Իվանի մանկությունը
Իվանի մանկությունը ռուս.՝ Иваново детство | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա[1][2] և ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Հիմք | Ivan? |
Թվական | 1962 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրեյ Տարկովսկի[3][1][2] |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Բոգոմոլով, Միխայիլ Պապավա, Անդրեյ Տարկովսկի[4] և Անդրեյ Կոնչալովսկի[4] |
Դերակատարներ | Անդրեյ Կոնչալովսկի[4], Նիկոլայ Բուրլյաև[3][2][4], Վալենտին Զուբկով[3][5], Նիկոլայ Գրինկո[3][6][4], Իրմա Ռաուշ[3][4], Եվգենի Ժարիկով, Ստեպան Կռիլով[3][5] և Valentina Malyavina? |
Օպերատոր | Վադիմ Յուսով |
Երաժշտություն | Վյաչեսլավ Օվչիննիկով |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 95 րոպե |
«Իվանի մանկությունը» (ռուս.՝ Иваново детство), ռազմական դրամա և ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու առաջին լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է 1962 թվականին Վլադիմիր Բոգոմոլովի «Իվան» պատմվածքի հիման վրա։ Պատմվածքը մի տղայի մասին է, որը, պատերազմում կորցնելով ծնողներին, հետախույզ է դարձել թշնամու թիկունքում։ Ռեժիսորի խոսքով՝ ինքը ցանկացել է փոխանցել պատերազմի ողջ հակաբնականությունը և ընտրել է մանկության թեման, քանի որ այն «ամենից շատն է հակադրվում պատերազմին»[7]։
Ֆիլմը Տարկովսկուն համաշխարհային համբավ է բերել և արժանացել է Վենետիկի 23-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե առյուծ», ինչպես նաև մի շարք այլ մրցանակների։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր կերպարների միջև զրույցների և երազների շարքում պարզվում է, որ Իվանի մայրն ու քույրը (և, հնարավոր է, նրա սահմանապահ հայրը) սպանվել են։ Տղան համակված է ատելությամբ և ցանկանում է վրեժ լուծել իր ընտանիքի և գերմանացի զավթիչների կողմից սպանված այլ զոհերի համար։ Շուտով նա միանում է պարտիզանների խմբին և միայն երազներում է վերադառնում անհոգ նախապատերազմյան ժամանակ։
Ֆիլմի սկզբում Իվանը հատում է ճահիճը, որից հետո նրան բռնում են խորհրդային զինվորները և տանում երիտասարդ լեյտենանտ Գալցևի մոտ։ Լեյտենանտը չի հավատում տղայի խոսքերին, որ ինքը մյուս ափից է, քանի որ այնտեղ արդեն նստել է հակառակորդը։ Ինքը՝ Իվանը, պնդում է, որ լեյտենանտը զեկուցի իր մասին շտաբին։ Իվանը հանդիպում է նաև կապիտան Խոլինին՝ ընտանիքի վաղեմի ծանոթին։ Փոխգնդապետ Գրյազնովը տղային ասում է, որ զեկույց պատրաստի գերմանացիների պարեկների մասին, այնուհետև հրահանգում է նրան ուղարկել Սուվորովյան ուսումնարան։ Իվանը հրաժարվում է գնալ թիկունք և ցանկանում է օգնել զինվորականներին։ Այնուամենայնիվ, Գրյազնովը հրամայում է նրան գնալ ուսումնարան։ Տղան փախչում է։ Ճանապարհին նա հայտնվում է այրված գյուղում։ Խրճիթներից մեկի ավերակներում Իվանը հանդիպում է մի ծերունու, որի կնոջը գնդակահարել են գերմանացիները։ Գրյազնովը գտնում է Իվանին և տանում իր հետ, մեկնելուց առաջ տղան մի քիչ ուտելիք է թողնում ծերունուն։ Մինչդեռ Խոլինը ծանոթանում է երիտասարդ բուժքույր Մաշայի հետ, նրանք սիրահարվում են միմյանց, բայց հասկանալով, որ պատերազմի ժամանակ չեն կարող միասին լինել, փորձում են ճնշել իրենց զգացմունքները։
