Եգիպտոսի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եգիպտոս` հին, հնագույն պետություն հյուսիսարևելյան Աֆրիկայում, Նեղոս գետի ստորին հոսանքում (առաջին սահանքից մինչև Միջերկրական ծով

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի զանազանություն շրջակա անապատային կամ «կարմիր» հողերի, եգիպտացիներն իրենց երկիրն անվանել են Սև (Քեմեթ) կամ Սիրելի հող[1]։ «Եգիպտոս» բառը Եգիպտոսի մայրաքաղաք Մեմֆիսի բանաստեղծական անվան՝ Հեկաոս-Պտաքսի (Պետաքս աստծո ոգու բերդ) հին հունարեն արտասանությունն է։ Նեղոսի հովիտը անապատներով օղակված դալարավայր է (4-20 կմ լայնությամբ), որն ընդարձակվում է հյուսիսում, ուր գետը տրոհվում է բազմաթիվ բազուկների և, դելտա կազմելով, թափվում Միջերկրական ծով։ Հին հույները Եգիպտոսը համարել են Նեղոսի պարգևը։ Ամեն տարի հուլիսից Նեղոսը վարարում է և ողողում գրեթե ամբողջ Եգիպտոսը (այդ պատճառով մարդիկ այստեղ բնակություն են հաստատել բարձրադիր վայրերում)[2]։ Ջրի մակարդակը իջնելուց (նոյեմբերին) հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով։

Քաղաքակրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի ստորին հոսանքի շրջանում[3]։ Աշխարհագրական առումով երկիրը բաժանվում է երկու մասի` վերին և ստորին Եգիպտոս[4]։ Վերին Եգիպտոսը ջգվում է Նեղոսի հովտով, որը գետի երկու ափերին ընկած մի նեղ գոտի է։ Ստորին Եգիպտոսը Նեղոսի դելտայի շրջանն է[5]։

Եգիպտոսում առաջին մշտական բնակավայրերը հանդես են գալիս Ք.ա. 6-րդ հազարամյակում։ Հաջորդ հազարամյակի վերջում մարդիկ սկսեցին կառուցել ջրանցքներ, օգտագործել պղնձե գործիքներ և զենքեր[6]։ Բարձր զարգացման հասավ խեցեգործությունը, սկիզբ դրվեց միջազգային առևտրին։

Ք.ա. 4-րդ հազարամյակի առաջին կեսին մեծ փոփոխություններ արձանագրվեցին հասարակության կյանքում։ Բնակավայրերի պարսպապատումը և խոշոր դամբարանների առկայությունը վկայում են հասարակության շերտավորման և քաղաքական կենտրոնացվածության մասին[7] : Այդ պահից արդեն Եգիպտոսում սկսվում է պետականության ձևավորումը։

Առաջին պետականությունները ծնունդ առան խոշոր բնակավայրերի` նոմերի հիմքի վրա[8]։ Կենսատարածքի և նյութական միջոցների ավելացման նպատակով նոմերը պատերազմում էին միմյանց դեմ։ Ք.ա. 33-րդ դարում նոմերը միավորվեցին և կազմավորվեցին երկու խոշոր թագավորություններ` Վերին և Ստորին Եգիպտոսները։

Այս երկու թագավորությունների մեջ պատերազմի ժամանակ հաղթեց վերին Եգիպտոսը, և կազմավորվեց առաջին համաեգիպտական պետությունը[9]։ Միացյալ Եգիպտոսի առաջին արքան Մենան էր, որը հիմք դրեց առաջին հարստությանը։ Եգիպտոսի պատմության այս ժամանակաշրջանը կոչվում է Վաղ թագավորություն[10] :

Եգիպտոսի բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտացիները, ի տարբերություն Միջագետքի բազմացեղ բնակչության, արդեն մ. ․թ․. ա․. 4-րդ հազարամյակում միասնական և համալեզու ժողովուրդ էին (պատկանել են սեմա-քամյան խմբի քամյան ճյուղին)։ Եղել են վայելչակազմ, թխամորթ, սևահեր ու սևաչ[11]։ Եգիպտական նկարիչները կանանց պատկերել են համեմատաբար բաց գույնի (հավանաբար կանայք խուսափել են արեգակի թխացնող ճառագայթներից)։ Եգպտոսի հիմնական էթնիկական զանգվածին հարավից խառնվել են քուշերը կամ նուբիացիները, որոնց հույներն անվանում էին եթովպացի։ Եգիպտացիներին ցեղակից քուշերը հետագայում խառնվելով նեգրերին՝ վերցրին նրանց մարդաբանական հատկանիշները[12]։ Արևմուտքից եգիպտացիներին խառնվել են լիբիացիները (սեմա-քամյան խմբի բերբերյան ճյուղ), որոնք ունեին բաց գույնի մորթ և կապույտ աչքեր։ Հյուսիս-արևելքից հաճախ Եգիպտոս են թափանցել ասիական ցեղեր ու ժողովուրդներ, որոնք էական ազդեցություն չեն ունեցել նրանց վրա։ Նեղոսի հովտում բնակվել են հին քարի (պալեոլիթ) դարաշրջանում[13]։

