Մասնակից:O'micron/Կլեոպատրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեոպատրա Ֆիլոպատոր
Κλεοπᾰ́τρᾱ Φιλοπάτωρ
Սանտ Պետերբուրգում պահվող Կլեոպատրա թագուհու կիսանդրին
Դրոշ
Դրոշ
Վերին և Ստորին Եգիպտոսների թագուհի
մ․թ․ա․ 51 թվական - մ․թ․ա․ 30 թվական
Նախորդող Պտղոմեոս XII Դիոնիսոս
Հաջորդող Պտղոմեոս XV Կեսարիոն (մի քանի օր)
 
Դավանանք եգիպտական բազմաստվածություն
Ծննդյան օր մ․թ․ա․ 69 թվական
Ծննդավայր Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս
Վախճանի օր մ․թ․ա․ 30 թվական, օգոստոսի 10 կամ 12 (39 տարեկանում)
Վախճանի վայր Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս
Դինաստիա Պտղոմեոսներ

Կլեոպատրա VII Ֆիլոպատոր (հուն․՝ Κλεοπᾰ́τρᾱ Φιλοπάτωρ, մ․թ․ա․ 69, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոսօգոստոսի 10 կամ 12, մ․թ․ա․ 30 թվական) կամ պարզապես Կլեոպատրա, Վերին և Ստորին Եգիպտոսների թագուհի, Պտղոմեոսյան ինքնակալության վերջին տիրակալը։ Կառավարել է իր որդու՝ փարավոն Պտղոմեոս XV Ֆիլոպատորի (առավել հայտնի է որպես Կեսարիոն) գահակցությամբ, մինչդեռ դա պարզապես կրում էր ձևական բնույթ (Կլեոպատրան իշխում էր որպես միահեծան ղեկավար)։ Կլեոպատրան Եգիպտոսի Պտղոմեոսյան տոհմի վերջին ներկայացուցիչն էր և սերում էր Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Պտղոմեոս Սոտերի շառավղից։ Վերջինիս մահվանից հետո Եգիպտոսը դառնում է Հռոմեական կայսրության պրովինցիա՝ ազդարարելով այս տարածաշրջանի պատմության հելլենիստական շրջափուլի ավարտը։ Կլեոպատրան Պտղոմեոսյան արքայատոհմի միակ ներկայացուցիչն էր, որը տիրապետում էր եգիպտերենին։

Մ․թ․ա․ 58 թվականին Կլեոպատրան ուղեկցում է Հռոմ աքսորված հորը՝ Պտղոմեոս XII Նեոս Դիոնիսոսին, իսկ Հռոմեական հանրապետության համաձայնությամբ՝ Եգիպտոսի գահն անցնում է վերջինիս քրոջը՝ Բերենիկա IV-ին։ Մ․թ․ա․ 55 թվականին հռոմեական լեգեոնների զորակցությամբ Ալեքսանդրիա վերադարձած Պտղոմեոս Դիոնիսոսը սպանում է դստերը՝ ճանաչելով Կլեոպատրայի և Պտղոմեոս XIV-ի համատեղ գահաժառանգման իրավունքները Վերին և Ստորին Եգիպտոսների գահի նկատմամբ։ Այնուամենայնիվ, Կլեոպատրայի և կրտսեր եղբոր անհաշտ հարաբերությունները վերաճում են Եգիպտոսի միանձնյա կառավարման համար մղվող ոխակալ պայքարի։ Մ․թ․ա․ 48 թվականին Փարսալոսում տեղի է ունենում Հռոմի քաղաքացիական պատերազմի ամենավճռական ճակատամարտը, որն ավարտվում է Հուլիոս Կեսարի հաղթանակով։ Պարտություն կրած Գնեոս Պոմպեոսը քաղաքական ապաստան գտնելու նպատակամղմամբ փախչում է Եգիպտոս, սակայն Պտղոմեոսները նրան գլխատելով ենթարկում են մահապատժի։ Նույն տարում Կեսարը գրավում է նաև Ալեքսանդրիան, որից հետո Կլեոպատրային և Պտղոմեոս XIV-ին ճանաչում է վասալական Եգիպտոսի համատեղ տիրակալներ։ Այնուամենայնիվ, Կեսարը առանձնաշնորհյալ կապեր ուներ Կլեոպատրայի հետ և պատահական չէ, որ հենց Կլեոպատրան էլ ծնում է Հուլիոսի առաջին արու զավակին՝ Կեսարիոնին։ Հուլիոս Կեսարի, ապա նաև Պտղոմեոս XIV-ի սպանությունից (նրա պատվերով) հետո, Կլեոպատրան կիսում է եգիպտական գահը որդու՝ Պտղոմեոս XV Կեսարիոնի հետ։

Լիբերատորների պատերազմի ժամանակ Կլեոպատրան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հռոմեական երկրորդ եռապետությանը։ Մ․թ․ա․ 41 թվականին Կիլիկիայի Տարսոն քաղաքում թագուհին հանդիպում է ունենում եռապետների հետ և սիրային կապերի մեջ մտնում տրիումվիր Մարկոս Անտոնիոսի հետ։ Կլեոպատրայի խնդրանքով Անտոնիոսը մահապատժի է ենթարկում Արսինոյային, ապա՝ ներխուժում Մեծ Հայքի թագավորություն և շղթայակապ Ալեքսանդրիա՝ հաղթահանդեսի տանում Արտավազդ Բ-ին և Հայքի թագավորական ընտանիքին։ Մ․թ․ա․ 34 թվականին Անտոնիոսը Հռոմեական հանրապետության արևելյան հողերը կտակում է իր և Կլեոպատրայի երեխաներին՝ Ալեքսանդրոս Հելիոսին, Կլեոպատրա Սելենե II-ին և Պտղոմեոս Ֆիլադելֆոսին։ Շուտով Անտոնիոսը ամուսնալուծվում է նաև Օկտավիանոսի քրոջից՝ Օկտավիա Կրտսերից, որն էլ դառնում է Գայոս Օկտավիանոսի գլխավորած հռոմեական լեգեոնների դեպի արևելք զորաշարժի պատճառ։ Մ․թ․ա․ 31 թվականին տեղի է ունենում Ակցիումի ճակատամարտը, որտեղ Անտոնիոսի և Կլեոպատրայի ռազմածովային նավատորմը ճակատագրական, վճռորոշ պարտություն է կրում։ Մ․թ․ա․ 30 թվականին Օկտավիանոսի ուժերը ներխուժում են Եգիպտոս և այն հռչակում հռոմեական պրովինցիա։ Հռոմեական հաղթահանդեսում պատվազրկվելու խայտառակությունից զերծ մնալու համար նույն տարում Կլեոպատրան թույնով ինքնասպան է լինում։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեոպատրան հին հունական «Κλεοπᾱτρᾱ» անվան լատինականացված տարբերակն է, որը թարգմանաբար նշանակում է «հոր փառք» (հին հունարենում՝ κλέος՝ «փառք», πᾰτήρ՝ «փառք»): Այս անվան արական համարժեքն է «Կլեոպատրոս»-ը (Κλεόπᾰτρος) կամ Պատրոկլոսը (Πᾰ́τροκλος)։

Կլեոպատրան եղել է Ալեքսանդր Մակեդոնացու քրոջ անունը, իսկ հին հունական դիցաբանության մեջ՝ արգոնավորդ հերոս Մելեագրոսի կնոջ անունը։ Նշյալ անվանումը Պտղոմեոսյան արքայատոհմ ներմուծվել է Պտղոմեոս V-ի և Սելևկյանների արքայադուստր Կլեոպատրա I Սիրայի ամուսնությունից հետո։ Կլեոպատրան կրում էր նաև «Ֆիլոպատոր» կամ «Թեա Ֆիլոպատորա» անունները, որը թարգմանաբար նշանակում է «աստվածուհի, որը սիրում է իր հորը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղոմեոսների շառավղի փարավոնները թագադրվում էին Մեմփիսում՝ Պտահ աստծո գերագույն սպասավորի կողմից, սակայն բնակվում էին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից հիմնադրված Ալեքսանդրիա բազմամշակութային քաղաքում։ Նրանք խոսում էին հունարեն և կառավարում Եգիպտոսը որպես հելլենիստական տիրակալներ՝ հրաժարվելով սովորել եգիպտական լեզուն։ Այսպիսով, Կլեոպատրան դառնում է Պտղոմեոսյան հարստության առաջին ներկայացուցիչը, որը սովորում է եգիպտերեն։ Մայրենի լեզվից՝ հունարենից և եգիպտերենից բացի, Կլեոպատրան տիրապետում էր նաև եթովպերեն, եբրայերեն (կամ արամեերեն), արաբերեն, մարերեն, պարթևերեն և լատիներեն լեզուներին։ Այս հանգամանքը արտահայտում էր նախկինում Պտղոմեոսյան կայսրության մաս կազմած հյուսիսաֆրիկյան և արևմտաասիական մի շարք տարածքների նկատմամբ վերջինիս հավակնությունները։

Մ․թ․ա․ 81 թվականին վախճանվում է Պտղոմեոս IX Լաթիրոսը, իսկ Եգիպտոսի թափուր մնացած գահը ժառանգում է նրա ավագ դուստրը՝ Բերենիկա III-ը։ Այնուամենայնիվ, թագավորական արքունիքն ու ազնվականությունը դեմ էին կին թագուհու միահեծան կառավարմանը, և այդ պատճառով Բերենիկան ամուսնանում է իր զարմիկի՝ Պտղոմեոս XI Ալեքսանդրի հետ։ Պտղոմեոսի ընտրությունը համաձայնեցվել էր Հռոմի դիկտատոր Լուցիոս Սուլլայի հետ։ Ամուսնությունից անմիջապես հետո Պտղոմեոս Ալեքսանդրը սպանում է կնոջը՝ դառնալով Պտղոմեոսյան տիրակալության միակ լիրիշխանը, սակայն որոշ ժամանակ անց դառնում է Լինչի դատաստանի զոհ՝ սպանվելով դավադրության արդյունքում։ Պտղոմեոս XI-ը ցանկանում էր Հռոմին «սկուտեղով մատուցել» իր երկրի ինքնիշխանությունը և այդ ճանապարհին վերջինս առաջնայնորեն փորձում էր օրինական հիմքեր ստեղծել Եգիպտոսի անեքսիայի (հետագայում՝ կամակատար տերության ստեղծման) համար։

Իրավիճակը շրջադարձային կերպով փոխվում է Պտղոմեոս XI-ի սպանությունից հետո։ Հռոմեացիները ստեղծված նոր պայմաններում որոշում են Եգիպտական տերությունը բաժանել Պտղոմեոս IX-ի ապօրինածին որդիների միջև։ Արդյունքում՝ Կիպրոսն անցնում է Պտղոմեոս Կիպրացուն, իսկ բուն Եգիպտոսը՝ Պտղոմեոս XII Աուլետես Նեոս Դիոնիսոսին։

Վաղ տարիների կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեոպատրան ծնվել է մ․թ․ա․ 69 թվականին Ալեքսանդրիայում։ Նա գործող փարավոն Պտղոմեոս XII Աուլետեսի և անհայտ ազնվազարմ կնոջ (ենթադրվում է, որ վերջինիս մայրը կարող էր լինել Պտղոմեոսի կինը՝ Կլեոպատրա VI Տրիֆենան) դուստր էր։ Մեզ հայտնի է, որ Կլեոպատրա Տրիֆենան եղել է նաև Կլեոպատրայի ավագ քրոջ՝ Բերնիկայի մայրը։ Ըստ մեզ հասած պատմագիտական վկայությունների՝ Կլեոպատրա Տրիֆենան անհետացել է Կլեոպատրայի ծննդից ամիսներ անց։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Կլեոպատրայի ծնվելուց հետո գործող փարավոնը օրինական կնոջ բացակայության պայմաններում ունենում է ևս երեք երեխա ՝ Կլեոպատրայի քույրը՝ Արսինոյա IV-ը և երկու եղբայրները՝ Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատորը և Պտղոմեոս XIV-ը։

Վաղ հասակում Կլեոպատրային ուսուցչել է Ֆիլոստրատոս Աթենացին (Ավագ), ով էլ ապագա տիրակալուհուն սովորեցրել է հունարեն, ծանոթացնել հռետորության արվեստին և փիլիսոփայությանը։ Ամենայն հավանականությամբ, վաղ տարիքում Կլեոպատրայի ուսումնառությունը անց է կացվել Ալեքսանդրիայի Մուսեյոնում, ինչպես նաև դրան կից գործող հանրաճանաչ գրադարանում։

Պտղոմեոս Դիոնիսոսի աքսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 65 թվականին ցենզոր Մարկոս Կրասոսը Հռոմեական սենատում իր ճառի ընթացքում հանդես է գալիս հայտարարությամբ, որ Հռոմը պետք է անեքսիայի ենթարկի Պտղոմեոսյան Եգիպտոսը, սակայն օրենսդիրը հավանություն չի տալիս այդ առաջարկին։ Երկու տարի անց նույնաբովանդակ օրինագիծ է առաջարկում նաև տրիբուն Սերվիլյոս Ռուլոսը, որը ևս չի ստանում սենատորների համաձայնությանը։ Փորձելով սիրաշահել հռոմեական ազնվականությանը՝ Պտղոմեոս XII-ը թանկարժեք ընծաներ է ուղարկում Հռոմ։ Միևնույն ժամանակ Պտղոմեոս XII Դիոնիսոսի ցոփ ու շվայտ կենցաղավարությունը սնանկացնում է արքայական գանձանակը և Եգիպտոսը ստիպված է լինում բազմաթիվ վարկեր ձեռք բերել հռոմեացիներից։ Մ․թ․ա․ 58 թվականին հռոմեացիները բռնազավթում են Կիպրոս կղզին և այնտեղ իշխող Պտղոմեոս Կիպրացուն ծովահենության մեղադրանքով դրդում ինքնասպանության (վերջինս գերադասում է մահը՝ Պաֆոսում աքսորյալի կարգավիճակով մնալու փոխարեն)։ Ավելի ուշ Եգիպտոսից աքսորվում է նաև Պտղոմեոս XII-ը՝ սկզբում դեպի Հռոդոս, ապա՝ Աթենք, իսկ ամենավերջում՝ Իտալիա՝ Պալեստրինա։ Պտղոմեոս XII Դիոնիսոսը շուրջ մեկ տարի անցկացնում է աքսորավայրում և այդ ժամանակահատվածում վայելում էր իր դստեր՝ Կլեոպատրայի ուղեկցությունը։

Հռոմեացի ֆինանսիստները վճռականորեն աջակցում էին Պտղոմեոս XII-ի իշխանության վերականգնման գործընթացին։ Գնեոս Պոմպեոսը ընդհուպ մինչև համոզում էր Սիրիայի նահանգապետ Աուլոս Գաբինիոսին ներխուժել Եգիպտոս և վերականգնել Պտղոմեոսի գահը՝ առաջարկելով նրան 10 հազար տաղանդ։ Չնայած հռոմեական օրենքներին հակասելուն՝ Գաբինիոսը մ․թ․ա․ 55 թվականի գարնանը Հուդայի թագավորության վրայով (այստեղ իշխում էր Հերովդես Մեծի հայրը՝ Հիրկան II-ը) արշավում է Եգիպտոս։ Պտղոմեոս XII-ի իշխանության վերականգնման համար ռազմական օժանդակություն է հատկացնում նաև Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Բ Մեծը։ Արդյունքում՝ Պտղոմեոս XII-ի իրավունքների համար պայքարող բանակը ներխուժում է Եգիպտոս և տապալում իշխանությունը բռնազավթած Բերենիկե IV-ին՝ Կլեոպատրայի ավագ քրոջը։ Հոր հրամանով դուստրը, ինչպես և նրա համախոհները, մահապատժի են դատապարտվում՝ ունեցվածքի բռնագանձման պայմանով։ Քննարկվող ժամանակահատվածում Մարկոս Անտոնիոսը ծառայում էր Գաբինիոսի հեծելազորում։ Այդ տարիներին Կլեոպատրան ընդամենը 14 տարեկան էր և հավատարիմ կերպով ուղեկցում էր հորը։ Ավելի ուշ Անտոնիոսը նշում է այն մասին, որ հենցս այս արշավանքի ընթացքում էլ սիրահարվել է Կլեոպատրային։ Պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով Գաբինիոսի նկատմամբ դատական գործ է հարուցվում, սակայն դատարանը վերջինիս գործերը ճանաչում է իրավաչափ։ Արդարացվելուց շատ չանցած Գաբինիոսը վերստին հայտնվում է դատական ատյանում և կոռուպցիայի մեղադրանքով ենթարկվում արտաքսման։ Այս իրադարձություններից յոթ տարի անց Հուլիոս Կեսարի կողմից Սիրիայի կառավարիչ է ընտրվում Մարկոս Կրասոսը, որը սակայն սպանվում է արևելյան արշավանքի ընթացքում՝ մ․թ․ա․ 53 թվականին տեղի ունեցած Խառանի ճակատամարտում։ Իր մահվանից առաջ Պտղոմեոս XII-ը Վերին և Ստորին Եգիպտոսների գահը կտակում է իր զավակներին՝ Կլեոպատրային և Պտղոմեոսին։ Վերջիններս, որպես համատեղ ժառանգներ վերահսկում էին խոշոր շինարարական աշխատանքների վերահսկմանը (ինչպիսիք էին օրինակ Էդֆուի տաճարն ու Դենդերան), նպաստում տնտեսության կայունացմանը։ Ինչպես հավաստում է Դենդերա տաճարի պատին պահպանված արձանագրությունը՝ մ․թ․ա․ 52 թվականի մայիսի 31-ին Կլեոպատրան նշանակվում է Պտղոմեոս XI-ի գահապահ։

