Ֆեյսբուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեյսբուք
Изображение логотипа
facebook.com
Տեսակսոցիալական ցանց, կայք, Սոցիալական մեդիա, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ և առցանց համայնք
Գրանցումպահանջվում է
Լեզուբազմալեզու
ՍեփականատերMeta, Inc.
ՀեղինակՄարկ Ցուկերբերգ
Բացվածփետրվարի 4, 2004[1]
Ընթացիկ կարգավիճակգործող
Եկամուտ $70,697 միլիարդ (2019)
Զուտ եկամուտ $18,485 միլիարդ (2019)
 Facebook Վիքիպահեստում

Ֆեյսբուք (անգլ.՝ Facebook), աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը[2], որը պատկանում է Meta Platforms ընկերությանը (մինչև 2021 թվականի հոկտեմբերի 28՝ Facebook Inc.)։ Ստեղծվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուզը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։

2007 թվականի կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ 2012 թվականի հոկտեմբերի տվյալներով Ֆեյսբուքն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր[3]։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։

Ֆեյսբուքը գրված է C++ և PHP (HHVM) ծրագրավորման լեզուներով։

Այս կայքի շնորհիվ Մարկ Ցուկերբերգը 23 տարեկանում դարձել է մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատերը[4]։

Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերի քանակը 2017 թվականի հունվարին կազմում էր շուրջ 1 միլիոն։ Ընդհանուր առմամբ Ֆեյսբուքի լսարանի մեծ մասը երիտասարդությունն է։ Այսպես, 13-34 տարեկանների բաժինը կազմում է 72 տոկոս, այսինքն 720 000։ Ըստ Ֆեյսբուքի գովազդային պլատֆորմի տվյալների, Հայաստանից օգտատերերի բաժանորդագրությունների քանակի (լայքերի) ամենամեծ լսարաններ ունեն լրատվականները։ Ըստ alexa.com կայքի դասակարգման Ֆեյսբուքը ամենահաճախ այցելվող կայքն է Հայաստանում[5]։

Հիմնական ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հավանելու» հանրահայտ նշանը Ֆեյսբուքում։

Սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս ընկերների հետ կիսել կարճ հաղորդագրություններ («կարգավիճակներ»), գրառումներ («նշումներ») լուսանկարներ և տեսանյութեր, տեղադրել այլ կայքերի հղումներ, ստեղծել միջոցառումներ և այլն։ Գլխավոր էջում տեսանելի են բոլոր ընկերների վերջին գրառումները՝ լրահոսի տեսքով։ Ընկերները կարող են հավանել, մեկնաբանել և իրենց մյուս ընկերների հետ կիսել այս գրառումները։

Ֆեյսբուքում կարելի է նաև ստեղծել խմբեր, էջեր և հարցումներ, որոնց այլ օգտատերեր կարող են համապատասխանաբար անդամակցել, բաժանորդագրվել և պատասխանել։

Ֆեյսբուքի գաղափարը հղացել է Մարկ Ցուկերբերգի մոտ վաղ երիտասարդական տարիներին, երբ նա դեռ սովորում էր մասնավոր դպրոց Phillips Exeter Academy-ում, որը գտնվում է Նյու Հեմպշիրում։

Դպրոցում տարեկան հրատարակվում էր աշակերտների անուններով, հասցեներով և նկարներով տեղեկատու (բառացի «երեսգիրք»՝ Facebook), և երբ Մարկ Ցուկերբերգը ընդունվեց Հարվարդի համալսարան, հանդես եկավ մի նախաձեռնությամբ, ստեղծելու նմանատիպ ցանցային տարբերակը, սակայն ուսումնական հաստատության վարչակազմը մերժեց նրան, ընդունելով գաղտնիության քաղաքականություն։ Ապա 2003 թվականի հոկտեմբերի 28-ին Մարկ Ցուկերբերգը, լինելով ապագա երկրորդ կուրսեցի, գրում է Facemash կայքի համար մի կոդ, որում օգտագործվում էին զույգերով տեղադրված լուսանկարներ, այն նպատակով, որոշելու թե ով է ավելի հմայիչ այդ երկու անձանցից։

Որպեսզի հասնի իր նպատակին, Մարկը կոտրում է Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան և պատճենահանում մասնավոր նկարները։ Այդ ժամանակ Հարվարդը դեռ չուներ ուսանողական «ալբոմ» (նկարներով և հիմնական տեղեկություններով տեղեկատու)։ Facemash-ը շահագործման առաջին երկու ժամվա ընթացքում գրավեց 450 այցելուի և 22.000 նկարների դիտումներ արձանագրեց։

Կայքը արագ աճեց, սակայն մի քանի օր անց փակվեց Հարվարդի վարչակազմի կողմից, իսկ Մարկ Ցուկերբերգը մեղադրվեց անվտանգության, հեղինակային իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ։ Որպես պատիժ սահմանվեց հեռացումը։ Սակայն վերջնական արդյունքում մեղադրանքները կարճվեցին։ Հետագայում Մարկ Ցուկերբերգը կենտրոնանում է սկզբնական նախագծի վրա։ Նա իր համակուրսեցիների համար բացում է կայք, որտեղ մարդիկ սկսեցին կիսվել նախագծի մասին իրենց մեկնաբանություններով։

Հաջորդ կիսամյակում, 2004 թվականի հունվարին, Մարկ Ցուկերբերգը սկսում է գրել կոդ նոր կայքի համար։ Ըստ նրա խոսքերի, նա ոգեշնչվել էր Facemash-ի դեպքի մասին Harvard Crimson-ի գրած խմբագրական հոդվածից։ 2004 թվականի հունվար 4-ին Մարկ Ցուկերբերգը մեկնարկեց TheFacebook կայքը thefacebook.com հասցեով։ Ֆեյսբուքի անվան միտքը, ամենայն հավանականությամբ պայմանավորված է Մարկ Ցուկերբերգի ավագ դպրոցի ուսումնական տարիների հետ։ Հեղինակավոր Phillips Exeter Academy -ում, որտեղ նա սովորել է, յուրաքանչյուր ընդունվողի տրվում էր ուսանողների տեղեկատու, որը պարունակում էր բոլոր համադասարանցիների նկարները, հասցեները և հեռախոսահամարները։ Տեղեկատուի օրիգինալ անվանումը «The Photo Address Book» էր, բայց բոլոր ուսանողները այն անվանում էին ուղղակի «The Facebook»։

Կայքի մեկնարկումից վեց օր անց, երեք հարվարդյան բարձր կուրսեցիներ՝ Քեմերոն Ուինքլվոսը, Թայլեր Ուինքլվոսը և Դիվյա Նառենդրան, մեղադրեցին Մարկ Ցուկերբերգին այն բանի համար, որ նա միտումնավոր մոլորեցրել է նրանց, իբրև թե կօգնի ստեղծել սոցիալական HarvardConnection.com ցանցը, սակայն դրա փոխարեն Մարկը, օգտագործելով իրենց գաղափարները, կառուցել է մրցակցող արտադրանք։ Նրանք բողոքեցին համալսարանական Harvard Crimson խմբագրությանը, և այն սկսեց հետաքննություն այդ գործով։ Հետագայում հայց է ներկայացվում դատարանում ընդդեմ Մարկ Ցուկերբերգի։ Անդամակցությունը սոցիալական ցանցում ի սկզբանե սահմանափակված էր Հարվարդի ուսանողներով։

Առաջին ամսվա ընթացքում նրանում գրանցած էին Հարվարդի ուսանողների ավելի քան կեսը։ Շուտով Ցուկերբերգին միացան Էդուարդո Սավերինը (ֆինանսների գծով տնօրեն), Դասթին Մոսկովիցը (ծրագրավորող), Էնդրյու Մակ-Կոլլում (նկարիչ) և Քրիս Հյուզը, որպեսզի օգնեն նրան կայքի առաջխաղացման հարցում։ 2004 թվականի մարտին Ֆեյսբուքը ընդլայնվեց մինչև Սթենֆորդի, Եյլի և Կոլումբիայի համալսարաններ։ Հետագայում այն բացվեց նաև այլ ուսումնական հաստատություններում՝ այսպես կոչված «Բաղեղի Լիգա»-ի դպրոցներում, Բոստոնի և Նյու Յորքի համալսարաններում, Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ապա Կանադայի և ԱՄՆ-ի շատ այլ համալսարաններում։

2004 թվականի հունիսին Ֆեյսբուքը տեղափոխվում է Պալո Ալտո (Կալիֆորնիա)։ Նախքան տեղափոխվելը, Ցուկերբերգը և Սավերինը Մանհեթենի չինական ռեստորանում ծանոթանում են Շոն Փարքերի հետ։ Մի քանի շաբաթ անց նրանք հանդիպում են Պալո Ալտոյում։ 2004 թվականի կեսին Ֆեյսբուքը գրանցվում է որպես ընկերություն և Պարկերը դառնում է նրա առաջին նախագահ։ Նույն ամսում ընկերությունը PayPal-ի հիմնադիր Փիթեր Թիլի կողմից ստանում է իր առաջին ավանդները։ Հենց Շոնն է, որ գտնում է Ֆեյսբուքի համար առաջին ավանդատուներին՝ Փիթեր Թիլին, Ռիդ Հոֆմանին, իսկ ներդրումների ստացման գործընթացում հասավ նրան, որ տնօրենների խորհրդում Մարկից առաջ մնա 5 տեղից 3 տեղ։ Թիլի խոսքերով, Շոնն առաջինն էր, որ ներուժ տեսավ ընկերության մեջ և «եթե Մարկի մոտ թեկուզ մի վայրկյան կասկածներ էին առաջանում, Շոնը միանգամից կասեցնում էր դրանք»։

Ֆեյսբուքի գրասենյակը Պալո Ալտոյում։

2005 թվականին Շոն Փարքերը լքում է ընկերությունը։ Չնայած դրան, նա մնում է ներգրավված Ֆեյսբուքի զարգացման գործընթացի մեջ և պարբերաբար հանդիպում է Ցուկերբերգի հետ։

2005 թվականին ընկերությունը գնելով տիրույթի անվանում «facebook.com»-ը 200 000 դոլարով, հեռացնում է «The» մասնիկը իր անվանումից։

2006 թվականի սեպտեմբերի 26-ից հասանելիության ցանց բացվում է ցանկացած ինտերնետ օգտվողի համար, ում 13 տարին լրացել է և ունի էլեկտրոնային փոստի հասցե։

2007 թվականի հոկտեմբերի 24-ին Մայքրոսոֆթը հայտարարեց 1,6% բաժնետոմսերի 240 միլիոն դոլարով գնման մասին, դրանով իսկ գնահատելով ամբողջ ընկերությունը 15 միլիարդ դոլար։ Մայքրոսոֆթը միջազգային իրավունք ստացավ Ֆեյսբուքում գովազդ տեղադրելու։ 2008 թվականի հոկտեմբերին Ֆեյսբուքը հայտարարեց Դուբլինում միջազգային գրասենյակի բացման մասին։ 2009 թվականի սեպտեմբերին առաջին անգամ հայտարարվեց շահույթի ստանալու մասին։ 2010 թվականի նոյեմբերին ըստ SecondMarket Inc -ի տվյալների ընկերության գինը կազմում է 41 միլիարդ դոլար (որը փոքր-ինչ բարձր է, քան Իբէյինը)։ Այդ կերպ Ֆեյսբուքը ԱՄՆ-ում ինտերնետ-ընկերությունների մեջ մեծությամբ դարձավ երրորդը (Google-ից և Amazon-ից հետո)։ 2011 թվականի հունվարի 2-ին Նյու Յորք Թայմս խմբագրության տվյալներով Ֆեյսբուքի գինը հասավ 50 միլիարդ ամերիկյան դոլարի։

Ֆեյսբուքի այցելուների քանակը մեծացավ 2009 թվականի հետո։ 2010 թվականի մարտի 13-ին Ֆեյսբուք այցելեց ավելի մարդ, քան Google։ Ինչպես նաև Ֆեյսբուքը դարձավ լավագույն սոցիալական ցանցը ութ առանձին շուկաներում՝ Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Մալազիայում, Նոր Զելանդիայիում, Հոնկոնգում և Վիետնամում, այն ժամանակ, երբ այլ ապրանքանշանները առաջատար դիրք էին գրավում միայն որոշ շուկաներում, որոնց թվին է պատկանում Google Orkut-ը՝ Հնդկաստանում, Mixi.jp-ը՝ Ճապոնիայում, CyWorld -ը՝ Հարավային Կորեայում, և Yahoo! Wretch.cc -ը արտադրանք Թայվանում։

Անձնական էջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական էջը բաղկացած է մի քանի մասից. գրառումների պատ (որտեղ օգտատիրոջ բոլոր հաղորդագրություններն և թարմացումներն են), անձական տվյալներ, լուսանկարներ, նշումներ, հարցումներ, ընկերներ և այլն։

Տվյալների գաղտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյսբուքի գաղտնիության քաղաքականությունը հնարավորություն է տալիս, որոշել օգտատերին՝ որ տեղեկությունները ում համար հասանելի դարձնել և ում համար անտեսանելի։ Տեղադրված նյութը կարելի է և՛ տեսանելի դարձնել բոլորին, և՛ միայն ընկերներից մի քանիսին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://time.com/3686124/happy-birthday-facebook/
  2. «Most famous social network sites worldwide as of August 2017, ranked by number of active users (in millions)». statista.com (անգլերեն). 2017-08. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. Ուոլ Սթրիթ Ջուրնալ, Facebook: One Billion and Counting , 2012 թվականի, հոկտեմբերի 4 (անգլերեն)
  4. Андрей Колесов (2007-11-01). «Миллиардер в 23 года? В ИТ это возможно!» (ռուսերեն). PC Week. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.
  5. «Հայաստանում ամենահաճախ այցելով կայքերը ըստ alexa.com կայքի». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]