վերելք դեպի Քյերագ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Քյերագ վերելքը սկսվում է Øygardsstølen-ից՝ «Արծվի բույն» տեղանքից։ Զառիթափ ճանապարհի վրա կան հատուկ նշումներ՝ չմոլորվելու համար։ Ամենուրեք նշված է կարմիր ներկով Т տառը։ Հատկապես բարդ տեղանքներում ու զառիվայր հատվածներում զբոսաշրջիկների համար կառուցված են մետաղական ճաղաշար-բազրիքներ, որոնցով ինչպես վերելքը, այնպես էլ վայրէջքը առավել դյուրին է դառնում։ Սարահարթի ամենաբարձր հատվածին հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել երեք վերելքներ և երկու վայրէջքներ։ Վերջիններիս ընդհանուր երկարությունը 500 մետր է։ «Արծվի բույն» տեղանքից մինչև Քյերագբոլթոն կազմում է մոտավորապես չորս կիլոմետր ուղիղ գծով, բայց հաշվի առնելով վայրէջքներն ու վերելքները, ճանապարհը զգալիորեն երկարում է։

«Արծվի բույն» տեղանքից դեպի Քյերագ սարահարթ անցնող ճանապարհ
Երեք վերելքներ և երկու վայրէջքներ։ Վերջիններից երկարության ընդհանուր արժեքը 500 մետր է։ Մետաղական ճաղաշար-բազրիքներ, որոնք զգալիորեն դյուրացնում են զբոսաշրջիկների տեղաշարժը վերելքներին ու վայրէջքներին։

Միջին տվյալներով՝ Քյերագ կարելի է հասնել 2,5 ժամում։

Բոլոր զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում դեպի Քյերագբոլթոն բարձրանալիս կրել համարավետ սպորտային կոշիկներ, որոնք չեն սահի ողորկ ժայռերին։ Ինչպես նաև հարմարավետ զգեստներ ու տաք հագուստ, որովհետև բարձունքում բավականին ցուրտ է լինում։ Նորվեգիայի զբոսաշրջային ծառայությունները դեպի Քյերագբոլթոն այցելություն չեն խրախուսում անձրևային եղանակներին։

Քյերագ
Քյերագ սարահարթը և Քյերագբոլթոնը («սիսեռահատիկ քարը»)
Քյերագբոլթոն՝ տեսարանը հետևի մասից։ Քարին հասնելու համար հատուկ լեռնագնացության պարագաներ անհրաժեշտ չեն։
Տեսարան դեպի Լյուսե ֆյորդ «սիսեռահատիկ քարի» վրայից Քյերագբոլթոնը՝ հսկայական գլաքարը, որը զմռսվել է երկու զուգահեռ ժայռերի միջև

Բեյսջամփինգ Քյերագից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյսջամփինգը պարաշյուտային սպորտի նոր տարատեսակ է, որը ձևավորվել է հենց այստեղ։ Ի տարբերություն դասական պարաշյուտային թռիչքների, բեյսջամփինգի համար թռչող հարմարանքներ պետք չեն, ու այն շատ ավելի մատչելի է զբոսաշրջիկների համար։ Լյուսե ֆյորդում բեյսջամփինգի համար հիանալի վայր է հանդիսանում նրա հյուսիսային լեռնային հատվածը. այն ֆյորդից բարձր է 984 մետրով։ Երկու ժայռերն՝ Պրեքեսթուլենն ու Քյերագը, հարմար են բեյսջամփինգով զբաղվելու համար, սակայն Պրեքեսթուլենում զբոսաշրջիկների մեծ հոսքի պատճառով պարաշյուտային թռիչքների համար հիմնականում օգտագործվում է Քյերագի ժայռը։ Տարեկան ավելի քան 30 հազար թռիչքներ են իրականացվում պարաշյուտով դեպի Լյուսե ֆյորդի ջրերը։

1992 թվականին սկսնակ բեյսջամփեր Սթեն Էդվարդսենը (նորվ.՝ Stein Edvardsen) Ստավանգերի հանրախանութներից մեկում տեսնում է Քյերագի տեսարաններով մի փոստային բացիկ։ Ճշտելով վաճառողից, թե այդ ժայռը Նորվեգիայի որ հատվածում է գտնվում, կատարում է ուղևորություն դեպի այդտեղ։ Քանի որ նա սկսնակ բեյսջամփեր էր, տարածքը հետազոտեց, որպեսզի պարզի՝ հարմար է արդյոք պարաշյուտային սպորտի համար։ Այդ ժամանակ դեռևս Սթեյնը փորձառու չէր. նա ընդամենը մի քանի թռիչքներ էր գործել կռունկներից և հեռուստաաշտարակներից, դրա համար էլ վստահ չէր, թե տեղը հարմար է թռիչքներ իրականացնելու համար։

