Լազարևսկոյե (ռուսերեն՝ Лазаревское), նախկինում ավան, ներկայումս միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում և նշված շրջանի վարչական կենտրոնը, որը գտնվում է Պսեզուապսե գետի աջ և ձախ ափերին, Սոչիի կենտրոնից 42 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա։ Ծովափնյա առողջարան է և զբոսաշրջության կենտրոն։
Լազարևսկոյե միկրոշրջանի տարածքը բնակելի է եղել դեռևս 4000 տարի առաջ։ Մ. թ. ա. երրորդ հազարամյակի վերջում և երկրորդ հազարամյակի սկզբում, տեղաբնիկներն արդեն զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ[1]։ Ավանի ծայրամասերում ժամանակին զարգացած են եղել մայկոպյան և դոլմենյան մշակույթները, որոնք իրենցից հետո թողել են բազմաթիվ հնագիտական հուշարձաններ։
Հինավուրց ժամանակներից մինչ 19-րդ դարի կեսերը, ներկայիս ավանի տեղում ապրել են ադըղեներ, ովքեր ծովային ուղիներով առևտուր են արել Փոքր Ասիայի երկրների հետ։ Կովկասյան պատերազմի ավարտից հետո, 1864 թվականին, տեղի ողջ բնակչությունը, մուհաջիրության արդյունքում տեղահանվել է և աքսորվել Օսմանյան կայսրություն[2]։
Ժամանակակից Լազարևսկոյե ավանի հիմնադրման թվական է համարվում 1839 թվականը, երբ այստեղ կայանեց ծովակալ Միխայիլ Լազարևի հրամանատարության ներքո գտնվող նավատորմը և կառուցվեց ռազմական ամրոց[2]։ Նշված ամրոցը ի պատիվ Միխայիլ Լազարևի, անվանվեց նրա անունով։ 1839 թվականին, այս ամրոցում մալարիայի տենդից մահացել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Օդոևսկին։
Ղրիմի պատերազմի ժամանակ, 1854 թվականին, Լազարևի ամրոցն ավերվել է, իսկ կայազորը տարհանվել է Նովոռոսիյսկ։ Մարդիկ կրկին սկսեցին այնտեղ բնակություն հաստատել միայն 1869 թվականին։ Նոր բնակիչները Օսմանյան կայսրությունից գաղթած պոնտացի հույներն էին։ Նրանք 43 ընտանիքով հաստատվել են ժամանակակից ավանի տեղանքում և հիմնել են Լազարևսկոյե գյուղը։ 20-րդ դարի սկզբին գյուղն արդեն ուներ 60 տուն։
1961 թվականին, Լազարևսկոյե ավանը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և դարձել միկրոշրջան։ Այսօր այն խոշորագույն առողջարանային կենտրոն է, որտեղ կան բազմաթիվ հանգստյան տներ, առողջարաններ, հյուրանոցներ և ժամանցի ու զվարճանքի բազմաթիվ վայրեր։ Միկրոշրջանում բնակվում են ռուսներ, հայեր, հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։
|
---|
| Լազարևսկի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ | |
---|
| Ադլերի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ | |
---|
| Խոստայի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ | |
---|
| Կենտրոնական շրջանի հայաբնակ միկրոշրջաններ | |
---|
|