Արսեն Արծրունի
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Արսեն Արծրունի | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրթություն | Ուրարտու Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան (2010), Մելքոնյան կրթական հաստատություն (1980) և Հայկազյան համալսարան (1986) |
Մասնագիտություն | հոգեբան, ուսուցիչ և իրավապաշտպան |
Ծնողներ | հայր՝ Արա Արծրունի |
Արսեն Արայի Արծրունի (մարտի 28, 1961, Բեյրութ, Լիբանան), հայ հոգեբան, հանրային գործիչ, ուսուցիչ, հոդվածագիր, իրավապաշտպան, ՀՅԴ կուսակցության անդամ, «Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսեն Արծրունին ծնվել է 1961 թվականի մարտի 28-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ 1964 թվականից սովորել է Համազգային մշակութային ընկերակցության Նշան Փալանջյան ճեմարանում։ 1978-1979 թվականներին ուսանել է Մոն Լասալ վարժարանում, 1979-1980 թվականներին՝ Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, իսկ 1981-1986 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Լիբանանի Հայկազյան համալսարանում։
1977 թվականին, 16 տարեկանում սկսել է մասնակցել հայկական թաղամասերի պաշտպանության աշխատանքներին։ 1981 թվականից հետո մասնակցել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի առաջին փուլին։ 1981-1987 թվականներին զբաղվել է ՀՅԴ կուսակցության Լիբանանի կառույցի շրջանակներում կազմակերպվող քարոզչական աշխատանքներով։ Ստանձնել է ղեկավար պաշտոններ երիտասարդական և ուսանողական կառույցներում։ Այդ աշխատանքների շրջանակներում, Արսենն իր ընկերների հետ նախաձեռնել և իրականցրել է տարբեր նախագծեր, այդ թվում՝
- Ապրիլ 23-ի գիշերային ջահերով երթն ու հսկումը,
- Բեյրութի արևելան՝ քրիստոնեական բնակավայրերում թուրքական ապրանքների վաճառքի դեմ պայքարը,
- Հայ բնակչության շրջանակներում թուրքական մշակութային ազդեցության դեմ պայքարը,
- Բախտախաղի և սոցիալապես անառողջ այլ երևույթների դեմ պայքարը,
- Հակահայկական իրադարձություններին լիբանահայերի հավաքական արագ հակազդելու ունակ քարոզչական համակարգի ստեղծումը։
- 1980 թվականի կեսերին Բեյրութի Վանա Ձայն ոադիոկայանի հիմանադրությունը (այն մինչ օրս գործում է և համարվում է արևմտահայ ամենատարածված ռադիոկայաններից մեկը)։
Գործունեությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-1990 թվականներին Արսեն Արծրունին ուսումնասիրում է ձեռներեցության Գորբաչովյան օրենքները, ապա այցելում Խորհրդային Հայաստան, որոնելով դեպի Հայաստան նոր (առնվազն գործարար) ներգաղթի ստեղծման միջոցներ։ Նրա ուսումնասիրությունների արդյունքներր հրապարակվում են Բեյրութի «Ազդակ» օրաթերթում, ինչպես նաև սփյուռքի այլ թերթերում։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա մասնակցում է Լիբանահայերի դրամահավաքի կազմակերպչական աշխատանքներին, իսկ 1989 թվականին «Հայ օգնության միության» (ՀՕՄ) կողմից կազմակերպված օժանդակության շրջանակներում, որպես ինֆորմատիկայի ուսուցիչ, զործուղվում է աղետի գոտի՝ Վանաձորի թիվ 5 դպրոց։ Նույն տարում, նա համակարգչի ուսուցման դասեր է անցկացնում նաև այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտ քաղաքի վարժարաններից մեկում։
