Օլիմպիա (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Օլիմպիա
Edouard Manet - Olympia - Google Art Project.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Էդուարդ Մանե[1]
տարի 1863
բարձրություն 130,5±0,1 սանտիմետր
լայնություն 191±1 սանտիմետր
ստեղծման վայր Փարիզ
ժանր նյու[1] և դիմանկար
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Օրսե թանգարան
հավաքածու Օրսե թանգարան
սեփականատեր Ֆրանսիա
մակագրություն ED.MANET 1863
կայք
Olympia by Manet Վիքիպահեստում


«Օլիմպիա» (ֆր.՝ Olympia), Էդուարդ Մանեի կտավը: 1863 թվականին ֆրանսիացի գեղանկարիչ Էդուարդ Մանեի կողմից ստեղծված կտավը համարվում է ժամանակակից գեղանկարչության գլուխգործոցներից մեկը: 1865 թվականին Փարիզյան սալոնում կտավն արվեստի պատմության մեջ ամենահայտնի սկանդալներից մեկի պատճառն է դարձել: Այսօր «Օլիմպիա»-ն ֆրանսիական կառավարության սեփականությունն է և ցուցադրվում է Օրսե թանգարանում, Փարիզում:

Կտավի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի վրա պատկերված է կիսապառկած մերկ կին: Աջ ձեռքով նա հենված է ճոխ սպիտակ բարձերին, մարմնի վերևի մասը փոքր-ինչ բարձր է: Նրա ձախ ձեռքը կոնքի վրա է: Բնորդուհու դեմքն ու մարմինն ուղղված են դեպի հանդիսատեսը: Նրա ճերմակ անկողնու վրա նետված է բաց դեղնավուն ծածկոց, որը զարդանախշված է ծաղիկներով: Ծածկոցի ծայրն աղջիկը պահում է ձեռքով: Հանդիսատեսը տեսնում է նաև մահճակալի մուգ կարմիր պաստառը: Աղջիկն ամբողջությամբ մերկ է, նրա վրա միայն մի քանի զարդարանքներ կան. նրա հետ հավաքված խարտյաշ մազերը զարդարված են մեծ վարդագույն խոլորձով, պարանոցին սև թավիշով ամրացված է մարգարիտ: Մարգարիտը համապատասխանեցված է ականջօղերին, իսկ աջ ձեռքին բնորդուհին ունի ոսկե լայն ժամացույց: Ոտքերը զարդարված են նրբագեղ կոշիկներով: Մանեի կտավի երկորդ կերպարը սևամորթ սպասուհին է: Նրա ձեռքին սպիտակ թղթի մեջ փաթաթված շքեղ ծաղկեփունջ է: Սևամորթ կնոջ հագին վարդագույն զգեստ է, որը խիստ հակադրված է նրա մաշկին, իսկ նրա գլուխը գրեթե կորչում է կտավի սև երանգի ֆոնի մեջ: Մահճակալի ներքևի մասում պատկերված է սև կատու, ինչը կարևոր կոմպոզիցիոն տարր է կտավի աջ հատվածում: Ներքին հարդարանքի տարածքային խորքն իսպառ բացակայում է կտավում: Նկարիչը գործում է միայն երկու պլանով. առաջին պլանում լուսավոր մարդկային կերպարներն են, իսկ հետնամասում` մուգ ինտերիերը: Պատի ոսկեգույն գիծը նկարի մուգ ֆոնն ասես երկու հավասար մասերի է բաժանում: Դա թույլ է տալիս Օլիմպիայի գլխավերևում քառակուսի շրջանակով ընդգծել փոքր ձախ մասը, իսկ մեծ ուղղանկյուն հատվածով ընդգծել սպասուհու մարմինը: Օլիմպիայի մարմնի հետևում պատկերված պատի մուգ դարչնագույն և կանաչ հատվածներն ընդգծում են մոդելի խարտյաշ մազերը: Սևամորթ սպասուհու հետևում պատկերված ամբողջ տարածությունը ծածկված է կանաչ վարագույրներով, միայն մի փոքրիկ հատվածում երևում դռան ճեղքը:

Գունային գամմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի գունային գամման առանձնանում է զսպվածությամբ. նկարչի կտավում միայն մի քանի երանգներ կան: Դրանք են սպիտակը, սևը, կապույտը (որը դառնում է մուգ կանաչ): Տաք երանգներից առկա են դարչնագույն-ոսկեգույնն ու կարմիրը: Բնորդուհուն ու իր անկողինը պատկերող լուսավոր, բաց գույները հակադրվում են սենյակի մուգ, հիմնականում` սև երանգներին, սպասուհու ու կատվի կերպարներին, ում ուրվագծերը գրեթե կորչում են վարագույրի ֆոնին: Այսպիսի խիստ հակադրությունը բաժանում է կտավը հորիզոնական ուղղությամբ: Նկարիչը մի քանի աչքի ընկնող շեշադրումներ է անում. խոլորձի հարուստ գույնը մազերի մեջ, ծաղկեփնջի գույներն ու ծածկոցի նախշազարդերը: Աչքի են ընկնում սպասուհու կարմիր գլխաշորն ու մահճակալի պաստառը: Վարագույրի մուգ կանաչ գույնը համապատասխան է ծաղկեփնջի տերևների, ծածկոցի ծայրերի ու սավանի կանաչ ստվերների գույներին:

Կոմպոզիցիոն համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի կոմպոզիցիայի հիմքում շատ կրկնած եռանկյուն ձևն է: Մահճակալի մուգ կարմիր պաստառի եռանկյունին ներքևի ձախ անկյունում կպչում է վերևից կախված մահճակալի հստակ ուրվագծվող անկյունին: Նույն երկրաչափական պատկերն է ձևավորում նաև դրանց վերևում գտնվող կանաչ վարագույրը: Աջ կողմում սպասուհու մարմինը ևս եռանկյան մեջ է: Կտավի կոմպոզիցիոն կենտրոնը Օլիմպիայի գիրկն է, ինչն ընդգծում է նրա գծային պատկերմամբ. դեպի աղջկա գիրկն են գնում երկու կանանց ուսերի ու ձեռքերի ուղղությունները, այդ կողմ են ուղղված նաև պաստառների ուղղահայաց ոսկեգույն գծերն ու Օլիմպիայի ոտքերի խաչվող գծերը: Մանեի պատկերման ձևը շատ հարթ է: Վարպետը հրաժարվում է ավանդական բազմաշերտությունից: Ներկը երբեմն դուրս է գալիս պատկերվող առարկայի սահմաններից, օրինակ, ծաղկեփունջն ուղղակի կազմված է առանձին գունային հետքերից: Կտավում զգացվում է նոր ոճի` իմպրեսիոնիզմի ծնունդը, որի հիմնադիրներից մեկն էլ կտավի հեղինակն է:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի վրա նշված է ստորագրություն և տարեթիվ` éd Manet 1863: Նկարն ստեղծվել է նույն տարում, ինչ «Նախաճաշ խոտի վրա» կտավը` 1863 թվականին «Մերժվածների սալոն»-ում սկանդալի պատճառ դառնալով: Սակայն Փարիզյան սալոնի հաղթահերոսն այդ տարի դարձել է Ալեքսանդր Կանաբելն իր «Վեներայի ծնունդը» կտավով: Հնարավոր է` հենց այս կտավն է իր ճանաչվածության համար պայքարող Էդուարդ Մանեին ներշնչել ստեղծելու իր «Օլիմպիա»-ն: Դեռևս 1850-ականներին Իտալիայում նա աշխատել է «Ուրբինյան Վեներա»-յի կրկնօրինակի վրա և լավ ծանոթ էր սյուժեին: Նկարի ստեղծման մասին ըստ էության շատ բան հայտնի չէ: Պահպանվել են սանգինայով արված երկու էսքիզ: Ջրաներկով նկարը ամենայն հավանականությամբ նկարվել է կտավից հետո և դրվում է 1867 թվականին «Օլիմպիա»-յի մոտիվներով օֆորտով ստեղծված երկու նկարների հետ նույն շարքում: Այս էսքիզներից մեկը հետո Մանեն պետք է նկարեր իր «Էմիլ Զոլայի դիմանկարի» հետին ֆոնին: Օլիմպիայի համար բնորդուհի է ծառայել Մանեի սիրելի բնորդուհին` Վիկտորիա Մյորանը: Սակայն ենթադրություն կա, որ Մանեն կտավում օգտագործել է հայտնի կուրիտզանուհի, Նապոլեոն Բոնապարտի սիրուհի Մարգարիտա Բելանժեի կերպարը[2]:

Պատկերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիան համարվում է 19-րդ դարի նյու ժանրի ամենահայտնի կտավներից մեկը: Սակայն Օլիմպիան ունի հայտնի կերպարի մի շարք նախորդողներ. պառկած մերկ կնոջ կերպարը արվեստի պատմության մեջ հնագույն ավանդույթներ ունի: Մանեի «Օլիմպիա»-յի ուղղակի նախորդողներն են Ջորջոնեի «Քնած Վեներան» (1510 թվական) և Տիցիանի «Ուրբինյան Վեներան» (1538 թվական): Մեկ կանայք այս բոլոր կտավներում միևնույն դիրքում են պատկերված: Մանեի «Օլիմպիա»-ն մեծ նմանություն ունի Տիցիանի կտավի հետ, հենց նրանից է Մանեն կրկնօրինակել ուսումնառության տարիներին: Ե՛վ Ուրբինյան Վեներան, և՛ Մանեի «Օլիմպիա»-ն պատկերված են տնային պայմաններում. ինչպես Տիցիանի կտավի հետին պլանում, այնպես էլ Մանեի «Օլիմպիա»-յի պառկած կնոջ հետևի ֆոնում պատը հստակ բաժանված է հորիզոնական գծերի: Երկու կանայք հենված են աջ ձեռքի վրա, երկու կանանց աջ ձեռքը զարդարված է թևնոցով, իսկ ձախ ձեռքը փակում է գիրկը: Երկու կանաց ոտքերի մոտ պատկերված է կատու կամ շնիկ և ներկա է սպասուհի: Վերածննդի ժամանակաշրջանի մոտիվները փարիզյան իրականություն տեղափոխելու փորձ Մանեն արդեն արել է «Նախաճաշ խոտի վրա» կտավում: Մերկ Օլիմպիայի բաց և ուղիղ հայացքը արդեն հայտնի է Գոյայի «Մերկ մախա»-յից, իսկ գունատ ու մուգ մաշկի հակադրությունն արդեն պատկերվել էր Լեոն Բենուվիլի «Էսթեր» կտավում, չնայած այդ կտավում սպիտակամորթ կինը հագուստով է: 1850 թվականին Փարիզում մեծ տարածում գտան նյու ժանրով պառկած կանանց լուսանկարները:

Մանեի վրա ազդեցություն են ունեցել ոչ միայն գեղանկարչությունն ու լուսանկարչությունը, այլև Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» բանաստեղծական ժողովածուն: Կտավի առաջնային միտքը Ժաննա Դյուվալին նվիրված նրա մի շարք ստեղծագործություններով անցնող «կին կատու» փոխաբերությանը նմանություն ուներ: Այս կապը հստակորեն երևում է առաջնային էսքիզներում: Պատրաստի կտավում կնոջ ոտքերի մոտ հայտնվում է ստվերի մեջ գտնվող կատու, որն ունի տիրուհու աչքերի նույն արտահայտությունը:

Կտավի անվանում և ենթատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի սկանդալային լինելու պատճառներից մեկը դրա անվանումն է. նկարիչը չի հետևել նկարում կնոջ մերկությունը դիցաբանական թեմայով արդարացնելու ավանդույթին և իր նյու ժանրի գործը չի անվանել «Վեներա» կամ «Դանայա»: 19-րդ դարի գեղանկարչության մեջ հայտնվել են մի շարք «տարփուհիներ», որոնցից ամենահայտնին, իհարկե, Դոմինիկ Էնգրի «Գլխավոր տարփուհին» է, սակայն Մանեն շրջանցել է այս տարբերակը ևս: Ընդհակառակը, աղջկա ոչ մեծաթիվ զարդանքներն ու կոշիկների ձևը ցույց են տալիս, որ Օլիմպիան ապրում է ժամանակակից աշխարհում, ոչ թե ինչ-որ անորոշ Ատտիկայում կամ Օսմանյան կայսրությունում: Անսովոր է նաև աղջկան տված անունը: Դրանից մեկուկես տասնամյակ առաջ, 1848 թվականին, Ալեքսանդր Դյուման հրատարապում է իր հայտնի «Քամելիազարդ տիկինը» վեպը, որտեղ Օլիմպիա անունը կրում է վեպի գլխավոր հակահերոսն ու վեպի գլխավոր հերսուհու կոլեգան: Ավելին, այս անունն օգտագործվում էր որպես հասարակ անուն. այսպես էին կոչում թեթևաբարո տիկնանց: Նկարչի ժամանակակիցների համար այդ անունը խորհրդանշում էր ոչ թե հեռավոր Օլիմպոս լեռը, այլ անբարոյական կնոջ: Դա հաստատում է նաև կտավի նշանների լեզուն.