Մեծ Սվինքսը Գիզեում

Բնակչության զբաղմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․. թ․. ա. ․ 10-6-րդ հազարամյակներում տոհմերն ու ցեղերն ապրել են թափառական կենցաղով, զբաղվել հավաքչությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ[14]; Նոր քարի (նեոլիթ) և պղնձաքարի (էնեոլիթ) դարաշրջաններում (մ․թ․ա․ 5-4-րդ հազարամյակներ) Եգիպտոսի բնակիչներն անցել են նստակեցության, զբաղվել գլխավորապես երկրագործությամբ և անասնապահությամբ[15]։

Բնակչության զարգացման հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրողական ուժերի զարգացման հետևանքով աստիճանաբար քայքայվել են տոհմատիրական կարգերը, և ձևավորվել վաղ դասակարգային հարաբերություններ[16]։ Անազատ աշխատանքի օգտագործումը նպաստել է համայնքի հասարակական շերտավորմանը և տոհմական ավագանու առանձնացմանը։ Տոհմա-ցեղային առաջնորդները հետզհետե վերածվել են արքայիկների։ Եգիպտոսում գոյացել են բազմաթիվ մանր պետական միավորումներ, որոնք միասնական պետության ստեղծումից հետո վերածվել են նահանգների (եգիպտերեն՝ սեպատներ, հունարեն՝ նոմեր)[17]։ Նրանց միջև համառ պայքար է ընթացել հարստություն, իսկ ավելի ուշ՝ նաև Եգիպտոսում գերիշխանություն ձեռք բերելու համար։

Եգիպտոսի դրոշը

Թագավորությունների միավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի մոտ կեսին Եգիպտոսում կազմավորվել է երկու թագավորություն, հյուսիսում՝ Ստորին Եգիպտոս՝ Բուտո կենտրոնով, հարավում՝ Վերին Եգիպտոս՝ Տերակոնպոլիս կենտրոնով։ Մ․թ․ա․ մոտ 3000 թվականին հարավի թագավոր Մենեսը գրավել է Ստորին Եգիպտեսը և հիմնել առաջին միասնական դինաստիան՝ Աբիդոս մայրաքաղաքով[18]։ Նա կառուցել է «Սպիտակ պարիսպ» (հունարեն՝ Մեմփիս) բերդը, որը մ․թ․ա․ 28-րդ դարում դարձել է Եգիպտոսի մայրաքաղաքը։ Եգիպտոսի առաջին միավորումով սկսվում է դինաստիաների դարաշրջանը։ Այնուհետև եգիպտացի տարեգիրներն ու պատմիչները ժամանակը հաշվել են ըստ փարավոնների գահակալման տարիների։ Եգիպտացի քուրմ պատմիչ Մանեթոնի (մ․թ․ա․ 4-րդ դարի վերջ - 3-րդ սկիզբ) վկայությամբ, մինչև Եգիպտոսի Աքեմենյան երկրորդ նվաճումը (մ․ թ․ ա․ 341), իշխել է 30 դինաստիա[19]։

Եգիպտոսի պատմության բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է Եգիպտոսի պատմության հետևյալ պայմանական բաժանումը․

  • Վաղ թագավորություն (մ․թ․ա․ մոտ 3000-2800),
  • Հին թագավորություն (մ․թ․ա․ մոտ 2800-2250),
  • Եգիպտոսի առաջին կազմալուծում (մ․թ․ա․ մոտ 2250-2050),
  • Միջին թագավորություն (մ․թ․ա․ մոտ 2050-1700),
  • Եգիպտոսի երկրորդ կազմալուծում (մ․թ․ա․ մոտ 1700-1580),
  • Նոր թագավորություն (մ․թ․ա․ մոտ 1580-1070),
  • Ուշ (Լիբիա-Սայիսյան և Պարսից) ժամանակաշրջան (մ․թ․ա․ 1070-332),
  • Հունա-հռոմեական ժամանակաշրջան (մ․թ․ա․ 332 - մ․թ․ 395)։
Եգիպտոսի զինանշանը

Վաղ թագավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ թագավորությունն ընդգրկում է առաջին երկու դինաստիաների կառավարման ժամանակաշրջանը։ Այն երբեմն կոչում են Թինիթյան ժամանակաշրջան (Թինիթ նահանգի անունով, որտեղից սերել Էմենես փարավոնը)[20]։ Այս ժամանակաշրջանում համապետական հսկողություն է սահմանվել հասարակական աշխատանքների վրա, ընդլայնվել և կատարելագործվել է ոռոգման ցանցը, զարգացել են անասնապահությունը, երկրագործությունը, այգեգործությունը, արհեստները, փոխանակային առևտուրը։ Ձևավորվել է պետական արքունիքը, այն սպասարկող գրագիր աստիճանավորների ենթախավը։ Պետականորեն հաստատվել են նահանգները (նոմեր) և նահանգապետները (նոմարքոսներ)։ Փարավոնները պարբերաբար կողոպտչական արշավանքներ են ձեռնարկել հարևան երկրների դեմ[21]։

