Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     Տարածքներ, որոնք պատերազմի ժամանակ գրավվել են Ադրբեջանի կողմից։      Տարածքներ, որոնք նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո վերադարձվել են Ադրբեջանին։      Արցախի տարածքներ, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ անձնակազմը։      Բերձորի միջանցքը և Դադիվանքը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ անձնակազմը։

Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ անձնակազմն Արցախում, որը տեղակայվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո։ Դրանով ավարտվել էր Արցախում 44-օրյա պատերազմը։ Ռուսական խաղաղապահ անձնակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով (սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ից)։ Այն կարող է երկարաձգվել ևս 5 տարով, եթե հայտարարության կողմերից որևէ մեկը, ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ, չհայտարարի այն մասին, որ մտադիր է դադարեցնել այս դրույթի կիրառումը։

Ռուսական խաղաղապահ անձնակազմը տեղակայվել է Արցախում շփման գծի ողջ երկայնքով և Բերձորի միջանցքում։ Խաղաղապահ ուժերի հրամանատարության շտաբը տեղակայված է Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում՝ Իվանյան բնակավայրում[1]։

Հրադադարի առաջին խոշոր խախտումը, որը տարածաշրջանում գրանցվել է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո, տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Հադրութի մերձակայքում։ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, ինչպես նաև 4-րդ դար Կատարո վանքը պատերազմի արդյունքում մնացել էին Արցախի կազմում։ Հակառակ հրադադարի մասին համաձայնագրին, բախումներ սկսեցին այդ շրջանում, և ադրբեջանական ուժերը դեկտեմբերի 12-ին գրավեցին Հադրութի շրջան այդ մնացյալ մասը[2]։ Ռազմական այդ գործողությունից հետո ռուսական խաղաղապահ ուժերը միայն հրադադարի պահպանման խնդրանքով դիմել են երկու կողմերին, իսկ հաջորդ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է քարտեզ, որտեղ բռնազավթված շրջանը դուրս է թողնվել խաղաղապահ առաքելության սահմաններից։

Արցախի Հանրապետության շարունակվող շրջափակումը միջազգային քննադատության է արժանացել և կասկածի տակ է դրվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին եռակողմ համաձայնագրով Բերձորի միջանցքով տեղաշարժի ազատության և անվտանգության ապահովման հարցում իրենց առաքելությունն իրականացնելու խաղաղապահների կարողությունը և պատրաստակամությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտարարության ստորագրումից հետո՝ Արցախում շփման գծի ողջ երկայնքով կողմերը սկսեցին հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը[3]։

Բերձորի միջանցքի ուղղությամբ ռուսական խաղաղապահ անձնակազմի երթը։

Նոյեմբերի 10-ին խաղաղապահ անձնակազմը տեղափոխող Իլ-76 տեսակի առաջին ինքնաթիռները, որոնք կազմված էին Ռուսաստանի կենտրոնական զինվորական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներից, մեկնել են Ուլյանովսկ-Վոստոչնի օդակայանից դեպի Երևան՝ հակամարտության գոտի անձնակազմի, ավտոմոբիլային տեխնիկայի, զրահափոխադրիչների ու նյութական միջոցների փոխադրման համար[4]։ Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ անձնակազմի ստորաբաժանումները ստանձնել են վերահսկողությունը Բերձորի միջանցքի և Բերձոր-Լիսագոր ավտոճանապարհի մի հատվածի նկատմամբ։ Գորիս- Ստեփանակերտ ավտոճանապարհի ողջ երկայնքով ռուսական խաղաղապահները տեղադրել են ժամանակավոր անցակետեր ու դիտակետեր։ Բրիգադի 1-ին մոտոհրաձգային գումարտակի ստորաբաժանումները Երևանի Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարելուց և բեռնաթափումից հետո, իրականացրել են 300-կիլոմետրանոց երթ՝ հասնելով մինչև Գորիսի շրջան[5]։ Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմի առաջին հրամանատարը եղել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը[6][7]։

Նոյեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Արցախում խաղաղապահների աշխատանքների կարգը հաստատող հրամանը[8]։ Նույն օրն էլ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը մտել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ[3], որտեղ սկզբնական շրջանում տեղակայված էր խաղաղապահ ուժերի հրամանատարության շտաբը[9]։ Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի և Շուշիի հատվածներում տեղակայվել է 4 դիտակետ։ Ընդհանուր առմամբ, երեք օրվա ընթացքում իրականացվել է 73 ավիաթռիչք, տեղափոխվել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա[10]։

Ռուսաստանցի սակրավորն Արցախում ականազերծման աշխատանքների ժամանակ, 2021 թվականի հունիս։

Նոյեմբերի 14-ից խաղաղապահ անձնակազմի կազմում ձևավորվել, իսկ նոյեմբերի 20-ից սկսել է գործել «Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը», որի խնդիրների թվում է Արցախում փախստականների վերադարձի ժամանակ անվտանգության ապահովումը։ Կենտրոնի կազմում, բացի ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, ներառված են նաև ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ուժերն ու միջոցները, ինչպես նաև ՌԴ գործադիր իշխանության դաշնային մյուս մարմինների ներկայացուցիչները։ Կենտրոնի ղեկավար էր նշանակվել գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը[11][12]։

Նոյեմբերի 15-ի դրությամբ՝ ռուսական խաղաղապահ ուժերը Բերձորի միջանցքում (Աղավնո - Լիսագոր հատվածում) տեղակայել էին 7 ժամանակավոր դիտակետ և ևս 18-ը՝ Արցախի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։ Ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարումն իրականացվում է Ստեփանակերտում տեղակայված հրամանատարական կետից[13]։

2020 թվականի նոյեմբերի 23-ին Արցախի շրջանների ականազերծման աշխատանքներին միացել են Ռուսական միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները[14]։

2020 թվականի դեկտեմբերի 17-ին ճանապարհահատվածի ականազերծման ժամանակ զոհվել է ռուսական խաղաղապահ անձնակազմի սպա[15]։

«Միջազգային ճգնաժամային խումբը», ամփոփելով 2022 թվականը և խոսելով 2023 թվականի հավանական հակամարտությունների մասին, նշել է նաև տարածաշրջանում ռուսական խաղաղապահների գործողությունները[16].

Ռուսական խաղաղապահները նախորդ տարի չեն կանգնեցրել մի քանի բռնկումներ։ Ադրբեջանական զորքերը մարտին և օգոստոսին նոր տարածքներ են գրավել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում ռազմավարական լեռնային դիրքեր։ Սեպտեմբերին ադրբեջանական ուժերը տարածք են գրավել հենց Հայաստանի ներսում։ Յուրաքանչյուր բախում դառնում էր առավել արյունալի։

Ինչպես նշում է «Der Spiegel»-ը, 2022 թվականին Մոսկվայի խաղաղապահ առաքելությունը չի կարողացել Ադրբեջանին զերծ պահել հարձակումներից և Լեռնային Ղարաբաղի խորք հետագա առաջխաղացումից[17]։

Թվաքանակ և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակը կազմում է 1960 զինծառայող։ Զորակազմն ունի հրաձգային զենք, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտո և հատուկ տեխնիկա, ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի 4-ական Մի-8 և Մի-24 ուղղաթիռ, 7 անօդաչու թռչող սարք[18]։ Զորակազմի կորիզը կազմում են ՌԴ կենտրոնական զինվորական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները։

Խաղաղապահ զորակազմի կազմում սկսել է գործել «Մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնը»[11][12], որը ներառում է 5 կենտրոն. Մարդասիրական ականազերծման կենտրոնը, Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը (այդ թվում հոգեբանական աշխատանքների բաժինը, հեռուստա և ռադիոհեռարձակման կայանները, «Вестник миротворца» թերթի խմբագրությունը), Տրանսպորտային ապահովման կենտրոնը, Բժշկական ապահովման կենտրոնը, Առևտրակենցաղային ապահովման կենտրոնը[19]։

Հրամանատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2020 թվականի նոյեմբերի 11-ից 2021 թվականը սեպտեմբերի 9-ը խաղաղապահ զորակազմի հրամանատարը եղել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
  • 2021 թվականի սեպտեմբերի 25-ից 2022 թվականի հունվարի 12-ը խաղաղապահ զորակազմի հրամանատարը եղել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը[20]։
  • 2022 թվականի հունվարի 12-ից խաղաղապահ անձնակազմի գործող հրամանատարն է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է Ալեքսանդր Ատասունցևը, «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ելքը փոխել է տարածաշրջանում Ռուսաստանի դրությունը։ Այն արբիտրից վեր է ածվել ուղղակի միջնորդի։ Ավելի քան երկու հազար ռուսաստանցի խաղաղապահ, որոնք տեղակայված են Ղարաբաղում, չեն օգնել։ Նրանք դարձել են տարածաշրջանում հայ ժողովրդի անվանական, բայց ոչ իրական պաշտպանությունը։ Տեղակայումից երկու տարի անց նրանք չունեն նույնիսկ հստակ ամրագրված մանդատ, որը կարգավորում է զենքի կիրառումը»[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անվանումը համաձայն Արցախի վարչատարածքային բաժանման։
  2. «Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը հայկական վերահսկողությունից դուրս են հայտնվել Ռուսաստանի հրապարակած նոր քարտեզում» 
  3. 3,0 3,1 Российские миротворцы вошли в Степанакерт / РИА «Новости»
  4. Российские миротворцы вылетели в Карабах
  5. Российские миротворцы взяли под контроль Лачинский коридор
  6. Группировку российских миротворцев в Карабахе возглавил генерал Мурадов
  7. Генерал Рустам Мурадов назначен командующим миротворцами в Карабахе
  8. Путин подписал указ о порядке работы миротворцев в Карабахе
  9. Роман Гончаренко (2020-11-19)։ «Где в Карабахе находятся миротворцы из РФ (инфографика)»։ Deutsche Welle 
  10. Шойгу доложил Путину о нарастании проблем гуманитарного характера в Нагорном Карабахе / ТАСС
  11. 11,0 11,1 Минобороны России приступило к формированию в Степанакерте Межведомственного центра гуманитарного реагирования / mil.ru
  12. 12,0 12,1 Указ о Межведомственном центре гуманитарного реагирования / kremlin.ru
  13. Информационный бюллетень Министерства обороны Российской Федерации по развертыванию российского воинского контингента миротворческих сил в зоне нагорно-карабахского конфликта (на 15 ноября 2020 г.)
  14. Разминирование территорий в Нагорном Карабахе / РИА «Новости», 23 ноября 2020
  15. Взрыв мины: российский миротворец погиб в Карабахе
  16. «10 Conflicts to Watch in 2023»։ crisisgroup։ 2023-01-01։ Արխիվացված է օրիգինալից 2023-01-01-ին։ Վերցված է 2023-01-04 
  17. Ann-Dorit Boy (2023-01-18)։ «There Is Every Reason to Expect More Violence This Year»։ «Der Spiegel»։ Արխիվացված է օրիգինալից 2023-01-21-ին [1]
  18. Тонкошкуров В. П., Шигин А. В. Нагорный Карабах: Российская миротворческая операция. // Военная мысль. — 2022. — № 4. — С.44—50.
  19. В составе Межведомственного центра гуманитарного реагирования в Нагорном Карабахе дополнительно сформированы пять центров / mil.ru
  20. «Российскими миротворцами в Карабахе будет командовать генерал-лейтенант Анашкин»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 2021-09-25։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-25-ին։ Վերցված է 2021-09-26 
  21. Александр Атасунцев (2022-09-18)։ «Двое проигравших. Как завершение карабахского конфликта меняет Южный Кавказ»։ Сarnegie։ Վերցված է 2022-09-23