Երկու տարի անց՝ 1994 թվականի հոկտեմբերին, Սթեյնն ու իր երկու ընկերները, Քյերագում գտնելով ամենահարմար «հարթակը», կատարեցին առաջին պարաշյուտային թռիչքը Քյերագից։

Արդյունքում պարզ դարձավ, որ Քյերագը լիովին համապատասխանում է թռիչքների համար, սակայն 1994 թվականին միայն երեք թռիչքներ են իրականացվել, ու քանի որ աշուն էր ու եղանակային պայմանները չէին թույլատրում, թռիչքները դարձան անհնարին։ Իր առաջին թռիչքից հետո Սթեն Էդվարդսենը եղավ Bridge Day, որտեղ նրա ծանոթ Ջոն Վինսենտը պատմեց ֆրանսիական Շամոնի Մոն Բլան բնակավայրից թռիչքների մասին, որտեղ ազատ անկամ ժամանակը կազմում է ինը վայրկյան։ Սթենը հայտարարեց, որ Ստավանգերից ոչ հեռու կա մի վայր, որտեղ հնարավոր է տասնութվայրկյանանոց ազատ անկման թռիչքներ իրականացնել։ Այդ փաստը հետաքրքրեց պարաշյուտային սպորտի սիրահարներին և արդեն հաջորդ տարի Քյերագից կատարվեց չորս հարյուր թռիչքներ։

Պարաշյուտային թռիչքների նոր վայրը արագ արձագանք է գտնում բեյսջամփերների շրջանում և շուտով դառնում է ամենասիրելի վայրերից մեկը։ Այդ ժամանակ դեռևս բեյսջամփինգը Նորվեգիայի պարաշյուտային ասոցիացիայի կողմից պաշտոնապես չէր գրանցվել։ Բոլոր թռիչքները իրականացվել են գաղտնի պայմաններում։

1995 թվականի ամռանը Սթեյնը քայլեր ձեռնարկեց, որպեսզի ստեղծի բեյսջամփինգի ասոցիացիա։ Դա նրա մոտ հաջողվեց, և 1996 թվականի փետրվարին սկսեց գործել այդ ասոցիացիան։ Նորվեգիայի բեյսջամփինգի ասոցիացիայի գլխավոր հիմնախնդիրը դարձավ համագործակցել այլ երկրների բեյսջամփերների հետ, որոնք ցանկանում են անկարգելային թռիչքներ իրականացնել Քյերագում. ասոցիացիան առաջարկում էր տեղափոխում և թռիչքների իրականացում։ Ավելի ուշ սկսեցին իրականացնել և թռիչքների դասընթացներ, ովքեր ցանկանում էին զբաղվել բեյսջեմփիգով[7]։

Քյերագ
Ամենահայտնի վայրերից մեկը բեյսջամփինգի սիրահարների համար
Բեյսջամփինգ։ Քյերագի հյուսիսային հատվածը։ Այստեղից կարելի է թռչել 18-19 վայրկյան ազատ անկումով։ Քյերագ են այցելում էքստրիմի սիրահարները աշխարհի բոլոր ծագերից։ Վայրէջքի համար միայն մի փոքր ժայռ կա ներքևում՝ ֆյորդում։
Բեյսջամփերները, ովքեր իրենց մահկանացուն են կնքել Քյերագում թռիչքներ իրականացնելից[8]
Տարեթիվ Բեյսջամփեր Տարիք
1996 թվականի օգոստոսի 16 Ֆրանսիա Սեբաստիան Դեկտո (Sebastian Dectot) 24
1997 թվականի հուլիսիս 29 Շվեդիա Ուլլա-Սթինա Էսթբերգг (Ulla-Stina Östberg) 46
1999 թվականի հուլիսի 6 Նորվեգիա Թոր Ալեքս Կապֆիել (Thor Alex Kappfjell) 32
1999 թվականի օգոստոսի 15 Ռուսաստան Կիրիլ Գորետով 29
2000 թվականի հունիսի 10 Միացյալ Թագավորություն Թերի Ֆորեսթալ (Terry Forrestal) 52
2000 թվականի օգոստոսի 5 Իտալիա Վալենտինո Վենտորի (Valentino Ventori) 30
2002 թվականի հուլիսի 23 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լորի Բարր (Lori Barr) 37
2002 թվականի սեպտեմբերի 12 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբ Թոմփքինս (Rob Tompkins) 30
2005 թվականի հուլիսիս 19 Ավստրալիա Դարսի Զոյթսաս (Darcy Zoitsas) 39
2010 թվականի հուլիսի 24 Ռուսաստան Անտոն Կնեստյապին 25

1994-ից 2010 թվականներն ընկած ժամանակահատվածում Քյերագից արձանագրվել է մահվան ելքով տասը թռիչք[9]։ Առաջին նմանատիպ դժբախտ պատահարը արձանագրվեց 1996 թվականին[10]։ 1999 և 2000 թվականներին ևս չորս ողբերգություններ տեղի ունեցան այս վայրում՝ թռիչք իրականացնելու ժամանակ։ Ամեն անգամ, նմանատիպ պատահարներից հետո, ոստիկանությունը բեյսջամփինգի ասոցիացիայի նկատմամբ նոր սահմանափակումներ էր իրականացնում։ Միայն այդ ակումբի ակտիվ գործունեության շնորհիվ է, որ այդտեղ լրիվ չարգելեցին թռիչքները։ Մանավանդ որ նման նախադեպ արդեն կար Նորվեգիայում՝ Թրոլվեգենում (Թրոլների պատ)։ Այստեղ այսօր օրենքի ուժով բացարձակապես արգելված են թռիչքները։ Թրոլների պատից թռչելու ժամանակ իր մահկանացուն է կնքել ամերիկացի հայտնի լրագրող, օպերատոր և բեյսջամփեր Կարլ Բենիշը (Carl Boenish):

Քյերագու շատ խստացված օրենքներ են գործում բեյսջամփերների համար, որպեսզի խուսափեն մահվան ելքով պատահարներից։ Որպեսզի Քյերագից իրականացվի թռիչք պարաշյուտով, պետք է հետևել ներքոհիշյալ կանոնակարգի կետերին.

  • Գրանցում՝ ամեն մի ջամփեր պետք է գրանցի Stavanger B.A.S.E. Klubb. ակումբում՝ հատուկ դասընթացներ անցնելու նպատակով։ Գրանցվելու համար պետք է կանխավ հայտ լրացնել ակումբի պաշտոնական կայքէջում[11]։
  • Վճարել գրանցման տուրքը։
Անհրաժեշտ է փաստաթղթերով հաստատել որակավորումը կամ էլ որոշակի փորձը.
  • մասնակիցը պետք է իր հաշվին գրանցած լինի ավելի քան 250 պարաշյուտային թռիչքներ և նվազագույնը 20 հատ վերջին վեց ամսում
  • եթե բեյսջամփերի փորձը 15 թռիչքից քիչ է, ապա պետք է ուսուցման կուրս անցնել ասոցիացիայում
  • գոյություն ունեն նաև որոշակի սահմանափակումներ՝ կապված հանդերձանքի հետ[12]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-ից 2009 թվականներն ընկած ժամանակահատվածում Քյերագից կատարվել են ավելի քան 30 հազար թռիչքներ։ Այդ ընթացքում արձանագրվել են մոտավորապես հարյուր միջադեպեր և ինը մահացու դեպքեր։ Շուրջ երեսուն անգամ փրկրարարական ուղղաթիռներով մարդկանց են տարհանել այս տարածքից[10]։

Ժայռամագլցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյերագը ոչ միայն հիանալի վայր է բեյսջամփերների համար, այլև ժայռամագլցումների։ Այսօրվա դրությամբ հայտնի են տասներեք զբոսաշրջային ուղղություններ, որոնք ըստ նորվեգական դասակարգման 6-ից 7 մակարդակի բարդության են։ Կենտրոնական հատվածի ձախ մասում գործում է Hoka Hey 7+ երթուղին, որն առաջին անգամ հաղթահարվել է 1996 թվականին, իսկ ազատ ոճի ժայռամագլցումն արձանագրվել է 1999 թվականին։ Դրանից աջ գտնվում է Skjoldet А3 (7-րդ մակարդակի բարդության) երթուղին, որն առաջին անգամ հաղթահարվել է 1995 թվականին[13]։ 2009 թվականին Սանկտ Պետերբուրգի ժայռագնացների հավաքականը կատարեց կենտրոնական հատվածի առաջին մագլցումը պատմության մեջ[14]։ Այդ երթուղին ստացավ «Լանդսքրոն» (Landskron) անվանումը[13]։

2009 թվականի փետրվարի 25-ից մինչև մարտի 10-ը պետերբուրգյան լեռնագնացների հավաքականը առաջին անգամ պատմության մեջ հաղթահարեց կենտրոնական հատվածի ժայռամագլցումը։ Այդ խմբի մեջ էին մտնում ներքոհիշյալ ալպինիստներ՝ Գալինա Չիբիտոկ (ղեկավար, սպորտի վաստակավոր գործիչ), Վյաչեսլավ Իվանով (սպորտի վաստակավոր գործիչ), Ալեքսեյ Լոնչինսկի (սպորտի վաստակավոր գործիչ), Իվան Դոժդև (սպորտի վաստակավոր գործիչ) և Վալերի Շամալո (սպորտի վարպետ)[13][15]։ Նրանց խումբը հաղթահարեց 6B մակարդակի բարդության վերելքը։ Այս երթուղին Ռուսաստանում առաջին տեղը զբաղեցրեց լեռնագնացության XXVII չեմպիոնատում՝ 2009 թվականին, որպես առաջին անգամ հաղթահարված վերելք[16]։

Ֆլյորլին (նորվ.՝ Flørli) տեղակայված է Լյուսե ֆյորդի հարավային կողմում, մոտավորապես 25 կիլոմետր ֆյորդի գետաբարանից և 15 կիլոմետր Լյուսեբոթնից հեռու։ 20-րդ դարի սկզբներին այստեղ աշխատում էր սեփական մի էլեկտարակայան։

Ֆլյորլիում մշտական բնակչություն առաջացել է դեռևս 17-րդ դարում: Այդ ժամանակ այստեղ գործում էր սղոցարան և բնակիչներն էլ այդ սղոցարանի աշխատակիցներն էին։ 1708 թվականին տեղի ունեցավ մեծ սողանք ու քարաթափում, որի հետևանքով ավերվեց սղոցարանն ու աշխատակիցների կացարանները։ Միայն մեկ դար անց այդ վայրերում կենդանություն սկսվեց։ Այդ ժամանակ Ֆլյորլիի հողերը պատկանում էր Քալալիին (նորվ.՝ Kallali) և օգտագործվում էին բացառապես անասնապահության և բուսաբուծության նպատակներով, ինչպես նաև կատարում էին անտառահատման աշխատանքներ։

1802 թվականին Ֆլյորլին վերականգնվեց և իր տնտեսական գործունեությունը շարունակեց մինչև 1915-ից 1920 թվականները։ 1916 թվականին, կառուցվեց հիդրոէլեկտրակայանը և այստեղ այլևս գյուղատնտեսությամբ չկարողացան զբաղվել։

Այսօր Ֆլյորլին սեփական դպրոցով, խանութով և փոստային բաժանմունքով փոքր բնակավայր է[17]։

Էլեկտրակայանը 1917-1921 թվականներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին էլեկտրակայանի շենքը կառուցված է ար-նուվո ճարտարապետական ոճով, որի երկարությունը կազմում է 80 մետր, իսկ լայնությունը՝ 9 մետր։ Այսօր այն ներկված է սպիտակ գույնով և տեսանելի է նույնիսկ շատ հեռվից։ Կենտրոնական, ամենամեծ սրահում նախկինում գտնվում էր տուրբինային բաժանմունքը։

Էլեկտրաէներգիա ստանալու համար ջուրը վերցնում էին լեռներից՝ սկզբում մեկ խողովակով, իսկ ավելի ուշ՝ երկու խողովակներով։ Այդ երկու խողովակները պահպանվել են մինչև այսօր։ Դրանց հարևանությամբ կառուցված է ֆունիկուլյոր և աշխարհի ամենաերկար փայտյա աստիճանները[18]։

Ֆլյորլիի հին հիդրոէլեկտրակայանի շենքը
Ներկայիս տեսքը
2008 թվական։ Շենքի ձախ հատվածում տեսանելի է անվանումը՝ Flørli: Դեպի բարձունք, խողովակներին կից գտնվում է 4444 աստիճաններ ունեցող փայտյա ամենաերկար սանդուղքն աշխարհում։

1916 թվականին Ֆլյորլիում աշխատում էին 119 աշխատակիցներ, 28 կանայք և 37 երեխաներ: Մինչ մեր օրերը հասած դպրոցի շենքում, 1920-ից 1925 թվականներն ընկած ժամանակաշրջանում ուսանում էին 11 աշակերտներ: Դպրոցը փակվում է 1970 թվականին, իսկ փոստը՝ 1981 թվականին[17]։

1999 թվականին այստեղ բացում են նոր ավտոմատ կառավարմամբ հիդրոէլեկտրակայան։ Դրա բացումից հետո Ֆլյորլին ապաբնակեցվում է։

Աշխարհի ամենաերկար փայտե աստիճանանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոէլեկտրակայանը աշխատեցնելու նպատակով լեռներից երկու խողովակներով ջուր էին հասցնում էլեկտրակայան։ Այդ խողովակները սպասարկելու նպատակով դրանց զուգահեռ փայտից աստիճաններ են կառուցել։ Այդ աստիճանի երկարությունը կազմում է 1600 մետր, իսկ բարձրությունների տարբերությունը՝ 740 մետր [19]: Այդ փայտե սանդուղքը բաղկացած է ուղիղ 4444 աստիճաններից : Այն համարվում է աշխարհի ամենաերկար փայտյա աստիճանը[18]։ Այս հետաքրքիր աստիճանները շատ զբոսաշրջիկների են գրավում, որոնք ուզում են փորձել սեփական ուժերը։ Ամռանը Ֆլյորլիում աշխատում է սրճարան, մի փոքրիկ հյուրանոց և «Ֆլյորլիի ընկերներ» ընկերությունը («Flørlis Venner»), որը կազմակերպում է այստեղ ցուցահանդեսներ[17]։

Աշխարհի ամենաերկար փայտե աստիճանանները Ֆլյորլիում
Փայտե սանդուղքը բաղկացած է ուղիղ 4444 աստիճաններից
Ձախից՝ հիդրոէլեկտրակայանին ջուր մատակարարող խողովակը և ֆունիկուլյորի ռելսը։ Այսօր ֆունիկուլյորը չի գործում։


Աջից՝ ջրի խողովակներն ու փայտե սանդուղքը

1999 թվականին կառուցած նոր հիդրոէլեկտրակայան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների վերջին սկսեց աշխատել նոր հիդրոէլեկտրակայանը։ Այն ամբողջովին կառուցված է ժայռի մեջ, ինչպես որ օլիմպիական հոկեյի պալատը Լիլեհամերում։ Ջուրը դեպի տուրբիններ մատակարարվում է բարձր լեռներում գտնվող սարահարթից։ Այս հիդրոէլեկտրակայանի աշխատանքն ամբողջովին ավտոմատացված է ու գտնվում է Ֆորսան կոմունայի ենթակայության ներքո։ Արտադրված էլեկտրաէներգիան այստեղից տեղափոխվում է հիմնականում Ստավանգեր։

Նոր հիդրոէլեկտրակայանը
Այս հիդրոէլեկտրակայանը սկսեց ամբողջ թափով աշխատել 1999 թվականից
Հետին պլանում՝ սպիտակ շինության հարևանությամբ, կարելի է նկատել ժայռափոր հիդրոէլեկտրակայանի մուտք։ Հիդրոէլեկտրակայանի գլխավոր սրահը, որի կենտրոնում տեղադրված է գեներատորը։ Հեռվում երևում է կայանի ժայռակոփ պատը, որը մոնոլիտ ժայռ է։
Սոնգեսանը (նորվ.՝ Songesand) փոքր գյուղական համայնք է Լյուսե ֆյորդի հյուսիսային ափին:

Սոնգեսանը (նորվ.՝ Songesand) փոքր գյուղական համայնք է Լյուսե ֆյորդի հյուսիսային ափին։ Այն Ֆորսանի և Լյուսեբոթնի միջև է գտնվում։ Մտնում է Ֆորսան կոմունայի կազմի մեջ։

Սոնգեսանից դեպի Օրդալ (նորվ.՝ Årdal) գործում է ցամաքային ուղին, որով կարելի է հասնել նաև Էլմելան (նորվ.՝ Hjelmeland) կոմունա։ Գյուղն ունի իր սեփական նավահանգիստը։

Նախկինում Սոնգեսանում ապրում էր 36 մարդ. այստեղ կար փոստային բաժանմունք և դպրոց։ Դպրոցը վերջնականապես փակվում է 1969 թվականին։ Փակմանը նախորդող տարիներին այստեղ սովորում էր 3-4 աշակերտ։

Սոնգեսանի զարգացման նոր համազարկը տրվեց 1994 թվականին։ Դա կատարվեց նրանից հետո, երբ ամառային սեզոնին այստեղ սկսեց գործել Ստավանգեր-Լյուսեբոթն լաստանավային ուղին[20]։

Հենյանեն (նորվ.՝ Hengjane) լեռ է Լյուսե ֆյորդի հյուսիսային ափին՝ Պրեքեսթուլենից ոչ շատ հեռու։ Այս տարածքը հատկապես գրավում է լեգենդների սիրահարներին։ Այդ ռոմանտիկ լեգենդը ծավալվել է գերմանացի Հայնրիխի և Զիկկեի շուրջ։ Գերմանացի Հայնրիխը ֆյորդում հայտնվել է առաջին անգամ 1915 թվականին և զբաղվել ձկնորսությամբ։ Մի անգամ լսում է Զիկկե անունով մի կնոջ մասին, որն ապրել է Հենյանե լեռան ամենաբարձր կատարին։ Նա մագլցելով վեր է բարձրանում։ Արդյունքում սիրահարվում է Զիկկեին։ Նրանք ունենում են երեխա, որը չի դիմանում առաջին ձմեռվա սառնամանիքներին և մահանում է։ Հայնրիխը զբաղվում էր տնային ինքնաթոր օղու արտադրությամբ, որը շատ շահեկան էր, քանի որ արագ սպառվում էր։ Այդ ժամանակ Նորվեգիայում գործում էր այսպես կոչված չոր օրենք, որն արգելում էր ալկոհոլային խմիչքների վաճառքն ու տարածումը (1921 թվականին)։ Ինքնաքաշ օղին հասնում է նույնիսկ Սթավանգեր։ Այսօր կարելի է տեսնել փոքրիկ քարե նավամատույցը, որի կողքին Հայնրիխը թողնում էր իր նավակը և բարձրանում լեռը կարապիկի (վերհան մեքենա) օգնությամբ։ Հենց կարապիկով էլ վեր էր հանում թորելու համար անհրաժեշտ շաքարն ու իջեցնում արդեն պատրաստի ինքնաքաշ օղին։

Երկարատև փնտրտուքներից հետո, ի վերջո ոստիկանությանը հաջողվում է գտնել ապօրինի օղի քաշողի կացարանի տեղը։ Առգրավում են օղի թորելու սարքավորումները և Հայնրիխին արտաքսում են երկրից։ Որոշ ժամանակ անց նա կրկին հետ է վերադառնում իր սիրելի Զիկկեի մոտ։ Սակայն նավակի վաճառքի համար առաջացած վիճաբանության հետևանքով Հայնրիխը կրկին անհետանում է։ Զիկկեն նրան սպասում է ցկյանս՝ ապրելով աղքատության և վշտի մեջ Հենյանե լեռան կատարին[20]։

Բռնագրաված օղի թորելու սարքը ցայսօր էլ պահպանվում է։ Այն կարելի է տեսնել Օյգարդսթյոլենում (նորվ.՝ Øygardsstølen)՝ Քերյագ հասնելու ճանապարհի մեկնարկային կետում։

Պրեքեսթուլեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեքեսթուլեն (նորվ.՝ Preikestolen), հայտնի է նաև որպես Pulpit Rock («Ժայռ-ամբիոն»), այն հսկայական ուղղաբերձ ապառաժ է, որ կախված է Լյուսե ֆյորդից 604 մետր բարձրության վրա։

Ապառաժի չափերը կազմում են 25×25 մետր։ Այն ունի քառակուսի տեսք և գրեթե ողորկ մակերես։ Պրեքեսթուլենից բացվում է փառահեղ տեսարան դեպի ֆյորդն ու շրջակայքը, այդ իսկ պատճառով այն հազարավոր զբոսաշրջիկների սիրելի վայրն է և Նորվեգիայի ամենահայտնի բնական հուշարձանն ու տեսարժան վայրերից մեկը։ Բացի այդ` ժայռը նաև ամբողջ տարածաշրջանի ամենաայցելվող վայրն է։ Ամեն տարի Պրեքեսթուլենը տեսնելու համար այստեղ է ժամանում ավելի քան 100 հազար այցելու[21]։

Համաձայն հին լեգենդի` այս հսկայական ժայռաբեկորը փուլ կգա այն ժամանակ, եթե յոթ քույրերը ամուսնանան յոթ եղբայրների հետ միևնույն շրջանից (նկատի ունի Նորվեգիայի վարչական բաժանման շրջանները)։ Ժայռաբեկորի հիմքային հատվածում կա 20-25 սմ լայնությամբ ճեղքվածք։ Եթե մի օր Պրեքեսթուլեն ժայռը պոկվի ու ընկնի ֆյորդի ջրերի մեջ, ապա կոտրվածքը հենց այդ ճեղքվածքից կլինի[20]։

Պրեքեսթուլեն ժայռաբեկորը
2009 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը դեպի Պրեքեսթուլեն են այցելել ավելի քան 125 հազար զբոսաշրջիկ
Կախովի ժայռը ֆյորդից բարձր է 604 մետրով. նախկինում շատ էր օգտագործվում բեյսջամփերների կողմից։ Ապառաժի չափերը կազմում են 25×25 մետր։ Այն քառակուսի տեսք ունի և գրեթե ողորկ մակերես Մինչև այսօր հայտնի չէ որևիցե դժբախտ պատահար այս ժայռից։

Ռեֆսյուն նախկին շոգենավային նավահանգիստ է՝ Լյուսե ֆյորդի հյուսիսային ափերին։ Այսօր այստեղ կարելի է տեսնել միայն նախկին նավահանգստի բետոնային հիմքերը փոքր ծոցի մեջ՝ ֆյորդ թափվող գետակի կողքին։ Առաջին էքսկուրսիաները դեպի Պրեքեսթուլեն իրականացվել են դեռևս 1890-ական թվականներին։ Դեպի ժայռաբեկոր տանող արահետները, որոնցով այսօր ուղևորվում են զբոսաշրջիկները, նախկինում չկային։ Ռեֆսյույից շատ բարդ և անհարմար ճանապարհներով էին տանում դեպի հռչակավոր ժայռաբեկորը։ Մինչև որ նոր ուղիներ ու ճանապարհներ ստեղծվեցին զբոսաշրջիկների թվի ավելացմանը զուգահեռ։ Այսօր Ռեֆսյուում մնացել են միայն հին ամրաններ և բետոնի մնացորդներ, որպես էքսկուրսիայի մեկնարկակետ այն չի օգտագործվում արդեն շատ տարիներ[20]։

Լանդա. Վիկինգների տունը, որոնք վերականգնվել են իբրև թանգարաններ:

Լյուսե ֆյորդի դելտայից ոչ շատ հեռու հայտնաբերվել են հետաքրքիր հնագիտական գտածոներ, որոնք փաստում են, որ մարդիկ այստեղ բնակություն են հաստատել անհիշելի ժամանակներից։ Այդ բնակավայրերի մնացորդները թվագրվում են մ.թ.ա. 1500 թվականով։ Գտածոներից կարելի է եզրակացնել, որ մարդիկ ապրել են ընդհանուր տնտեսությամբ։ Կացարանների հնագույն հիմքերում Նորվեգիայի իշխանությունները վերականգնել են երկաթի և բրոնզի դարերի տները։ Ամբողջ Լանդայի տարածքում կան վեց տուն-թանգարաններ։

Պեղումներն ու վերականգնողական աշխատանքներն իրականացվել են Թրոնդ Լյոքենի (նորվ.՝ Trond Løken) ղեկավարությամբ։ 1995 և 1999 թվականներին վերջինս համահեղինակությամբ լույս է ընծայել Լանդայում գտած հնագիտական իրերի մասին պատմող մի քանի գրքեր[22]։

Ֆորսան. ավտոմեքենաների կուտակումներ, որոնք սպասում են լաստանավին:

Ֆորսանը (նորվ.՝ Forsand) համանուն կոմունայի մայրաքաղաքն է։ Բնակչությունը կազմում է մոտավորապես 1000 մարդ։ Այստեղ Լյուսե ֆյորդի դելտայի խորությունը հասնում է ընդամենը 13 մետրի։ Ֆորսանը բավականին հարուստ կոմունա է։ Ֆորսան կոմունայի տնտեսության հիմնական ճյուղերն են էլեկտրաէներգիայի արտադրությունն ու վաճառքը. ի դեպ էլեկտրաէներգիայի առյուծի բաժինը վաճառում են Նորվեգիայի մեծությամբ 4-րդ քաղաքին՝ Ստավանգերին։ Մյուս ճյուղերից են նավագնացությունը, ձկնարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը՝ լեռնագնացություն, ժայռամագլցում։ Ֆորսանից դեպի Լյուսե ֆյորդի մյուս ափ հասնելու համար կառուցված է բետոնաճոպանային կամուրջ։ Զբոսաշրջիկները եթե Քյերագից հետո ցանկանում են տեսնել նաև Պրեքեսթուլենը, ապա կարող են լաստանավով դեպի Լաուվիկ չմեկնել, այլ ավտոմեքենաներով հասնել Ֆորսան, անցնել ֆյորդն ու հասնել Պրեքեսթուլեն։

Կամուրջ Լյուսե ֆյորդի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆյորդի ամենասկզբում կառուցված է համանուն կախովի կամուրջը։ Այն միացնում է Ֆորսանը հակառակ ափի բնակավայրերին։

Լյուսե ֆյորդի կախովի կամուրջի դիզայներներից մեկը Օս Յակոբսենն է(նորվ.՝ Aas Jakobsen)[23]:

կամրջի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 1995 թվականին։ Երկու տարի անց՝ 1997 թվականին կամուրջը հանձնվել է շահագործման։ Լյուսե ֆյորդի կախովի կամրջի թռիչքի երկարությունը կազմում է 446 մետր, իսկ ընդհանուր երկարությունը՝ 639 մետր է։ Հիմնասյուները կառուցված են երկաթբետոնե կոնստրուկցիաներից, որոնց բարձրությունը հասնում է 102 մետրի։ կամրջի լայնությունը 12.3 մետր է [24]:

Կամուրջ Լյուսե ֆյորդի վրա
Կամուրջ ընդհանուր բնութագիրը
Գլխավոր թռիչքի բարձրությունը 446 մետր
Ընդհանուր երկարությունը 639 մետր
Լայնությունը 12.3 մետր
Հիմնասյուների բարձրությունը 102

Ձախից՝ կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաները. տեսքը ֆյորդից
Կենտրոն՝ կամրջի ընդհանուր տեսքը թռչնի բարձրությունից։ Նկարի ստորին աջ հատվածում երևում է Ֆորսան քաղաքը։
Ձախից՝ կամրջի թռիչքի առավելագույն երկարությունը կազմում է 446 մետր։ Տեսարան զբոսաշրջային լաստանավից։

Լաուվիկը (նորվ.՝ Lauvvik) լաստանավերի նավամատույց է մայրցամաքային RV 13 ճանապարհին կից։ Ամառային շրջանում այն ֆյորդի տարածքով լաստանավային զբոսաշրջության ավարտական կետն է համարվում։ Լաուվիկից կարելի է շատ արագ հասնել Սանդնես և Ստավանգեր՝ Նորվեգիայի նավթային մայրաքաղաք։

Լյուսե ֆյորդի տեսարժան վայրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ֆորսան կոմունա (վերջին տասը տարիների տվյալներ)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ
միջին առավելագույնը (°C) 4 2 6 11 13 16 20 18 15 10 7 4
միջին նվազագույնը (°C) 1 −1 2 7 8 11 15 13 11 7 3 2
Աղբյուր՝ Storm Weather Center 10.02.2010

Ներքոհիշյալ դիագրամում կապույտներով ներկայացված են անձրևային օրերի միջին ամսական քանակությունը։ Այստեղ անձրևային է համարվում այն օրը, երբ թափվում է 1 միլիմետրից ավելի տեղումներ։ Ընդհանուր ներկայացված է վերջին տասը տարիների միջինացված ցուցանիշները՝ օդերևութբանական կայանից ստացված[25]

«Ծովի մշակները»

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ծովի մշակները»

Ոչ մի տեղ այդ անհաղթահարելի ուժերը չեն հայտնվում այդպիսի ահարկու համադրությամբ,, ինչպես այս հետաքրքիր հյուսիսային նեղուցում, որին կոչում են Լյուսե ֆյորդ... Նորվեգական ծով, խստաշունչ Ստավանգերի ծովածոց, հիսունինը աստիճան հյուսիսային լայնություն։ Ջուրը սև է, ծանր՝ ընդհատվող փոթորիկների տենդության մեջ... Ոչ մեկը չի անցնում դրա վրայով՝ ոչ մի նավ չի համարձակվում ճեղքել դրա ջրերը։ Այդ միջանցքի երկարությունը տասը մղոն է, իսկ շրջապատող բարձրաբերձ լեռներինը՝ երեք հազար ֆունտ. ահա թե ինչ կտեսնես, եթե լինես այդտեղ...

Վիկտոր Հյուգո, 1866[26][27]

Ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Վիկտոր Հյուգոն Լյուսե ֆյորդ այցելել է 1866 թվականին։ Հեղինակը այդ վայրը հիշատակել է իր «Ծովի մշակները» (ֆր.՝ Les Travailleurs de la Mer) գրքում, որտեղ իր հերոսի՝ Ժիլիատիի միջոցով պատկերել է տեղի ձկնորսների կյանքը, նրանց պայքարը ծովի տարերքի ու ծովային հրեշի դեմ։ 1917 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Անդրե Անտուանը նկարահանում է Վիկտոր Հյուգոյի վերոնշյալ ստեղծագործության մոտիվներով համանուն ֆիլմը[28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #4644296-0 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Südnorwegen-2010. Thomas Ketter Verlag. Hamburg. ISBN 978-3-934014-21-3
  3. 3,0 3,1 «Люсе-фьорд, Норвегия». visitnorway.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. Erde und Weltall/Das Grosse Volks-Lexicon, 2006 Wissen Media Verlag GmbH, Gütersloch/München und Axel Springer AG_ Hamburg ISBN 978-3-577-07551-1
  5. Dieter Richter. Algemeine Geologie. 4.verb. Und erw. Aufl.- Berlin; New-York: de Cruyter, 1992 ISBN 3-11-010416-4
  6. «Car Ferry with sightseeing» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. «History of Kjerag» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. «BASE Fatality List» (անգլերեն) — Список смертельных случаев при бейсджампинге. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. «Peter Pan's fatal jump» (անգլերեն) — Сообщение о смерти Darcy Zoitsas. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. 10,0 10,1 «Kjerag. Fatality statistics» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. «Registry Form. STAVANGER B.A.S.E. KLUBB» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. «Basic rules for B.A.S.E. Jumping at Kjerag» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Отчет о восхождении в рамках чемпионата по альпинизму класс первопрохождений сборной команды г. Санкт – Петербурга». Федерация альпинизма России. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 26-ին.
  14. «В. П. Шамало. Восхождения». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 26-ին.
  15. «Первопрохождение северной стены Кьёраг». Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 26-ին.
  16. «ПРОТОКОЛ Итогов XXVII чемпионата России по альпинизму 2009 г. класс: первопрохождений». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 26-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Om Flørli (часть 2)» (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. 18,0 18,1 «Velkommen til Flørli!» (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
  19. «Om Flørli (часть 1)» (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Lysefjord Guide. The Tourist Route — туристическая брошюра-буклет для путешествующих по Люсе-фьорду.
  21. «Самые посещаемые места фюльке Ругаланн» (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.
  22. Sverre Bakkevig, Jochen Komber, Trond Løken Landa, fortidslandsbyen på Forsand. — Arkeologisk museum i Stavanger, 1999. — 39 с. — ISBN 82-7760-040-2
  23. «Aas-Jakobsen. Designer of Lyseford bridge» (անգլերեն). Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 22-ին.
  24. «Lysefjord Suspension Bridge» (անգլերեն). Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 22-ին.
  25. «Værvarsel for Forsand i Rogaland» (նորվեգերեն) — Метеорологические данные по коммуне Форсанн. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
  26. В. Гюго Часть 2. книга первая РИФ // Труженики моря.
  27. Les Travailleurs de la Mer — II, 1 на Викитеке.
  28. «Les travailleurs de la mer. André Antoine» (ֆրանսերեն) — Фильмография Андре Антуана. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսե ֆյորդ» հոդվածին։