Հին թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ թագավորության ավարտին Եգիպտոսում իշխանության եկավ III հարստությունը, որով սկսվում է Հին թագավորության դարաշրջանը (Ք.ա. XXVIII-XXIII դարերում): Առաջին փարավոն Ջոսերը իրականացրեց վարչաքաղաքական բարեփոխում` իշխանությունից հեռացնելով նոմերում ժառանգաբար իշխող տեղական ազնվականության ներկայացուցիչներին[22]։ Վերջիններս փոխարինվեցին նշանակովի պաշտոնյաներով, որոնք հնազանդ էին արքային (հուն.` նոմարքոսներ)։ Ձևավորվեց կառավարման կուռ համակարգ։

Փարավոնի իշխանությունը հայտարարվեց աստվածատուր, իսկ փարավոնը` մարդ-աստված։ Արքայական իշխանության դերն ընդգծելու նպատակով փարավոնների դամբարանները սկսեցին կառուցել ավելի մեծ և ճոխ[23]։

Հին թագավորությունն իր հզորության բարձրակետին հասավ IV հարստության օրոք։ Եգիպտացիները սկսեցին արշավանքներ ձեռնարկել հարևան երկրների դեմ` դեպի հարավ` Նուբիա, դեպի արևմուտք` Լիբիա, և հյուսիս-արևելք` Սինայի թերակղզի և Պաղեստին[24]։

IV հարստությանը հաջորդած նոր արքայատոհմը երկրում սկսված ճգնաժամի պայմաններում մեծ զիջումներ էր անում նոմային ազնվականությանն ու քրմությանը։ Արդյունքում արքայական իշխանությունը թուլանում էր[25]։ Երկրում փաստացի իշխանությունն անցավ նոմարքոսների ու բարձրաստիճան քրմության ձեռքը։ Երկիրը տրոհվեց մի քանի տասնյակ ինքնուրույն իշխանությունների։

Հին թագավորությունն ընդգրկում է 3-6-րդ դինաստիաների կառավարման ժամանակաշրջանը։ 3-րդ դինաստիայի հիմնադիրը համարվում է Ջոսեր փարավոնը, որը Եգիպտոսի մայրաքաղաքը դարձրեց Մեմփիսը (վերին և Ստորին Եգիպտոսների միջև)[26]։ Հին թագավորության ժամանակ ավելի են կենտրոնացել երկիրն ու պետական իշխանությունը։ Ստեղծվել է արքունի մշտական բանակ։ Աստվածացվել է փարավոնը, որին անվանել են Բարի աստված, Ռա աստծո (Արևի) որդի։ Փարավոնի անսահմանափակ իշխանությունը ծառայել է տիրող խավերի՝ ստրկատեր ավագանու և քրմության շահերին[20]։ Երկրի մշակովի հողերն անվանապես համարվել են փարավոնի անձնական սեփականություն, դրանք նա բաժանել է ստրկատեր ավագանուն և իր գերդաստանի մարդկանց։ Հանքերը պատկանել են փարավոնին։ Բնակչությունից գանձվող հարկերը հաճախ ծախսվել են ոչ թե պետական, այլ փարավոնի անձնական կարիքների վրա։ Դժվար էր նաև սահմանագիծ դնել հասարակական պարտադիր աշխատանքի, որից կախված էր երկրի բարեկեցությունը (ջրանցք բացելը, ամբարտակ կառուցելը), և այն պարտույթների միջև, որոնց կատարումից օգտվում էր միայն փարավոնն ինքը (պալատների և հատկապես թագավորական դամբարանների կառուցումը)։ Ըստ Հերոդոտոսի՝ Քեոփս փարավոնի բուրգը կառուցվել է 30 տարում, աշխատանքներին մասնակցել է 100 հազար մարդ։ Այդ ամենը, ի վերջո, համընդհանուր դժգոհություն է առաջացրել Եգիպտոսում, աշխուժացել են նոմերի անջատական ձգտումները, թուլացել է կենտրոնական իշխանությունը։ 6-րդ դինաստիայի փարավոնները վարել են զիջողական քաղաքականություն․ մի շարք քաղաքներ ազատվել են հարկերից ու պարտույթներից, փարավոնի նվիրաբերումներով բավականաչափ հարստացել են քրմական տաճարները[27]։

Եգիպտոսի առաջին կազմալուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի առաջին կազմալուծումը սկսվել է մ.թ.ա. 23-րդ դարից, երբ երկիրը տրոհվել է մի քանի թշնամական պետությունների։ 8-րդ դինաստիան, որի գահանիստն էր Մեմփիսը, չի կարողացել գլխավորել երկրի վերամիավորման համար պայքարը։ Այնուհետև հզորացել են հյուսիսում՝ Հերակլեպոլիս 9-րդ ն 10-րդ դինաստիաներ), հարավում՝ Թեբայիս կամ Թեբե (11-րդ դինաստիա) քաղաքները։