Գալով Հայաստան՝ Արսենը, առաջին իսկ օրերից սկսում է օժանդակել Վանաձորի ՀՅԴ կառույցի հիմնադրման աշխատանքներին և Երևանում հիմնում է իր գործարարական գրասենյակր, որը հակառակ Հայաստանում տիրող դժվարություններին, հաջող գործունեություն է ծավալում։ 1993 թվականի գարնանը նրա մոտ կամ նրա մասնակցությամբ ստեղծված տարբեր հիմնարկներում աշխատում էին 52 քաղաքացիներ։ 1991-1992 թվականներին, մասնակցելով «Հայաստան-Սփյուռք» գործարար համաժողովին, ընտրվում է այդ համաժողովի վարչության անդամ։ Արսեն Արծրունու առջև լուրջ խնդիր էր դրված՝ նպաստել Հայաստան-սփյուռք գործարար համագործակցությանը պատերազմական, տնտեսական և անվտանգության ճգնաժամի պայմաններում, սփյուռքահայերին ապացուցել, որ նույնիսկ պաշարված Հայաստանը գործարարության համար նպաստավոր վայր է, և որ այստեղ առկա են բոլոր պայմանները՝ ցանկացած գործ ձեռնարկելու համար։ Իսկ հայրենիքում մեծ թափով արտագաղթ էր սկսվել։ Իր ընկերների հետ 1992 թվականի սկզբին Արսեն Արծրունին հիմնում է Հայկական փաստագրական կենտրոնը (ADC), որի շրջանակներում օտար լրագրողների հակահայ կամ պրոթուրքական դիրքորոշումները ի նպաստ Հայաստանի շրջելու նպատակով, նրանց կադրավորումը, տեղափոխումը, և հանգիստը կազմակերպող համակարգ է ձևավորում։
Համարելով, որ Արցախյան ազատամարտում Հայկական սփյուռքի մասնակցությունր շատ փոքր է և նպատակ ունենալով այդ պայքարի առօրյան սփյուռք տեղափոխել, Արսենը ձեռնարկում է Ստեփանակերտում կարճ ալիք ռադիոկայանի ստեղծման ծրագիր, որը սակայն, Արցախի նախագահ Արթուր Մկրտչյանի մահանալուց հետո խափանվում է։ Նույն ժամանակաշրջանում իր մասնակցությունն է ունենում Աբխազահայության ինքնապաշտպանության կազմակերպչական որոշ աշխատանքների։
Արցախյան ազատամարտի տարիների հենց սկզբից նա մասնակցում է սփյուռքից դեպի Հայաստան ու Արցախ զինատար աշխատանքներին. հետագայում նույնպես, Լիբանանից ու սփյուռքյան այլ գաղթօջախներից դեպի Հայաստան ու Արցախ ուղարկվող՝ պատերազմի կարիքներին ուղղված տարբեր տիպի ապրանքները տեղ են հասել Ուկրաինայում ու Ռուսաստանում Արսեն Արծրունու կողմից ստեղծած ցանցի միջոցով։
Շուշիի ազատագրումից օրեր անց Արսենը մաս էր կազմում երիտասարդների այն խմբին, որոնք ստեղծելու էին Շուշիի Արամ Մանուկյան վարժարանը։
Բանտարկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականի ամռանն արդեն թեժանում է իշխանությունների ու ՀՅԴ-ի միջև 1992 թվականից սկսած հակամարտությունը։ Արցախյան պատերազմի զինադադարից անմիջապես հետո, Սիրիայի ու Լիբանանի իր ընկերների հետ միասին Արսենը մշակում է Արևմտյան Հայաստանում ծպտյալ հայերի ինքնության դարձի և Թուրքիայում երրորդ ուժի ձևավորման համար հայ-քուրդ խառը ազատամարտիկների խմբերի ձևավորման զաղափարը։
Ձերբակալվել է 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործի» շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996-ի դեկտեմբերին դատապարտվել է մահապատժի[1][2]։ 2003-ին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ[1][2]։ ՀՀ Վերաքննիչ դատարանը 2018-ին մերժել է Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու բողոքը[1]։
1997 թվականին, դատական գործընթացների ավարտից հետո երբ արդեն Արմենակ Մնջոյանի հետ Արսենն ապրում էր մահապարտի կյանքով, նրանք երկուսով սկսում են պատրաստել դասանյութեր, որոնք, համաձայն նրանց նախատեսումների, Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո, պետք է օգտագործվեին Արցախի զինված ուժերում կուրսանտների ուսուցման համար։
