Ռենե Մագրիտ
Ռենե Ֆրանսուա Մագրիտ (ֆր.՝ René Magritte, նոյեմբերի 21, 1898[1][2][3][…], Լեսին, Սուանիե, Էնո, Բելգիա[4][5] - օգոստոսի 15, 1967[6][4][7][…], Սխարբեեկ, Բրյուսել, Բելգիա[8]), բելգիացի սյուրռեալիստ նկարիչ։ Հայտնի է իբրև սրամիտ և միաժամանակ խորհրդավոր նկարների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագրիտը ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 21-ին բելգիական Լեսին քաղաքում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է արդյունաբերական Շառլեռուա քաղաքում։
1912 թվականին մայրը խեղդվել է Սամբրա գետում, ինչը, ըստ էության, մեծ ներգործություն է ունեցել դեռահասի և ապագա նկարչի վրա, թեև պետք չէ նաև գերագնահատել այդ իրադարձության ազդեցությունը նկարչի ստեղծագործությունների վրա։ Մանկությունից Մագրիտի հիշողության մեջ պահպանվել են նաև այլ, ոչ այդքան ողբերգական, սակայն առեղծվածային դեպքեր, որոնք նրա հավաստմամբ իրենց արտացոլումն են գտել իր ստեղծագործությունների մեջ (դասախոսություն 1938 թվական)։
Երկու տարի Մագրիտը սովորել է Բրյուսելի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որը կիսատ է թողել 1918 թվականին։ Այդ ժամանակ ծանոթացել է Ժորժետա Բերգերի հետ և 1922 թվականին ամուսնացել՝ ապրելով մինչև մահ։
Ռենե Մագրիտը մահացել է 1967 թվականի օգոստոսի 15-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից՝ կիսատ թողնելով իր «Լույսի կայսրություն» նկարի նոր տարբերակը։ Թաղված է Սխարբեկյան գերեզմանատանը։
2009 թվականի հունիսի 2-ին Բրյուսելում բացվել է Մագրիտի թանգարանը[11]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1926 թվականը Մագրիտն աշխատում էր թերթի արտադրության գործարանում՝ որպես պաստառների և գովազդի նկարիչ, այնուհետև բրյուսելյան Սենտո պատկերասրահի հետ պայմանագիրը նրան թույլ տվեց ամբողջությամբ նվիրվել նկարչությանը։
1926 թվականին նկարել է «Շփոթված ձիապանը» նկարը, որը համարել է այդ ոճի իր առաջին հաջող նկարը։ 1927 թվականին Բրյուսելում կազմակերպեց իր առաջին ցուցահանդեսը։ Քննադատները այն համարեցին անհաջող, և Մագրիտը կնոջ հետ մեկնեց Փարիզ։ Այստեղ նա ծանոթացավ Անդրե Բրետոնի հետ և ընդգրկվեց սյուրռեալիստների նրա խմբակի մեջ։ Այստեղ նա ոչ թե կորցրեց իր անհատականությունը, այլ կարողացավ ձեռք բերել իր յուրահատուկ ոճը, որով հայտնի են նրա նկարները։
Նկարիչը չէր վախենում վիճել այլ սյուրռեալիստների հետ. նա բացասաբար էր վերաբերում հոգեվերլուծությանը և հատկապես արվեստի մեջ դրա դրսևորումներին։ Նրա ստեղծագործությունների էությունը ոչ այնքան հոգեբանական է, որքան փիլիսոփայական-պոետիկ՝ երբեմն հիմնված լինելով տրամաբանության պարադոքսների վրա։
Սենտո պատկերասրահի հետ պայմանագրի լուծարումից հետո Մագրիտը վերադարձավ Բրյուսել և վերսկսեց աշխատանքները գովազդի ոլորտում։ Այնուհետև եղբոր հետ գործակալություն բացեց, որը նրան ապահովեց մշտական եկամտով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիայի գերմանական օկուպացիայի պայմաններում Մագրիտը փոխեց իր նկարների գունային երանգավորումը և ոճը՝ մոտենալով Ռենուարի ոճին։ Նա կարևոր էր համարում խրախուսել մարդկանց և նրանց մեջ հույս արթնացնել։
Սակայն պատերազմից հետո Մագրիտը դադարեց նկարել այդպիսի «լուսավոր» ոճում և վերադարձավ իր նախապատերազմական շրջանի նկարների ոճին։ Վերամշակելով և կատարելագործելով այն՝ նաև վերջնականապես ձևավորեց իր տարօրինակ ոճը և ձեռք բերեց լայն ճանաչում։