Թութանհամոնի դիմակը

Միջին թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի տրոհումը նոմերի իր հետ բերեց արյունալի պատերազմներ և ավերածություններ[28]։ Իրավիճակը որոշ կառավարողների ստիպեց վերականգնել միասնական պետությունը։ Այդ շարժումը հյուսիսում գլխավորեց Հերակլեոպոլիս, իսկ հարավում` Թեբե քաղաքը[29] : Պայքարում հաղթեց Թեբեն, և Ք.ա.XXI դարում նրա փարավոնը հիմնադրեց համաեգիպտական XI հարստությունը։ Սկսվեց Եգիպտոսի քաղաքական, տնտեսական և մշակութային նոր վերելքը, որը տևեց մոտ երեք դար։ Այս դարաշրջանը հայտնի է Միջին թագավորություն անվամբ[30]։

Միջին թագավորության շրջանում վերականգնվեց տնտեսությունը, կառուցվեցին նոր ջրանցքներ և քաղաքներ[31]։ Տնտեսության վերելքն ուղեկցվում էր տեխնիկական նորոմուծություններով։ Եգիպտացիները յուրացրին բրոնզի ձուլման տեխնիկան։ Եգիպտոսը սկսեց աշխույժ առևտուր կատարել Փոքր Ասիայի, Սիրիայի և Միջագետքի հետ։

Եգիպտոսից հարավ ընկած Նուբիան, որը հարուստ էր ոսկով, վերածվեց եգիպտական նահանգի։ Եգիպտոսի իշխանությունը տարածվում էր նաև Պաղեստինի և փյունիկյան որոշ քաղաքների վրա[32] :

Շուտով միասնական պետությունը սկսեց տրոհվել։ Սկսվեցին երկպառակչական պատերազմներ նոմերի միջև, բնակչության ապստամբություններ[33] : Այդ իրավիճակից օգտվեցին արտաքին թշնամիները` հիքսոսները: Նրանք Ք.ա.XVII դարում նվաճեցին Դելտայի շրջանը, և Եգիպտոսը դարձավ հիքսոսների ընդարձակ պետության մի մասը։ Դելտայի արևելքում նրանք հիմնեցին իրենց մայրաքաղաքը` Ավարիսը: Միջին թագավորությունն ընդգրկում է 11-13-րդ դինաստիաները։ Մ․թ․ա․ մոտ 2050 թվականին 11-րդ դինաստիայի փարավոն Մենտուհոտեպ I Եգիտոսը վերամիավորել է Թեբեի գերիշխանության ներքո[34]։ Վերականգնվել է ոռոգման համակարգը, ընդարձակվել են մշակովի դաշտերը, զարգացել արհեստները, կատարելագործվել արտադրական միջոցները, աշխուժացել է ներքին և արտաքին առևտուրը։ Արժեքի հիմնական չափին՝ հացահատիկին, փոխարինել է ոսկին։ Արտադրողական ուժերի զարգացումը հանգեցրել է հասարակական նոր շերտավորումների․ գոյացել են կրտսեր ու միջին նաջեսների խավերը՝ ինքնուրույն տնտեսություն վարող հողատերերն ու արհեստավորները։ Միջին թագավորության փարավոնները պետական գործերում ներգրավել են նաջեսներին և վայելել նրանց աջակցությունը։ Միջին թագավորությունն առավելապես հզորացել է 12-րդ դինաստիայի օրոք (մ․թ․ա․ մոտ 2000-1888), որի հիմնադիրն է Ամենհոտեպ կամ Ամենեմհետ I փարավոնը։

Եգիպտոսի երկրորդ կազմալուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի երկրորդ կազմալուծումը սկսվել է 13-րդ դինաստիայի փարավոնների օրոք (մ․թ․ա․ 18-րդ դարի կես), երբ կրկին սրվել են ընդհանուր դժգոհություններն ու ապստամբական շարժումները։ Մ․թ․ա․ մոտ 1700 թվականին, օգտվելով Եգիպտոսիի ներքին թուլությունից, հյուկսոսների ցեղերը գրավել են այն։ Զանգվածաբար հաստատվելով Նեղոսի դելտայի հյուսիսարևելյան մասում՝ հյուկսոսները Եգիպտոսում հիմնել են 15-16-րդ դինաստիաները՝ Ավարիս մայրաքաղաքով։ Նրանք տիրել են շուրջ 110 տարի։ Թեբեում իրենց վասալական գոյությունը պահպանած եգիպտական 17-18-րդ դինաստիաների փարավոնները, հյուկսոսների դեմ կռվելով, ազատագրել են Եգիպտոսը։ Յահմոս I (Ամասիս) փարավոնը մ․թ․ա․ մոտ 1580 թվականին գրավել է Ավարիս քաղաքը, Եգիպտոսից արտաքսել հյուկսոսներին։