Բանտային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Արսենին ու Արմենակ Մնջոյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մահապարտների հարկ։ Մահապարտների իրենց խցում նրանք միասնաբար պատրաստում են ՀՀ-ի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի տասնյակ հազարների հասնող դատապարտյալներով Արցախի Հարավ արևելյան հատվածի վերաբնակեցման նախագիծ, որը ուղարկում են ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանին։
«ՊԱՉ-Իրավունք»
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի վերջերին Արսենը հիմնում է «ՊԱՉ-Իրավունք» հասարակական կազմակերպություն-նախաձեռնությունը, որը գործում է մինչև 2006 թվականը։ «ՊԱՉ» նշանակում է «պատժի առավելագույն չափ», այսինքն մահապատիժ կամ ղրա վերացումից հետո` ցմահ ազատազրկում։ Այս կազմակերպությունը ծավալում է նախ CPT-ի (բանտային խոշտանգումների կասեցում), ապա նաև ՀՀ-ի` Եվրոխորհրդին անդամակցության համար անհրաժեշտ բանտային բարեփոխումների ճիշտ իրականացման մոնիտորինգային ու գործընթացի արագացմանն օժանդակելու գործունեություն։ Արսենի հարազատների կողմից կատարվում են նյութական հատկացումներ, որոնց միջոցով Արսենն օժանդակում է մահապարտների խցերի վերանորոգման, երկար տեսակցության հարկաբաժնի կառուցման, դասասենյակի ստեղծման և այլ աշխատանքներին։ Մինչև 2006 թվականը մահապարտների կեցության մինչ այդ մահացու պայմանները բարելավվում են և համապատասխանեցվում Եվրոխորհրդի պահանջներին։ Արսենը այս գործունեության համար ստանում է երեք խրախուսանք (հավելյալ տեսակցություններ), որոնք սակայն հետագայում իր թղթածրարից ջնջվում են։ Իսկ երբ 2006 թվականին, Եվրոխորհորհուրդն հայտարարում է, որ ցմահ ազատազրկյալների պահման պայմանները բավարար են, անմիջապես սկիզբ են առնում խստացումներ։ Ու երբ այդ ետքայլը դառնում է անտանելի (մահամերձ դատապարտյալներին չհոգալու դեպքեր, օտար լեզվով գրքերի մուտքի արգելում և այլն) Արսենն իր ցմահական ընկերների ու «ՊԱՉ-Իրավունք» կազմակերպության աջակցությամբ կազմակերպում է բողոքի արշավ, որի հետևանքով ստանում է իր առաջին տույժը։
2000 թվականի վերջերին Արսեն Արծրունու նախաձեռնությամբ և նրա հարազատների օգնությամբ կատարվեցին ՔԿՀ-ում մահապարտների խցերի վերանորոգման, երկար տեսակցության հարկաբաժնի կառուցման, դասասենյակի ստեղծման և վերանորոգման այլ աշխատանքներ։ Մինչև 2006 թվականը մահապարտների կեցության մինչ այդ մահացու պայմանները բարելավվեցին և համապատասխանեցվեցին Եվրոխորհրդի պահանջներին։
«Թուրքական փակուղի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականից մինչև 2003 թվականը Արսենն ուսումնասիրում է Թուրքիայի միջազգային հարաբերությունների պատմությունը և հետևում այնտեղ տեղի ունեցող խմորումներին։ Նրա «Թուրքական փակուղի» հոդվածը լույս է տեսնում Արզուման Խաչիկյան ստորագրությամբ` «Իրավունք- Հետաքննություն» շաբաթաթերթում և արտատպվում է սփյուոքյան որոշ թերթերում։ Այս հոդվածն առաջինն էր, որ 2003 թվականին նախազգուշացնում էր այն մասին, որ քեմալիզմից ձերբազատվող թուրքական ազգայնականությունը իսլամն օգտագործելու միջոցով Օսմանյան նոր կայսրություն կառուցելու նպատակ է հետապնդում, որի առաջին թիրախը լինելու է Հալեպ-Մոսուլ գիծը։ Հոդվածում արծարծված մտքերը հայկական մեդիայում սկսում են ի հայտ գալ միայն Սիրիայի քաղաքացիական պատերազմից հետո։
«Հայ Կամավորների Միություն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2008 թվականներին Արսենը գործում է Ջավախքի հայության քաղաքական ու մշակութային իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Նա մասնակցում է «Հայ Կամավորների Միություն» կազմակերպության հիմնադրմանն ու գաղափարախոսության մշակման աշխատանքներին։ Այդ կազմակերպությունը կոչված էր Ջավախահայ շրջանակներում սեփական իրավունքներին տեր կանգնելու ունակ ուժ գոյացնել։ Ոգևորված ջավախահայ երիտասարդներին նկատմամբ վրացական իշխանությունները անողոք գտնվեցին։ Արսենը չլքեց բանտում հայտնված այդ քաղբանտարկյալներին. երկար պայքարից հետո նրանք ազատ արձակվեցին։ Մարդու իրավունքների ու փոքրամասնությունների քաղաքական իրավունքների միջազգային օրենքների շրջանակներում հաջողությամբ պայքարելու այս փորձը փոխեց Հայ դատի հետագա փուլերի վերաբերյալ Արսենի պատկերացումները։ Այդ նույն ժամանակաշրջանին Արսենը փորձեց նաև օժանդակել Նախիջևանահայության ինքնակազմակերպման աշխատանքներին։
Անգլերենի դասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2005-2008 տարիներին, հաճախակի ընդհատումներով, ցմահականների համար Արսենը կազմակերպում է անգլերեն լեզվի դասեր. դասասենյակում մեծ ոգևորությամբ ցմահականերն սկսում են անգլերեն լեզուն սովորել։ Այդ հանդիպումները նա օգտագործում է նաև որոշ դատապարտյալների դեպի ԲՈՒՀ-ական ուսում մղելու համար։ Հաջորդ տարիներին նրանցից առնվազն վեցը դառնում են ուսանողներ։ Արսենը նաև այցելելով տարբեր խցեր մատուցում է համակարգչային դասեր (մինչև 2015 թվականի մայիսը խցերում համակարգիչ ունենալը արգելված չէր)։ Անգլերեն դասերը ընդհատվում են պաշտոնական հետևյալ պատճառաբանությամբ՝ «Քանի որ Արծրունին չի ավարտել մանկավարժականը` դասավանդելու իրավունք չունի»։
Հոգեբանության ուսումնասիրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանտային արդեն անտանելի դարձած ապրումները դիմագրավել կարողանալու նպատակով, 2003 թվականից մինչև 2007 թվականը Արսենն ուսումնասիրում է հոգեբանություն առարկան։ Նրան օգնում է լրագրուհի Լիա Իվանյանը, որի հետ իր ապրումները կիսելով առիթ է ստեղծում այս վերջինին հրապարակելու այդ երկխոսության հիման վրա գրված իր վիպակը։ Իվանյանի ուղարկած կամ հուշած դասագրքերի ուսումնասիրումն ու ներհայեցողական ինքնաճանաչման ձևով իր ձեոք բերած գիտելիքները բավարար են դաոնում, որ 2007 թվականին Արսենը հանձնի հոգեբանության բակալավրի ավարտական քննությունը և որպես մագիստրատուրայի ուսանողի` պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանի բացառիկ ջանքերի շնորհիվ ընդունվի համալսարան։ Խրախուսանքն (արդարացիորեն) ստանում է ՀՀ-ում ուսանող դատապարտյալի այդ առաջին փորձն իրականացրած քրեակատարողականի պաշտոնյաներից մեկը։ Արսենին չեն խրախուսում, պատճառաբանելով, որ (2005-ի վերջերից սկսած օրենքով թույլ տրվող) ուսանելու թույլատրությունն ինքնին խրախուսանք է։
«Եզերք»
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին «Երկիր» միության շրջանակներում հիմնվում է «Եզերք» հանդեսը։ Արսենը աշխատանքի է ընդունվում` որպես այդ հանդեսի խմբագրական կազմի անդամ։ Աշխատանքը խցում համակարգիչ ունենալու հնարավորություն է ստեղծում նրա համար։ Այսպես լույս են տեսնում «Եզերք»-ի երկու համարներ և մատենաշարի մեկ գրքույկ, որոնց նաև էջադրումն ու դիզայնն է նա կատարում։ «Եզերք»-ի առաջին համարը նվիրված էր հայ ազգի ժողովրդագրական հիմնախնդրին։ Արսենն այդ համարում հրապարակում է «Լիարժեք անկախություն» հոդվածը, որում արծարծվում է այն հարցը, թե ինչպես պետական հզորության պայմաններից մեկի (այս դեպքում` դեմոգրաֆիականի) թուլության փաստի պայմաններում, հնարավոր է մեկ այլ հզորության պայմանի (մշակույթի) միջոցով հավասարակշռության (կոմպենսացիայի) հասնել։ «Եզերք»-ի երկրորդ համարը նվիրված էր օտարացած հայոց հիմնախնդրին։ Այս երկրորդ թողարկումը Հայաստանի մտավորականների շրջանակում որոշ քննարկումների տեղիք է տալիս և լրագրողական շրջանակներին ծպտյալ հայերի վերաբերյալ հետազոտելու մղում է հաղորդում։ Արսենն այդ համարում հրապարակում է հայկական ինքնության վերաբերյալ իր առաջին հոդվածը, որում պնդում է այն մասին, որ իսլամացած ու թուրքախոս հայերի դարձը անհնար չէ։ «Եզերք»-ի Մատենաշարի առաջին գրքույկը Արսենի եղբոր՝ Սևակ Արծրունու ներգաղթի վերաբերյալ աշխատությունն է։ Այդ գրքույկի պատրաստմանը մասնակցել են նաև Ռոբերտ Թաթոյանն ու Արսենը, քանի որ, դեռ 1990 թվականի իր հոդվածաշարով, Արսենի հիմնական նպատակներից մեկը նույնպես եղել էր տնտեսական հիմունքներով ներգաղթի կազմակերպումը։ Գրքույկը առաջարկում է ներգաղթի համար իրավական նպաստավոր պայմաններ ստեղծել։ Արհամարհված առաջարկները, մի տասնամյակ հետո, սիրիահայոց աղետի օրերին մասնակիորեն սկսում են հաշվի առնվել ՀՀ իշխանությունների կողմից։ «Եզերք»-ի երրորդ համարը, որը լույս չի տեսել, նվիրված էր տարածաշրջանում հայկական գործոնի ստեղծման սկզբունքներին։ Այն պետք է պեղեր հայ ազգի մշակութային ու տեխնոլոգիական դերը, որից կարելի էր կայուն տարածաշրջանային կարգավիճակ ծնել։ Այս երրորդ համարը լույս չտեսավ` երբ հայտնաբերվեց Արսենի մոդեմը, ինչի հետևանքով նա ստացավ իր երկրորդ տույժը։ Անշուշտ հաշվի չառնվեց այն, որ տվյալ հանդեսում հոդվածներով հանդես էին եկել բազմաթիվ հայ անվանի մտավորականներ, որոնք անշուշտ տեղյակ էին, որ Արսենը բանտից նույնպես մասնակցում էր աշխատանքներին։
Հոգեբանության մագիստրատուրա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2010 թվերին Արսեն Արծրունին կենտրոնանում է դատապարտյալների հոգեբանական վիճակի ուսումնասիրման աշխատանքների վրա և հանձնելով անհրաժեշտ քննությունները ու Գիտության և Կրթության նախարարության կողմից կազմված հանձնաժողովի առաջ պաշտպանելով իր ատենախոսությունը՝ 2010 թվականին ավարտում է հոգեբանության մագիստրատուրան։ Այդ օրերին դա ամբողջ Արևելյան Եվրոպայում ցմահականի կողմից ձեոք բերված առաջին մագիստրատուրական դիպլոմն էր և ընդհանրապես նախկին խորհրդային տարածքում առաջին ցմահականի բարձրագույն կրթության դիպլոմը։ Արսենը հաճախ է պնդում, որ նման բան չէր կարող տեղի ունենալ առանց Լիա Իվանյանի, պրոֆեսոր Սեդրակյանի և քրեակատարողական համակարգի բացառիկ օժանդակության, իսկ գիտական նյութերի հայթայթման իմաստով՝ առանց իր հարազատների օգնության։
2010 թվականին նա կրթությունը շարունակում է որպես իրավաբանական հոգեբանություն մասնագիտությամբ ասպիրանտ։
2016 թվականի ապրիլին ավարտելով իրավաբանական հոգեբանության իր ուսումնասիրությունների առաջին փուլը, անգործ չմնալու համար և երկրորդ ասպիրանտական կրթություն սկսելու նպատակով՝ դիմում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական Միջազգային Կենտրոն և ընդունվում որպես ասպիրանտ՝ սոցիալ հոգեբանություն մասնագիտությամբ։
«Արևմտահայերի Ազգային Համագումար»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականից սկսած Արսենը մասնակցում է «Արևմտահայերի Ազգային Համագումարի» (ԱԱՀ) ստեղծման աշխատանքներին։ Արսենը մասնակցել է ինչպես ԱԱՀ հիմնադիր փաստաթղթերի պատրաստմանը, այնպես էլ իրարահաջորդ համագումարներին` հեռակա։ 2015 թվականին նա ստեղծում է Շիրակի մարզում «Դեպի Հայրենիք» գրասենյակը, ուղղված ԱԱՀ-ի նպատակների իրականացմանը։
