Բողոքի ցույցեր Երևանում (2023)
Բողոքի ցույցեր Երևանում (2023) | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | Սեպտեմբերի 19, 2023 | -Սեպտեմբերի 30, 2023||
Վայր | Հայաստան | ||
Պատճառ | Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններ[1] | ||
Նպատակ |
| ||
Մեթոդ | Ցույցեր, քաղաքացիական անհնազանդություն, համացանցային ակտիվիզմ | ||
Կարգավիճակ | Ավարտվեց
| ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
Կորուստներ | |||
|
Բողոքի ցույցեր Երևանում, Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված զանգվածային բողոքի ցույցեր, որի պատճառ է հանդիսացել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունները[1][13]։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակում են Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները[1]։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողները պահանջում են, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը[2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2022-ի հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս[4]։
Ադրբեջանի ներխուժում Արցախ
[խմբագրել | խմբագրել կոդը]ժամը 13։ 00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախայան շփման գծի ողջ երկայնքով խախտում է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Իրադարձությունների ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունները Երևանի փողոցներ են դուր բերում բազմաթիվ քաղաքացիների[1]։ Ոստիկանական նորանոր ուժեղացված խմբեր գալիս են կառավարության շենքի մոտ[1]։ Քաղաքացիները փակում են հարակից փողոցը[1]։ Բողոքի ակցիա իրականացնողները մտահոգված էին Արցախում ստեղծված իրավիճակով, շատերը չէին կարողանում կապ հաստատել Արցախում գտնվող իրենց ընտանիքի անդամների հետ[1]։ Հավաքվածները Հայաստանի իշխանությունից պահանջում են կանխել Արցախում սկսված պատերազմը[1]։
Ակցիայի մասնակից արցախցի ուսանողներից մեկը բարձրախոսով հորդորում է կառավարության շենքում գտնվողներին իջնել ու նայել իրենց աչքին․ «Մինչ պատերազմը գնում էիք Արցախ, այնտեղ խրախճանքներ էիք անում, ասում էիք՝ Աղդամը մեր հայրենիքն է։ Հիմա ի՞նչ, հայրենիքը չէ՞։ 120 հազար հայրենակիցները ձերը չե՞ն։ Ընտրությո՞ւն եք խաղում, վերահաշվա՞րկ եք անում։ Մեզ սպառնում է Ազգային ժողովի նախագահը, ասում է՝ անվտանգության խնդիրներ են լինելու։ Ո՞ւմ եք սպառնում»[1]։
Ակցիայի մեկ այլ մասնակից հայտարարում է․ «Նույնիսկ այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը շանտաժ է անում ժողովրդին՝ ասելով, եթե ավել ձայներ չտաք, որ անցնենք, ավելի վատ է լինելու։ Նրանք Արցախում տեղի ունեցող ցեղասպանությունն օգտագործում են հօգուտ ներքաղաքական շահի։ ՊՆ-ն Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեսե՞լ եք՝ ինչ հայտարարություն է արել, ասում են՝ Հայաստանի սահմաններին հանգիստ է, ասել է թե՝ մենք ձեզ հետ կապ չունենք, իրենց թողեք՝ ցեղասպանվեն։ ՀՀ-ն պետք է տեր կանգնի Արցախին, տեր կանգնի՝ 120 000 հայի, չեք լռեցնի մեզ», ապա հավելելում, թե Նիկոլ Փաշինյանը ցեղասպանում է Արցախը[1]։ Մեկ այլ քաղաքացի էլ հայտարարում է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները ոչինչ չեն անում արցախցիների անվտանգությունն ապահովվելու համար՝ պնդելով, թե նրանք ծառայում են ադրբեջանա-թուրքական տանդեմին և պետք է նրանց հեռացնել[1]։
Ակցիայի մասնակիցներից, 44-օրյա պատերազմում զոհված զինվորի մայր Ալիսա Գևորգյանի խոսքով էլ նրանք, ովքեր սահմանից այս կողմ են գտնվում, մեկ անելիք ունեն․ «պետք է հեռացնել սահմանից այս կողմ գտնվող թշնամուն, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք անել»[1]։
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակում են Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները[1]։ Նրանք վանկարկում են՝ «հայեր միացեք»[1]։ Քաղաքացիներից մեկը հորդորում է ակցիայի մասնակիցներին ուղիղ եթեր մտնել, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ է տեղի ունենում Արցախում ու Հանրապետության հրապարակում[1]։ Ակցիային մասնակից ուսանողներից մեկը նշում է, որ «պահանջում են ՀՀ իշխանություն կոչվածներից նախ և առաջ ոչ թե դիրքորոշում հայտնել՝ 3-4-րդ երկրի նման, այլ տեր կանգել Արցախին, 120 հազար արցախահայությունը»[1]։
Միևնույն ժամանակ, ժամը 17։ 30-ի դրությամբ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացնում Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ ընթանում էր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը[2]։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողները պահանջում են, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը[2]։
Ժամը 18։ 00-ի դրությամբ Կառավարության շենքի դիմաց քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվում է, քաղաքացիների ու ոստիկանների միջև սկսվում է հրմշտոց[12]։ Քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»[12]։ Ոստիկանները պատ են կազմում և թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին[12]։ Ակցիայի մասնակիցներից մի երիտասարդ պարանոցի շրջանում վնասվածք է ստանում[12]։ Ավելի ուշ հրմշտոցը դադարում է, սակայն պահպանվում է լարվածությունը[12]։
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակից՝ վիրաբույժ, «Տոնոյան» բժշկական կենտրոնի հիմնադիր Տարոն Տոնոյանը իր ելույթում նշում է, որ «վիճակն օրհասական է, մեր քայլերի մեջ պետք է լինի կազմակերպվածություն, էմոցիոնալ ելույթներով, ցաքուցրիվ, առանց կազմակերպվածության, դրանք այն քայլերն են, որոնք բաղձալի իրավիճակ է ստեղծում այս իշխանությունների համար։ Նրանք ուժ չեն կիրառելու, մտածում են, որ գործողություններ չեն լինելու, էմոցիաները կպարպենք ու կվերադառնանք մեր տները։ Այս անգամ մենք մեր համախմբվածությամբ պետք է ցույց տանք, որ իրոք, արցախցիների կողքին կանգնած ենք։ Այն արցախցիների կողքին, որոնք 44-օրյա պատերազմին տվեցին մոտ 900 զոհ։ Մենք չգնահատեցինք արցախցիներին։ Այսօր արցախցիները վիրավորներին տարհանելու համար բենզին չունեն, վիրավորները դիրքերում են, չեն կարողանում տեղափոխել հիվանդանոցներ, բայց արցախցին, վստահեցնում եմ՝ պատասխան գործողություններ է անում։ Այլապես Ադրբեջանի ուժերը անարգել կմտնեն Ստեփանակերտ[9]։ Այլևս մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բազմիցս և այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը որևէ գործողություն չի անելու Արցախի անվտանգությունը և արցախցիների ցեղասպանությունը կանխելու համար»«Իշխանությունը պետք է հրաժարվի Պրահայի հայտարարությունից եւ հայտարարի զորահավաք. Տարոն Տոնոյան». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.:
Ժամը 18։ 50-ի դրությամբ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում Կառավարության շենքի մոտ, իսկ ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը գտնվում է Կառավարության բակում[11]։
Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտարարում է․ «Առաջին հերթին դիմում եմ ոստիկանությանը՝ որևէ քայլ չձեռնարկել ՀՀ քաղաքացիների դեմ. դուք երդվել եք ծառայել Հայաստանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին. Որևէ ուժային գործողություն կդիտարկվի որպես սադրանք խաղաղ և ինքնաբուխ հավաքի դեմ»։ Նա նաև կոչ է անում քաղաքացիներին չտրվել որևէ սադրանքի և որևէ կոնֆլիկտ չստեղծել. «Դիմում եմ ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են և չեն մասնակցել Երևանի ընտրություններին։ Երեք ժամվա ընթացքում հավաքվեք Հանրապետության հրապարակում և այդ դեպքում ես խոստանում եմ ճանապարհային հստակ քարտեզով խնդիրը լուծել և հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին[4]։ Հայաստանում պետք է ձևավորվի նոր ժամանակավոր կառավարություն. Դրան զուգընթաց մենք նախաձեռնելու ենք համապատասխան կոմիտեի ձևավորում, որը կառաջնորդի, կկառավարի և կկազմակերպի հանրության բոլոր գործողությունները և մենք միասնաբար կիրականացնենք այն փոփոխությունները, որոնց սպասում է մեր ժողովուրդը»[5]։
Քրեական վարույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Ուրիխանյանի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանն իր «ֆեյսբուք» սոցիալական կայքում, www.youtube.com կայքի «Тигран Уриханян» վերնագրով և «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն» գրառմամբ տիտղոսային պատկերով օգտագհաշիվներով հրապարակել է «Կոչ եմ անում դուրս գալ փողոց» վերտառությամբ տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում պարունակվում են իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր»[3]։
Հայաստանի քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, Հայաստանի քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախաձեռնվում է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն[3]։ Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ սոցիալական ցանցերում առկա են նման բովանդակության այլ հրապարակումներ ևս, որոնք այդ պահի դրությամբ ուսումնասիրվում են[3]։
Խաչիկ Հակոբյանի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի քննչական կոմիտեն իր հրապարակած հաղորդագրության մեջ ասում է․ «ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է 2-րդ քրեական վարույթը։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Խաչիկ Հակոբյան» անվամբ հանդես եկող օգտատիրոջ անձնական էջում տեղադրվել և հրապարակվել է տեքստ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։ Նկատի ունենալով, որ հրապարակումն իր մեջ առերևութ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։ ՀՀ քննչական կոմիտեն կրկին կոչ է անում ազգաբնակչությանը դրսևորել քաղաքացիական վարքագիծ, չկատարել հասարակական կյանքը խաթարելուն, ներքին անվտանգությունը սասանելուն և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններ, նման գործողությունների դիմելու կոչեր։ ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորությունների ողջ ծավալով հետամուտ է լինելու նման հանցավոր արարքներին համաչափ քրեաիրավական գնահատական տալուն և դրանք կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն»[7]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանության արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի քննչական կոմիտեն հանրությանը կոչ է անում դրսևորել օրինապաշտ, իրավահպատակ վարքագիծ, զերծ մնալ հակաիրավական, պետության անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններից, դրանց դիմելուն ուղղված կոչեր հնչեցնելուց[3]։
- ՀՀ ներքին գործերի նախարարություն. «Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում ենք քաղաքացիներին։ Հարգելի՛ քաղաքացիներ։ Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից։ ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»[6]։
Իշխանամերձ կուսակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանրապետություն կուսակցությունը ներքին հանդուրժողականության և համախմբման կոչ է անում հանրությանը․ «Մեր հակադրություններից միանշանակ օգտվելու են Հայաստանի Հանրապետության թշնամիները՝ փորձելով պատերազմը տեղափոխել մեր տարածք, նպատակ ունենալով ուժային ճանապարհով բացել Նախիջևանին կապող միջանցքը և զրկել Հայաստանը ինքնիշխանությունից, վերածելով ՌԴ նահանգի։ ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին կոչ ենք անում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և հանրային միջոցառումներին մասնակցելուց։ Ստեղծված վիճակի լուծումն արտաքին դաշտում նպատակամղված և ճկուն աշխատելու մեջ է։ Վստահ ենք, որ ՀՀ քաղաքացին կցուցաբերի իմաստնություն և թույլ չի տա Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան արդեն ակնհայտ թշնամական եռյակին ներքին հակադրություններ հրահրելով, երկիրը հանել վերահսկողությունից»[8]։
Հայտնի անձնանց արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Համբիկ Սասունյանի ելույթը բողոքի ակցիայի ժամանակ․ «Ժողովուրդ ջան, լսե՛ք, անունս՝ Համբիկ Սասունյան է, Լիբանանից եմ, Ամերիկայից եմ եկել։ Շատերը գիտեն, որ ես 80-ականներին զինյալ պայքարի մաս եմ կազմել։ Լոս Անջելեսում թուրք հյուպատոս եմ սատկացրել։ 40 տարի տարի բանտ եմ նստել Հայաստանի և Արցախի համար, պետք լինի՝ 40 տարի էլ կնստեմ, մենք պետք է փրկենք Հայաստանն ու Արցախը դավաճան շներից։ Դա լավ իմացեք ժողովուրդ ջան։ Մենք ապրում ենք դավաճաններով։ Նիկոլ՛, լավ լսե ինձի, անունս Համբիկ Սասունյան է, եթե չես գիտեր, դու քո արժանի պատասխանը պետք է ստանաս, դավաճան շուն։ Արցախում հայ երեխաներն են սպանվում, իսկ դու քո Աննայի հետ քեֆ ես անում, դու պիտի պատժվիս, լավ իմացիր։ Դու անպատիժ չես մնա Եռաբլուրի, Արցախի, ազգի դավաճանության գինը պետք է վճարես։ Անոնք, որ քեզի կծառայեն, նրանք ևս արժանի պատիժը պետք է կրեն»[10]։
- «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյան. «Արցախում Ադրբեջանի հնցավոր գործողությունները, բացի այն, որ Ադրբեջանն ինքն է նախաձեռնել, պատճառ ու հետևանք է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Դա տեղի է ունեցել պաշտոնապես 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Հետևաբար, ես այս հրապարակի անունից դիմում եմ իշխանության աթոռը զավթածներին՝ հրաժարվեք պրահյան գործընթացից։ Քանի դեռ Նիկոլ փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը, պարտվոր է հենց հիմա այդ իմ ասած 3 ժմում հայտարարել, որ քանի որ Ադրբեջանը օգտվելով պրահյան գործընթացից և չկատարելով Հաագայի միջազգային դատարանի որոշումը, խախտելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ապօրինաբար պաշարման մեջ է պահում Արցախը, հետևբար պետք է ինքը պաշտոնապես հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախի ճանաչումը իր կողմից ճնաչելուց։ Պահանջ համար 3. Եթե ինքը չի հրաժարվում պարհյան գործընթացից և չի հրաժարվում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու իր որոշումից, այս կարճ ժամանակահատվածում հնարավորություն չի ստեղծում ՀՀ դիվանագիտության համար ճանապարհներ գտնելու համար, ինքը պետք է պատրաստ լինի տալու և ԱԺ արտահերթ նիստում մենք պետք է ընդունենք նոր կառավարություն, որի ձևավորումից ամիսներ կամ մեկ տարի անց տեղի կունենան ԱԺ նոր ընտրություններ»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 «Արցախում պատերազմ է. Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել. Ոստիկանական ուժեր են ավելանում». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի դիմաց». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել. ՔԿ». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Երեք ժամվա ընթացքում հավաքվեք հրապարակում եւ ես խոստանում եմ ճանապարհային հստակ քարտեզով խնդիրը լուծել. Թեւանյան». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. զուգընթաց նախաձեռնենք կոմիտե. Թեւանյան». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից. ՆԳՆ-ն զգուշացնում է». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով կոչ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է 2-րդ վարույթը». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «ՀՀ քաղաքացին թույլ չի տա Թուրքիա-Ադրբեջան-ՌԴ թշնամական եռյակին երկիրը հանել վերահսկողությունից․ «Հանրապետություն»». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 9,0 9,1 «Վիրավորներին դիրքերից չեն կարողանում հոսպիտալներ տեղափոխել, բենզին չկա. Տարոն Տոնոյան». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 10,0 10,1 «Նիկո'լ Փաշինյան, թքեմ քո ճակտին, դուն դավաճան մըն ես. Համբիկ Սասունյան». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 11,0 11,1 «Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Կառավարության բակում է». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «Կառավարության շենքի դիմաց հրմշտոց սկսվեց. Քաղաքացիներից մեկի վզից արյուն էր հոսում». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ ««Հենց հիմա Արցախի ճակատագիրը որոշվում է այս խրամատում». Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները փակ են». news.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.