Ոճ և փիլիսոփայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագրիտի նկարներին բնորոշ է առանձնահատուկ, կարծես անխռով ոճը։ Նա նկարում է սովորական առարկաներ, որոնք, ի տարբերություն այլ սյուրռեալիստների (Դալի, Մաքս Էռնստ), գրեթե երբեք չեն կորցնում իրենց «առարկայականությունը»։ Դրանք չեն տարրալուծվում, չեն վերածվում սեփական ստվերների։ Սակայն այդ առարկաների տարօրինակ համադրությունը զարմացնում է և ստիպում մտածել։
Նա սովորական երևույթների նկատմամբ դրսևորում է արտասովոր մոտեցում, նրա նկարները պարունակում են անսովոր ենթատեքստեր, որոնք ծանոթ գաղափարներին տալիս են նոր իմաստներ։ Այս նկարչական մոտեցումը հաճախ կոչում էին «կախարդական իրատեսություն», որի առաջին ներկայացուցիչը Մագրիտն էր։
Մագրիտի նպատակը, իր իսկ ներկայացմամբ, դիտողին մտածել ստիպելն է։ Դրա պատճառով նկարչի նկարները հաճախ հիշեցնում են գլուխկոտրուկներ, որոնք ամբողջությամբ լուծել հնարավոր չէ, քանի որ դրանք առաջադրում են հարցեր կեցության էության մասին։ Մագրիտը միշտ խոսում է տեսածի խաբուսիկության, դրա թաքնված խորհրդավորության մասին, որը սովորաբար մենք չենք նկատում։
Տարօրինակ տարրերից զատ նա ցուցադրում է բացառիկ սրամտություն՝ կերտելով իր հայտնի նկարները, ինչպես օրինակ «Մադամ Ռեկամյե դե Դավիդ» նկարը (1949 թ, սեփական հավաքածու)։ «Մարդու զավակ» նկարը (1964) Մագրիտի փոխկապակցված նկարներից է, որը նա կրկնում է իր մի շարք այլ նկարներում տարբեր կերպ։
Հայտնի է նկարչի աշխատանքների մի շարք, որոնցում նա սովորական առարկաների տակ գրում է՝ դա այդ չէ։ Հատկապես հայտնի է «Պատկերների դավաճանություն» նկարը, որում պատկերված է ծխամորճ «Սա ծխամորճ չէ» գրությամբ։ Այդ կերպ Մագրիտը ևս մեկ անգամ հիշեցնում է դիտողին, որ առարկայի պատկերը բուն առարկան չէ։
Մագրիտի համար նկարների անվանումը կարևոր նշանակություն ունի։ Դրանք գրեթե միշտ պոետիկ են և առաջին հայացքից ոչ մի կերպ կապված չեն նկարի հետ։ Հենց դրանում էլ նկարիչը տեսնում է նկարների նշանակալիությունը։ Նա կարծում է, որ
Նկարի անվանման թաքնված պոետիկ կապը նկարի հետ նպաստում է այն կախարդական զարմանքին, որը համարվում է արվեստի կոչումը։ - Ռենե Մագրիտ
|
Նկարիչը փորձել է իր ստեղծագործությունների մեջ լուծել իրական աշխարհի և ընկալման համապատասխանության խնդիրը, իմաստավորել պատկերի և իրականության տարբերությունը կամ նույնությունը։ Այդ պատճառով իր նկարներում Մագրիտը հաճախակի է կիրառել նկարների պատկերներ, հայելի, պատուհան, աչքեր, բեմ կամ վարագույր։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1928—1929 - «Պատկերների դավաճանություն»
- 1933 - «Մարդկային գոյության պայմաններ»
- 1951 - «Մադամ Ռեկամիեի հեռանկարը»
- 1964 - «Մարդու զավակ»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.magrittemuseum.be/index.php/en/museum-2/history/
- ↑ https://www.theartstory.org/artist/bosch-hieronymus/
- ↑ 10,0 10,1 10,2 https://www.theartstory.org/artist/magritte-rene/
- ↑ «Открыт музей Магритта — OpenSpace.ru». os.colta.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ткач, М.И. Энциклопедия пейзажа. — Olma Media Group, 2002. — С. 207. — 350 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Մագրիտ» հոդվածին։ |
|