Բանտային պայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի փետրվարին, համարելով որ Արսենը «ուղղման դրական առաջընթաց է արձանագրել» ՔԿ համակարգը փոխում է Արսենի պահման կարգը, այն նվազ դաժան դարձնելով, ինչը թույլ կտա նրան տեղափոխվել ավելի կիսափակ ռեժիմի ՔԿ հիմնարկ։ Սակայն Արսենն իր կամքով շարունակում է մնալ ցմահականների սաստիկ ռեժիմի պայմաններում, որովհետև կրթական ու աշխատանքային բարեփոխման խոստում է ստացել։ 2014 թվականի նոյեմբերին վարչությունը մտափոխ է լինում, պատճառաբանելով, որ աշխատանքներ ու կրթություն կազմակերպելու համար գոյություն չունեն ազատ խցեր, ոչ էլ պաշտոնյաներ՝ նման հավելյալ գործընթացները վերահսկելու համար։ Այնուամենայնիվ, նրանք խոստանում են, որ «Արմավիր» ՔԿ հիմնարկի բացումից հետո, այդ բոլորը իրականություն կդառնան։ Հետևաբար, Արսենը դիմում է, որ իրեն տեղափոխեն «Արթիկ» ՔԿ հիմնարկ[3]։
2014-ի դեկտեմբերի 24-ին հասնելով «Արթիկ», իր իսկ դիմումի համաձայն, նա յոթ ամիս անցկացնում է պատժախցում։ Նա համարում էր, որ նման փորձառությունն իրեն անհրաժեշտ էր։ Այնտեղ նա շփվելով իրենց խցերից տույժի հետևանքով պատժախուց տեղափոխված (պատժված) ամենաանհանգիստ դատապարտյալների հետ, պատրաստում է պարագայի ուսումնասիրություններ։ Սույն աշխատանքն ավարտելով նա, 2015 թվականի հունիսին, դուրս է գալիս պատժախցերից, ու շարունակում է մնալ «Արթիկ» ՔԿ հիմնարկի կիսափակ ռեժիմի իր խցում։
Արսեն Արծրունին 2017 թվականի դեկտեմբերի 29-ին դիմում է քրեակատարողական ծառայություն՝ խնդրելով իրեն տեղափոխել «Արմավիր» քկ հիմնարկ։
Արսենն «Արմավիր» ՔԿ հիմնարկում աշխատում է դատապարտյալներին աշխատանքով, կրթությամբ և հոգեբանական ու իրավական օգնությամբ ապահովող ապագա համակարգի ստեղծման աշխատանքներով։ Այդ նպատակով նա համագործակցում է Հայաստանի սահմանային գոտիների համար վիրտուալ դասարաններ ստեղծող «Առագաստ» հիմնարկի հետ, ինչպես նաև «Դատապարտյալների աջակցության ֆոնդի» հետ։:
Առողջական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արսենի մոտ ի հայտ են գալիս առողջական խնդիրներ, որոնք 2012 թվականից արդեն սկսել էին նրան որոշ դժվարություններ պատճառել։ Դեկտեմբերին հետազոտվում է և բացահայտվում է՝ վահանաձև գեղձի դիֆուզ բազմահանգույցային խպիպ։ Վզի շրջանում ուղեղի արյան շրջագայության վատթարացման հետևանքով կտրուկ նվազում է նրա աշխատունակությունը[4][5]։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Արսեն Արծրունին ամուսնանում է Շաղիկ Շահինյանի հետ։ 1993 թվականի հունվարին ծնվում է նրա միակ դուստրը՝ Ծովինարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ««Դրո»-ի գործով ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին կարճ ժամանակով դուրս է եկել բանտից». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 2,0 2,1 «24-րդ տարին բանտում. 56-ամյա Արսեն Արծրունին դատապարտյալների ուղղման նոր մեթոդ է ստեղծել (տեսանյութ)». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին տեղափոխվել է Արթիկ
- ↑ «Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու կյանքին վտանգ է սպառնում
- ↑ Արսեն Արծրունու կյանքին վտանգ է սպառնում. Հարազատներն ահազանգում են.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին տեղափոխվել է Արթիկ
- «Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու կյանքին վտանգ է սպառնում
- Արսեն Արծրունու կյանքին վտանգ է սպառնում. Հարազատներն ահազանգում են.