Սանգրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանգրիա
Տեսակwine cocktail?
Բաղադրամասերմիրգ, կարմիր գինի, ոչ ոգելից ըմպելիքներ և շաքար
Ծագման երկիր Իսպանիա և  Պորտուգալիա
 Sangria Վիքիպահեստում

Սանգրիա (իսպ.՝ sangría իսպ.՝ sangre — արյուն), իսպանական միջին թնդության ալկոհոլային խմիչք՝ գինու հիմքի վրա (հաճախ — կարմիր)՝ մրգերի, հատապտուղների, շաքարի, ինչպես նաև մեծ քանակությամբ բրենդիի և չոր լիկյորի հավելումով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանգրիան հայտնվել է հարավային Իսպանիայում 19-րդ դարում, չնայած գինու և ջրի, այլ ըմպելիքների կամ մրգերի հետ խառնելու պրակտիկան հայտնի է եղել դեռ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից։ Մրգեր հավաքողները իրենց հետ տանում էին տիկեր՝ կարմիր գինով, որին ավելացված էր ջուր։ Այդ նույն տիկերում նրանք քամում էին թարմ ցիտրուսային մրգերի հյութ։ Այս խառնուրդը թեթևացնում էր աշխատանքը արևի տակ և թարմացնում՝ չհանգեցնելով ուժեղ արբեցման։

Միասնական կարծիք չկա, թե ինչու է խմիչքը հենց «Սանգրիա» անվանվել։ Ըստ մի լեգենդի ըմպելիքը ստեղծել են գյուղացիները 17-րդ դարի վերջին՝ Իսպանիայի գինեգործական արվարձաններից մեկում։ Այնպես էր ստացվել, որ նրանք մի քանի տարի չէին կարողանում լավ բերք ստանալ երաշտի և սառը եղանակի պատճառով։ Խոշոր հողատերերը բերքի բացակայության համար մեղադրում էին գյուղացիներին, և սկսում են լայնածավալ զինված պայքար, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ մահանում են՝ այդ թվում կանայք և երեխաներ։ Արյունահեղությունը դադարեց միայն այն ժամանակ, երբ գյուղի բնակիչները նրանց հյուրասիրեցին հրաշալի ըմպելիք՝ պունշ պատրաստված կարմիր գինուց, մրգերից և շաքարից։ Նրա համից հիացած ֆեոդալները հանդարտվեցին, գյուղացիները Լա Ռիոխայի արյունալի ողբերգության հիշատակին իրենց ստեղծած ըմպելիքը սկսեցին անվանել սանգրիա։ Մեկ այլ լեգենդի համաձայն, այս ըմպելիքի հեղինակը հանդիսանում է իտալացի զինվոր Հելիո Գաբալը, ով երկար ժամանակ իր մեջ կրում էր ցիտրուսային գինի ստեղծելու երզանքը։ Նա դրա վրա ծախսեց երկար տարիներ. սկզբում իր հայրենքում հետո Իսպանիայում, սակայն այդպես էլ չկարողացավ ստեղծել նարնջի գինի։ Երեկոներից մեկի ժամանակ զայրացած Գաբալը, հասկանալով, որ ոչինչ չի ստացվել իր մոտ, վշտից մի քանի խոշոր կտոր նարինջ գցեց խաղողի գինու մեջ՝ հայտարարելով՝ չնայած անհաջողությանը պետք է խմի միայն ցիտուրսային գինի։ Ապշած իսպանացիները կախարդված հետևում էին, թե ինչպես են իտալացիները խառնում արնագույն ըմպելիքը։ Համտեսելով այն բացականչեցին «Es Sangre del Diablo!» (իս. «Սա սատանայի արյուն է»)։ Գաբալը ճանաչվեց հերետիկոս և սատանայի մեղսակից, կալանավորվեց, այնուհետև այրվեց խարույկի վրա։ Նրա ստեղծած ըմպելիքի համար էլ հաստատվեց սանգրիա անունը։ Միայն մի քանի տարի անց ինկվիզիցիան հանեց արգելքը և թույլատրեց պատրաստել սանգրիա։ Այդ ժամանակվանից սկսած այն ամենահայտնի ալկոհոլային կոկտել է Իսպանիայում։ Նախորդ դարի սկզբին Իտալիայում նորաձև էր դարձել փրփրուն գինու,մրգերի և անուշեղենի խառնուրդը, որից ստացվում էր փրփրուն սանգրիա, որը տարբերվում էր իր ավելի թարմ և նուրբ մրգածաղկային համով։ Սակայն հարավային Եվրոպայի տարածքում սանգրիայի մասին երկար ժամանակ ոչինչ հայտնի չէր։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանգրիա կարելի պատրաստել ամենաբազմազան բաղադրիչներից։ Համային որակները կարող են նշանակալի տարբերակվել՝ կախված մրգերի և լիկյորի տեսակից։ Որոշները ավելացվում է նաև գազավորված ջուր՝ խմիչքին փրփրունություն հաղորդելու համար, ուրիշները սանգրիա պատրաստում են սպիտակ գինու հիման վրա։ Ամռանը սանգրիան մատուցվում է սառը, իսկ ձմռանը՝ տաք. մանրացված դարչինով, մեխակով, մշկընկույզով։ Սանգրիայի խիստ ավանդական բաղադրատոմսի բացակայության պատճառով այն երբեմն անվանում են նաև գինու խառնուրդ, ինչի վրա ազդում է նաև նրա տեսքը. մեծ տարա սառույցի, ցիտրուսների, բնական լիմոնադի, բրենդիի և կարմիր գինու խառնուրդ։ Տարբերում են սանգրիայի հետևյալ տեսակները.

