Ազգային պատվիրակություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգային պատվիրակություններ, Հայկական հարցը միջազգային տարբեր համաժողովներում ու բանակցություններում արծարծելու և պաշտպանելու համար հայ քաղաքական և եկեղեցական շրջանների կազմած պատվիրակություններ։ Իրենց բեղուն գործունեությամբ առանձնապես հայտնի են Մկրտիչ Խրիմյանի ղեկավարությամբ 1878Բեռլինի կոնգրեսին մասնակցած, 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմների ժամանակ հայկական բարենորոգումների նոր արծարծման շրջանում ստեղծված Պողոս Նուբար Փաշայի պատվիրակությունը, որն իր գործունեությունը շարունակեց նաև հետպատերազմյան շրջանում (Փարիզի հաշտության կոնֆերանս (1919-1920), Սան Ռեմոյի կոնֆերանս 1920, Լոնդոնի կոնֆերանս 1921, Լոզանի կոնֆերանս 1922-1923 և այլն), ինչպես նաև Ավետիս Ահարոնյանի գլխավորած Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որը 1919-ին միավորվեց Պողոս Նուբարի պատվիրակության հետ։

Մկրտիչ Խրիմյանի գլխավորած պատվիրակությունը կազմվել Է Կոստանդնուպոլսի պատրիարք Ն. Վարժապետյանի նախաձեռնությամբ՝ 1878Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի կոնգրեսում պաշտպանելու և ըստ հնարավորին այն բարելավելու համար։ Տակավին կոնգրեսի նախօրեին պատվիրակության անդամները՝ Մկրտիչ Խրիմյանը և Մինաս Չերազը, այցելել են Հռոմ, Փարիզ, Լոնդոն, Խորեն Գալֆայանը՝ Պետերբուրգ, հանդիպումներ ունեցել այդ երկրների պետական ու դիվանագիտական գործիչների հետ՝ հօգուտ հայկական հարցի բարենպաստ կարծիք ստեղծելու նպատակով։ Բայց պատվիրակությանը հնարավորություն չտրվեց մասնակցել կոնգրեսի աշխատանքներին, և մեծ դժվարությամբ միայն հաջողվեց մասնակից պետություններին հանձնել արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու կից հուշագիրը, որոնք, սակայն, մնացին անհետևանք։ Բեռլինի դաշնագրի ստորագրմամբ այդ պատվիրակությունը փաստորեն դադարեց գոյություն ունենալ։

Պողոս Նուբար փաշայի պատվիրակությունը կազմվեց 1912 թվականի նոյեմբերին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի կոնդակով՝ Բալկանյան պատերազմի ընձեռած բարենպաստ պայմաններում հայկական հարցը Բեռլինի կոնգրեսի մասնակից պետությունների ուշադրությանը ներկայացնելու նպատակով։ Բանակցությունների և հայկական բարենորոգումների (տես Հայկական բարենորոգումներ 1912-1914) շուրջ ստեղծված դիվանագիտական ամբողջ քաշքշուկի ընթացքում Ազգային պատվիրակությունները (որի մեջ էին մտնում նաև Գևորգ արքեպիսկոպոս Ութուճյանը, Հակոբ Արթին փաշան, Մինաս Չերազը և Հարություն Մոստիչյանը), գործունեության կենտրոն ունենալով Փարիզը, մշտական շփման մեջ էր եվրոպական պետությունների կառավարող և ազդեցիկ շրջանների հետ։ Նպատակն էր նպաստավոր հանրային կարծիք ստեղծել Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի մյուս հայաբնակ վայրերում բարենորոգումների անցկացման օգտին։ Այդ պատվիրակության առաքելությունն ավարտվեց հայկական բարենորոգումների վերաբերյալ 1914 թվականի ոուս-թուրքական համաձայնագրի ստորագրմամբ, որն ընդգծում էր Ռուսաստանի ղեկավար դերը հայկական հարցում։ Սկսված համաշխարհային պատերազմը ի չիք դարձրեց այդ համաձայնագրի իրականացումը և նոր չարիք բերեց հայ ժողովրդին՝ նրան մատնելով տեղահանության և աննախադեպ ջարդերի։ Ստեղծված միջազգային նոր իրապայմաններում պատվիրակությունն իր եռանդն ուղղեց մեկ նպատակի՝ Անտանտի օգնությամբ ազատագրել Արևմտյան Հայաստանը օսմանյան տիրապետությունից։ Գերազանցապես պատվիրակության և Պողոս Նուբարի ջանքերով էր, որ կազմակերպվեց Արևելյան կամ Հայկական լեգեոնը, որը ֆրանսիական զորքերի կազմում մասնակցեց մի շարք կարևոր ճակատամարտերի Պաղեստինում ու Սիրիայում և պատերազմի վերջում ստրատեգիական որոշ դիրքեր գրավեց Կիլիկիայում։ Ազգային պատվիրակությունները և Պողոս Նուբարը մեծապես աջակցեցին նաև Գ. Փաստրմաճյանի (տես Արմեն Գարո) առաքելությանը ԱՄՆ (1918) ՝ ստանալու նրա օգնությունը Կովկասյան ճակատը պահող հայկական զինված ուժերի համար։

