Խալիֆա Խաֆթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խալիֆա Խաֆթար
General Haftar.jpg
 
Կուսակցություն՝ National Front for the Salvation of Libya? և Libyan Arab Socialist Union?
Կրթություն՝ Բենգազիի ռազմական համալսարան ակադեմիա (1966)
Մասնագիտություն՝ սպա և քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր մոտ. նոյեմբերի 7, 1943(1943-11-07) (76 տարեկան)
Ծննդավայր Ajdabiya, Իտալական Լիբիա
Քաղաքացիություն Flag of Libya.svg Լիբիա

Խալիֆա Բելկասիմ Խաֆթար (արաբ․՝ خليفة بالقاسم حفتر‎‎, մոտ. նոյեմբերի 7, 1943(1943-11-07), Ajdabiya, Իտալական Լիբիա), լիբիացի ռազմական գործիչ։ Լիբիայի Ներկայացուցիչների պալատի կողմից նշանակվել է ֆելդմարշալ (2016 թվականին) և Լիբիայի ազգային բանակի գերագույն գլխավոր հրամանատար։

Խաֆթարը նկարագրվում է որպես Լիբիայի ամենաուժեղ ռազմական առաջնորդ, որը մարտնչել է ինչպես Լիբիայի,այնպես էլ Լիբիայի հակամարտություններին մասնակցած գրեթե յուրաքանչյուր խմբավորման դեմ, և ունի ռազմական գերազանց փորձ[1][2]։ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության կողմից հայտարարվել է ռազմական հանցագործ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1943 թվականին Աջդաբիայում, պատկանում է ալ-Ֆարջանի ցեղին։ Ավարտել է Բենգազիի ռազմական համալսարանի ակադեմիան։

1969 թվականին, լինելով 26-ամյա կադետ, Խալիֆա Խաֆթարը մասնակցել է Մուամմար ալ-Կադդաֆիի կազմակերպած հեղաշրջմանը, տապալել միապետությունը, և, ի վերջո, դարձել է Լիբիայի առաջնորդի բարձրագույն սպաներից ու գլխավոր մերձավորներից մեկը։ «Նա իմ որդին էր։ Իսկ ես նրա հոգևոր հայրը»` հարցազրույցներից մեկում ասել է Կադդաֆին։ Նա հեղափոխական հրամանատարության խորհրդի անդամ էր, որը Լիբիան ղեկավարում էր հեղաշրջումից անմիջապես հետո։

Խաֆթարը սովորել է ԽՍՀՄ-ում` 1977-1978 թվականներին ավարտել է «Կրակոց» բարձրագույն սպայական դասընթացները, իսկ 1983 թվականին եղել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի դասընթացների ունկնդիր, և, ինչպես այն ժամանակվա բազմաթիվ արաբ բարձրաստիճան սպաներ, տիրապետում է ռուսաց լեզվին[4]։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ղեկավարել է լիբիացի զինվորներին, որոնք աջակցում են եգիպտական զորքերին Իսրայելի կողմից գրավված Սինայում 1973 թվականին։ Ազատ սպաների և մյուս անդամների նման (Խունտան, որը տապալեց միապետությունը), Խաֆթարը աշխարհիկ էր և նասերիստ։

1987 թվականին, երբ Լիբիան Չադի հետ կռվում էր սահմանի ռազմավարական կարևոր հատվածի համար, գնդապետ Խաֆթարը դարձավ գերագույն հրամանատար։ Սակայն լիբիացիների բազան ջախջախվել է` Չադի զինվորները սպանել են հազարավոր զինվորների, գերեվարելով Խաֆթարին ու նրա 400 ենթականերին։ Ընդ որում, Կադդաֆին ավելի վաղ համաձայնագիր էր ստորագրել Չադից լիբիական բոլոր զորքերի դուրսբերման մասին, այդ պատճառով Խաֆթարի գործողությունը խախտում էր այդ համաձայնագիրը։ Այդ պարտությունից հետո Մուամար Կադդաֆին հրապարակավ հրաժարվեց գերիներից։ Բացի այդ, Խաֆթարը կարող էր վերադառնալ Լիբիա որպես հերոս և դրանով իսկ սպառնալիք ստեղծել Կադդաֆիի ռեժիմին։ Զայրացած Խաֆթարը խզել է բոլոր կապերը Կադդաֆիի հետ և կոչ է արել իր մարդկանց օգնել նրան պետական հեղաշրջում նախապատրաստելու հարցում։