  • Սովորական կամ խաղաղ սանգրիա։ Նրա առանձնահատկությունն այն է, որ բացակայում է սոդայաջուրը և պարտադիր պետք է լինեն ցիտրուսներ և խաղող ։ Խաղաղ սանգրիան ունի թեթև թթվաշաքաղցրավուն համ՝ խաղողի և ցիտրուսի վառ երանգներով։
  • Մրգային սանգրիայում կարելի է գտնել շատ մրգեր. կիտրոն, նարինջ,լայմ, ազնվամորի, դեղձ, խնձոր, բանան, ինչպես նաև սեխ և անանասի կտորներ։
  • Սպիտակ սանգրիա։ Նույն սովորական սանգրիան է ՝ սպիտակ գինով։
  • Փրփրուն սանգրիա, որը պատրաստում են փրփրուն գինու կամ սոդայաջրի հիման վրա։ Փրփրուն սանգրիայի փնջում անգերազանցելիորեն համադրված են խաղողի համը և ցիտրուսի (նարինջ, կիտրոն, թուրինջ) երկրոդային համը, որը առաջանում է հերմետիկ փակ խմորման գործընթացում՝ ցածր օքսիդացման վերականգնողական ներուժի պայմաններում, գերիշխող ծաղկային և ընկուզային նրբերանգներով, որոնց ընկալումը ուժեղանում է համային նյութերի և նրանց կոնցենտրատների, ածխաթթու գազի պղպջակների՝ գինու մակերես դուրս գալու հետ։

Իհարկե հստակ սահմանագիծ չկա նրանց միջև, ամեն ինչ կախված է երևակայությունից և հնարավորություններից, դժվար է նրա մեջ ավելացնել սխալ էլէմենտ։ Սանգրիայի գեղեցկությունն այն է, որ ըմպելիքը կլինի ավելի համեղ և թեթև , նրա համը կլավանա ինչ էլ նրա մեջ ավելացնեն։ Նման կոկտեյլ է Համարվում «Սանգարին»,որը ստեղծվել է ԱՄՆում 19-րդ դարում։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրիչներ։

  • Ոչ թանկ կարմիր գինի . Ըմպելիքի համային որակը քիչ է կախված գինու որակից. իմաստ չկա օգտագործել թանկ գինի, քանի որ նրա նուրբ համային առանձնահատկությունները չեն երևա։ Բավական է, որ գինին լինի որակյալ սանիտարահիգենիկ տեսանկյունից։ Նախընտրելի է օգտագործել գինու չոր տեսակներ կամ սպիտակ գինի։
  • Թունդ սպրիտային խմիչք ։ Լավագույն տարբերակը բրենդին է և եռակի չոր լիկյորը, կարելի է ավելացնել նաև վիսկի, ռոմ, կոնյակ, օղի կամ ջին։
  • Մրգեր։ Այստեղ բազմազանությունը կախված է հնարավորությունից։ Դասական ցանկը ներառում է դեղձ, խնձոր և նարինջ։
  • Շաքար ։ Շաքարը միակ քաղցրացնող միջոցը չէ, որը կարելի է օգտագործել։ Սանգրիան քաղցր լինելու համար կարելի է ավելացնել մեղր, շաքարի օշարակ և նույնիսկ գրենադին։
  • Գազավորված ջուր ։ Հաճախ օգտագործվում է ուժեղ գազավորված հանքային ջուր, տոնիկ կամ լիմոնադ։ Եթե պատրաստում եք փրփրուն սանգրիա սոդայաջրին կարող է փոխարինել փրփրուն գինին կամ շամպայնը։
  • Համեմունքներ. Համեմունքների ընտրությունը ևս շատ բազմազան է ։ Ամեն ոք կարող է ավելացնել իր ճաշակով ինչ-որ բան։ Առաջատար են համարվում դարչինը, մշկընկույզը, կոճապղպեղը, անանուխի տերևները և չորացրած մեխակը։

Սկզբում կտրտում են մրգերը, ավելացնում են գինին, համեմունքները, թունդ ալկոհոլը և քաղցրացնող միջոցը (ոմանք սիրում են սկզբում մրգերը թրմել թունդ ալկոհոլի մեջ, այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները )։ Այնուհետև պետք է սանգրիան մի քանի ժամ թողնել սառնարանում թրմվի, այդպես մրգերը իրենց համը կփոխանցեն և ըմպելիքը ավելի համեղ կլինի։ Ցանկալի է ըմպելիքը թողնել սառնարանում ամբողջ գիշեր, բայց 2-4 ժամն էլ բավական կլինի[1]։ Քանի որ սանգրիան ամառային զովացուցիչ ըմպելիք է, մատուցել խորհուրդ է տրվում սառեցված և սառույցով լի գավի մեջ, բաժակների մեջ լցնելիս հաճելի է մրգերը պահել փայտիկներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Галина Мельник (1.12.2015). «Рецепт сангрии». Блог о жизни на Тенерифе.