Ծուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծուխ (այլ կիրառումներ)
Այրվող փայտից և տերևներից առաջացած ծուխը

Ծուխ, կայուն դիսպերս համակարգ, կազմված է մանր, պինդ մասնիկներից, որոնք կախված վիճակում գտնվում են գազերում։ Ծուխը տիպիկ աերոզոլ է, որի մասնիկների չափերը 10−5 - 10−7 մ են։ Ի տարբերություն փոշու մասնիկների, որոնք ավելի խոշոր են, ծխի մասնիկները, գործնականում, ծանրության ուժի ազդեցությամբ չեն նստում։

Ծխի մասնիկների շուրջը, որպես միջուկների, կարող է տեղի ունենալ մթնոլորտային խոնավության խտացում, որի հետևանքով գոյանում է մառախուղ։

Ծուխն առաջանում է, մասնավորապես, վառելանյութերի այրման ժամանակ (օրինակ, ՋԷԿ-երի և արդ. տարբեր տեղակայանքների հնոցներում), հրդեհների դեպքում (հատկապես՝ անտառների)։ Այդպիսի ծուխը կարող է պարունակել չայրված վառելանյութի, զոլերի, մետաղների օքսիդների և խեժերի խոշոր մասնիկներ։ Ծխագազերի վատ մաքրման հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը, վատանում է միկրոկլիման, գոյանում մառախուղ, նվազում բնական լուսավորվածությունը։

Ծուխը նպաստում է մարդկանց հիվանդագին վիճակների զարգացմանը (վերին շնչուղիների կատար, բրոնխիտ, թոքերի ֆիբրոզ փոփոխություններ)։ Ծխի մեջ ծանր մետաղների (կապար, սնդիկ) կոնդենսատի պարունակությունն առաջացնում է արյան փոփոխություններ, դանդաղեցնում երեխաների ֆիզիկական զարգացումը։ Ծխի որոշ բաղադրամասեր պարունակում են քաղցկեղածին նյութեր։ Ծխի խոշոր մասնիկներն աչքի մեջ ընկնելիս վնասում են եղջերաթաղանթն ու լորձաթաղանթը։

Ծխի դեմ պայքարելու համար կատարում են ձեռնարկությունների և բնակավայրերի կենտրոնացված ջերմա- և գազամատակարարում, ստեղծում են սանիտարա-պաշտպանական գոտիներ, տեղակայում գազամաքրիչ սարքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 146