1988 թվականին նա կապեր է հաստատել Լիբիայի փրկության ազգային ճակատի՝ Չադում հիմնված ընդդիմադիր կազմակերպության հետ։ Դրանից կարճ ժամանակ անց Խաֆթարին ազատ են արձակել բանտից։ Կադդաֆիի ռեժիմի հետ կապերը դադարեցնելուց հետո Խաֆթարը կարող էր ունենալ Կենտրոնական հետախուզական վարչության միջոցներով ստեղծված սեփական զինված ուժերը[5][6]։ Նա պլանավորում էր ներխուժել Լիբիա, բայց Կադդաֆին նրան վնասեց՝ Չադում հեղաշրջում կազմակերպելով։ Կենտրոնական հետախուզական վարչությունն ստիպված է եղել գեներալին և 350 կողմնակիցներին տարհանել Զաիր, այնուհետև Քենիա և վերջապես Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Առանձին աղբյուրներ հայտնում են Կենտրոնական հետախուզական վարչության հետ նրա կապերի մասին[7]։

1990-ականներին Խաֆթարը ստացել է ամերիկյան քաղաքացիություն և բնակություն հաստատել Վիրջինիա նահանգի Վիեննա քաղաքում[6] և այնտեղ ապրել է 20 տարի[8]։ Որոշ ժամանակ նա համագործակցել է Կենտրոնական հետախուզական վարչության և Լիբիայի փրկության ճակատի հետ՝ դավադրություն ստեղծելով Կադդաֆիին տապալելու համար։ 1996 թվականին խաֆթարը փորձել է գլխավորել ապստամբությունը Հարավային Լիբիայի լեռներում, սակայն այն ձախողվել է[9]` մարդկանց մի մասը բռնվել է և մահապատժի ենթարկվել։

2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուց հետո Կադդաֆին, մինչ այդ Ամերիկայի ամենասիրելի թշնամիներից մեկը, համաձայնել է հրաժարվել միջուկային զենքի մշակման ծրագրից և քայլեր է արել Վաշինգտոնի հետ մերձեցման ուղղությամբ: Կենտրոնական հետախուզական վարչությունը կորցրեց Խաֆթարի նկատմամբ հետաքրքրությունը[10]:

Քաղաքացիական պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտին, Լիբիայում քաղաքացիական պատերազմից հետո, Խաֆթարը գնաց Բենգազի: Հեղափոխականների ռազմական ներկայացուցիչը հայտնել է, որ Խաֆթարը միացել է հեղափոխությանը և նշանակվել հրամանատար, սակայն Լիբիայի անցման ազգային խորհուրդը դա հերքել է[11]: 2011 թվականի ապրիլին հեղափոխականների զինված ուժերի հրամանատարը Աբդուլ Ֆաթահ Յունիսն էր, նրա օգնականը Օմար Էլ Հարերին էր, որը շտաբի հրամանատարն էր, իսկ Խաֆթարը երրորդն էր ավագ հրամանատարական կազմի մեջ, ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտի կոչումով[12][13]: Առանց աջակցություն գտնելու, Խաֆթարը վերադարձել է ԱՄՆ։

2012 թվականի հուլիսին Լիբիայում տեղի ունեցան այսպես կոչված «առաջին ժողովրդավարական ընտրությունները» (որոնց Կադդաֆիի քաղաքական գծի կողմնակիցները թույլ չտվեցին) Համընդհանուր ազգային կոնգրեսը, որտեղ հաղթանակ տարավ լիբերալների և կենտրոնամետների լայն կոալիցիան։

Չնայած նրան, որ իսլամիստները պարտվել են ընտրությունները, նրանք գտան իշխանության մեկ այլ ճանապարհ։ 2013 թվականի մայիսին նրանք խորհրդարանին կոչ էին արել օրենք ընդունել, որով Կադդաֆիի կառավարության նախկին անդամներին արգելվում է պետական պաշտոններ զբաղեցնել, ինչի արդյունքում նրանց հաջողվել է չեզոքացնել մի քանի առանցքային հակառակորդներ։