  • Տիցիանի «Ուրբինյան Վեներա» կտավի վրա հետևի ֆոնի կանայք զբաղված էին օժիտի պատրաստմամբ, ինչը Վեներայի ոտքերի մոտ քնած շնիկի հետ պետք է խորհրդանշեր ընտանեկան հարմարավետություն և հավատարմություն: Իսկ Մանեի կտավում սևամորթ սպասուհին ծաղիկներ է բերել երկրպագուից. ծաղիկներն ավանդաբար համարվում են նվերի, զոհողության խորհրդանիշ: Օլիմպիայի մազերի խոլոձը աֆրոդիզիակ է:
  • Մարգարտե զարդարանքներ կրել է սիրո աստվածուհի Վեներան, Օլիմպիայի պարանոցի զարդը նման է փաթեթավորված նվերի թելի:
  • Պոչը բարձրացրած կատուն դասականորեն համարվում է կախարդի խորհրդանիշ, վատ կանխատեսման նշան:
  • Բացի այդ, բուրժուաները հատկապես վրդովված էին այն փաստից, որ մերկ կինն ըստ ընդունված սովորույթի, հայացքը չի խոնարհել: Օլիմպիայի հայացքը խուսափող չէ, նա ուղիղ նայում է հանդիսատեսի աչքերին: Անբարոյական կնոջ ուղիղ աչքերի մեջ սովորաբար նայում է նրա հաճախորդը, և այդ դերում, Մանեի շնորհիվ հայտնվում է յուրաքանչյուրը, ով նայում է «Օլիմպիա»-յին:
Էդուարդ Մանե. Զախարի Աստրյուկի դիմանկարը
Էդուարդ Մանե. Էմիլ Զոլայի դիմանկարը` պատկերված «Օլիմպիայի» էսքիզի ֆոնին

Կտավն «Օլիմպիա» անվանելու մտքի հեղինակն անհայտ է: 1864 թվականին, կտանվ ստեղծելուց մեկ տարի անց, հայտնվել է Զախարի Աստրյուկի «Կղզու դուստրը» բանաստեղծությունը` նվիրված Օլիմպիային: Այդ պոեմը տպագրված է Փարիզյան սալոնի 1865 թվականի կատալոգի մեջ: Զախարի Աստրյուկը գրել է այդ բանաստեղծությունը` ներշնչվելով իր ընկերոջ կտավով: Սակայն հետաքրքրական է, որ 1866 թվականին Մանեի վրձնով նկարված դիմանկարում Զախարի Աստրյուկը պատկերված է ոչ թե «Օլիմպիա»-յի, այլ` Տիցիանի «Ուրբինյան Վեներա»-յի ֆոնին:

Սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզյան սալոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանեն իր աշխատանքները Փարիզյան սալոնում ներկայանցելու փորձ է արել 1859 թվականին: Սակայն նրա «Աբսենթի սիրահարը» չի ցուցադրվել սալոնում: 1861 թվականին Փարիզյան սալոնում ներկայացվել են Մանեի երկու` «Իսպանացի կիթառահար» և «Ծնողների դիմանկարը» կտավները: 1863 թվականին Մանեի աշխատանքները նորից չեն անցել Փարիզի սալոնի ժյուրիի ընտրությունը և ցուցադրվել են Մերժվածների սալոնում, որտեղ արդեն «Նախաճաշ խոտի վրա» կտավը հայտնվել է մեծ սկանդալի կենտրոնում: Հավանաբար Մանեն որոշել էր ներկայացնել «Օլիմպիա»-ն Փարիզյան սալոնում 1864 թվականին, սակայն քանի որ այնտեղ պատկերված էր նույն մերկ Վիկտորինա Մյորանը, Մանեն որոշել է խուսափել նոր սկանդալից և «Օլիմպիա»-յի փոխարեն առաջարկել է «Ցլերի մենամարտ» և «Մահացած Քրիստոսը հրեշտակների հետ» կտավները, սակայն դրանք ևս չեն ընդունվել: Միայն 1865 թվականին «Օլիմպիա»-ն ներկայացվել է Փարիզյան սալոնում «Քրիստոսի ծաղր»-ի փոխարեն:

Էդուարդ Մանե. Քրիստոսի ծաղրը

Նոր ձեռագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանեի «Օլիմպիա»-յի պատճառով տեղի է ունեցել 19-րդ դարի արվեստի ոլորտի ամենամեծ սկանդալներից մեկը: Սկանդալային էր թե՛ նկարի սյուժեն, թե՛ նկարչի գեղանկարչական ոճը: Ճապոնական արվեստով չափազանց շատ տարված Մանեն հրաժարվել է լույսի ու մթի նրբերանգների մանրամասն մշակումից, ինչին այդքան ձգտում էին այլ նկարիչներ: Այդ պատճառով ժամանակակիցները չեն կարողացել տեսնել մերկ մարմնի ծավալն ու համադրությունը կոպիտ ու հարթ են համարել: Գյուստավ Կուրբեն համեմատել է Օլիմպիան թղթախաղի քարտի վրա պատկերված կնոջ հետ, ով նոր է դուրս եկել լոգարանից: Մանեին մեղադրել են անբարոյականության ու վուլգարության համար: Անտոնին Պրուստն ավելի ուշ հիշում էր, որ նկարը պահպանվել է միայն ցուցահանդես կազմակերպիչների կողմից կիրառված անվտանգության միջոցների շնորհիվ:

Aquote1.png Ոչ ոք դեռ ստիպված չի եղել տեսնել ավելի ցինիկ մի բան, քան այդ «Օլիմպիա»-ն է,-գրել է ժամանակակից քննադատը: Սա էգ գորիլա է, որը պատրաստված է կաուչուկից ու պատկերված է մահճակալի վրա, միանգամայն մերկ: Անկեղծ ասած, երեխայի սպասող երիտասարդ կանանց, ինչպես նաև` աղջիկներին ես խորհուրդ կտայի խուսափել նման տպավորություններից: Aquote2.png


Կատաղած ամբոխը փորձել է հարձակվել կտավի վրա: Կազմակերպիչները կտավի մոտ երկու հսկիչ են կանգնեցրել, սակայն դա էլ բավարար չի եղել: Սպառնացող ամբոխը չի զգուշացել նաև զինվորական պահակախմբից: Մի քանի անգամ զինվորները ստիպված են եղել զենքերը հանել: Կտավը հարյուրավոր մարդկանց է հավաքել ցուցասրահում, ովքեր եկել են միայն կտավը քննադատելու ու դրա վրա թքելու համար: Արդյունքում կտավը տեղափոխվել է սալոնի ամենահեռավոր սրահն ու դրվել է այնպիսի բարձրության վրա, որ այն գրեթե չէր երևում:

Նկարիչ Դեգան ասել է.

Aquote1.png Օլիմպիայի շնորհիվ ձեռք բերած Մանեի հայտնությունն ու քաջությունը կարելի է համեմատել միայն Գարիբալդիի հայտնիության ու քաջության հետ: Aquote2.png


Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիա»-յի մոտիվներով առաջին կտավն ստեղծած նկարիչը Պոլ Սեզանն էր: Իր «Ժամանակակից Օլիմպիա»-յում նա մի քիչ առաջ է անցել` անբարոյական կնոջ ու սպասուհու հետ պատկերելով նաև հաճախորդին: Պոլ Գոգենը նկարել է «Օլիմպիա»-յի կրկնօրինակը 1891 թվականին, «Օլիմպիա»-ն ներշնչել է նաև Էդգար Դեգային ու Անրի Ֆանտեն-Լատուրին: Պաբլո Պիկասոն իր` «Օլիմպիա»-յի պարոդիայում հագնված սպասուհուն փոխարինել է երկու մերկ տղամարդկանցով:

Պոլ Սեզան. Ժամանակակից Օլիմպիա

Ամբողջ 20-րդ դարում Օլիմպիայի մոտիվը շատ էր հանդիպում ամենատարբեր նկարիչների աշխատանքներում: Լարի Ռիվերսը 1970 թվականին պատկերել է սևամորթ Օլիմպիային և աշխատանքն անվանել է «Ես սիրում եմ Օլիմպիային սև դեմքով» ("I like Olympia in Black Face"): Ամերիկացի նկարիչ Սյուարդ Ջոնսոնն ստեղծել է "Confrontational Vulnerability" անունով քանդակ` Օլիմպիայի մոտիվներով: 2004 թվականին Օլիմպիայի դիրքում Ջորջ Բուշ կրտսերին պատկերող ծաղրանկարը հանվել է վաշինգտոնյան քաղաքային թանգարանի ցուցադրությունից[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]