Նոր թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին թագավորությունից որոշ ժամանակ անց հիքսոսների դեմ պայքար սկսեցին Թեբեի շուրջ համախմբված նոմերը։ Ի վերջո` Թեբեի փարավոն Յահմոս I-ը (Ք.ա. մոտ 1540-1517 թվականներ) գրավեց Ավարիսը և վտարեց հիքսոսներին։ Այսպես սկսվեց Եգիպտոսի պատմության Նոր թագավորության դարաշրջանը։ Նոր թագավորության (18-20 դինաստիաներ) ժամանակաշրջանը բնութագրվում է Եգիպտոսի տնտեսական, քաղաքական ն մշակութային վերելքով։ Իշխող դասակարգի պահանջները (նոր շահույթներ, ստրուկներ) բավարարելու, նորանոր արշավանքներ ձեռնարկելու համար փարավոններն ընդարձակել ն վերակառուցել են բանակը, որը համալրվել է հիմնականում իշխող դասերի ներկայացուցիչներով։ Թութմոս I, Թութմոս III ն Ամենհոտեպ II փարավոնները Եգիպտոսին միացրել են Պաղեստինն ու Ասորիքը՝ մինչև Եփրատ գետը, և Քուշը՝ մինչև Նեղոսի 4-րդ սահանքը։ Առևտրական և դիվանագիտական աշխույժ հարաբերություններ են հաստատվել Միտանիի, Բաբելոնի ն Խեթական թագավորությունների հետ։

Էխնաթոն(Ամենհոտեպ IV)

Փարավոնները ձեռնամուխ եղան բանակի վերակազմավորմանը։ Ստեղծվեցին մարտակառքերի ջոկատներ, զորքերը զինվեցին կատարելագործված զենքերով։ Բանակում աճեց վարձկան զորքերի թվաքանակը։ Այժմ Եգիպտոսն ուներ խոշոր բանակ, որը թույլ տվեց վարելու գործուն արտաքին քաղաքականություն։

Աննախադեպ հաջողություններ արձանագրվեցին Թութմոս III-ի հառավարման ժամանակ (Ք.ա. 1467-1413 թվականներ)։ Փարավոնը հյուսիսում հասավ մինչև Կարքեմիշ։ Թութմոս III-ի տերությունը հյուսիսից հարավ ձգվում էր մոտ 3200 կմ։

Փարավոնը ստեղծեց գաղութային վարչակազմ, որը պետք է իրագործեր նորանվաճ երկրների նկատմամբ տարվող քաղաքականությունը։ Թութմոսն առաջինն էր, ով նվաճվածների վրա սահմանեց հարկային և այլ պարտավորություններ։

Ք.ա. XIV դարում կարևոր իրադարձություններից էր փարավոն Էխնաթոնի կրոնական բարեփոխումը։ Փարավոնների կողմից տրվող նվիրատվությունների շնորհիվ երկրում մեծ ազդեցություն ձեռք բերեց Թեբեի հովանավոր աստված Ամոնի տաճարը։ Տաճարի քրմերը միջամտում էին նույնիսկ պետության աշխարհիկ գործերին։ Դա պատճառ էր դառնում փարավոնների և քրմության միջև տարաձայնությունների ու բախումների։ Իրավիճակը լարվեց Ամենհոտեպ IV-ի (Ք.ա. 1352-1336 թվականներ) հառավարման սկզբում։

Էխնաթոնի նոր կերպարը։Դիմացից Աթոն աստվածը։

Փարավոնը վճռեց հարցին տալ արմատական լուծում։ Նա դիցարանում առաջ մղեց երկրորդական աստվածություն Աթոնին, որը մարմնավորում էր Արևի սկավառակը: Աթոնը հռչակվեց Եգիպտոսի միակ աստված։ Մնացած բոլորը` ներառյալ Ամոնը, վերածվեցին Աթոնի սպասավորների։ Ամենհոտեպն իրեն հռչակեց Աթոնի միակ որդի և ընդունեց նոր անուն` Էխնաթոն («Աթոնին հաճելի»)։ Նա տեղափոխվեց նորաստեղծ մայրաքաղաք` Ախետաթոն («Աթոնի հորիզոն»)։ Էխնաթոնի բարեփոխումները ոչ միայն հանդիպեցին հին քրմության և նոմային ազնվականության դիմադրությանը, այլև արձագանք չգտան բնակչության մոտ։ Էխնաթոնի մահից հետո նրա հաջորդները ստիպված էին վերականգնել Ամոնի և մյուս աստվածների պաշտամունքը, քրմությանը վերադարձվեցին նրա իրավունքները, վերափոխությունները համընդհանուր ընդունելություն չգտան, և նրա հաջորդը՝ Թութանհամոնը, հարկադրաբար վերականգնել է նոմարքոսների ու քրմության հին իրավունքները։

Լուքսոր

Նոր թագավորության ավարտին վատթարացավ Եգիպտոսի ներքին և արտաքին դրությունը։ Եգիպտոսի ազդեցությունը Արևելամիջերկրածովյան ավազանում գործնականում վերացավ։ Իրավիճակը բարելավվեց միայն Ռամզես II-ի (մ.թ.․ա․ 1279-1213 թվականներ) օրոք։ Սեթի I և Ռամզես II վարավոնները նոր արշավանքներ են ձեռնարկել հարևան երկրների դեմ՝ փորձելով վերականգնել Եգիպտոսի խարխլվող դիրքերը։ Սակայն մ.թ.․ա․ 1312 թվականին Կադեշի ճակատամարտում պարտվելով խեթական զորքերից՝ Ռամզես II այնուհետև չափավորել է իր ռազմական, գործողությունները։ Խեթական Խաթուսիլիս III թագավորի հետ Ռամզես II-ի կնքած պայմանագրով (մ․թ․ա․ 1296) Եգիպտոսին մնացել են Պաղեստինը, Փյունիկեն և Հարավային Ասորիքը։ Ռամզես II հաջորդները պաշտպանական պատերազմներ են մղել լիբիացիների ն «ծովի ժողովուրդների» (այդ թվում՝ աքքայացիների) դեմ։ 20-րդ դինաստիայի փարավոնների օրոք (մ․թ․ա․ XII-XI դարերի) Եգիպտոսը կորցրել է տիրապետությունն Ասորիքում և Քաշում։ Մ․թ․ա․ XI դարի փարավոնների իշխանությունն այնքան է թուլացել, որ Թեբեի իշխանությունն անցել է քրմության ձեռքը։