Պետական հեղաշրջման փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-ի փետրվարի 14-ին Խաֆթարը փորձեց պետական հեղաշրջում իրականացնել` հեռուստատեսությամբ հայտարարելով խորհրդարանի լուծարման մասին և ստեղծելու «նախագահական հանձնաժողով» և կաբինետ, որը ղեկավարելու է երկիրը մինչև նոր ընտրություններ, չնայած պարզ չէր, թե ինչպես նա կկարողանա իրականացնել իր մտադրությունները։ Խաֆթարը շրջում էր երկրում՝ հանդիպելով մարդկանց հետ և գաղտնի կազմակերպելով իր բանակը նախկին ծառայակիցների օգնությամբ։

«Լիբիայի Արժանապատվություն» օպերացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 16-ին Խաֆթարը հայտարարել էր Բենգազիում արմատական իսլամիստների[14][15] խմբավորումների վրա հարձակում սկսելու մասին՝ «Լիբիայի արժանապատվություն» կոդային անվանումով[16]։ Խաֆթարի հարձակումը ողջունել են բազմաթիվ լիբիացիներ, որոնք դժգոհ են երկրում տիրող քաոսից։  Խորհրդարանը որոշել է ստեղծել նոր օրենսդիր մարմին` Ներկայացուցիչների պալատ։ Հունիսին կայացած ընտրություններում իսլամիստները կրկին պարտություն կրեցին, բայց մինչ նոր խորհրդարանը կարողացավ հավաքվել, գրոհայինները Միսուրատայի ջոկատի աջակցությամբ գրոհեցին Տրիպոլիի միջազգային օդանավակայանը՝ փորձելով հետ գրավել այն Խաֆթարի ուժերից։ Օդանավակայանի շենքը քանդվել է, ինքնաթիռները ոչնչացվել են, զոհվել է մոտ 100 մարդ։

Տրիպոլիում մարտերի ընթացքում հակամարտող խմբավորումները վերջնականապես ձևակերպվել են։  Խաֆթարի դեմ մարտնչող «Լիբիայի Լուսաբաց» խմբավորումը բարդ կոալիցիա է նախկին ջիհադիստների «Ալ Քաիդա»-ից, որոնք կռվել են Կադդաֆիի դեմ դեռևս 1990-ական թվականներին, բերբերյան ցեղերի աշխարհազորայինների, «մուսուլման եղբայրների» լիբիական մասնաճյուղի անդամների և Միսուրատցի առևտրականների ցանցի հետ։ Խաֆթարի բանակը բաղկացած է հիմնականում Կադդաֆիի նախկին զինվորներից, արևմուտքի և հարավի ցեղերի աշխարհազորայիններից և դաշնայնացման կողմնակիցներից, որոնք փորձում են ինքնավարության հասնել Լիբիայի արևելյան հատվածի համար։ Խաֆթարի բանակը զենք և ֆինանսավորում է ստանում Եգիպտոսից, Սաուդյան Արաբիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից և աջակցում է Ռուսաստանին։ Իսլամիստներն իրենց հերթին հենվում են Կատարի և Թուրքիայի վրա[10]։

Իսլամիստները պնդում էին, որ միակ օրինական իշխանությունը Համընդհանուր ազգային կոնգրեսն է, այլ ոչ թե Ներկայացուցիչների պալատը, որը տեղափոխվել է Տոբրուկ Տրիպոլիից 1300 կմ դեպի արևելք և իրեն հռչակել է Լիբիայի «իսկական կառավարություն»։ Լիբիական պետությունը փաստացի փլուզվեց իրար մեջ կռվող մի շարք տարածքների վրա։

2016 թվականի հունվարի 6-ին Տոբրուկի կառավարությունը Ֆաիզ Սարաջի կառավարության հետ համաձայնագիր է կնքել Խալիֆ Խաֆթարի գլխավորությամբ ռազմական խորհուրդ ձևավորելու մասին։ Այսպիսով, ՄԱԿ-ի լիբիացի հատուկ դեսպանորդ Մարտին Կոբլերը խախտել է սխեմատիկ համաձայնագրի պայմանները, ըստ որի բոլոր զինվորական պաշտոնները կառավարության կազմավորումից հետո պետք է չզբաղվեն[17]։ Վաշինգտոնում Խաֆթարի գործողություններից դժգոհ էին։

