Լազարևսկոյե միկրոշրջանի տարածքը բնակելի է եղել դեռևս 4000 տարի առաջ։ Մ. թ. ա. երրորդ հազարամյակի վերջում և երկրորդ հազարամյակի սկզբում, տեղաբնիկներն արդեն զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ[1]։ Ավանի ծայրամասերում ժամանակին զարգացած են եղել մայկոպյան և դոլմենյանմշակույթները, որոնք իրենցից հետո թողել են բազմաթիվ հնագիտականհուշարձաններ։
Ժամանակակից Լազարևսկոյե ավանի հիմնադրման թվական է համարվում 1839 թվականը, երբ այստեղ կայանեց ծովակալ Միխայիլ Լազարևի հրամանատարության ներքո գտնվող նավատորմը և կառուցվեց ռազմական ամրոց[2]։ Նշված ամրոցը ի պատիվ Միխայիլ Լազարևի, անվանվեց նրա անունով։ 1839 թվականին, այս ամրոցում մալարիայի տենդից մահացել է ռուս բանաստեղծԱլեքսանդր Օդոևսկին։
Ղրիմի պատերազմի ժամանակ, 1854 թվականին, Լազարևի ամրոցն ավերվել է, իսկ կայազորը տարհանվել է Նովոռոսիյսկ։ Մարդիկ կրկին սկսեցին այնտեղ բնակություն հաստատել միայն 1869 թվականին։ Նոր բնակիչները Օսմանյան կայսրությունից գաղթած պոնտացի հույներն էին։ Նրանք 43 ընտանիքով հաստատվել են ժամանակակից ավանի տեղանքում և հիմնել են Լազարևսկոյե գյուղը։ 20-րդ դարի սկզբին գյուղն արդեն ուներ 60 տուն։
1961 թվականին, Լազարևսկոյե ավանը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և դարձել միկրոշրջան։ Այսօր այն խոշորագույն առողջարանային կենտրոն է, որտեղ կան բազմաթիվ հանգստյան տներ, առողջարաններ, հյուրանոցներ և ժամանցի ու զվարճանքի բազմաթիվ վայրեր։ Միկրոշրջանում բնակվում են ռուսներ, հայեր, հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։