Ուշ (Լիբիա-Սայիսյան և Պարսից) ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ (Լիբիա-Սայիսյան և Պարսից) ժամանակաշրջան ի սկզբում աշխուժանում են նոմարքոսների անջատական միտումները։ Բանակում մեծանում է լիբիացի վարձկան զինվորների ազդեցությունը։ Մ․թ․ա․ X դարի կեսին նրանց հրամանատար Շեշենոկը գրավել է իշխանությունը և Բուբսատիս քաղաքում սկիզբ դրել Լիբիական (մ.թ.ա. XXII դար) դինաստիային։ Եգիպտոսի միասնականությունը վերականգնելու այս փարավոնների փորձերն ավարտվել են անհաջողությամբ։ Եգիպտոսը աստիճանաբար մասնատվել է, գրեթե բոլոր նոմարքոսները դարձել են անկախ արքայիկներ։ Տարածվել է պարտային ստրկությունը, հատկապես ազատ համայնական գյուղացիների ստրկացումը։ Այդ երևույթը, ի վերջո, այնպիսի չափերի է հասել, որ Բոկխորիս փարավոնը (մ․թ․ա․ VIII դար) հատուկ օրենքով արգելել է պարտքի դիմաց ազատ մարդկանց ստրկացումը։ Մ․թ․ա․ VIII-7VII դարերում անկախացած Քուշի թագավորները հաճախ են արշավել Եգիպտոս՝ հավակնելով իշխել Նեղոսի հովտում։ Եթովպական Նապատա պետության (մայրաքաղաքի անունով, 4-րդ սահանքում) թագավոր Պիանխին մ․թ․ա․ մոտ 740 թվականին արշավելով Եգիպտոս՝ ծանր կորուստներ է պատճառել նրա արքայիկներին։ Նրա հաջորդը՝ Շաբական, մ․թ․ա․ մոտ 720 թվականին նվաճել է Եգիպտոս և Թեբեում հիմնել Եթովպական (25-րդ) դինաստիան։ Եթովպական թագավորները գրել են եգիպտերեն, երկրպագել Ամոնին և եգիպտական մյուս կուռքերին՝ ամեն կերպ ընդգծելով իրենց «տեղացի լինելը»։ Մ․թ․ա․ 671 թվականին Եգիպտոսին տիրել է Ասորեստանը։

Եգիպտոսի այժմյան մայրաքաղաք Կահիրեն

Մ․թ․ա․ 7-րդ դարում վերելք է ապրել Սայիս քաղաքը (Նեղոսի դելտայի արևմտյան մասում), որի կառավարիչ Պսամետիկոսը մ․թ.ա․ VII դարի կեսին անկախացել է, ամրապնդել տիրապետությունը Ստորին Եգիպտոսում, Թեբեից դուրս մղել եթովպացիներին և միավորել երկիրը՝ հիմնելով Սայիսյան (26-րդ) դինաստիան։ Պսամետիկոս I և նրա հաջորդները սերտ առևտրական հարաբերություններ են հաստատել հույների, փյունիկեցիների, հրեաների և այլ ժողովուրդների հետ։ Սայիսյան փարավոնների օրոք Նեղոսը ջրանցքով միացվել է Կարմիր ծովին, հիմնվել հունական գաղութ Նավրատիս քաղաքը։ Եգիպտոսի նոր հզորացումը կանխել է Աքեմենյան Կամբյուսես թագավորը, որը մ․թ․ա․ 525 թվականին գրավել է Եգիպտոսը և միացրել Աքեմենյան պետությանը։ Մ․թ․ա․ 404 թվականից Եգիպտոսը ժամանակավորապես անկախացել է, բայց մ․թ․ա․ 341 թվականից կրկին ենթարկվել է Աքեմենյաններին, իսկ մ․թ․ա․ 331 թվականից՝ Ալեքսանդր Մակեդոնացուն։

Հունա-հռոմեական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունա-հռոմեական ժամանակաշրջանում Եգիպտոսում տարածվել է հելլենիստական քաղաքակրթությունը։ Միջերկրականի ափին Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած Ալեքսանդրիա քաղաքը դարձել է հելլենիստական մշակույթի և առևտրի խոշոր կենտրոն։ Պտղոմեոսների օրոք (մ․թ․ա․ 305 - մ․թ․ա․ 30) Եգիպտոսում ստեղծվել են արհեստների ու առևտրի նոր կենտրոններ, հունական և եգիպտական մշակույթների միաձուլումից առաջացել է նոր և ավելի զարգացած մշակույթ։ Պտղոմեոսյան թագավորները փարավոնների օրինակով իրենց հռչակել են հողի գերագույն սեփականատեր, ծանր հարկեր ու պարտավորություններ դրել տեղի բնակչության վրա։ Մ․թ․ա․ 3-րդ դարի սկզբին Եգիպտոաը վերստին տիրել է արևելյան Միջերկրականի առափնյա երկրներին ու կղզիներին[35]։ Սակայն մ․թ․ա․ 2-րդ դարի սկզբին Սելևկյանների և Մակեդոնիայի դեմ պատերազմներում Եգիպտոսը կորցրել է նվաճած երկրները։ Մ․թ․ա․ 30-ին Հռոմը նվաճել է թուլացած Եգիպտոսը և դարձրել կայսրության պրովինցիա[36]։ Հռոմեական կայսրության բաժանումից (385) հետո Եգիպտոսը մնացել է Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիա) կազմում։ 619 թվականին Պարսից Խոսրով II թագավորը Եգիպտոաը նվաճել է թուլացած Բյուզանդիայից, 639-642 թվականներին Եգիպտոսը նվաճել են արաբները։

Պատմական աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսի մասին պատմող աղբյուրները կարելի է բաժանել երեք խմբերի․