Տոբրուկում տեղակայված Լիբիայի Ներկայացուցիչների պալատից Խաֆթարը 2015 թվականի մարտի 3-ին գեներալ-լեյտենանտի, իսկ այնուհետև 2016 թվականի սեպտեմբերի 15-ին ֆելդմարշալի կոչում է ստացել[18][19]։

2016 թվականի նոյեմբերի 27-ին մարշալ Խալիֆա Խաֆթարը ժամանել է Մոսկվա և բանակցություններ վարել Ռուսաստանի պաշտպանության և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուի և Սերգեյ Լավրովի հետ համապատասխանաբար[20]։ Մինչ այդ Լիբիայի ազգային բանակի ղեկավարը Ռուսաստան էր այցելել նույն տարվա հունիսին։ Այդ ժամանակ նա հանդիպել էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ[21]։

2017 թվականի հունվարին, շարժվելով դեպի Լիբիայի հարավ, Խաֆթարի ուժերը բախվեցին ազգային միասնության կառավարությանը հավատարիմ ուժերի հետ, որոնց Խաֆթարը չի ընդունում։ Դա անհանգստություն է առաջացրել ՄԱԿ-ում և Արևմուտքում։ Ֆելդմարշալի խոսքով` այն բանից հետո, երբ Բենգազին ընկնի իր զորքերի ճնշման տակ, ինքը կռիվ կսկսի Տորնայից ծայրահեղականների դեմ՝ նրանց դեմ օգտագործելով բոլոր միջոցները։ Գեներալը, ի տարբերություն իսլամիստների, սեփական օդուժ ունի։

2017 թվականի հունվարի 11-ին Խալիֆա Խաֆթարն այցելել է «Ծովակալ Կուզնեցով»-ի ծանր զինվորական օդանավ, որտեղ հանդիպել է փոխծովակալ Վիկտոր Սոկոլովի հետ և մասնակցել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ տեսակոնֆերանսին։

Մարտին` Լիբիայի ազգային բանակը հատուկ գործողության ընթացքում վերադարձրել էր Ռաս Լանուֆ և էս Սիդրա ծովափնյա քաղաքները, որտեղ գտնվում են երկու կարևոր նավթային տերմինալներ, որոնք վերահսկվում էին իսլամիստական «Բենգազիի պաշտպանության խմբերի» կողմից։ Բացի այդ, ինչպես հաղորդել են Ռոյթերսի աղբյուրները, Եգիպտական Սիդի-Բարանի քաղաքում լիբիական սահմանից 100 կմ հեռավորության վրա նկատվել են հատուկ գործողությունների ռուսական ուժեր և անօդաչու թռչող սարքեր։ Տրիպոլիում զինված կազմավորումների միջև բախումներ են տեղի ունեցել զրահատեխնիկայի, այդ թվում՝ տանկերի կիրառմամբ[22]։

Հուլիսի սկզբին Խաֆթարը հայտարարել էր ահաբեկչական խմբավորումներից Լիբիայի նշանակությամբ երկրորդ քաղաքի՝ Բենգազիի լիակատար ազատագրման մասին երկու տարվա մարտերից հետո։ Խաֆթարի խոսքով՝ Լիբիայի մակարդակով ահաբեկչության դեմ պատերազմը կավարտվի միայն երկրի տարածքից այն ամբողջությամբ արմատախիլ անելուց հետո[23]։

Քաղաքական ճգնաժամի կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 2-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցավ երկար սպասված հանդիպումը Ազգային միասնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջի և ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի միջև, որն աջակցում է, այսպես կոչված, «արևելյան» կառավարությանը Տոբրուկում։ Ներկայացուցիչների պալատը, որը 2014 թվականի օգոստոսի սկզբին փոխարինել է Համընդհանուր ազգային կոնգրեսին, չի ճանաչում Տրիպոլիում կենտրոնական կառավարության իշխանությունը, որն աջակցում է Արևմուտքին և համաշխարհային հանրությանը։ Ռուսաստանը կապ է հաստատում Լիբիայի հակամարտության բոլոր մասնակիցների հետ, սակայն նախապատվությունը տալիս է Խաֆթարին։

