Հայաստանի անասնաբուծություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հայկական լեռնաշխարհն անասնաբուծության սկզբնավորման կենտրոններից էր. այստեղ դեռևս հնագույն ժամանակներում է մարդն սկսել վարժեցնել ու ընտելացնել վայրի կենդանիներին և օգտագործել իր տնտեսական կարիքների համար։ Հանրապետության լեռնազանգվածներում (հատկապես Վայոց ձորի և Արարատի մարզերում) ներկայումս հանդիպող վայրի ոչխարն ու այծն ընտանի տեսակների նախահայրերն են։
Անասնաբուծությունը Հայաստանում նկատելի զարգացման է հասել I հազարամյակում և հատկապես Ուրարտուի համահայկական թագավորության (8-6-րդ դարեր) ժամանակաշրջանում, Բագրատունիների (9-10-րդ դարեր) օրոք և Կիլիկիայի հայկական պետությունում (11-14-րդ դարեր)։
19-րդ դարում ոլորտի զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո, իսկ ինտենսիվ հիմքերի վրա է դրվել խորհրդային տարիներին։ 1988 թվականին հիմնական անասնապահական մթերքների արտադրությունը կազմել է՝ միս (սպանդային քաշով)՝ 113,2 հազար տոննա, կաթ՝ 569,9 հազար տոննա, ձու՝ 618,1 միլիոն հատ։
Հայաստանի անկախացումից հետո ագրարային բարեփոխումների առաջին տարիներին թույլ տրված սխալների պատճառով լրջորեն տուժել է նաև անասնաբուծությունը։ 1991-1993 թվականներին սեփականաշնորհվել է ողջ անասնագլխաքանակը։ Ստեղծված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, չունենալով անհրաժեշտ կերի բազա, ինտենսիվ պահվածքի ու խնամքի, ինչպես նաև արտադրանքի իրացման հնարավորություններ, կրճատել են անասնագլխաքանակը։ 1997 թվականին, 1990 թվականի համեմատությամբ, ածան հավերի և խոզերի գլխաքանակը կրճատվել է 4, ոչխարինը՝ 3 անգամ, տավարինը՝ կիսով չափ։ Ոլորտում կայունություն է նկատվել 1998 թվականից. 2011 թվականին հանրապետությունում կային 571,4 հազար խոշոր եղջերավորներ, 114,8 հազար խոզ, 559,2 հազար ոչխար և այծ, 3462,5 հազար թռչուն։
Տավարաբուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տավարաբուծությունը Հայաստանում անասնապահության առավել զարգացած ճյուղն է։ Մեկ գյուղացիական տնտեսության հաշվով՝ տավարի միջին գլխաքանակը 2,3 է (այդ թվում՝ 1,3 կով)։ Հանրապետությունում բուծվող տավարի գլխաքանակի 98 %-ը կովկասյան գորշ տավարի ցեղի կենդանիներն են։ Արտադրվող մսի (կենդանի զանգվածով) 62 %-ը և կաթի 98,5 %-ն ստացվել են տավարաբուծությունից (2010 թվական)։
Ոչխարաբուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական լեռնաշխարհը եղել է ոչխարաբուծության սկզբնավորման կենտրոններից։ Դեոևս մ.թ.ա. 9-րդ դարի կեսին Հայկական լեռնաշխարհում հայտնի էին ոչխարների տարբեր տիպեր։ Ժողովրդական երկարատև ընտրասերման միջոցով Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել են մազեխ, բոզախ, բալբաս, Ղարաբաղ, կարամանյան ոչխարի ցեղեր։ Ոչխարաբուծությունն սկսել է զարգանալ հատկապես Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց և խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո։ 1988 թվականին հանրապետությունում կար 1,72 միլիոն ոչխար, 1991 թվականին՝ 1 միլիոն։ Անկախացումից հետո ագրարային բարեփոխումների հապճեպ իրականացման և սխալների, տնտեսական ճգնաժամի, շրջափակման, տնտեսվարման նոր պայմաններում ոչխարաբուծությունը հետընթաց է ապրել։ Ոչխարների և այծերի գլխաքանակը 1998 թվականին կրճատվել է գրեթե կիսով չափ և կազմել 521 հազար իսկ 2011 թվականին՝ 559.2 հազար։ Բուծվում են հիմնականում կիսանրբագեղմ տիպի, հայկական կիսակոպտաբուրդ, քիչ քանակությամբ՝ բալբաս, բոզախ, մազեխ և Ղարաբաղ ցեղերի ոչխարներ։
Խոզաբուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոզաբուծությունը մինչև 1991 թվականը հանրապետությունում զարգացել է հիմնականում արդյունաբերական տիպի խոշոր համալիրներում։ Անկախացումից հետո խոզի մսի հիմնական արտադրողները գյուղացիական տնտեսություններն են։ Հայաստանում բուծում են խոզերի խոշոր սպիտակ, լանդրաս, ուկրաինական տափաստանային և այլ ցեղեր։ 2011 թվականին հանրապետությունում կար 114,8 հազար խոզ։
Թռչնաբուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակներ (հավ, աղավնի և այլն)։ Թռչնաբուծությամբ զբաղվել են գյուղացիական մանր տնտեսությունները։ 1920-ական թվականների վերջին հանրապետությունում թռչնաբուծության տեսակարար կշիռն անասնապահության մեջ չի գերազանցել 1,42 %-ը։ 1925 թվականին ՀԽՍՀ հողժողկոմատը կազմակերպել է թռչնաբույծների 10 ընկերություն։ Թռչնաբուծական առաջին ֆերման հիմնադրվել է 1926 թվականին Թոխմախան գյուղում (այժմ՝ Երևանի շրջագծում)։ 1930 թվականին ստեղծվել է առաջին թռչնաբուծարանը (Դիլիջանի մոտ), ապա ստեղծվել են ինկուբատորային կայաններ, թռչնաբուծական ֆերմաներով տնտեսություններ։ 1955 թվականին սկսել է գործել Էջմիածնի շրջանի Շահումյան ավանի (այժմ՝ Արմավիրի մարզում) թռչնաբուծական առաջին ֆաբրիկան։ Ներկայումս Հայաստանում գործում են Լուսակերտի, Արզնու տոհմային, Գետամեջի (Կոտայքի մարզ), Ջրառատի, «Արաքս» (Արմավիրի մարզ), Գնդեվազի (Վայոց ձորի մարզ), «Սյունիք» (Սյունիքի մարզ), «Շիրակ» (Շիրակի մարզ), «Երևան» (Երևանի քաղաքապետարան) թռչնաբուծական ֆաբրիկաները, «Արգո» թռչնաբուծական տնտեսությունը։ 2011 թվականին Հայաստանում կար 3462,5 հազար թռչուն, արտադրվել է 633,6 միլիոն ձու։
Մեղվաբուծության
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղվաբուծության հնագույն կենտրոններից է Հայաստանը։ Մեղվաբուծության զարգացմանը նպաստել են բնակլիմայական բարենպաստ պայմանները, հնագույն ժամանակներից հայկական դեղին և լեռն, գորշ մեղուների ցեղերի ու նրանց խառնացեղերի առկայությունը։
1904 թվականին Հայաստանի ներկայիս տարածքում կար 18 հազար, 1918-1920 թվականներին՝ 15-16 հազար մեղվաընտանիք։ Մեղվաբուծության զարգացման համար 1931 թվականին Երևանում հիմնադրվել է Այսրկովկասյան (1933 թվականից՝ Հայկական) մեղվաբուծական գոտիական, 1958 թվականին՝ փորձնական կայանը, 1960-ական թվականների վերջերից՝ Մեղրու մեղվաբուծարանը (հայկական դեղին մեղվի ցեղի մայրեր բուծելու համար) և գորշ (Տավուշ) մեղուների արգելոցները։ 1970-1980-ական թվականներին ստեղծվել են Նաիրիի մեղվամայրատոհմաբուծարանը, միջտնտեսական ձեռնարկություններ (Կապանում, Ապարանում և Ախուրյանում), Գորիսի և Աշտարակի մեղվաբուծական տնտեսությունները, 1988 թվականին՝ «Նեկտար» մեղվաբուծական արտադրագիտական միավորումը, 1997 թվականից՝ «Մուլտի Գրրսպ» կոնցեռնի «Մուլտի Ագրո» ԳԱԿ-ի մեղվաբուծական ԳՀ կայանը։ Բնակչության 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով Հայաստանը աշխարհում առաջիններից է։ 2011 թվականին Հայաստանում կար 250 հազար մեղվաընտանիք։
Ձկնարդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձկնաբուծությունը՝ որպես տնտեսության ճյուղ, հանրապետությունում ձևավորվել է 1920-ական թվականներին։ 1923 թվականին հիմնադրվել է Երևանի ձկնաբուծական կայանը (1935 թվականից՝ ջրակենսբանական կայան), կառուցվել են Գավառի (1924 թվական), Կարճաղբյուրի (1931 թվական), Սևանի (1959 թվական, «Ձուկ»), Լիճքի (1971 թվական, «Գոս» ՓԲԸ) և այլ ձկնաբուծարաններ։ 1931 թվականին ստեղծվել է «Հայձուկտրեստը», 1964 թվականին՝ ՀԽՍՀ ԺՏԽ-ին առընթեր ձկնաբուծական տնտեսության վարչությունը։
