Գրիգոր VIII (հակապապ)
Գրիգոր VIII Gregorius Octavus | ||
| ||
---|---|---|
1118 թ․ մարտի 10 — 1121 թ․ ապրիլի 22 | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | |
Նախորդող՝ | Պասքալիս II, Գելասիոս II | |
Հաջորդող | Կալիստոս II | |
Մասնագիտություն | դիվանագետ և կաթոլիկ քահանա | |
Ծնունդ | 11-րդ դար Կորեզ, Լիմուզեն | |
Մահ | 1137[1] Կավա դե Տիրենի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա |
Գրիգոր VIII (լատին․՝ Gregorius Octavus, ավազանի անունը՝ Մորիս Բուրդին, 11-րդ դար, Կորեզ, Լիմուզեն - 1137[1], Կավա դե Տիրենի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ 1118 (մարտի 10)-1121 (ապրիլի 22) թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիս Բուրդինը ծնվել է Ֆրանսիայի Լիմուզան երկրամասում։ Կրթություն ստացել է Կլյունի քաղաքի համանուն վանքում, Լիմոժում և Կաստիլիայում։ Եղել է սարկավագ Տոլեդոյում, և 1098 (1099) թվականին կլյունեցիները նրան երաշխավորում են որպես եպիսկոպոս Պորտուգալիայի Կոիմբրա քաղաքում։ 1111 թվականին, չորս տարի Սուրբ Երկրում ուխտագնացությունից հետո, Մորիսը դառնում է Պորտուգալիայի Բրագա քաղաքի արքեպիսկոպոս։
Նա եղել է Հենրիխ (Էնրիկե) Բուրգունդացու հավատարիմ դաշնակիցը պորտուգալական եկեղեցին վերակազմավորելու գործում։ Հենրիխը Կաստիլիայի թագավորի վասալն էր։ 1114 թվականին նա ներքաշում է Մորիսին Կաստիլիայում պապական ներկայացուցիչ Բերնարդ Տոլեդոյի հետ վեճի մեջ։ Արդյունքում Մորիսին կանչում են Հռոմ։ Նրան հաջողվում է հեղինակություն ձեռք բերել Պասքալիս II պապի մոտ, և 1116 թվականին պապը նրան որպես պատվիրակ ուղարկում է Հենրիխ V (1105–1125) գերմանացի թագավորի մոտ։ Այդժամ պապը փախչում է Հռոմից, և Մորիսն անցնում է արքայի կողմը։ Վերջինս գալիս է Հռոմ, և 1117 թվականի մարտի 23-ին Զատկի օրը Մորիսը կրկնակի թագադրում է նրան, քանի որ նախորդ թագադրումը, որն անցկացրել էր Պասքալիս II-ը, հայտարարվում է անօրինական։ Այդ մասին իմանալով՝ Պասքալիսը հեռացնում է Հենրիխ թագավորին եկեղեցուց, իսկ Մորիսին՝ ծառայությունից։
Երբ Պասքալիսը մահանում է 1118 թվականին, Հենրիխը Հռոմից վտարում է նորընտիր Գելասիոս II պապին (1118–1119), քանի որ նա հրաժարվել էր կազմակերպել կայսեր հանդիսավոր այցը։ Կարդինալների մի մասը, որոնք Հենրիխի կողմնակիցներն էին, չեղյալ են համարում Գելասիոսի ընտրությունը և Մորիսը հայտարարվում է նոր պապ։ Նա վերցնում է Գրիգոր VIII անունը։ Կապուայում ապաստանելով 1118 թվականի ապրիլի 7-ին՝ Գելասիոսը Հենրիխ V-ին և Գրիգոր VIII պապին հեռացնում է եկեղեցուց։
1119 թվականին Գելասիոս II-ի մահից հետո նոր պապ ընտրվում է Կալիստոս II-ը, և Հենրիխ V-ը ստիպված էր փոխզիջումների գնալ պապական աթոռի հետ։ Դա ավարտվում է Վորմսի համաձայնագրի ստորագրությամբ (1122 թվականի սեպտեմբերի 22)։ Գրիգոր VIII պապն այլևս արքային պետք չէր։ Երբ Կալիստոս II-ը մտնում է Հռոմ, նա հեռանում է Սուտրի։ 1121 թվականի ապրիլին ութօրյա պաշարումից հետո տեղի բնակիչները մատնում են հակապապին։ Գրիգորը ձերբակալվում է, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվում Սալերնոյի Լա Կավա եկեղեցի (La Trinità della Cava), որտեղ և 16 տարի անց՝ 1137 թվականին մահանում է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118718703 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cardinals of the Roman Catholic Church Արխիվացված 2017-06-01 Wayback Machine: Election of March 8, 1118
- The Catholic Encyclopedia
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր VIII (հակապապ)» հոդվածին։ |
|