Հոգեվերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեվերլուծություն (գերմ.՝ Psychoanalyse), ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդի կողմից 19-րդ դարավերջում20-րդ դարասկզբում մշակված հոգեբանական տեսություն, ինչպես նաև այդ տեսության վրա հիմնված հոգեկան խանգարումների բուժման ազդեցիկ մեթոդ[1]։ Հետագայում Հոգեվերլուծությունը լայնացել է, քննադատվել և զարգացել տարբեր ուղղություններով, հիմնականում Ֆրոյդի նախկին կոլեգաների կողմից, որոնց թվում են Ալֆրեդ Ադլերը, Կարլ Գուստավ Յունգը, իսկ հետագայում նոր ֆրոյդականների կողմից՝ Էրիխ Ֆրոմմի, Կարեն Հորնիի, Հարի Սթեք Սալիվանի և Ժակ Լականի։

Հոգևերլուծության հիմնական դրույթները հետևյալն են.

  • մարդու վարքը, փորձը և իմացությունը շատ բաներով կանխորոշված են ներքին և իռացիոնալ (անհամաչափելի) ձգտումներով,
  • այդ ձգտումները մեծ մասամբ անգիտակցական են,
  • այդ ձգտումների հասկանալու փորձերը պատճառ են դառնում պաշտպանողական մեխանիզմների տեսքով հոգեբանական դիմադրությանը,
  • բացի անձի կառուցվածքից, անհատական զարգացումն կանխորոշվում է վաղ մանկության ժամանակների իրադարձություններով,
  • իրականության գիտակցված ընկալման և անգիտակցական (դուրս մղված) նյութի միջև կոնֆլիկտները կարող են հիմք հանդիսանալ հոգե-հուզական խանգարումների (ինչպիսիք են նևրոզները, բնավորության նևրոտիկ գծերը, վախը, դեպրեսիան և այլն) առաջացմանը,
  • անգիտակցական նյութի ազդեցությունից ազատմանը կարելի է հասնել այն գիտակցելու միջոցով (օրինակ, համապատասխան մասնագիտական աջակցության դեպքում)[2]։

Ժամանակակից Հոգեվերլուծությունը բառի լայն իմաստով ընդգրկում է մարդու հոգեկան զարգացման ավելի քան 20 կոնցեպցիա։ Հոգեվերլուծական թերապևտիկ բուժման միջոցները այնքան են տարբերվում, ինչքան որ տեսությունները։ Տերմինը նաև նշանակում է մանկական զարգացման հետազոտության մեթոդ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Psychoanalysis // Encyclopædia Britannica.
  2. Erich Fromm (1992:13-14) The Revision of Psychoanalysis