Գեորգ Ֆրիդրիխ Հենդել
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Georg Friedrich Händel |
Ի ծնե անուն | գերմ.՝ Georg Friedrich Händel |
Ծնվել է | փետրվարի 23 (մարտի 5), 1685[1][2][3][…] Հալլե, Margraviate of Brandenburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][5] |
Երկիր | Բրանդենբուրգ-Պրուսիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն և Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 14, 1759[3][6][7][…] (74 տարեկան) Վեստմինստեր, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | Պոետների անկյուն |
Ժանրեր | օպերա, օրատորիա, կոնցերտ, օրհներգ, դասական երաժշտություն և coronation anthem? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, կլավեսինահար, երգեհոնահար, ջութակահար, Օպերայի կոմպոզիտոր, կոմպոզիտոր, impresario և համալսարանի դասախոս |
Գործիքներ | երգեհոն, կլավեսին և հոբոյ |
Կրթություն | Հալլե-Վիտենբերգի համալսարան (1703) |
Կայք | gfhandel.org |
Ստորագրություն | |
Georg Friedrich Händel Վիքիպահեստում |
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել (գերմ.՝ Georg Friedrich Händel, անգլ.՝ George Frideric Handel, փետրվարի 23 (մարտի 5), 1685[1][2][3][…], Հալլե, Margraviate of Brandenburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][5] - ապրիլի 14, 1759[3][6][7][…], Վեստմինստեր, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն), բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ երգահան, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենդելը ծնվել է 1685 թ. փետրվարի 23-ին Հալե (Halle) քաղաքում (Գերմանիա)։ Հայրը սափրիչ վիրաբույժ էր։ Յոթ տարեկանից ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ, իննը տարեկանից սկսել է ստեղծագործել։ Աշակերտել է երգեհոնահար-կոմպոզիտոր Ֆ. Ցախաուին։ Եղել է Հալլեի տաճարի երգեհոնահար (1702-1703) 1703 թ. մեկնել է Համբուրգ, որտեղ եղել է Համբուրգի օպերային թատրոնի ջութակահար (1703-1706) և բեմադրել իր առաջին օպերաները։ 1707-1709 թթ. երգահանը ճանապարհորդել է և սովորել Իտալիայում, որտեղ ձեռք է բերել իտալական օպերայի վարպետի համբավ։
1710 թ. Հենդելը մեկնում է Լոնդոն, որտեղ մշտական բնակություն է հաստատում 1712 թ.-ից։ 1712-1720 թթ. ընթացքում Լոնդոնում մեծ հաջողությամբ բեմադրվում են Հենդելի մի քանի նոր օպերաներ։ 1720- 1728 թթ. Հենդելը զբաղեցնում է Երաժշտության թագավորական ակադեմիայի տնօրենի պաշտոնը, 1726 թ. ընդունում է բրիտանական հպատակություն։ 1720-1730-ական թթ. շարունակում էր գրել օպերաներ՝ դրանց կատարման համար ներգրավելով Իտալիայից հրավիրված երգիչներ։ Լոնդոնում Հենդելը հանդիպել է Անգլիայի դեմոկրատական խավերի ուժեղ դիմադրությանը, որոնց խորթ էին Հենդելի պայմանական անտիկ-դիցաբանական սյուժեներով, օտար լեզվով (իտալերեն) գրված սերիա-օպերաները։ Առաջադեմ հրապարակախոսների ելույթներում Հենդելիի հասցեին սուր երգիծանք պարունակող «Աղքատների օպերա» ներկայացումը (1728, տեքստը՝ Ջ. Գեյի, երաժշտությունը՝ Զ. Պեպուշի) հարկադրել են փակել օպերային թատրոնը, որը վերականգնելու անհաջող փորձերից Հենդելը 1737 թ. կաթվածահար է եղել։ Ապաքինվելուց հետո՝ սկսած 1740-ական թթ.-ից, ավելի հաճախ դիմել է մոնումենտալ օրատորիայի ժանրին։ 1741 թ. «Մեսիա» («Օծյալը») օրատորիայի կատարումը Հենդելի ղեկավարությամբ Դուբլինում փայլուն հաջողություն է ունեցել։ Սակայն Լոնդոնում կոմպոզիտորի նկատմամբ հալածանքի նոր ալիք է բարձրացել։ Հենդելի կյանքում շրջադարձ է տեղի ունեցել 1745-1746 թվականներին, Ստյուարտների դինաստիայի ռեստավրացիայի դեմ անգլիացիների մղած պայքարի շրջանում, երբ հայրենասիրական շնչով տոգորված «Կամավորների հիմնը» (1745) և «Հավուր պատշաճի» օրատորիան (1746) նրան համազգային ճանաչում ու հռչակ բերեցին։
1750-ական թթ. սկզբներին երգահանի մոտ կտրուկ վատանում է տեսողությունը, 1752 մայիսին նա ենթարկվում է անհաջող վիրահատության։
1753 թվականին նա գրեթե զրկվում է տեսողությունից։ Մահանում է 1759 թ. ապրիլի 14-ին։ Թաղված է Վեստմինստերյան աբբայությունում։
Օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա 99 հատոր ընդգրկող ժառանգության կարևոր մասն են կազմում 40-ից ավել օպերաները։ «Ռադամիստ» (1720), «Հուլիոս Կեսար» (1724), «Թամերլան» (1724), «Ալեքսանդր» (1726), «Ռիչարդ Առաջին» (1727), «Քսերքսես» (1738) և այլ օպերաներում նա հասել է մեծ հուզականության, ստեղծել խորապես տպավորիչ կերպարներ, ճկուն մեղեդիական զարգացումով հարստացրել է իտալական սերիա-օպերայի վոկալ ձևերը, մեծացրել ասերգի և նվագախմբի դերը։
Գործունեություն և ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա պատմական ամենամեծ ծառայությունը դասական օրատորիայի ստեղծումն է (շուրջ 30)։ «Իսրայելը Եգիպտոսում» (1739), «Սամսոն» (1741), «Մեսիա» (1742), «Հուդա Մակաբեյացի» (1747), «Եփթայե» (1752) և այլ օրատորիաներ բովանդակում են առնական, կենսահաստատ կերպարներ, փառաբանում ժողովրդական զանգվածների ազատասիրական ձգտումներն ու պայքարը հանուն անկախության։ Այստեղից՝ օրատորիաների մոնումենտալ բնույթը, հերոսական ու դրամատիկական դրվագների առատությունը, երգչախմբի գերիշխող դերը։ Լինելով ժամանակի խոշոր պոլիֆոնիստներից՝ Հենդելը մեծապես զարգացրել է գերմանական պոլիֆոնիայի և անգլիական խմբերգեցողության ավանդույթները, ամրապնդել է բազմաձայնության հարմոնիկ հիմքերը։ Մեծ է նրա ավանդը նաև գործիքային երաժշտության ասպարեզում, նվագախմբային և մենանվագ գործիքների կոնցերտներ, «կոնցերտո-գրոսսո»-ներ (18), նվագախմբի կամ անսամբլի ընկերակցությամբ երգեհոնի 12 կոնցերտ, սոնատներ և տրիո-սոնատներ, կլավեսինային սյուիտներ ու ֆուգաներ, բազմամաս սյուիտներ փողային գործիքների գերակշռությամբ՝ բացօթյա կատարման համար («Նավարկման», «Անտառի», «Հրավառության» երաժշտություն և այլն)։ Բազմաթիվ կանտատների (շուրջ 100) և խմբերգերի հեղինակ է։ Մեծ է Հենդելի բարերար ազդեցությունը Գլյուկի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Քերուբինիի և շատ այլ կոմպոզիտորների ստեղծագործության վրա։ Ավանդական են դարձել հենդելյան Փառատոները Գերմանիայում (Հալլե) և Անգլիայում։
Ստեղծագործական ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կյանքի ընթացքում Հենդելը գրել է 42 օպերա, 29 օրատորիա, 120 կանտատ, տրիոներ և զուգերգեր, բազմաթիվ արիաներ, կամերային ստեղծագործություններ, կոնցերտներ և այլն։
Հենդելի օպերաներից այսօր առավել հաճախ են բեմադրվում հետևյալները[8]՝
- Ագրիպինա (Agrippina (1709))
- Ռինալդո (Rinaldo (1711)
- Ացիս և Գալատեա (Acis and Galatea (1718))
- Հռադամիստ (Radamisto (1720))- Սյուժեն վերցված է Հայաստանի մ.թ. 1-ին դարի պատմությունից։
- Հուլիոս Կեսար (Giulio Cesare (1724))
- Թամերլան (Tamerlano (1724))
- Ռոդելինդա (Rodelinda (1725)
- Օրլանդո (Orlando (1733))
- Արիոդանթ (Ariodante (1735))
- Ալչինա (Alcina (1735)
- Քսերքսես (Serse (1738))
Հիմնական օրատորիաները
- Ժամանակի և առաքինության հաղթանակը (Il trionfo del tempo e del disinganno (1707))
- Համբարձում (La resurrezione (1708))
- Սավուղ (Saul (1738))
- Իսրայելը Եգիպտոսում (Israel in Egypt (1738))
- Օծյալը (Messiah (1741))
- Սամսոն (Samson (1741))
- Սեմելա (Semele (1743))
- Հերակլես (Hercules (1744))
- Հուդա Մակաբայեցի (Judas Maccabaeus (1746))
- Սողոմոն (Solomon (1748))
- Թեոդորա (Theodora (1749))
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://geboren.am/person/Georg_Friedrich_Haendel
- ↑ 2,0 2,1 https://web.archive.org/web/20130519130520/http://www.haendelhaus.de/de/Haendel/Ausgestellte_Dokumente#8
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Гендель Георг Фридрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Cudworth C. Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Sandra Bowdler, Handel – the top ten of his operas, plus one
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Ֆրիդրիխ Հենդել» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 353)։ |