Պայքար հանուն եգիպտական գահի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղոմեոս XII-ը մահանում է մ․թ․ա․ 51 թվականի մարտի 22-ին։ Կլեոպատրան գահը ժառանգելուն պես բախվում է մի շարք հրատապ խնդիրների և արտակարգ իրավիճակների։ Մասնավորապես՝ երաշտի հետևանքով առաջանում է սով, գրանցվում է Նեղոսի տարեկան հեղեղման ցածր մակարդակ, Գաբինիոսի կողմից հրահրվում է անօրինական գործողություններ և այլն։ Սենատի որոշմամբ Եգիպտոսում թողնվում է հռոմեական լեգեոն, որը լուրջ սպառնալիք էր դիտարկվում պետական անկախության պահպանության համար։ Միևնույն ժամանակ իրավահաջորդության սկզբունքով Կլեոպատրան ժառանգել էր հոր պարտքերը, որը կազմում էր շուրջ 17.5 միլիոն դրախմա։

Մ․թ․ա․ 50 թվականին Սիրիայի պրոկոնսուլ Մարկոս Կալպուրինոս Բիբուլոսը իր ավագ որդիներին ուղարկում է Եգիպտոս՝ այստեղ հաստատված Գաբինիոսի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Բանակցությունների գլխավոր օրակարգային թեման պարթևների հնարավոր հարձակման դեպքում հռոմեացիների գործողությունների հաջորդականության որոշումն էր։ Այնուամենայնիվ, Գաբինիոսը խոշտանգում և ապա սպանում է բանագնացներին։

Մ․թ․ա․ 51 թվականի օգոստոսի 29-ից բոլոր պաշտոնական փաստաթղթերը սկսում են վկայել Կլեոպատրայի միանձնյա իշխանավարման մասին։ Այսպիսով, հոր մահվանից շուրջ մեկ տարի անց Կլեոպատրան գահազրկում է իր իշխանակից կրտսեր եղբորը՝ Պտղոմեոսին։ Ամենայն հավանականությամբ վերջիններս նաև ամուսնացել էին իրար հետ (ըստ հին եգիպտական ծեսի), սակայն այդ հանգամանքի մասին որևէ գրավոր արձանագրություն մեզ չի հասել։ Քրոջ և եղբոր ամուսնության պրակտիան եգիպտական իրականության մեծ ներմուծվել է Պտղոմեոս II Եղբայրասերի կողմից, այն բանից հետո, երբ վերջինս ամուսնանում է իր քրոջ՝ Արսինոե II-ի հետ։

Չնայած Կլեոպատրայի կողմից Պտղոմեոս XIII-ի գահազրկմանը՝ վերջինս դեռևս ուներ բավականին հզոր և ազդեցիկ համախոհներ, ինչպիսին էր օրինակ Պոթինոսը։ Վերջինս մանկահասակ փարավոնի ուսուցիչն ու ռեգենտն էր։ Կլեոպատրայի իշխանավարման դեմ պայքարում էին նաև գվարդիական Աքիլլասը, Թեոդոտոս Քիոսցին և այլք։ Փորձելով հանդարտեցնել իրավիճակը՝ Կլեոպատրան փորձում է կարճատև դաշինք կնքել եղբոր հետ, սակայն հակամարտության մեջ առավել շահեկան դիրքերում էր Պտղոմեոսը, որը սկսում է առանց իր քրոջ փաստաթղթեր ստորագրել։

Գնեոս Պոմպեոսի սպանությունը Եգիպտոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալլիական պատերազմների հաղթական ավարտից և «բոլոր գալլերի առաջնորդ» Վերցինգետորիքսի գերեվարումից հետո Հուլիոս Կեսարի զորքերն անցնում են Ռուբիկոնը և շարժվում Հռոմի ուղղությամբ։ Մինչ այդ երկար ժամանակով հայրենիքից բացակայած Հուլիոս Կեսարին Հռոմեական սենատը ճանաչել էր «persona non grata», որն էլ դարձել էր հանրապետությունում քաղաքացիական պատերազմի (Կեսարի և Պոմպեոսի կողմնակիցների միջև) բռնկման պատճառ։