Սարաջը Խաֆթարի հետ հանդիպել է 201 թվականի հունվարին միայն մեկ անգամ։ ՄԱԿ-ի, համաշխարհային հանրության և արաբական հարևանների ճնշման ներքո հակամարտող կառավարությունների ղեկավարները պետք է հանդիպեին 2017 թվականի փետրվարին Կահիրեում։ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի կազմակերպած հանդիպումը տեղի չի ունեցել վերջին պահին, քանի որ Խաֆթարը հրաժարվել է գալ բանակցությունների 2015 թվականի սխեմայի փոփոխման շուրջ, որը զրկում է նրան քաղաքական ապագայից, չնայած այն բանին, որ Լիբիայի ազգային բանակը, որը ստեղծվել Է Կադդաֆիի բանակի և մի շարք ռազմականացված կազմակերպությունների մնացորդներից, վերահսկում է երկրի մեծ մասը։ Բանակցություններն ընթացել են Աբու Դաբիում փակ ռեժիմով։ Հաջորդ օրը բանակցությունների մասնակիցները հայտարարություններ են հրապարակել, որտեղ խոստացել են լիցքաթափել Լիբիայի հարավում լարված իրավիճակը, միասին պայքարել ահաբեկչության դեմ և փորձել միավորել երկիրը։ Սարաջի վարչակազմի հայտարարության մեջ ասվում է, որ մարշալ Խաֆթարի հետ հանդիպման գլխավոր խնդիրը եղել է «լիբիական ճգնաժամի խաղաղ լուծման հասնելու» ուղիների որոնումը, նաև ընդգծվել է փետրվարյան հեղափոխության նվաճումների պահպանման և ամրապնդման, քաղաքացիական անձանց վերահսկողության ներքո միասնական բանակի ստեղծման, ահաբեկչության դեմ պայքարի, հարավում բռնության սրման նվազեցման և իշխանության խաղաղ փոխանցման բոլոր հնարավոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը։ Արևելյան իշխանությունների հայտարարության մեջ շեշտը դրվում է բանակի հետ կապված հարցերի վրա, ընդ որում, ինչպես դրա ամրապնդման, այնպես էլ պաշտպանության վրա, ինչպես նաև ընդգծվում Է լիբիական քաղաքական համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը։ Որոշ տվյալներով կողմերը պայմանավորվել են 2018 թվականի սկզբին անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Խաֆթարն ինքը չի թաքցնում իր նախագահական հավակնությունները։ Իբր համաձայնություն է ձեռք բերվել նախագահական խորհրդի թիվը 9-ից 3 մարդու կրճատելու վերաբերյալ։  Դրանցից մեկը պետք է լինի Տոբրուկի խորհրդարանի խոսնակը, այսինքն՝ Ագիլա Սալահ Իսա, երկրորդը՝ Լիբիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ երրորդը՝ ազգային միասնության կառավարության ղեկավարը[24]։

2017 թվականի հուլիսի 25-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լիբիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Հասան Սալամեի միջնորդությամբ տեղի է ունեցել Խաֆթարի և Սարաջի երկրորդ հանդիպումը։ Նրանց հաջողվել է պայմանավորվել հրադադարի ռեժիմի հաստատման, ինչպես նաև Լիբիայում 2018 թվականի գարնանը համազգային ընտրություններ անցկացնելու մասին։ Միևնույն ժամանակ Իտալիան իր ռազմանավերը ուղարկել է Ազգային համաձայնության կառավարություն խնդրանքով՝ աջակցելու առափնյա պահպանության լիբիական ուժերին։ Տրիպոլիում, Տոբրուկում, Բենգազիում սկսեցին հավաքվել մարդիկ, որոնք կոչ էին անում հրաժարական տալ։ Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Իտալիայի գործողությունները, իսկ ֆելդմարշալ Խաֆթարը Սարաջին մեղադրել է անպատասխանատու վարքի մեջ և հրամայել է իր ուժերին պատրաստ լինել դիմակայելու «օտարերկրյա ներխուժմանը»։ Խաֆթարն իրեն առաջարկել է Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի հիմնական երաշխավոր։

2017 թվականի օգոստոսի 14-15-ը Մոսկվայում հերթական բանակցություններն են ընթացել Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ, որտեղ քննարկվել է Ռուսաստանի Դաշնության կողմից Լիբիային տրամադրվող ռազմական օգնության հարցը։ Հրամանատարը պատմել է, որ Լիբիայի ազգային բանակը ահաբեկիչներից ազատագրել է երկրի տարածքի 90 տոկոսը։ Մարտերն ավարտվել են Բենգազիի ազատագրմամբ և բանակի վերահսկողության տակ վերցնելով երկրի բոլոր նավթային հանքավայրերը, նավթային նավահանգիստներն ու ռազմակայանները։ Լավրովը պաշտպանել է Սարաջի հետ պայմանավորվածության հասնելու Խաֆթարի տրամադրվածությունը[25]։

Հարձակում Տրիպոլիի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 4-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Խաֆթարը հրամայել է զորքերին հարձակում սկսել երկրի մայրաքաղաք Տրիպոլիի վրա։ Բանակին ուղղված իր ուղերձում Խաֆթարն ասել է, որ «ժամանակն է ազատագրել Տրիպոլին... ազատագրել գրոհայիններից և ահաբեկչությունից»։ Մարշալը հրամայել է ապահովել Տրիպոլիում օտարերկրացիների անվտանգությունը և չկրակել խաղաղ քաղաքացիների վրա։ Նա նաև մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել «վայր դնել զենքը և բարձրացնել սպիտակ դրոշը»[26]։

Տրիպոլիի վրա հարձակումը սկսվել է Լիբիայի ազգային խորհրդաժողովի նախաշեմին, որը նախատեսված է ապրիլի 14-16-ին Գադամեսում, այն գտնվում է Լիբիայի, Ալժիրի և Թունիսի սահմանների հատման կետում, և ուղղված է երկրում ճգնաժամի հաղթահարմանը և երկիշխանության վիճակին։ Դրան պետք է մասնակցեն բոլոր հակամարտող կողմերի պատվիրակները, որպեսզի կազմեն «ճանապարհային քարտեզ»՝ բաժանված պետական ինստիտուտների միավորման և համազգային նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, որոնց անհրաժեշտությունը հաստատվել է դեռևս 2018 թվականի մայիսին[27]։ Արդյունքում գիտաժողովը հետաձգվեց անորոշ ժամանակով[28]։

Պաղեստինի ազգային խորհուրդը պահանջել է կալանավորել Խաֆթարին։ Տրիպոլիում կառավարության ղեկավարը Լիբիայի ազգային բանակի հրամանատարին մեղադրել է դավաճանության և հեղաշրջման փորձի մեջ։ Նա նաև հայտարարել է, որ մայրաքաղաքի վրա հարձակման բոլոր մասնակիցները կկանգնեն լիբիական և միջազգային դատարանների առջև[29]։

Տրիպոլիի վրա հարձակումը փոփոխական հաջողությամբ շարունակվում է մինչ օրս։ Մասամբ հարձակման անհաջողությունը բացատրվում է նրանով, որ Խաֆթարը չի համարձակվել Տրիպոլիում զանգվածային անխնա ռմբակոծություններ կիրառել, ինչպես նա նախկինում արել էր, քանի որ Տրիպոլիում, ի տարբերություն արևմտյան Լիբիայի գյուղերի, բնակչության չափազանց բարձր խտություն է։ Ի դեպ, քանի որ հարձակումն ավելի ու ավելի է սկսել գործել, հրթիռա-ռումբային հարվածների ինտենսիվությունը, այդ թվում՝ քաղաքացիական թաղամասերում, աճել է[30]։

