Օդապարիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից օդապարիկ

Օդապարիկ (կամ աերոստատ), օդից թեթև թռչող ապարատ, որը թռիչքի համար օգտագործում է շրջապատող օդի խտությունից քիչ խտություն ունեցող (ըստ Արքիմեդի օրենքի) գազի (կամ տաքացրած օդի) թաղանթի ամբարձչի ուժը։

Մեր օրերում օդապարիկները զվարճության և սպորտի բնագավառների մաս են։ Հատուկ օդապարիկ-զոնդերը գիտնականներն օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող շարժընթացների մասին տեղեկություններ ստանալու, գիտափորձեր կատարելու համար։ Օդագնացության գիտական հիմունքների սկզբնավորման և օդ բարձրանալու առաջին փորձերը կատարվել են 18-րդ դարում։ Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783 թվականին, երբ ֆրանսիացի Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ ծխով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին։ Նույն թվականին Փարիզում Պիլատր դե Ռոզիեն և դ’Առլանդը 25 րոպե տևողությամբ թռիչք կատարեցին։ Այնուհետև օդապարիկով սկսեցին թռչել շատերը. սկսվեց օդագնացության դարաշրջանը։ Օդապարիկով կատարվող առաջին թռիչքները զվարճության համար էին, այնուհետև դրանք սկսեցին կիրառվել նաև գիտական նպատակներով։ 1804 թվականին Սանկտ Պետերբուրգում ռուս գիտնական Զախարովը և բելգիացի ֆիզիկոս Ռոբերտսոնը օդապարիկով թռիչք են կատարել զանազան ֆիզիկական երևույթներ դիտելու համար։ 19-րդ դարի կեսերին օդապարիկներն սկսել են լայնորեն կիրառվել ռազմական գործողություններում (ռմբակոծում, հետախուզում, լուսանկարում և այլն)։ Սակայն օդապարիկը թռչում էր ոչ թե օդագնացներին անհրաժեշտ, այլ քամու քշած ուղղությամբ։ Այդ պատճառով գյուտարարները մտածում էին օդապարիկի թռիչքը կառավարելի դարձնելու մասին։ Կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784 թվականին առաջարկել է ֆրանսիացի ռազմական ճարտարագետ Մենիեն։ Նրա օդապարիկը հանդերձված էր ձեռքով պտտվող օդային պտուտակներով։ 1852 թվականին ֆրանսիացի Ժիֆարը շոգեշարժիչավոր օդապարիկով կատարեց առաջին կառավարելի, մինչև 11 կմ/ժ արագությամբ թռիչքը։ Ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի, ճշգրիտ սարքաշինության նվաճումները հնարավորություն ընձեռեցին ստեղծելու դյուրակառավարելի օդապարիկներ։ Մինչև 1930-ական թվականների կեսերը ուղևորատար օդապարիկները և դիրիժաբլները լցնում էին ամենաթեթև գազով՝ ջրածնով։ Սակայն ջրածինը դյուրությամբ բոցավառվում էր, և մի շարք աղետներից հետո, անվտանգության նկատառումներով, ստիպված եղան հրաժարվել դրանից։ 1937 թվականիի մայիսի 6-ին Նյու Յորքից ոչ հեռու վայրէջք կատարելիս բոցավառվեց և ընկավ 245 մ երկարությամբ «Հինդենբուրգ» դիրիժաբլը. 97 ուղևորներից 36-ը զոհվեցին։ Հետագա տարիներին օդապարիկները և դիրիժաբլներն սկսեցին լցնել հելիում գազով, որը չի այրվում և այդ առումով ջրածնից անհամեմատ անվնաս է։ Ժամանակակից օդապարիկի գնդի թաղանթը պատրաստվում է նայլոնից։ Գնդի վերին մասում տեղադրված է փականը, որը վայրէջքից հետո բացում են՝ արագորեն դուրս թողնելով օդը։ Օդապարիկի ներքևում ճոպաններից կամ առասաններից կախված է զամբյուղ-գոնդոլը։ Այդտեղ նստում են անձնակազմը և ուղևորները, տեղադրված են սեղմված գազով լի բալոններ, թռիչքի բարձրությունն ու ուղղությունը չափող, վառելանյութի ծախսը որոշող սարքեր։ Զամբյուղի հիմնակմախքին ամրացված է նաև գազայրոցը, որի կարճատև բռնկումներով տաքանում է օդը՝ օդապարիկի վեր բարձրանալու և թռիչքի ընթացքում։ Վայրէջքի ժամանակ բացում են փականը կամ անջատում են գազայրոցը, գնդի ներսում օդը սառչում է, և օդապարիկն սկսում է վայր իջնել։ Օդագնացությունն օդից թեթև սարքերով՝ օդապարիկներով և դիրիժաբլներով, թռիչքներն են (ի տարբերություն ավիացիայի)։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • 1987 թվականին Ռիչարդ Բրենսոնը (Մեծ Բրիտանիա) և Պեր Լինդստրանդը (Շվեդիա) տաք օդով լցված օդապարիկով առաջինը թռան-անցան Ատլանտյան օվկիանոսի վրայով։
  • 1988 թվականին Պեր Լինդստրանդը սահմանեց օդապարիկների բարձրության ռեկորդ՝ ԱՄՆՏեխաս նահանգում հասնելով 19.811 մ բարձրության։
  • 1995 թվականին Սթիվ Ֆոսսեթը (Կանադա) սահմանեց թռիչքի հեռավորության նոր ռեկորդ՝ հելիումով լցված օդապարիկով հաղթահարեց 8.748 կմ՝ Կորեայից Կանադա թռչելով Խաղաղ օվկիանոսի վրայով։
  • 2008 թվականին Երևանում տեղի ունեցավ օդապարիկներով թռիչքի միջազգային փառատոն։