  1. Հունական գրողների կողմից գրված տեքստեր։ Առավել հայտնի գրողներից էին Հերոդոտը (մ․թ.ա. V դար), Դիոդորոս Սիցիլիացին (մ․թ․ա․ I դար), Ստրաբոն (մ․թ․ա․ I-մ․թ․I դար)։ Այս աղբյուրները այնքան էլ հավաստի չեն, ինչը հույների եգիպտական մշակույթի մասին քիչ տեղեկությունների։ Այստեղ կարելի է ընդգրկել նաև եգիպտական մոգ Մանեֆոնի հունարենով գրած Եգիպտոսի պատմությունը։ Այս սկզբնաղբյուրը գրված է եղել IV դարում այն ժամանակ, երբ արդեն Եգիպտոսը գրավված է եղել Մակեդոնիայի կողմից։ Մանեֆոնը հիշում է 30 դինաստիաներ, որոնց տալիս է հետևյալ բաժանումը՝ Հին, Միջին և Նոր թագավորություններ։ Մանեֆոնի աշխատությունը մեր ժամանակներ է հասել միայն որոշ փոփոխություններով քրիստոնեական և հրեական աղբյուրների միջոցով։
  2. Աստվածաշունչ և հրեական մի քանի կրոնական գրքեր, որոնք պատմում են սկսած մ․թ․ա․ XI դարից։ Այս աղբյուրները Եգիպտոսի մասին ևս ամբողջական տեղեկություններ չկան, քանի որ Եգիպտոսի մասին հայտնում են հրեական պատմության հետ զուգահեռ։ Բացի այդ, այս աղբյուրներում Եգիպտոսը ներկայացվում է միայն մեկ տեսանկյունից։
  3. Առավել կարևոր սկզբնաղբյուրներ են համարվում հենց հին Եգիպտոսից դուրս եկած ձեռագրերը և հիերոգլիֆները։ Այս ձեռագրերի ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի կողմից գաղտնազերծման շնորհիվ։ Մեզ են հասել բազմաթիվ պապիրուսներ, հիերոգլիֆներ գերեզմանների վրա կատարված բազմաթիվ նկարներ։ Այս աղբյուրները պարունակում են բազմաթիվ առասպելներ են պատմում Եգիպտոսի առաջացման, տարբեր ժամանակների քաղաքական կյանքի, կրոնների և արտաքին քաղաքականության մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Friedemann Schrenk, Stephanie Müller: Die Neandertaler. Beck, München 2005, S. 42.
  2. Carl Zimmer: Woher kommen wir? Die Ursprünge des Menschen. Spektrum Akademischer Verlag, 2006, S. 90.
  3. Kathryn Ann Bard, Steven Blake Shubert (Hrsg.): Encyclopedia of the Archaeology of Ancient Egypt. Psychology Press, 1999, S. 6.
  4. Fred Wendorf, Romuald Schild, Angela E. Close: Egypt During the Last Interglacial. The Middle Paleolithic of Bir Tarfawi and Bir Sahara East. Plenum Press, 1993.
  5. Fred Wendorf: Prehistoric Sites in Egypt and in Sudan, Website des Nubia Museum in Assuan.
  6. Barbara Ann Kipfer: Encyclopedic Dictionary of Archaeology, Springer 2000, S. 278.
  7. Philip Van Peer, Pierre M. Vermeersch, Etienne Paulissen: Chert Quarrying, Lithic Technology, and a Modern Human Burial at the Palaeolithic Site of Taramsa 1, Upper Egypt. In: African Archaeological Review 27,3 (2010) S. 251–253.
    Philip Van Peer, Pierre M. Vermeersch, Etienne Paulissen: Chert Quarrying, Lithic Technology, and a Modern Human Burial at the Palaeolithic Site of Taramsa 1, Upper Egypt. Leuven University Press 2010.
  8. Ian Shaw: The Oxford History of Ancient Egypt. Oxford University Press 2003, S. 20.
  9. Amud, in: Encyclopedia Britannica, 2007.
  10. A middle palaeolithic burial of a modern human at Taramsa Hill, Egypt, 2009.
  11. El-Hosh, Netherlands-Flemish Institute in Cairo.
  12. Steven Mithen: After the Ice: A Global Human History, 20,000-5000 BC, S. 494.
  13. Béatrix Midant-Reynes: The Naqada-Period (4000 – 3.200 BC.), in: Oxford History of Ancient Egypt, Oxford University Press 2003, S. 41–56.
  14. Jochem Kahl: Ober- und Unterägypten: Eine dualistische Konstruktion und ihre Anfänge, in: Rainer Albertz (Hrsg.): Räume und Grenzen: Topologische Konzepte in den antiken Kulturen des östlichen Mittelmeerraums, München 2007, S. 16.
  15. Werner Kaiser: Einige Bemerkungen zur ägyptischen Frühzeit. In: Zeitschrift für Ägyptische Sprache und Altertumskunde 91 (1964), S. 86–124.
  16. Christiana Köhler: The Three-Stage Approach to State Formation in Egypt. In: Göttinger Miszellen 147 (1995), S. 79–93.
  17. Michael Allan Hoffman: Egypt before the pharaohs: The Prehistoric Foundations of Egyptian Civilization, Routledge and Kegan Paul, London 1980, S. 312-326.
  18. Египтяне снова собираются на площади Тахрир
  19. Вести. Ru: Премьер-министр Египта подал в отставку
  20. 20,0 20,1 Werner Huß: Ägypten in hellenistischer Zeit, 332–30 v. Chr., München 2001, S. 69.
  21. Werner Huß: Ägypten in hellenistischer Zeit, 332–30 v. Chr., München 2001, S. 57 f.
  22. Isabelle Crevecoeur: The Upper Paleolithic Human Remains of Nazlet Khater 2 (Egypt) and Past Modern Human Diversity, in: Modern Origins. Vertebrate Paleobiology and Paleoanthropology 2012 (205-219) und L. Bouchneb, Isabelle Crevecoeur: The inner ear of Nazlet Khater 2 (Upper Paleolithic, Egypt), in: Journal of Human Evolution 56 (2009) 257–262. Gesamtdarstellung von Isabelle Crevecoeur: Etude anthropologique du squelette du Paléolithique supérieur de Nazlet Khater 2 (Egypte). Apport à la compréhension de la variabilité passée des hommes modernes, Leuven University Press 2009.
  23. Eine Abbildung des Schädels findet sich hier
  24. Ron Pinhasi, Patrick Semal: The position of the Nazlet Khater specimen among prehistoric and modern African and Levantine populations, in: Journal of Human Evolution 39,3 (2000) 269–288, datierten in auf ein Alter von etwa 33.000 Jahren.
  25. Die Besonderheiten des Innenohrs und die daran hängenden Fragen der Verwandtschaften innerhalb der sich ausbreitenden modernen Menschengruppen, die physisch noch stärker divergierten, untersuchten Linda Bouchneb, Isabelle Crevecoeur: The inner ear of Nazlet Khater 2 (Upper Paleolithic, Egypt), in: Journal of Human Evolution 56 (2009) 257–262.
  26. Werner Huß: Ägypten in hellenistischer Zeit, 332–30 v. Chr., München 2001, S. 63.
  27. Werner Huß: Ägypten in hellenistischer Zeit, 332–30 v. Chr., München 2001, S. 86 ff.; Werner Huß führt dort alle Satrapien mit den jeweiligen Satrapen auf.
  28. K. Kris Hirst: Nazlet Khater. Early Modern Human Mining in Egypt Արխիվացված 2016-11-09 Wayback Machine, in: About.com.
  29. P. M. Vermeersch (Hrsg.): Palaeolithic Living Sites in Upper and Middle Egypt, Leuven University Press 2000, S. 111–158.
  30. Jean-Jacques Hublin, Shannon P. McPherron: Modern Origins. A North African Perspective, Springer 2012, S. 191.
  31. Steven Mithen: After the Ice: A Global Human History, 20,000-5000 BC, Harvard University Press 2003, 2006, S. 452.
  32. Stan Hendrickx, Pierre Vermeersch: Prehistory: From the Paleolithic to the Badarian Culture (700.000−4000 BC.), in: Ian Shaw: The Oxford History of Ancient Egypt, Oxford 2003, S. 16–40, hier: S. 24.
  33. Stan Hendrickx, Pierre Vermeersch: Prehistory: From the Paleolithic to the Badarian Culture (700.000 − 4000 BC.), in: Ian Shaw: The Oxford History of Ancient Egypt, Oxford 2003, S. 16–40, hier: S. 25.
  34. F. Wendorf: Prehistory of Nubia, Southern Methodist University Press, Dallas, Bd. 2, 1968, S. 954–999.
  35. Руководить внутренней и внешней политикой Египта будет глава Высшего совета ВС
  36. Военные Египта отменили действие конституции и распустили парламент
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 467