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 11-ին ֆրանսիական «Լը Մոնդ» թերթը հայտնել էր, որ Բենգազիում Խաֆթարը կաթված է տարել և գտնվում է կոմայի մեջ։ Ֆելդմարշալը տեղափոխվել է Հորդանանի Ամմանի հիվանդանոց, իսկ ավելի ուշ` Փարիզի կլինիկա[31][32]։ «Middle east eye» պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետին, հայտնել է, որ Խաֆթարը թոքերի քաղցկեղ ունի, որը մետաստազավորել է ուղեղում։ Անանուն բժիշկները Middle East Eye ինտերնետ-պարբերականին հաստատել են կաթվածի մասին տեղեկատվությունը, որի պատճառով զորահրամանատարը զրկվել է ելույթից[33]։ Արդեն ապրիլի 13-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել Լիբիայի զորքերի հրամանատարի մահվան մասին[34]։ Սակայն մահվան մասին տեղեկությունը չի հաստատվել և ապրիլի 26-ին Խալիֆ Խաֆթարը վերադարձել է Բենգազի[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anderson Jon Lee (23 февраля 2015)։ «The Unravelling: Libya's New Strongman»։ The New Yorker։ Վերցված է 7 апреля 2019 
  2. «Fighting Islamic State in Libya»։ The Economist։ 14 мая 2016։ Վերցված է 7 апреля 2019 
  3. «Libya's Haftar appointed army chief for recognized government»։ Reuters։ 2 марта 2014։ Վերցված է 4 марта 2015 
  4. Юсин М. Знание маршала // Коммерсантъ № 31 (6025) от 20.02.2017. — С. 6.
  5. как пишет издание Manipulations africaines, опубликованное
  6. 6,0 6,1 «A Debate on U.S. Military Intervention in Libya: Juan Cole v. Vijay Prashad»։ Կաղապար:Нп3։ մարտի 29, 2011 
  7. Russ Baker (Apr. 22, 2011)։ «Is General Khalifa Hifter The CIA’s Man In Libya?»։ Business Insider։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին։ Վերցված է 2011-09-05 
  8. В США пожаловались на несостоявшийся союз с фельдмаршалом Хафтаром // Лента. Ру, 10 апреля 2019
  9. Фельдмаршал Каддафи готовится объединить Ливию российским оружием // Взгляд.ру, 30 янв 2017
  10. 10,0 10,1 Мятежный сын Каддафи. Станет ли Халифа Хафтар диктатором Ливии // Лента.ру, 3 марта 2015
  11. Կաղապար:Нп3 Libyan rebel efforts frustrated by internal disputes over leadership // The Guardian, 03.04.2011
  12. «The colonel feels the squeeze»։ The Economist։ մայիսի 19, 2011։ Վերցված է մայիսի 20, 2011 
  13. «The task of forming a more effective anti-Gaddafi army»։ BBC։ ապրիլի 15, 2011։ Վերցված է հունիսի 28, 2011 
  14. Тарасов Д. Международная панорама — Ливийская армия объявила о приостановке работы временного парламента // ИТАР-ТАСС, 19.05.2014
  15. Мятежный ливийский генерал обещает очистить Бенгази от террористов // РИА Новости, 17.05.2014
  16. В Ливии смертник подорвался у штаб-квартиры главы антитеррора // Полит.ру, 04.06.2014
  17. Армию Правительства национального согласия в Ливии возглавил агент ЦРУԿաղապար:Неавторитетный источник
  18. «Libyan parliament names General Khalifa Haftar army chief»։ Կաղապար:Нп3։ 2 марта 2015։ Վերցված է 4 марта 2015 
  19. «Tobruk’s HoR promotes Khalifa Haftar to a Marshal following capture of oil ports»։ Libyan Express։ 15 сентября 2016։ Վերցված է 22 ноября 2016 
  20. Чугунов Н. В Москве прошли переговоры маршала Хафтара с представителями МИД и МО РФ // Կաղապար:Нп3, 29.11.2016
  21. Кремль прокомментировал визит в Москву маршала Ливии Халифа Хафтара // РБК, 29.11.2016
  22. Кривошеев К. Ливийская национальная армия отбила нефтяные порты // Коммерсантъ, 14.03.2017
  23. Хафтар рассказал о возвращении Бенгази к мирной жизни // РИА Новости, 17.07.2017
  24. Мануков С. Ливия: трудная дорога к согласию и единству // ЕА Daily, 08.05.2017
  25. Командующий ливийской армией попросил у России военной помощи // РИА Новости, 14.08.2017
  26. «Ливийской национальной армии приказали идти в наступление на Триполи»։ RT։ 2019-04-04։ Վերցված է 2019-04-07 
  27. Столица в огне: ливийская армия ведет наступление на Триполи // Известия
  28. [1]
  29. Правительство национального согласия Ливии потребовало арестовать Хафтара
  30. Ливийский тупик
  31. Le maréchal libyen Khalifa Haftar serait hospitalisé à Paris // Le Monde Afrique, 11.04.2018
  32. СМИ сообщили об инсульте у ливийского маршала Хафтара // Телеканал «Дождь», 12.04.2018
  33. EXCLUSIVE: Libya’s Haftar 'suffering irreversible brain damage' // Կաղապար:Нп3, 18.04.2018
  34. Источник сообщил о смерти лидера Ливийской национальной армии Хафтара // РИА Новости, 13.04.2018
  35. Маршал Халифа Хафтар, о «кончине» которого сообщали СМИ, вернулся в Ливию // РИА Новости, 26.04.2018

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]