Ֆիլիպ II գահակալությունը բնորոշվում է իսպանական բացարձակ միապետության հետագա ուժեղացմամբ։ Կաստիլիան, Վալենսիան, Կատալոնիան, Արագոնը մասամբ զրկվում են միջնադարյան ազատություններից։ Աջակցել է ինկվիզիցիային, պայքարել բողոքականության և հերետիկոսների դեմ, հալածել մորիսկներին (Ռեկոնկիստայից հետո Իսպանիայում մնացած արաբական տարր)։
Նրա աջակցությամբ Մարի Թյուդորը՝ ով 1554 թվականից դարձավ իր կինը, Անգլիայում հալածել է Ռեֆորմացիայի կողմնակիցներին։ Անգլիա ներխուժելու նպատակով 1588 թվականին ստեղծվել է մեծ նավատորմ («Անհաղթ արմադա»), որի ջախջախումը խարխլել է Իսպանիայի ռազմածովային հզորությունը։
Նրա օրոք Իսպանիայի կողմից մղվող անվերջ պատերազմները, հարկային լուծը, գների ահռելի աճն արագացրել են երկրի բնակչության աղքատացումը, կործանարար հետևանքներ ունեցել իսպանական տնտեսության համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։