Մ․թ․ա․ 49 թվականին Ալեքսանդրիա է ժամանում Հռոմի եռապետ Գնեոս Պոմպեոսի որդին, որը ռազմական օգնություն է խնդրում Պտղոմեոսյան Եգիպտոսից։ Նշյալ ժամանակահատվածում շարունակվում էր Պտղոմեոս XIII-ի և Կլեոպատրայի պայքարը՝ հանուն բացարձակ իշխանության, սակայն դա չի խանգարում, որպեսզի երկուսն էլ իրենց զորակցությունը հայտնեն Պոմպեոսին։ Այսպիսով, Եգիպտոսը շուրջ 60 նավ և 500 զինվոր (այդ թվում Գաբինիոսին) է տրամադրում Գնեոս Պոմպեոսին, որի դիմաց ինքնաբերաբար մարվում է Եգիպտոսի արտաքին պարտքի մի մասը։ Հընթացս իրադարձությունների անկանխատեսելի զարգացման հետևանքով Կլեոպատրան ստիպված է լինում փախչել Ալեքսանդրիայից՝ եգիպտական թագը թողնելով փարավոն Պտղոմեոս XIII-ին։ Մ․թ․ա․ 48 թվականի գարնանը Կլեոպատրան իր կրտսեր քրոջ՝ Արսինոեի հետ մեկնում է Ասորիք` Հռոմեական Սիրիա պրովինցիա՝ ինտերվիստական ուժեր հավաքելու և դրանց միջոցով Պտղոմեոսյաների ժառանգական գահին իր իշխանությունը վերահաստատելու նպատակամղմամբ։ Նույն տարում Կլեոպատրայի զորքերը ներխուժում են Եգիպտոս, սակայն հանդիպում են մանկահասակ Պտղոմեոս XIII-ի ղեկավարության ներքո գտնվող եգիպտական բանակի հակազդեցությանը։

Գրեթե զուգընթաց Հունաստանի ափերի մոտ տեղի է ունենում Հռոմեական հանրապետության քաղաքացիական պատերազմի ելքային ճակատամարտը, որն ավարտվում է Կեսարի հաղթանակով և Պոմպեոսի բանակի մեծագույն մասի ոչնչացմամբ։ Մարտադաշտից մազապուրծ եղած Պոմպեոսն իր ընտանիքի և որոշ կողմնակիցների հետ միասին մեկնում է Փյունիկիայի (ներկայիս Լիբանան) Տյուրոս նավահանգիստ։ Որոշ ժամանակ մնալով Տյուրոսում՝ Պոմպեոսը վճռում է մեկնել Եգիպտոս՝ վայր, որտեղ կարելի էր ոչ միայն ապաստանել, այլ նաև համալրել բանակային ուժերը՝ օգտագործելով Պտղոմեոսյանների հետ ունեցած սերտ հարաբերությունները։ Միևնույն ժամանակ Պտղոմեոս XIII-ը գիտակցում էր, որ Պոմպեոսը այլևս երբեք չէր կարողանա գերակայության հասնել Կեսարի նկատմամբ և վախենում էր քաղաքացիական պատերազմի որևէ կողմին բացահայտ աջակցություն ցուցաբերելուց։ Ոչ շահեկան իրավիճակներից խուսափելու համար մ․թ․ա․ 48 թվականի սեպտեմբերի 28-ին Պտղոմեոս XIII-ի հրամանով սպանվում, ապա գլխատվում է Եգիպտոսի ափերի մոտեցող Գնեոս Պոմպեոսը։ Պտղոմեոս XIII-ը կարծում էր, որ այդ քայլով նա ի ցույց է դնում իր հզորությունը։ Պոմպեոսի գլուխն ուղարկվում է Ալեքսանդրիա ժամանող Կեսարին։ Հասնելով եգիպտական ապարանք՝ նա վիշտ և վրդովմունք է հայտնում Պոմպեոսի սպանության (հատկապես՝ գլխատման) կապակցությամբ՝ միևնույն ժամանակ հորդորելով Պտղոմեոս XIII-ին և Կլեոպատրային լուծել հավակնոտության հենքի վրա առաջացած տարաձայնությունները։

Հարաբերությունները Հուլիոս Կեսարի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]