Ավերված տաճարի նկուղում Գալցևը Իվանին տալիս է Ալբրեխտ Դյուրերի փորագրությունների գավաթային հավաքածու, բայց նա՝ ականատես լինելով նացիստների կողմից գրքերի այրմանը, չի հավատում, որ գերմանացիները կարող են նկարիչներ և գրողներ ունենալ։ Մենակ մնալով՝ Իվանը հիշում է գերմանացի զավթիչների կատարած վայրագությունները և գտնելով գերմանական համազգեստը` արցունքներն աչքերին պատկերացնում է, թե ինչպես է գերի վերցնում սպային։ Գիշերը Խոլինն ու Գալցևը Իվանին տեղափոխում են ճահճի միջով։ Հասնելով գետափ` նրանք բաժանվում են․ Իվանը գնում է անտառ՝ հետախուզման, իսկ Խոլինը և Գալցևը վերադառնում են՝ ճանապարհին վերցնելով երկու կախված հետախույզների մարմինները։ Վերադառնալով շտաբ՝ Քոլինը իմանում է, որ Գալցևը Մաշային տեղափոխել է թիկունքի հիվանդանոց։
1945 թվականի մայիս. Խորհրդային զինվորները տոնում են հաղթանակը։ Էկրանին ներկայացված են պարտված ռայխսկանցլերի, Գեբելսի ընտանիքի մարմինների նույնականացման, Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտի ստորագրման, ինքնասպանություն գործած նացիստի և Բեռլինի՝ սպիտակ դրոշներով տների կադրերը։ Կապիտան Գալցևի ներքին մենախոսությունից պարզվում է, որ Խոլինը զոհվել է պատերազմում։ Վերլուծելով գերմանական փաստաթղթերը՝ Գալցևը իմանում է, որ Իվանը գերեվարվել և մահապատժի է ենթարկվել։ Մահապատժի սենյակում կապիտանը, նայելով գիլիոտինին, լսում է Իվանի դահիճների երևակայական ելույթը։
Եզրափակչում հանդիսատեսին ցուցադրվում է Իվանի վերջին հիշողությունը՝ ավազոտ ափը, որի վրա նա այլ երեխաների հետ պահմտոցի է խաղում։ Ափին կանգնած է չոր ծառ՝ առաջիկա պատերազմի մռայլ նախանշանը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Բուրլյաև՝ Իվան Բոնդարև
- Վալենտին Զուբկով՝ կապիտան Խոլին
- Եվգենի Ժարիկով՝ ավագ լեյտենանտ Գալցև
- Ստեպան Կռիլով՝ ավագ Կատասոնով
- Նիկոյալ Գրինկո՝ փոխգնդապետ Գրյազնով
- Վալենտինա Մալյավինա՝ Մաշա
- Վլադիմիր Մարենկով՝ Մալիշև
- Դմիտրի Միլյուտենկո՝ խելագար ծերունի
- Իրինա Տարկովսկայա (Իրմա Ռաուշ)՝ Իվանի մայր
- Նիկոլայ Սմորչկով՝ ավագ
- Անդրեյ Միիխոլկով-Կոնչալովսկի՝ զինվոր, Մաշայի ծանոթ
- Իվան Սավկին՝ զինվոր
- Վերա Միտուրիչ՝ աղջիկ բեռնատարի վրա, Իվանի ընկերուհի
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Բոգոմոլովը գրել է «Իվան» պատմվածքը 1957 թվականին։ Պատմվածքում երիտասարդ լեյտենանտ Գալցևը նկարագրել է տասներկու տարեկան հետախույզ Իվան Բոնդարևի հետ մի քանի պատահական հանդիպումներ։ Տղայի բոլոր հարազատները մահացել են, իսկ մայրը՝ անհայտ կորել։ Պատմությունը թարգմանվել է ավելի քան քսան լեզուներով և գրավել կինոդրամատուրգ Միխայիլ Պապավայի ուշադրությունը։ Պապավան դրա հիման վրա սցենար է գրել՝ լավատեսական ավարտով՝ ժամանակի ոգուն համաձայն։ Պատմության մեջ Իվանը մահանում է, իսկ սցենարում պատերազմից հետո Գալցևը պատահաբար գնացքում հանդիպում է Իվանին իր հղի կնոջ հետ և հանդիսավոր կերպով արտասանում. «Օրհնյալ լինի խաղաղությունը»։ Մոտավորապես նույն ժամանակ Կոմսոմոլսկայա պրավդա օրաթերթում հոդված է հրապարակվել 1941 թվականին Դնեպրում բանակին օգնած երիտասարդ հետախույզների մասին։ Այն ավարտվել է «Արձագանքեք, երիտասարդ հերոսներ» բառերով։ Բոգոմոլովը՝ ինքը նախկին հետախույզը, զանգահարել է թերթի խմբագրություն և իմացել, որ ոչ ոք չի արձագանքել. բոլորը զոհվել են։ Այն ժամանակ էլ նրա մասնակցությամբ գրվել է սցենարի նոր տարբերակ՝ օրիգինալ ավարտով։
«Իվան» ֆիլմի բեմադրությունը նախ վստահվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր Էդուարդ Աբալովին։ Նրա նկարահանած նյութը 1960 թվականի օգոստոսի 16-ի և նոյեմբերի 1-ին միավորման գեղարվեստական խորհրդի սուր քննադատությունն էր առաջացրել։ «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրենի 1960 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 466 հրամանի համաձայն՝ «Իվան» ֆիլմի վրա աշխատանքները դադարեցվել են այն պատճառով, որ արշավախմբում նկարահանված նյութերը համարվել են անբավարար, իսկ դրանց հետագա օգտագործումն՝ անհնար։ Ֆիլմի ծախսերը դուրս են գրվել վնասով։ 1961 թվականի հունիսի 16-ի մեկ այլ հրամանի համաձայն՝ ֆիլմի աշխատանքները վերսկսվել են 1961 թվականի հունիսի 15-ին՝ բեմադրող ռեժիսոր Տարկովսկու, օպերատոր Յուսովի և բեմադրող նկարիչ Չերնյաևի կողմից։
Քսանինը տարեկան Անդրեյ Տարկովսկու համար սա առաջին լիամետրաժ ֆիլմն է եղել։ Նկարահանումները տևել են հինգ ամիս, նախահաշվի խնայողությունը կազմել է 24000 ռուբլի։
Իվանի դերի համար անմիջապես հաստատվել է Նիկոլայ Բուրլյաևը, որին մինչ այդ Անդրեյ Կոնչալովսկին նկարահանել է իր «Տղան և աղավնին» դիպլոմային ֆիլմում։ Հետագայում Բուրլյաևը հիշել է Տարկովսկու մասին. «Նա ձգտում էր լիակատար ճշմարտության, այլ ոչ թե խաղի»։
Տարկովսկին Վլադիմիր Վիսոցկիին խնդրել է մասնակցել կապիտան Խոլինի դերի լսումներին, սակայն գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ դրանք անհաջող են։ Արդյունքում Խոլինի դերը կատարել է Վալենտին Զուբկովը[8]։
Ընկալում և ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իվանի մանկությունը» Տարկովսկու կոմերցիոն առումով ամենահաջողված ֆիլմերից մեկն է եղել, ԽՍՀՄ-ում վաճառվել է մոտ 16,7 միլիոն տոմս։ Տարկովսկու կինոնկարը, ինչպես նաև խրուշչովյան ձնհալի ժամանակաշրջանի այլ դրամաներ, ինչպիսիք են ՝ «Թռչում են կռունկները», «Մարդու ճակատագիրը» և «Բալլադ զինվորի մասին», փոխել են ռազմական ժանրի հանդեպ մոտեցումը՝ առաջին պլան բերելով մարդկանց կործանված ճակատագրերը, զոհերը և պատերազմի դժվարությունները։
Հայտնի ռեժիսորներ, ինչպիսիք են Ինգմար Բերգմանը, Սերգեյ Փարաջանովը և Քշիշտոֆ Կիշլովսկին, բարձր են գնահատել ֆիլմը և նշել, որ այն ազդել է իրենց ստեղծագործության վրա[9]։ «Իվանի մանկությունը» ֆիլմի տեսարանները մեջբերված են այլ ստեղծագործություններում, այդ թվում՝ «Մեռյալը», «Փրկվածը» ֆիլմերը և «Իսկական դետեկտիվ» սերիալը[10][11]։
Ժան Պոլ Սարտրը Մոսկվա կատարած այցի ժամանակ ներկա է գտնվել «Իվանի մանկությունը» ֆիլմի պրեմիերային։ Նա հանդիպել է Տարկովսկու և Կոնչալովսկու հետ, այնուհետև բարձր գնահատական է տվել ֆիլմին «Ունիտա» և «Լեթր Ֆրանսեզ» թերթերում[12]։
Ալբերտո Մորավիան, քննադատելով ֆիլմը, նշել է, որ այն նոր ձևով օգտագործում է ստալինյան կինոյի դրամատուրգիայի հին սխեման, որը նման է Վալենտին Կատաևի պատմվածքի հիման վրա նկարահանված «Գնդի որդին» ֆիլմում օգտագործվածին[13]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխավոր մրցանակ («Ոսկե առյուծ») 1962 թվականի Վենետիկի կինոփառատոնում (Վալերիո Ձուրլինիի «Ընտանեկան տարեգրություն» ֆիլմի հետ միասին)
- «Ոսկե դարպասներ» մրցանակ 1962 թվականի Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի «Լիամետրաժ խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգում[14]
- «Պալենկեի Ոսկե գլուխ» գլխավոր մրցանակ 1963 թվականի Ակապուլկոյի միջազգային կինոփառատոնում
- Հատուկ դիպլոմ 1970 թվականի Չեխոսլովակիայի Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում
- 15-ից ավելի այլ մրցանակներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0056111/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film821634.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.bbfc.co.uk/releases/ivans-childhood-film-0
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt0056111/fullcredits
- ↑ http://stopklatka.pl/film/dziecko-wojny-1962
- ↑ «ТАРКОВСКИЙ – ОБ «ИВАНОВОМ ДЕТСТВЕ»». www.mosfilm.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Высоцкий и кино // vmdaily.ru(չաշխատող հղում)
- ↑ Fergus Daly, Katherine Waugh. «Ivan's Childhood – Senses of Cinema» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Dina Iordanova. «Ivan's Childhood: Dream Come True». The Criterion Collection (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «17 сцен фильма «Выживший», которые повторяют Тарковского». People talk (ռուսերեն). 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Фрейлих С. И. Теория кино: От Эйзенштейна до Тарковского. — М.: Искусство, 1992. — 360 с. — ISBN 9785210023971
- ↑ А. А. Тарковский в беседе с Германом Херлингхаузом // Киноведческие записки. — ISSN 0235-8212. — Т. 14. — 1992. — № 1. — С. 41.
- ↑ Страница фильма. Международный кинофестиваль в Сан-Франциско Արխիվացված 2016-03-04 Wayback Machine history.sffs.org
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեյլիխ Ս․ Ի․ Կինոյի տեսություն․ Էյզենշտեյնից մինչև Տարկովսկի։ — М.: Академический проект; Фонд «Мир», 2008. — 512 с. — (Gaudeamus). — ISBN 978-5-902358-03-9, ISBN 978-5-8291-0962-2, ISBN 5-8291-0780-5, ISBN 5-902357-58-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тарковский А. «Կյանքը ծնվում է աններդաշնակությունից»։ Զրույցը վարեց Նիկոլայ Գիբուն(չաշխատող հղում) // Կինոգիտական նոթեր — 2001. — № 50։
- «Մոսֆիլ,». — Թող. IV: Երբ ֆիլմն ավարտված է։ Խոսում են «Մոսֆիլմի» ռեժիսորները։ — М.: Искусство, 1964. — էջ 14։
- «Իվանի մանկությունը» ֆիլմի պաստառը ճապոներեն
- «Իվանի մանկությունը» գեղարվեստական ֆիլմը Արխիվացված 2015-08-26 Wayback Machine Մոսֆիլմ կինոկոնցեռնի պաշտոնական կայքում։
- Մարդ, որը տեսել է հրեշտակին․ Անդրեյ Տարկովսկի՝ Նիկոլայ Բուրլյաևը — «Անձի պաշտամունք» հաղորդման ժամանակ, Ազատություն ռադիոկայան, 2019 թվականի հուլիսի 13-ին։
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1962 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Անդրեյ Տարկովսկու ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր որբերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- 1962 դրամա ֆիլմեր