1918 թվականի վերջին Պողոս Նուբարը կրկնապատկեց իր ջանքերը Հայաստանի համար «պատերազմող կողմի» կարգավիճակ ապահովելու և առաջիկա հաշտության կոնֆերանսում տեղ ստանալու համար։ Նոյեմբերի 30-ին նա հայ ժողովրդի անունից հռչակեց Հայաստանի պատմական տարածքների միավորումը և, իր պատվիրակությանը հայ ժողովրդի անունից հանդես գալու մանդատ ապահովելու համար, 1919 թվականի սկզբին Փարիզում հրավիրեց Հայ ազգային համագումար։ Համագումարի կարևոր ձեռնարկներից մեկը եղավ «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ և նախապես պատրաստված ու 1919 թվականի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքն Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ։ Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին՝ կրկնելով հուշագրի հիմնական պահանջները։ Պատվիրակությանն ընդունեց (1919 թվականի ապրիլի 17-ին) նաև ԱՄՆ-ի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնը և հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար։ 1920 թվականի հունվարի 19-ին կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Հաջորդած Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920) նույնպես, երբ քննարկվում էին Հայաստանի վերաբերյալ հարցերը, հրավիրվեց միացյալ պատվիրակությունը։ Կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի պրեզիդենտին՝ Հայաստանի մանդատը ստանձնելու և որպես միջնորդ նրա սահմանները ճշտելու խնդրանքով։ Այստեղ հաստատվեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Սևրի պայմանագրի (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920) հիմքում։ Հայաստանը ճանաչվում էր դաշնադիր կողմ, ստեղծվում էր Միացյալ Հայաստան։ 1920 թվականի ամռան-աշնան իրադարձությունները (քեմալական Թուրքիայի պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ, խորհրդա-թուրքական ամրապնդվող դաշինքը, Անտանտի երկրների հաշվենկատ «խաղերը» Անկարայի կառավարության հետ և այլն) հիմնովին փոխեցին ուժերի հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում, և 1921 թվականի Լոնդոնի կոնֆերանսում դրվեց Սևրի պայմանագրի վերանայման հարցը, հայկական պատվիրակությունն այդ կոնֆերանսում իզուր փորձում էր վերադարձնել բռնագրավված Արևմտյան Հայաստանն ու Կարսի մարզը և հայկական «վարչական ինքնավարություն» ստանալ Ֆրանսիայի գրաված Կիլիկիայում։ Հաջորդ՝ Լոզանի կոնֆերանսում (1922-1923) ազգային պատվիրակությունը, որն արդեն գլխավորում էր Գ. Նորատունկյանը (Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ որպես վերացված պետության (1920 թվականի նոյեմբերի 29-ին հաստատվել էր խորհրդային իշխանություն) ներկայացուցչի մասնակցությունը մերժվել էր) ապարդյուն փորձում էր «.Հայկական ազգային օջախ» հիմնելու իրավունք ստանալ Արևմտյան Հայաստանում կամ Կիլիկիայում Լոզանից հետո էլ դեռ մի որոշ ժամանակ պատվիրակությունը փոփոխված կազմով անպաշտոն ձևով մասնակցում էր Ազգերի լիգայի նստաշրջաններին (տես Ազգերի լիգան և Հայկական հարցը), որտեղ Հայկական հարցը արդեն վերածվել էր գաղթականության տեղավորման հարցի։ Ըստ էության Ազգային պատվիրակություններ էին նաև Հայոց ազգային խորհրդի կողմից ընտրված և Անդրկովկասյան սեյմի պատվիրակության մաս կազմող հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Խատիսյան, Հովհաննես Քաջազնունի և ուրիշներ), որը մասնակցեց Տրապիզոնի բանակցությունների (1918 թվականի մարտ-ապրիլ) ու կնքեց Բաթումի պայմանագիրը (1918), և 1918 թվականի հուլիս-հոկտեմբեր Կոստանդնուպոլսում սուլթանական կառավարության հետ բանակցություններ վարած Ավետիս Ահարոնյանի պատվիրակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։