Բաբելոնի աշտարակը (նկար)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբելոնի աշտարակը (այլ կիրառումներ)
Բաբելոնի աշտարակը | |
---|---|
տեսակ | կտավների խումբ |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ |
տարի | 1563 |
նյութ | յուղաներկ |
հատվածն է | Բաբելոնյան աշտարակ և Բաբելոնյան աշտարակ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Tower of Babel by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում |
Բաբելոնի աշտարակը, ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 1563 թվականի նկար։ Հայտնի են նրա վրձնին պատկանող առնվազն երկու նկար այս սյուժեով։
Ստեղծագործության նկարագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի հիմքում Հին կտակարանից Մովսեսի առաջին գրքի Բաբելոնյան աշտարակաշինության պատմությունն է, որը մարդիկ որոշել էին կառուցել երկինք հասնելու համար։ Հակադրվելով մարդկային հպարտությանը` Աստված խառնեց նրանց լեզուները այնպես, որ նրանք, այլևս իրար չհասկանալով, ցրվեցին ողջ աշխարհով մեկ, և աշտարակի շինարարությունը մնաց անավարտ։ Այս պատմության իմաստն այն է, որ երկրային ամեն ցանկություն սին է և անիմաստ է մահկանացուների՝ Աստծո հետ համեմատվելու ցանկությունը։
Բաբելոնի աշտարակը (Վիեննա)
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեյգելի «Բաբելոնի աշտարակը» պատկերում է ավետարանում նկարագրված խոշոր շինարարությունը` բազմաթիվ մարդկանցով և շինարարական սարքավորումներով։ Հայտնի է, որ Բրեյգելը 1553 թվականին այցելել է Հռոմ։ «Բաբելոնյան աշտարակում» հեշտությամբ ճանաչվում են Կոլիզեյի ուրվագծերը` տիպիկ հռոմեական ճարտարապետությանն առանձնահատուկ դուրս ցցված սյուներով, հորիզոնական հարթակներով և կրկնակի կամարներով։ Աշտարակի յոթ հարկերը արդեն կառուցված են, և ութերորդն է բարձրացվում։ Աշտարակը շրջապատված է շինարարական հեծաններով, աստիճաններով և ամբարձիչներով։ Աշտարակի ստորոտում նավահանգստով քաղաք է։ Տարածքը հիշեցնում է Նիդեռլանդները։
Բազմաթիվ մարդիկ շատ փոքր են և մրջյուններ են հիշեցնում։ Չափերով առանձնանում են Բաբելոնի առասպելական գրավող Նեմրութը և նրա շքախումբը։
Ըստ Բրեյգելի` շինությունը քանդվելու է ոչ թե լեզվային անջրպետի պատճառով, այլ շինարարական թերությունների։ Առաջին հայացքից շինությունը բավականին ամուր է, բայց ուշադիր զննման արդյունքում պարզվում է, որ ամեն ինչ սարքված է շատ անորակ, ցածր հարկերը չեն վերջացված և արդեն քանդվում են։ Աշտարակը թեքված է քաղաքի կողմը։
Բաբելոնի աշտարակը (Ռոտերդամ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբելոնի աշտարակը De Toren van Babel | |
---|---|
տեսակ | կտավների խումբ |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ |
տարի | 1563 |
բարձրություն | 60 |
լայնություն | 74.5 |
նյութ | յուղաներկ տախտակի վրա |
հատվածն է | Բաբելոնյան աշտարակ և Բաբելոնյան աշտարակ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Tower of Babel by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում |
Ենթադրվում է, որ նույն 1563 թվականին է նկարվել Ռոտերդամի Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանում գտնվող, այսպես կոչված՝ «Փոքր Բաբելոնի աշտարակը»։ Այս նկարում շինարարությունը կանգնեցված է, մարդիկ ընդհանրապես չեն երևում։ Երփնագիրը մուգ տոներով է և բավականին մռայլ է դիտվում։
Երրորդ տարբերակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի երրորդ, ավելի փոքր տարբերակը գտնվում է Դրեզդենի պատկերասրահում։ Ամենայն հավանականությամբ Բրեյգելը նկարել է էլի տարբերակներ, որոնք մինչ մեր օրերը չեն հասել։ Օրինակ՝ անտվերպենյան վաճառական Նիկլաէս Յոնգհեպիգի երաշխավորագրերից մեկում հիշատակվում է ևս մեկ «Բաբելոնի աշտարակի» տարբերակ, որը թվագրված է եղել 1565 թվականով։
Դրվագներ նկարից
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիտեր Բրեյգել Ավագ, Բաբելոնի աշտարակը (ռուս.)
- Malam, John. Pieter Bruegel. Carolrhoda Books, 1999. ISBN 1-5750-5366-7 (անգլ.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբելոնի աշտարակը (նկար)» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |