Փարիզի հաշտության կոնֆերանս (1919-1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gu Weijun.JPG

Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-1920, միջազգային կոնֆերանս, տեղի է ունեցել 1919 թվականի հունվարի 18-ից մինչև 1920 թվականի հունվարի 21-ը (ընդհատումներով)։ Կոնֆերանսը հրավիրել են առաջին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունները` պարտված պետությունների հետ հաշտության պայմանագիր մշակելու և ստորագրելու նպատակով։

Մասնակից պետություններ[խմբագրել]

Կոնֆերանսին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի և նրա դոմինիոնների, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Կուբայի, Հունաստանի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, հորվաթների և սլովենների թագավորության, Նիկարագուայի, Ռումինիայի, Հեջազի, Գվատեմալայի, Պանամայի, Հայիթիի և Լիբիայի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ՝ հազարից ավելի պատվիրակ։ Գերմանիան և նրա դաշնակիցները (Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) կոնֆերանս թույլատրվեցին, երբ արդեն մշակվել էին նրանց հետ կնքվելիք պսյմանագրերի նախագծերը։ Մեծ տերությունների իշխող քառյակը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա) արգելեց Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությունը կոնֆերանսին։ Հաշտության հիմնական պայմանները վճռում Էին Ֆրանսիայի պրեմիեր մինիստր Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Լլոյդ Ջորջը և ԱՄՆ-ի պրեզիդենտ Վիլսոնը։

Հաշտության պայմանագրեր[խմբագրել]

Փարիզի հաշտության կոնֆերանսը մշակեց հաշտության պայմանագրեր Գերմանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և սուլթանական Թուրքիայի հետ, որոնք հիմք դրեցին Վերսալ Վաշինգտոնյան սիստեմին։ Այն որոշում ընդունեց Ազգերի լիգայի ստեղծման մասին և հավանություն տվեց նրա կանոնադրությանը։ «Մեծ քառյակը» քննարկեց Ռուսաստանում խորհրդային կարգերի տապալման համար ձեռնարկվելիք միջոցառումները և հավանություն տվեց սպիտակգվարդիական հակահեղափոխությանը բազմաբնույթ օգնություն ու աջակցություն ցույց տալու նպատակով արվելիք քայլերին։

Հայկական պատվիրակություններ[խմբագրել]

Wilsonian.jpg

Այս կոնֆերանսին պաշտոնապես հրավիրված չէր այդ ժամանակ արդեն գոյություն ունեցող Հայաստանի բուրժուական հանրապետությունը, թեև հայ ժողովուրդը աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավելի շատ զոհ էր տվել, քան պատերազմող ամենախոշոր պետություններից շատերը։ Այդուհանդերձ, 1919 թվականի փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները (Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ահարոն Ահարոնյանի գլխավորությամբ) ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստր Ս․ Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։ 1919 թվականի փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հիշատակագիր» հետևյալ բովանդակությամբ․ Հայկական անկախ պետության ճանաչում՝ հայկական 7 նահանգների, Կիլիկիայի և Կովկասի Հայկական Հանրապետության հողամասերի միացումով։ Նորակազմ պետությունը դրվելու էր դաշնակից տերություններից մեկի կամ Ազգերի լիգայի երաշխավորության ներքո, ապահովվելու էր նրա տարածքի ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Դաշնակից տերություններից մեկին պետք է լիազորություն տրվեր ստանձնել հայկական այդ պետության մանդատը՝ 20 տարի ժամկետով։ Հաշտության կոնֆերանսը պետք է դրամական հատուցում տար հայերին՝ նրանց կրած վնասների դիմաց, ջարդերի համար պատասխանատուները պետք է պատժվեին, իսկ պատերազմի տարիներին բռնի կերպով տեղահանված ու աքսորված հայերը պետք է վերադարձվեին իրենց բնակատեղիները։ Այդ փաստաթուղթը դրական ընթացք չստացավ։ Դաշնակից տերությունները զբաղված էին պարտված Գերմանիայի նկատմամբ կիրառվելիք միջոցների մշակմամբ և ամենևին չէին շտապում քննարկելու թուրքական հարցը, որի լուծման հետ սերտորեն առնչվում էր Հայկական հարցը և հայկական պետության ստեղծումը։ Միակ բանը, որ արվեց, այն էր, որ 1920 թվականի հունվարի 19-ին Փարիզի հաշտության կոնֆերանսում դե ֆակտո ճանաչեց Հայաստանը, սակայն առանց որևէ իրական օգնության մտադրության հայ ժողովրդին, թեև Հայկական հարցը հետագա քննարկման առարկա դարձավ Սան Ռեմոյի կոնֆերանս 1920 թվականին և արտահայտվեց Սևրի պայմանագրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png