Սալորօղի (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սալորօղի
La Prune
Edouard Manet - The Plum - National Gallery of Art.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Էդուարդ Մանե
տարի 1877
բարձրություն 73.6
լայնություն 50.2
ժանր կենցաղային ժանր
նյութ յուղաներկ
գտնվում է Արվեստի ազգային պատկերասրահ
հավաքածու Արվեստի ազգային պատկերասրահ
սեփականատեր Charles Deudon, Պոլ Մելոն և ԱՄՆ

Սալորօղի (ֆր.՝ La Prune), ֆրանսիացի գեղանկարիչ Էդուարդ Մանեի կտավը։ Ստեղծման ճշգրիտ թվականը հայտնի չէ, ենթադրվում է, որ այն ստեղծվել է 1877 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը միայնության էտյուդ է։ Այն պատկերում է խաղաղ, գրեթե մելանխոլիկ տեսարան[1]՝ սրճարանում նստած երիտասարդ կին։ Նկարին նայողը կնոջը տեսնում է մոտիկից, ավելի շուտ մեկի աչքերով։ Կինը կարող է լինել թեթևաբարո, որ սպասում է հերթական այցելուին, կամ հասարակ վաճառողուհի, որ պարզապես զրուցակցի է փնտրում։ Սեղանին դրված է սալորով բաժակ, որի մեջ լցված է օղի՝ փարիզյան սրճարաններին բնորոշ խմիչք (նկարի սկզբնական տարբերակում եղել է գարեջրով գավաթ)։ Հենց սալորով օղուց էլ առաջացել է կտավի անունը։ Սալորը կարող է խորհրդանշել կնոջ սեքսուալությունը. որպես այդպիսի խորհրդանշան այն պատկերվել է մի շարք այլ ստեղծագործություններում, օրինակ՝ Ջեյմս Ջոյսի նշանավոր «Ուլիսում»: Կինը առաջ է թեքված՝ գլուխը հենելով սեղանին կռթնած աջ ձեռքին: Նա հոգնած է և մի տեսակ անիմաստ հայացքով նայում է շուրջը: Ծխախոտի չվառած գլանակով ձախ ձեռքը անփույթ դրված է սեղանին: Կինը հագել է վարդագույն զգեստ՝ թևքի նեղացող եզրերով, սպիտակ վերնաշապիկ և դրել է սև գլխարկ՝ մետաքսե ժանյակներով: Կնոջ գլխի հետևում՝ բոսորագույն բազմոցից վերև, դեկորատիվ ցանց է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 1881 թվականին Մանեն վաճառել է կտավը հավաքորդ Շառլ Դյոդոնին: Վերջինիս մահից հետո՝ 1914 թվականին, կտավը ժառանգում է նրա կինը, իսկ մինչ 1919 թվականը վաճառվում է նշանավոր նեոիմպրեսիոնիստ Արթուր Սաչսին: Հետագայում այն անցել է Պոլ Մելոնին, իսկ հետո նվիրվել է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանեն նկարը նկարել է՝ հիմնվելով իր սեփական դիտարկումներին, որ արել է Փարիզի Պիգալ հրապարակի «Նոր Աթենք» սրճարանում։ Ամեն դեպքում «Սալորօղի» կտավի հետին ֆոնը չի հիշեցնում նշանավոր սրճարանը. այն հավանաբար նկարվել է նկարչի արվեստանոցում։ Մանեն նկարում օգտագործել է պարզ տեխնիկա։ Այսպես՝ գավաթի սալորը և կնոջ ձախ ձեռքի մատները նկարված են մի քանի փափուկ վրձնահարվածներով։

Բնորդ և նման այլ կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աբսենթ», Էդգար Դեգա, 1876

Մելանխոլիկ կնոջ բնորդը Էլեն Անդրեն է, որ բնորդ է հանդիսացել նաև Էդգար Դեգայի «Աբսենթ» կտավի համար (1876)։ Երկու իմպրեսիոնիստների աշխատանքների[2] նմանությունը կարող է հիմք հանդիսանալ այն բանի, որ Մանեի «Սալորօղին» Դեգայի կտավի պատասխանն էր։ Սակայն եթե Դեգայի աշխատանքը ներկայացնում է հարբեցողի հուսահատ պատկեր, ապա Մանեի կտավը ներկայացնում է ավելի հուսադրող իրավիճակ. հնարավոր է, որ ինչ-չր մեկը կարող է խախտել կնոջ մենությունը։ Նույն դերասանուհին՝ Էլեն Անդրեն, պատկերված է նաև Ռենուարի «Թիավարների նախաճաշը» կտավում, որտեղ նույնպես ներկայացված է հարբեցող և միայնակ կնոջ կերպարով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]