Սան Ռեմոյի կոնֆերանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սան Ռեմոյի կոնֆերանս 1920, Անտանտի տերությունների Գերագույն խորհրդի նիստը ապրիլի 19-26-ը Սան Ռեմոյում (Իտալիա

Մասնակցել են Մեծ Բրիտանիայի (Լ․ Լլոյդ Զորջ), Ֆրանսիայի (Ա․ Միլերան), Իտալիայի (Ֆ․ Նիտտի) պրեմիեր մինիստրները, Ճապոնիայի ներկայացուցիչ Մազուին։ Բելգիայի (Գյումանս), Հունաստանի (Վենիզելոս) ներկայացուցիչները հրավիրվում էին միայն այդ երկրներին վերաբերող հարցերի քննարկմանը։ Ամերիակայի ներկայացուցիչը մասնակցում էր որպես դիտորդ։ Հայաստանին վերաբերող հարցերի քննարկմանը հրավիրվում էին Հայաստանի Բուրժուական Հանրապետության պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը և Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը։ Սան Ռեմոյի կոնֆերանսը քննարկեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի և Ազգերի լիգայի մանդատների բաշխման, Գերմանիայի կողմից հաշտության պայմանագրի (տես Վերսալի հաշտության պայմանագիր 1919) կատարման, Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերը։ Կոնֆերանսի որոշմամբ Մեծ Բրիտանիան ստացավ Օսմանյան կայսրությունից անջատված Պաղեստինի և Իրաքի (ներառյալ Մոսուլը), իսկ Ֆրանսիան՝ Սիրիայի և Լիբանանի մանդատները։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մեջ էր բաժանվում Մոսուլի նավթային հարստությունը։ Քննարկվեց նաև Հայաստանի հարցը։ Կոնֆերանսում Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան և մյուսները ոչինչ չարեցին պաշտպանելու համար հայ ժողովրդի շահերը։ Սան Ռեմոյի կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի նախագահ Վ․ Վիլսոնին Հայաստանի մանդատը ստանձնելու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման հարցում։ Որոշվեց Թուրքիայի հետ պայմանագրի Հայաստանի վերաբերյալ մասում արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը և մյուս պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ-ի նախագահի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների (Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում) հարցում և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև որևէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի դեպի ծով ելք ունենալու մասին։ Կոնֆերանսը հաստատեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Սերի պայմանագրի (տես Սերի հաշտության պայմանագիր 1920) հիմքում։ Կոնֆերանսը Գերմանիայից պահանջեց կատարել Վերսալի պայմանագրի ռազմական և ռեպարացիոն պայմանները։ Այսպես կոչված, ռուսական հարցում կոնֆերանսը որոշեց վերականգնել Խորհրդային Ռուսաստանի հետ առևտրական հարաբերությունները։ Սակայն, միաժամանակ Սան Ռեմոյի կոնֆերանսում գաղտնի համաձայնություն կայացվեց օգնել բուրժուակալվածատիրական Լեհաստանին, որը 1920 թվականի ապրիլի 25-ին հարձակվեց Ուկրաինայի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png