Սպիտակ հաստաճակատ
Սպիտակ հաստաճակատ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Hypophtalmichthis molitrix | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Սպիտակ հաստաճակատ (լատ.՝ Hypophthalmichthys molitrix), ցածր աչք ձուկ, ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստան է ներմուծվել 1960 թվականին (սպիտակ ամուրի հետ), հետագայում պարբերաբար բազմացվել արհեստ, ճանապարհով։ Երբեմն հանդիպում է Արաքս, Ախուրյան, Մեծամոր գետերում, որտեղ պատահականորեն ներթափանցում է ձկնային տնտեսություններից։ Նախընտրում է գետերի դանդաղահոս տեղամասերը։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոշոր ձուկ է, երկարությունը՝ 35-40 (երբեմն՝ մինչև 60-70) սմ, զանգվածը՝ 8 կգ և ավելի։ Մարմինը վերին մասում մի փոքր ուռուցիկ է, կողքերից՝ բավական սեղմված։ Բերանը վերին է՝ առանց բեղիկների։ Աչքերը փոքր են և շատ ցածր տեղադրված (այստեղից՝ 2-րդ անվանումը)։ Խռիկային թաղանթները սերտաճած են և միջխռիկային միջակայքին միացած չեն։ Որովայնային մասը, խռիկների ճեղքերից մինչև հետնալողակը, ունի սրացած եզր՝ ողնուց։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 110-124 հատ։ Ալանային ատամները միաշարք են, լավ զարգացած։ Պոչային լողակը խոր կտրվածքով է։ Մեջքային լողակը կարճ է՝ 10-11 ճառագայթով, հետ- նալողակը՝ համեմատաբար երկար՝ 14-17 ճառագայթով։ Հետնալողակի առաջին 2-3 ճառագայթները ոսկրացած են։ Խռիկային առէջները սերտաճած են և առաջացնում են ինքնատիպ ցանցանման գոյացություն, որը նպաստում է սնունդը, մանր ջրիմուռները ջրից զատելուն։ Մեջքը և գլխի վերին մասը մուգ են, կողքերը և փորիկը՝ արծաթափայլ կամ արծաթակապտագույն։ Լողակները սովորաբար մոխրագույն են։
Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում, արուները՝ 1 տարով ավելի շուտ։ ՀՀ բնական ջրակալներում բազմացում դեռևս չի արձանագրվել։ Կարող է բազմանալ միայն ձկնաբուծարաններում՝ հատուկ պայմաններում։ Բեղունությունը հասնում է 500 հզ. (երբեմն՝ մինչև 1 մլն) ձկնկիթի։ Չբեղմնավորված ձկնկիթի տրամագիծը 1-1,2 մմէ (ջրում այն ուռչում է մինչև 4,5 մմ)։ Թափանցիկ է։ Ձվաթաղանթում զարգացումը կարճատև է՝ 17-33 ժ (կախված ջրի ջերմաստիճանից)։ 3-4 օր հետո թրթուրներն անցնում են խառը սննդառության՝ սնվելով նաև կենդանական պլանկտոնային օրգանիզմներով։ Հասնելով 13-15 մմ երկարության՝ մանրաձկներն աստիճանաբար անցնում են բուսական սննդի (բուսական պլանկտոն, հիմնականում՝ ջրիմուռներ)։ ՀՀ կարպային տնտեսություններում աճեցվող ամենաբազմաքանակ ձկնատեսակներից է։ Արագաճ է, 2 տարեկանում կարող է հասնել մինչև 1 կգ-։ Ունի արդյունաբերական մեծ նշանակություն։ Աճեցվում է հիմնականում Արարատյան դաշտի, նաև Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի մի շարք ձկնատնտեսություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |