Օրբելի եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրբելի եղբայրները աշխարհահռչակ և ականավոր հայ գիտնականներ են, ովքեր մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում։ Օրբելի եղբայրների (Սյունյաց Օրբելյանների) տոհմը հին հայկական իշխանական ծագում ունի։ Այն սերում է Մամիկոնյաններից, Զաքարյաններից։ 13-15-րդ դարերում Սյունիքը անցել է Օրբելյանների տոհմի տիրակալության տակ։ Տոհմի գերեզմանատունը գտնվում է Նորավանքում, որտեղ էլ թաղված է տոհմի պատմաբան Ստեփանոս Օրբելյանը։ Համաձայն նրա՝ Օրբել անունը ծագում է Վրաստանում Օրբետ գյուղի մոտ գտնվող համանուն ամրոցի անունից։ Օրբելի եղբայրների հայրական պապը՝ Հովսեփ Հովակիմի Օրբելին (1810-1891), ուսանել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որն ավարտելուց հետո անցել է հոգևոր ծառայության։ Նա մահացել է 1891 թ., թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում։ Հովսեփ Հ. Օրբելին հինգ երեխա է ունեցել՝ երեք որդի և երկու դուստր։ Նա, բարձր գնահատելով կրթության և գիտության դերը անհատի կյանքում, երեք որդիներին հիմնավոր կրթության է տվել։ Նրա երկու որդիները՝ Դավիթը և Համազասպը, ավարտել են Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Դավիթ Օրբելին հոգեբույժ-ջղախտաբան էր, Համազասպը՝ Թիֆլիսում հայտնի բժիշկ-ատամնաբույժ։

Ծնողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբգար Հովսեփի Օրբելին՝ Օրբելի եղբայրների հայրը, (1849-1912), Հովսեփ Հ. Օրբելու ավագ որդին է, ծնվել է Ռուսական կայսրության հարավային շրջանների իշխանական տոհմում։ Ա. Օրբելին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նա, ուսման ավարտից հետո, հոր պահանջով վերադարձել է հայրենիք և, իբրև հաշտարար դատավոր, պաշտոնավարել է Արաքսի Նախիջևան քաղաքում, Նոր Բայազետում, ապա՝ Քութայիսում։ Հետագայում, Թիֆլիս տեղփոխվելուց հետո, աշխատել է որպես դատախազի օգնական, այնուհետև զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ։

Վարվառա Մովսեսի Արղության-Երկայնաբազուկի՝ Օրբելի եղբայրների մայրը, (1857-1937), նույնպես իշխանական ծագում ունի։ Երկայնաբազուկները սերում էին Զաքարյաններից։ Երկայնաբազուկ՝ Մխագրձելի, մականունը տվել է վրաց թագավոր Գեորգի 3-րդը ամիրսպասալար Սարգիս Զաքարյանին, ում հետնորդները, 13-րդ դարի վերջին, Մոնղոլիայում հանդես գալով որպես վասալներ, անվանվում են «Արգուտ» կամ «Արգուն», որը նշանակում է «պաշտպան, հենարան, թիկունք», և նույնացվում էր վրացական «Մխագրձելի»` «Երկայնաբազուկ» անվան հետ։ Ահա այսպես, Զաքարյանների հետնորդները սկսում են կոչվել Արղության-Երկայնաբազուկներ։ Վ. Արղության-Երկայնաբազուկը կրթված կին էր, հիանալի տիրապետում էր չորս լեզուների, հետևում երեխաների դաստիարակությանը և ուսմանը։ Օրբելի եղբայրներն, իրենց ուսումնառության ողջ ընթացքում, մշտապես նամակագրական կապ են պահպանել իրենց մոր հետ, ով արտակարգ հոգատար էր զավակների նկատմամբ, բայց և թույլ չէր տալիս ավելորդ չարաճճիություն։ Նա, Ա. Օրբելու մահից հետո, սկսում է դասավանդել ֆրանսերեն և միաժամանակ զբաղվել հասարակական գործունեությամբ։ Վ. Արղության-Երկայնաբազուկը թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում։

Ռուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Օրբելին ծնվել է 1880 թ. փետրվարի 26-ին Նախիջևանում։ Հայ հնագետ է, հանդիսանում է ստորջրյա հնագիտության հիմնադիրը ՍՍՀՄ-ում։ Լևոն և Հովսեփ Օրբելիների ավագ եղբայրն է։ Նա նախնական կրթությունը ստացել է Քութայիսում, ապա՝ Թիֆլիսի III դասական գիմնազիայում։ 1903 թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո դասախոսել է նույն համալսարանում։ 1906 թ.-ից հանդիսացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոս։ Տեսական կուրսեր է անցել Բեռլինի և Ենայի համալսարաններում, ստացել է Ենայի համալսարանի իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ Ռուբեն Օրբելին տիրապետել է 12 օտար լեզվի (ռուսերեն, վրացերեն, հայերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, իտալերեն, հին իտալերեն)։ 1918 թ.-ից մանկավարժական աշխատանք է կատարել Տամբովի համալսարանում։ 1943 թ.-ից ղեկավարել է ՍՍՀՄ ծովերում և գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակման կարմրադրոշ արշավախումբը՝ ԷՊՐՕՆ (ռուս.՝ ЭПРОН-экспедиция подводных работ особого назначения)։ Նա հաստատել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է ջրասուզական գործի խոշոր գիտակ, նրան վերագրել ստորջրյա իջեցումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը։ Ռ. Օրբելին իր աշխատանքներում գիտականորեն հավաստել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում և, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է Հայաստանի գետերը։ Նա ճշգրտել է ջրասուզական զանգի հայտնագործման տարեթիվը։ Նրա ղեկավարած արշավախումբը հայտնաբերել է ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ Ղրիմում, հնադարյան նավահանգստային կառույցներ՝ Օլվիայում, Խերսոնեսում և այլուր։ 1939 թ.-ին արշավախումբը Բուգ գետից անվնաս հանել է մոտ 2500 տարի առաջ սուզված միափայտ սկյութական նավակ, որն այժմ ցուցադրված է Սանկտ Պետերբուրգի ռազմածովային թանգարանում։ Նա առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու մեթոդներ, տվել ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը։ Ռ. Օրբելին գիտական շրջանառության է մտցրել «ստորջրյա հնագիտություն» եզրույթը (հետագայում առաջարկել է «հիդրոհնագիտություն» ձևը)։ Նա հեղինակ է իրավաբանական մի շարք աշխատությունների, գերմաներենից ռուսերեն է թարգմանել Օ. Բարի, ֆրանսերենից՝ Ա. Միշելի գործերը։ Ռ. Օրբելին մահացել է 1943 թ. մայիսի 09-ին Մոսկվայում։

Լևոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Օրբելին ծնվել է 1882 թ. հուլիսի 06-ին Ծաղկաձորում (նախկինում՝ Դարաչիչակ)։ Հայ ֆիզիոլոգ է, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է հանդիսանում։ Նա միաժամանակ հանդիսացել է ՍՍՀՄ ԳԱ (1935), ՀՍՍՀ ԳԱ (1943), ՍՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ։ Ռուբեն և Հովսեփ Օրբելիների եղբայրն է։ Լ. Օրբելին 1904 թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ 1907-1920 թթ.-ին աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում։ 1909-1911 թթ.-ին գործուղվել է արտասահման, աշխատել է Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլագիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում։ 1918-1957 թթ.-ին ղեկավարել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտի ֆիզիոլագիայի լաբորատորիան, 1920-1931 թթ.-ին եղել է Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-1950 թթ.-ին՝ Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պետ (1943-1950), ՍՍՀՄ ԳԱ Ի. Պ. Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նախագահ (1936-1950), ՍՍՀՄ ԲԳԱ Ի. Պ. Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի նախագահ (1939-1950), ՍՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1939-1948), փոխնախագահ (1942-1946)։ 1956 թ.-ին կազմակերպել և ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ Ի. Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Լ. Օրբելին Ի. Պ. Պավլովի մերձավոր աշակերտն ու աշխատակիցն է եղել, ում մահից հետո նախագահել է նրա անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչությունը։ Նա զարգացրել է Ի. Պ. Պավլովի բարձրագույն նյարդային գործունեության մասին ուսմունքը և ցույց է տվել, որ պայմանական ռեֆլեքսների մշակման գործընթացը կարող է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը։ Լ. Օրբելու ստեղծած Ֆունկցիաների համադասեցման մասին ուսմունքից էլ հետագայում սկիզբ են առել նրա ստեղծած գիտական ուղղությունները Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և վեգետատիվ նյարդային համակարգի բնագավառներում։ Լ. Օրբելու աշխատանքները համաշխարհային ճանաչում ունեն։ Դրանք նշանակալի ազդեցություն են ունեցել ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում։ Օրբելի-Գինեցինսկու երևույթի հայտնաբերմամբ (1923) ստեղծվեց նոր տեսություն սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական-սնուցողական ֆունկցիայի մասին։ Լ. Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը՝ կապված արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ։ Նրա մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Լ. Օրբելին նշանակալի աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի բնագավառում, ցույց է տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ։ 1930-ական թթ.-ից նա լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում։ Լ. Օրբելին հիմնավորել է ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը։ Նրա ղեկավարությամբ կատարվել են զգայարանների ֆիզիոլոգիայի, հարմարվողականության գործընթացների, աֆերենտ համակարգերի փոխներգործությունների բնագավառներում։ Լ. Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Նա կարևոր ավանդ ունի ՀՍՍՀ-ում ֆիզիոլոգիայի զարգացման գործում։ Նրա աշակերտներն են եղել Է. Հասրաթյանը, Ա. Քարամյանը, Ա. Ալեքսանյանը և այլք։ Լ. Օրբելու անվամբ է կոչվում ՀՍՍՀ ԳԱ (ներկայիս՝ ՀՀ ԳԱԱ) ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Լ. Օրբելին եղել է Փարիզի կենսաբանական ընկերության (1930), բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի (1931), անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր (1946) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ։ Նա ստացել է Պավլովի անվան (1937) և ՍՍՀՄ պետական (1941) մրցանակներ և Մեչնիկովի անվան ոսկե մեդալ (1946), ինչպես նաև պարգևատրվել է Լենինի 4, Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։ Լ. Օրբելին մահացել է 1958 թ.-ի դեկտեմբերի 09-ին Լենինգրադում։

Հովսեփ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Օրբելին ծնվել է 1887 թ.-ի մարտի 20-ին Քութաիսում։ Աշխարհահռչակ հայ արևելագետ, հնագետ և հասարակական գործիչ է։ Նա հանդիսացել է ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։ Հ. Օրբելին հիմնադրել է Հայաստանի ազգային ակադեմիան և եղել է առաջին նախագահը (1943-1947)։ Ռուբեն և Լևոն Օրբելիների եղբայրն է։ Հ. Օրբելին 1904 թ.-ին ավարտել է Թիֆլիսի արական III գիմնազիան, 1911 թ.-ին՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտության ֆակուլտետի հայերեն-վրացերեն-պարսկերեն բաժնի դասընթացներին։ Աշակերտել է ականավոր գիտնականներ Նիկողայոս Մառին, Ն. Ադոնցին, Ի. Ա. Ջավախիշվիլուն, Յա. Ի. Սմիռնովին և ուրիշների։ Նա դեռևս ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ, Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և իսլամական արվեստին վերաբերող հոդվածներ։ Հ. Օրբելին 1906-1917 թթ.-ին Ն. Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերին։ 1909 թ.-ին ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրություները։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է հայ-վրացական բանասիրության ամբիոնում։ 1911-1912 թթ.-ին Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի գործուղմամբ ուսումնասիրել է Մոկսի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, Էրզրումի, Բայազետի, Վանի, Աղթամարի, Բագավանի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ է կատարել Թոփրակկալեում և Հայկաբերդում։ 1912 թ.-ին ընտրվել է Սանկտ Պետերբուրգի ռուսական հնագիտական ընկերության անդամ։ Սկսած 1914 թ.-ից Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն։ 1916 թ.-ին Վանում Ն. Մառի հետ պեղումներ կատարելով՝ հայտնաբերել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Բ-ի մեծածավալ սեպաձև արձանագրությունը։ 1917-1918 թթ.-ին շարունակել է աշխատանքը Պետրոգրադի համալսարանում, դասավանդել է նաև Հնագիտության ինստիտուտում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ընտրվել է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտական ընկերության իսկական անդամ։ 1919 թ.-ին Հ. Օրբելին նշանակվել է Լուսժողկոմատի թանգարանների գործերով կոլեգիայի գիտական քարտուղար, մեծ աշխատանք է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ։ Նա մասնակցել է նյութական մշակույթի պատմության Ռուսաստանյան (հետագայում՝ Պետական) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թ.-ի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել է Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը, 1920 թ.-ից՝ ակադեմիայի հրատարակչությունը, 1921-1922 թթ.-ին՝ տպարանը։ 1920 թ.-ին ընտրվել է Լենինգրադի Էրմիտաժի ավանդապահ, 1926 թ.-ին հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը, 1934 թ.-ին նշանակվել է Էրմիտաժի տնօրեն և ղեկավարել է այն մինչև 1951 թ.-ը։ 1928-1929 թթ.-ին և 1936 թ.-ին Հ. Օրբելին, որպես գիտական արշավախմբի ղեկավար, աշխատել է Դաղստանում, Հայաստանում և ուսումնասիրել է Գառնիի, Պտղնիի, Փարպիի, Աշտարակի, Ամբերդի հուշարձանները։ 1931 թ.-ին Լոնդոնում մասնակցել է Իրանական արվեստի և հնագիտության միջազգային II, 1935 թ.-ին Լենինգրադում-Մոսկվայում՝ III համաժողովներին և կարդացել է զեկուցումներ։ 1937-1938 թթ.-ին համատեղության կարգով եղել է ՍՍՀՄ ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրենը, 1938 թ.-ին ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի (Արմֆան) նախագահության նախագահ։ Հայրենական պատերազմի սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստական արժեքների էվակուացիան Սվերդլովսկ, այնուհետև, մնալով պաշարված Լենինգրադում, ապահովել է Էրմիտաժի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը։ 1942 թ.-ին հիվանդ վիճակում Լենինգրադից տեղափոխվել է Երևան, 1943 թ.-ին ընտրվել է ՀՍՍՀ նորաստեղծ ԳԱ իսկական անդամ և նախագահ։ 1944 թ.-ի հունիսին վերադարձել է Լենինգրադ, ղեկավարել է Էրմիտաժի վերականգնման աշխատանքը։ Հ. Օրբելին 1946 թ.-ին Նյուրնբերգի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրության վկա, մերկացրել է ֆաշիստական բարբարոսների հանցագործությունները Լենինգրադի նկատմամբ։ 1951-1953 թթ.-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտական արշավախմբերի կոնսուլտանտ-ղեկավարը։ 1955 թ.-ի նոյեմբերին նշանակվել է Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1956 թ.-ի հուլիսին՝ նաև Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ։ 1956 թ.-ին հիմնադրել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը։ Հ. Օրբելու ուսումնասիրությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974 թ.), հնագիտությանը (կազմել է Անիի հնադարանում պահվող և այժմ մեծամասամբ կորսված հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը և այլն)։ Նա հանդիսանում է ժամանակակից հայ վիմագրության հիմնադիրը։ Դեռևս 1914-1917 թթ.-ին, հիմնականում «Խրիստյանսկի Վոստոկ» («Христянский Восток») հանդեսում տպագրել է Անիի արձանագրությունների իր ուսումնասիրությունները (հետմահու լույս են տեսել «Դիվան հայ վիմագրության», պր. 1, 1966 թ.)։ Հ. Օրբելին պատվիրել է հատուկ տառատեսակ, որը հնարավորություն է տվել վերարտադրել արձանագրությունները՝ պահպանելով դրանց ձևը։ Նա զբաղվել է նաև բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել է հայկական և քրդական բարբառների բառարաններ։ Նա խմբագրել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք բնագիրը և ռուսերեն թարգմանությունը, հրատարակել է դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», 1956 թ., ռուսերեն և հայերեն)։ Հ. Օրբելին ուսումնասիրել և ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակներ»-ը, 1956 թ., ռուս.)։ Նա ռուսերեն է թարգմանել նաև հայ պատմիչների՝ Եղիշեի, Ղազար Փարպեցու, Թովմա Արծրունու երկերը, (Եղիշե, «Վարդանի և հայոց պատերազմի մասին», 1971 թ., ռուս.), մեծ մասը՝ անտիպ։ Ճարտարապետության բնագավառում արժեքավոր է Աղթամարի տաճարի նրա ուսումնասիրությունը։ Հ. Օրբելին կազմել է Անիի և շրջակայքի ճարտարապետական և հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց, զբաղվել է հին և միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, Կ. Վ. Տրևերի հետ ուսումնասիրել է Էրմիտաժում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը։ Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից և բրոնզից», 1935 թ., ռուս.)։ Հ. Օրբելին 1944 թ.-ին ընտրվել է Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, 1935 թ.-ին՝ Թեհրանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1945 թ.-ին՝ Իրանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Նա պարգևատրվել է Լենինի 2 և Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։ Հ. Օրբելին մահացել է 1961 թ.-ի փետրվարի 02-ին Լենինգրադում և թաղված է Լենինգրադի Բոգոսլովսկոյե գերեզմանատանը։

Օրբելի եղբայրների տուն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ստեղծվել է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1972 թ.-ի հուլիսի 21-ի թիվ 43 որոշմամբ, Ծաղկաձորում, Օրբելիների ամառանոցում։ Այն գործում է 1982 թ.-ի հուլիսի 6-ից։ Այդ օրը նշվում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը։ Թանգարանը բաղկացած է մեկ հարկաբաժնից, որի առանձին սրահներում պահվում են Ռուբեն Օրբելիի, Լևոն Օրբելիի, Հովսեփ Օրբելիի, կյանքին ու գիտական գործունեության տարբեր փուլերին վերաբերող շուրջ 1500 ցուցանմուշ՝ անձնական իրեր, վավերագրեր, գրառումներ, ձեռագրեր, գրքեր, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Թանգարանում զբաղվում են գիտական ուսումնասիրություններով, կազմակերպվում զեկուցումներ, կինոդիտումներ։ Թանգարանը զարդարում է վերջինիս հարակից տարածքում կագնեցված Օրբելի եղբայրների հուշաքանդակը (հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր քանդակագործ Ա. Հովսեփյան)։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրբելի եղբայրների անվան փողոցներ կան Երևանում, ուկրաինական Կրիվիյ Ռիհ, ռուսական Նիժնի Նովգորոդ և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում. ինչպես նաև Ծաղկաձոր քաղաքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1986 թ.
  • Օրբելի եղբայրների տուն-թանգարանի պաշտոնական կայքէջ [1]