1965 թվականից հանրապետությունում ձևավորվել է լճակային ձկնաբուծությունը։ Ստեղծվել են (1968 թվական) Եղեգնուտի կարպա-լճակային, Ակնա լճի ֆորելային, Մեծամոր լճի իշխան ձկան, Արմաշի ծածանաբուծական (1975 թվական) տնտեսությունները, Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, Եղեգնաձորի ձկնաբուծարանը, ինչպես նաև «Խոսրով»-ի անտառ-արգելոց և Մեղրու ֆորելային տնտեսությունները և այլն։ 2010 թվականին ձկնաբուծական լճակային տնտեսությունների ընդհանուր ջրային մակերեսը 2677 հեկտար էր, որից 1860,7 հեկտարն՝ Արարատի, իսկ 722 հեկտարն՝ Արմավիրի մարզում։ Հայաստանում ջրային մակերեսի յուրաքանչյուր հեկտարից ստացվել է միջին հաշվով 1,96 տոննա ապրանքային ձուկ։ Սառեցված և վերամշակված ձուկ ու խավիար արտահանվում են ԱՄՆ, ՌԴ, Վրաստան և Ուկրաինա։
Հայաստանում արդյունագործական նպատակներով բուծում են սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ պնդաճակատներ, թիաքիթ, ճապոնական կարպ (կոյ), աֆրիկյան լոքո, թառափազգիներից՝ սիբիրյան և ռուսական թառափներ, սաղմոնազգիներից՝ ծիածանափայլ և ոսկեփայլ իշխաններ, Գեղարքունիքի կարմրախայտ և այլն։
Անտառային տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս անտառածածկ է Հայաստանի տարածքի մոտ 11 %-ը, սակայն հանրապետության անտառազուրկ տարածքների զգալի մասը վաղ անցյալում ծածկված է եղել անտառներով։ Դարերի ընթացքում անկանոն շահագործման և հատման հետևանքով Հայաստանի անտառների զգալի մասը ոչնչացվել է, անհետացել են բույսերի բազմաթիվ արժեքավոր տեսակներ, պահպանված անտառները հիմնականում ցածրարժեք տնկարկներ են։ Խորհրդային տարիներին վերականգնվել են անտառային բազմաթիվ զանգվածներ, ստեղծվել են նորերը։ ՀԽՍՀ-ում առաջին անտառային տնտեսությունները հիմնադրվել են 1924 թվականին Հրազդանի շրջանում (այժմ՝ Կոտայքի մարզում)։ 1924-1985 թվականներին ստեղծվել են մոտ 115 հազար հեկտար տնկարկներ։
1991 թվականին էներգետիկական ճգնաժամի և տնտեսական շրջափակման պատճառով գերհատվել են բազմաթիվ անտառներ։ Անտառային ֆոնդի զգալի տարածքներ տուժել են զանգվածային անթույլատրելի ծառահատումներից, կրճատվել են անտառածածկ տարածքները, ավելացել են տարահասակ ցածրարժեք անտառները, խախտվել է անտառի ջրաբանական ռեժիմը, ակտիվացել են էրոզային երևույթները, սողանքներն ու հեղեղումները։
1993 թվականին Հայաստանի անտառային ֆոնդը 460 հազար հեկտար էր, որից 334,1 հազար հեկտարն անտառածածկ տարածքներ էին, մոտ 50 հազար հեկտարն՝ արհեստական։ Հայաստանի կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատվել է Հանրապետության անտառի զարգացման ազգային ծրագիրը։ 2004-2009 թվականներին պետական բյուջեի և տարբեր ծրագրերի հաշվին 30,5 հազար հեկտար տարածքում կատարվել են անտառվերականգնման աշխատանքներ։ Ճապոնիայի Կառավարության «Պարենային արտադրության աճ» գործընկերային ֆոնդի հաշվին 2006-2009 թվականներին տարբեր մարզերում հիմնվել է 1288 հեկտար, իսկ Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, Գերմանիայի զարգացման բանկի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ) ֆինանսավորմամբ 2009 թվականին Լոռու մարզում ստեղծվել են 100 հեկտար, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում՝ Գլոբալ էկոլոգիական ֆոնդի հատկացումներով՝ Սյունիքի մարզում՝ 10 հեկտար անտառամշակույթներ։ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ 2009 թվականից Կոտայքի մարզում իրականացվում է անտառապատման և անտառվերականգնման ծրագիր։
Անտառտնտեսության գիտաարտադրական հիմնահարցերը մշակվում են Հայաստանի գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում և Բուսաբանության ինստիտուտում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անասնաբուծությունը Հայաստանում կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 124)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |