Jump to content

Բենեդիկտոս X (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենեդիկտոս X
Benedictus X
հակապապ
1058 թ․ ապրիլի 5 — 1059 թ․
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Ստեփանոս IX (X)
Հաջորդող Նիկողայոս II
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն Հովհաննես Մինցիուս
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Ioannes Mincius Tusculi
Ծնունդ անհայտ
Հռոմ, Պապական մարզ
Մահ մոտ 1074
Հռոմ, Պապական մարզ
Թաղված է Sant'Agnese fuori le mura
Եպիսկոպոսական ձեռնադրություն 1058թ․ ապրիլի 5
|


Բենեդիկտոս X (լատին․՝ Benedictus X, ավազանի անունը՝ Հովհաննես (Մինցիուս) անհայտ, Հռոմ, Պապական մարզ - մոտ 1074, Հռոմ, Պապական մարզ), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ (պապ) 1058 թվականի ապրիլի 5-ից մինչև 1059 թվական։ Նրա հայրը եղել է Տուսկուլումի կոմս Ալբերիկ III-ի որդին՝ Գուիդոն, իսկ եղբայրը՝ Բենեդիկտոս IX պապը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1050 թվականին Լևոն IX պապը Հովհաննեսին նշանակում է Վելետրիի կարդինալ-քահանա։ Նրան մեծապես հարգում էին հատկապես նրանք, ովքեր ցանկանում էին բարեփոխել եկեղեցին։

Ստեփանոս IX (X) պապի մահից հետո 1058 թվականի ապրիլի 5-ին, Հռոմում գտնվող կարդինալների մեծամասնությունը Տուսկուլում կոմսերի հարկադրմամբ Հովհաննեսին ընտրում է պապ։ Սա անօրինականություն էր, քանի որ ըստ Ստեփանոսի հրամանագրի, ընտրություն չպիտի անցկացվեր, մինչև կարդինալ Հիլդեբրանդը (հետագայում՝ Գրիգոր VII պապ) կվերադառնար Գերմանիայի առաքելությունից։ Վերջինիս Գերմանիա ուղարկելու նպատակն այն էր, որ Հիլդեբրանդը կայսրուհի Ագնեսին ներկայացներ Ստեփանոսի ընտրությունները, նրա օրինականության հարցը։ Արդյունքում ենթադրվում է, որ ընտրությունն ապօրինի է եղել։

Հռոմ վերադառնալիս Հիլդեբրանդը լսում է Բենեդիկտոսի ընտրությունների մասին և որոշում է հակադրվել նրան։ Նա գնում է Ֆլորենցիա, որտեղ աջակցում է Լոթարինգիայի և Տոսկանայի դուքսերին պապի ընտրության հարցում։ Եվ նրանք պապ են ընտրում Ֆլերենցիայի արքեպիսկոպոսին՝ Հերարդ Բուրգունդիին։ Նրանց նաև օժանդակում է Ագնես կայսրուհին։ Բոլոր այն կարդինալները, որոնք դեմ էին Բենեդիկտոս X-ի ընտրությանը, 1058 թվականին դեկտեմբերին հանդիպում են Սիենայում և Հերարդին պապ ընտրում, որպես՝ Նիկողայոս II[1]

Վերջինիս կողմնակիցները Հռոմում իշխանություն են ձեռք բերում, իսկ Բենեդիկտոս X-ը փախչում է Գալարիա։ 1059 թվականի հունվարի 24-ին Նիկողայոսը վերադառնում է Հռոմ և ձեռնադրվում որպես պապ։ Ապա նա պատերազմ է սկսում Բենեդիկտոսի կողմնակիցների դեմ։ 1059 թվականի սկզբին Կամպանիայում ճակատամարտ է տեղի ունենում, որն այնքան էլ հաջողակ չի լինում Նիկողայոսի համար։ Սակայն միևնույն տարվա վերջում նրա զորքերը նվաճում են Պալեստրինան, Տուսկուլումն ու Նոմենտանումը, ապա աշնանը հարձակվում են նաև Գալարիայի վրա։ Նա ստիպում է Բենեդիկտոսին հրաժարվել պապականությունից և հանձնվել[1]։

Բենեդիկտոսը ազատ է արձակվում և հաստատվում է իր ընտանեկան կալվածքներից մեկում։ Սակայն հետագայում Նիկողայոսը նրան բանտարկում է Սանտ Անյեզե ֆուորի լե Մուրա բազիլիկում, որտեղ և մահանում է (1073-1080)։ Ամենայն հավանականությամբ նրա մարմինն ամփոփված է հարակից եկեղեցում[2]։

Այս ողջ իրադարձությունների ամենակարևոր հետևանքն այն է, որ ընդունվում է պապական ընտրությունների նոր կանոնակարգ։ Վերջինս հիմնադրվում է 1059 թվականին, Զատկին, Նիկողայոս II պապի կողմից անցկացված սինոդում, որը տեղի է ունեցել Լաթերանյան պալատում։ Սրանով նվազում է հռոմեացիների դերը հետագա պապերի ընտրության հարցում, ինչպես նաև սահմանափակում է Կարդինալների կոլեգիաների ընտրության իրավունքը։ Ի հավելում, նախկին «Վելետրիի քահանա» տիտղոսը, որ տրվել էր Բենեդիկտոսին, միավորվում է «Օստիայի քահանա» տիտղոսին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 "Nicholas II". The Catholic Encyclopedia. Retrieved 2 January 2012.
  2. 2,0 2,1 "Mincius, Giovanni"․ In: Salvador Miranda: The Cardinals of the Holy Roman Church, online at fiu.edu, Website of Florida International University, retrieved 21 July 2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտոս X (հակապապ)» հոդվածին։