Փրկել շարքային Ռայանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրկել շարքային Ռայանին
անգլ.՝ Saving Private Ryan
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրռազմական ֆիլմ[2][3][4][…], դրամա և մարտաֆիլմ
ԹեմաՆորմանդական օպերացիա[1], Նորմանդական դեսանտային օպերացիա, Երկրորդ համաշխարհային պատերազմ[1], comradeship?[5], փրկարարական գործողություն[5], altruistic suicide?[5] և Sole Survivor Policy?[5]
Թվականհուլիսի 24, 1998[6], հոկտեմբերի 9, 1998[7], հոկտեմբերի 8, 1998[8] և 1998
Լեզուանգլերեն[9]
ՌեժիսորՍթիվեն Սփիլբերգ[10][3][4][…]
ՊրոդյուսերՍթիվեն Սփիլբերգ[1], Իեն Բրայս[1], Մարկ Գորդոն[1] և Գարի Լևինսոն[1]
Սցենարի հեղինակՌոբերտ Ռոդեթ[11][12][1]
ԴերակատարներԹոմ Հենքս[10][4][13][…], Մեթ Դեյմոն[13][11][14][…], Էդվարդ Բյորնս[11][14][15][…], Թոմ Սայզմոր[10][11][14][…], Ջերեմի Դևիս[11][14][12][…], Ադամ Գոլդբերգ[11][14][12][…], Բարի Փեփեր[11][14][15][…], Ջովաննի Ռիբիզի[11][14][12][…], Վին Դիզել[11][14][12][…], Թեդ Դենսոն[11][14][12], Փոլ Ջամատի[11][14][12], Դեննիս Ֆարինա[11][14][12][…], Նաթան Ֆիլիոն[14][12], Լիլանդ Օրսեր[14][12], Հարիսոն Յանգ[14], Բրայան Քրենսթոն[14][12], Հարվ Փրեսնել[14][12], Մարտին Հյուբ, Դեյլ Դայ[12], Քորի Ջոնսոն[12], Էնդրյու Սքոթ[12], Glenn Wrage?[12], Ջոն դե Լանսի[12], Ջոն Շերիան[12], Քեթլին Բայրոն[12], Մաքս Մարտինի[12], Դեմետրի Գորիցաս[12], Ռայան Հերստ, David Wohl?, Joerg Stadler?, Դիլան Բրունո, Ռոլֆ Սաքսոն, Stéphane Cornicard?, Amanda Boxer? և Էրիխ Ռեդման
ՕպերատորՅակուշ Կամինսկի
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՄայքլ Քան
Պատմվածքի վայրՆորմանդիա[1] և Omaha Beach?[5]
Նկարահանման վայրԻռլանդիա[16][1], Ուեքսֆորդ[16], Curracloe?[16], Հաթֆիլդ[16], Կալվադոս[16], Thame?[16] և Normandy American Cemetery and Memorial?
ԿինոընկերությունAmblin Entertainment, Mutual Film, Paramount Pictures և DreamWorks
Տևողություն169 րոպե
Բյուջե70 000 000 $[17]
Շահույթ482 349 603 $[18] և 217 049 603 $[18]
 Saving Private Ryan Վիքիպահեստում

Փրկել շարքային Ռայանին (անգլ.՝ «Saving Private Ryan»), 1998 թվականին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից նկարահանված ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որում պատկերված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Նորմանդական օպերացիայի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները։

Ըստ որոշ տվյալների՝ ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա, որ տեղի են ունեցել Նիլանդ եղբայրների հետ[19] այն բանից հետո, երբ Սալլիվան հինգ եղբայրների միաժամանակյա մահից հետո օրենք ընդունվեց նույն ընտանիքի անդամներին ուղարկել տարբեր զորաբաժանումներ և նրանցից վերջին կենդանի մնացածին հետ ուղարկել ռազմաճակատից։ Սակայն կան նմանատիպ այլ օրինակներ ևս։

Ֆիլմն արժանացել է «Օսկար» հինգ մրցանակի՝ լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն ձայն, լավագույն մոնտաժ և ձայնի լավագույն մոնտաժ անվանակարգերում։ 2014 թվականի դեկտեմբերին ֆիլմը՝ որպես մշակութային, պատմական կամ գեղագիտական արժեքների կրող, ընդգրկվել է ԱՄՆ Ազգային ֆիլմերի ցանկում։ Ֆիլմը մեծ ճանաչում է բերել դերասան Մեթ Դեյմոնին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծեր վետերանն իր ընտանիքի անդամների հետ գնում է ամերիկացի զինվորականների գերեզմանատուն, որ գտնվում է Կոլվիլ սյուր Մերում (Նորմանդիա, Ֆրանսիա)։ Հիշողությունները նրան տանում են անցյալ՝ 1944 թվական, երբ սկսվում է Նորմանդական օպերացիան։

Օմահա բիչում ափ իջած զորամասերն ընկնում են գերմանացիների կրակի տակ։ Կապիտան Ջոն Միլլերին՝ երկրորդ գումարտակի վաշտի հրամանատարին, հաջողվում է հավաքել կենդանի մնացածներին և ճեղքել գերմանացիների պաշտպանությունը։

Դեպարտամենտի մեքենագրուհիներից մեկը պարզում է, որ Ռայանների ընտանիքը միանգամից երեք մահվան թուղթ կստանա, քանի որ նրանց երկու որդիները զոհվել են Նորմանդիայում տեղի ունեցած ափհանման ժամանակ, իսկ երրորդը մոտավորապես նույն ժամանակ զոհվել է Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած մարտում։ Որպեսզի ինչ-որ չափով մեղմացնի ծնողների ցավը, գեներալ Ջորջ Մարշալը հրամայում է տուն ուղարկել նրանց կենդանի մնացած միակ որդուն՝ շարքային Ջեյմս Ֆրենսիս Ռայանին. վերջինս 101-րդ դեսանտային դիվիզիայի կազմում իջեցվել էր թշնամու թիկունքում։ Պարաշյուտիստները մարտեր են մղում թշնամու թիկունքում, և նրանցից շատերի հետ կապը կորել է։

Կապիտան Ջոն Միլլերը հրաման է ստանում գտնել Ռայանին և հասցնել շտաբ։ Կապիտանն իր վաշտի զինվորներից կազմում է մի ջոկատ՝ փորձառու մարտիկ Մայքլ Հորվաթի գլխավորությամբ, ում հետ մարտերի է մասնակցել Հյուսիսային Աֆրիկայում և Իտալիայում։ Քանի որ ջոկատի անդամներից ոչ ոք չգիտի ֆրանսերեն կամ գերմաներեն, նրանք իրենց հետ վերցնում են նաև կապրալ Թիմոթի Ապհամին, ով դեռ ոչ մի մարտի չի մասնակցել։

Առաջին իսկ քաղաքում, ուր ջոկատն ուղևորվում է փնտրելու Ռայանին, դիպուկահարի գնդակից զոհվում է շարքային Ադրիան Կապարզոն (Վին Դիզել)։ Քաղաքում շրջապատման մեջ գտնվող դեսանտայինների շարքում Միլլերը գտնում է Ռայան ազգանունով մի զինվորի, սակայն պարզվում է, որ դա իր փնտրած զինվորը չէ։

Միլլերի ջոկատը վթարի ենթարկված օդանավում գտնում է 101-րդ դիվիզիայի հրամանատարի տեղակալի մարմինը։ Հրաշքով փրկված օդաչուն պատմում է, որ շտաբի անդամներից մեկի մտքով անցել է օդանավի պաշտպանությունն ուժեղացնել պողպատի մետաղաթերթերով, ինչի պատճառով չափազանց ծանր օդանավն ընկել է։ Սպանվածների ու վիրավորների շարքերում չգտնելով Ռայանին՝ Միլլերը նրա մասին հարցնում է այդտեղով անցնող շարասյան զինվորներին։ Նրանց մեջ է Ռայանի հետ նույն գնդում ծառայած մի զինվոր, ով տեսել է, որ սպաներից մեկը Ռայանին այլ զինվորների հետ տարել է Ռամել քաղաք՝ պաշպանելու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կամուրջը։

Քաղաքի ճանապարհին Միլլերի ջոկատը տեսնում է օդային հարձակման ժամանակ ավերված գերմանական ռադիոտեղորոշիչ, որի առաջ ընկած են 83-րդ ռազմաօդային դիվիզիայի դեսանտայինների մարմինները։ Փորձելով վտանգից զերծ պահել նրանց, ովքեր ավելի ուշ պիտի անցնեն այդ ճանապարհով, Միլլերը հրաման է տալիս ոչնչացնել թշնամու կրակակետն, ու ինքն անձամբ գլխավորում է հարձակումը։ Կրակակետը ոչնչացվում է, սակայն մարտում վիրավորվում է բժիշկ Իրվին Ուեյդը, ով մի քանի րոպե անց մահանում է։ Միլլերը գերի գերմանացուն ստիպում է գերեզման փորել իր և իր զոհված ընկերների համար։ Գերմանացին ամեն կերպ փորձում է փրկել իր կյանքը. գոռում է անգլերեն բառեր (օրինակ՝ «Ես սիրում եմ Ամերիկան)», փորձում է երգել ԱՄՆ-ի հիմնը։ Հետո նա ասում է՝ «Անիծյալ Հիտլեր» և գերմաներենով փորձում է պատմել, որ ինքը մեղավոր չէ բժշկի մահվան հարցում։ Ապհեմը պաշտպանում է գերմանացուն, իսկ Միլլերն առանց բացատրության ազատ է թողնում նրան։ Շարքային Ռիչարդ Ռայբենը դժգոհում է և հրաժարվում այդուհետ ենթարկվել Միլլերին։ Ռայբենը փորձում է հեռանալ, սակայն սերժանտ Հորվաթը նրա վրա է ուղղում ատրճանակը։ Միլլերը, փորձելով ցրել լարվածությունը, բացատրում է իր արարքի պատճառը։ Նա ասում է, որ պատերազմից առաջ ինքը եղել է ուսուցիչ, և պատերազմը շատ է փոխել իրեն։ Նա ասում է, որ ամեն սպանվածի հետ ինքն ավելի ու ավելի է հեռանում իր տնից։ Ինքն ուզում է միայն կատարել հրամանը և ուրախ կլինի, եթե դրա շնորհիվ ստանա տուն վերադառնալու հնարավորություն։ Ինքը Ռայբենի արարքի մասին չի զեկուցի հրամանատարությանը և նույնիսկ կօգնի տեղափոխվել այլ վաշտ, եթե նա ցանկանա։ Ռայբենը, տեսնելով, թե ինչպես են իր ընկերները թաղում Ուեյդին, որոշում է մնալ։

Միլլերի ջոկատի անդամները վերջապես գտնում են Ռայանին (Մեթ Դեյմոն)։ Նրանք գնում են Ռամել, սակայն Ռայանը կտրականապես հրաժարվում է վերադառնալ տուն՝ չցանկանալով վտանգի պահին լքել ընկերներին։ Միլլերը չի համարձակվում պնդել, սակայն Հորվաթի առաջարկությամբ կազմակերպում և գլխավորում է կամրջի պաշտպանությունը։ Ամերիկացի զինվորների ոչ մեծ խումբը դարան է մտնում՝ սպասելով գերմանացիներին։

Մի քանի ժամ անց մոտենում է գերմանացիների ավելի քան 50 հոգանոց հետիոտների խումբը, որին ուղեկցում էին Panzerkampfwagen VI «Tiger I» երկու տանկեր, Marder III երկու ինքնագնացներ և երկու Sd Kfz 251 զրահավոր փոխադրիչ մեքենաներ։ Մարտի ընթացքում զոհվում են կամուրջը պաշտպանող գրեթե բոլոր զինվորները, սակայն թշնամին ավելի շատ կորուստներ է ունենում, ինչպես նաև շարքից դուրս են գալիս երկու տանկերն ու գրեթե ողջ թեթև տեխնիկան։ Ամերիկացի զինվորները նահանջում են՝ փորձելով պայթեցնել կամուրջը, սակայն դա նրանց չի հաջողվում։ Վախեցած Ապհեմը, որ մարտի ընթացքում ոչինչ չի կարողանում անել, տեսնում է, թե ինչպես է Միլլերի ազատած գերմանացին սպանում Ռայանի ջոկատի անդամներից մեկին և վիրավորում Միլլերին։

Ողջ ջոկատից կենդանի են մնում միայն Ռայբենը, Ապհեմն ու Ռայանը։ Վիրավոր Միլլերը, անցնելով ավազով լցված պարկերի հետևը, վերջին ուժերն օգտագործում է մոտեցող տանկի վրա կրակելու համար։ Տանկն անսպասելիորեն պայթում է. նրա վրա կրակել էր օգնության հասած օդանավը։ Ամերիկացի զինվորները նետվում են մարտի։ Ապհեմը դուրս է գալիս թաքստոցից ու կանգնեցնում գերմանացիների այն խումբը, որոնց հետ էր այն գերմանացի զինվորը, ում կյանքը փրկել էին ինքն ու Միլլերը։ Գերմանացին ճանաչում է Ապհեմին և ուրախ բարևում, սակայն Ապհեմը սպանում է նրան մյուս գերիների աչքի առաջ։

Մեռնող կապիտանը, դիմելով Ռայանին, շշնջում է. «Ջեյմս, արժանի եղիր սրան…»: Ռայբենը բժիշկ է բերում, սակայն նա արդեն ոչնչով չի կարող օգնել Միլլերին։

Պարզվում է, որ ֆիլմի սկզբում գերեզմանատուն գնացած ծերունին Ռայանն է, ով իր երեխաների ու թոռների հետ այցելել է կապիտան Միլլերի շիրմին։ Հազիվ զսպելով արցունքները՝ Ռայանն ասում է, որ ամեն կերպ ձգտել է ապրել արժանի կյանքով և արդարացնել այն զոհողությունները, ինչին գնացին Միլլերն ու նրա ջոկատի անդամներ՝ փորձելով փրկել իրեն՝ ամերիկյան բանակի հասարակ շարքայինին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թոմ Հենքս Ջոն Միլլեր կապիտան Ջոն Միլլեր
Էդվարդ Բյորնս Ռիչարդ Ռայբեն շարքային Ռիչարդ Ռայբեն
Թոմ Սայզմոր Մայքլ Հորվատ սերժանտ Մայքլ Հորվատ
Ջերեմի Դևիս Թիմոթի Ապհեմ կապրալ Թիմոթի Ապհեմ
Վին Դիզել Ադրիան Կապարզո շարքային Ադրիան Կապարզո
Մեթ Դեյմոն Ջեյմս Ռայան շարքային Ջեյմս Ռայան
Ադամ Գոլդբերգ Սթենլի Մելիշ շարքային Սթենլի Մելիշ
Բարրի Պեպեր Դանիել Ջեքսոն շարքային Դանիել Ջեքսոն
Ջովաննի Ռիբիզի Իրվին Ուեյդ բժիշկ Իրվին Ուեյդ
Թեդ Դենսոն Համիլ կապիտան Համիլ
Պոլ Ջամաթի Ուիլյամ Հիլ սերժանտ Ուիլյամ Հիլ
Դեննիս Ֆարինա Ուոլթեր Անդերսոն փոխգնդապետ Ուոլթեր Անդերսոն

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի տարածքում՝ Իռլանդիայում։ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել նկարահանումներին։ Այդ ժամանակ Սփիլբերգին օգնելու պատրաստակամություն են հայտնել իռլանդացի զինվորները՝ նկարահանվելով մասսայական տեսարաններում (շուրջ 250 մարդ)։
  • Ֆիլմի նկարահանումներն սկսվել են Իռլանդիայում 1997 թվականի հունիսի 27-ին և շարունակվել մինչև աշուն։
  • Այն տեսարանների համար, որոնցում ցուցադրվում է զինվորների՝ ձեռքերից ու ոտքերից զրկվելը, հրավիրվել են անդամահատված վերջույթներով դերասաններ։
  • Սթիվեն Սփիլբերգը Մեթ Դեյմոնին՝ ֆիլմում նկարահանվելու հրավիրելու մասին սկսել է մտածել «Արիություն մարտում» ֆիլմը դիտելուց հետո, սակայն երկար ժամանակ դերասանին համարում էր չափազանց հյուծված։ «Խելացի Ուիլ Հանթինգը» ֆիլմի նկարահանման հրապարակում ծանոթանալով Դեյմոնի հետ՝ Սփիլբերգը փոխել է իր կարծիքը։
  • Շարքային Ռայանի դերը կատարելու համար հրավիրվել է Էդվարդ Նորթոնը։
  • Կապարզոյի դերը գրվել է հատուկ Վին Դիզելի համար այն բանից հետո, երբ Սփիլբերգը դիտել է դերասանի նախորդ աշխատանքը («Strays» ֆիլմը)։
  • Գլխավոր դերեր կատարող դերասաններն պարտադիր կերպով անցել են զինվորական պատրաստություն, որ տևել է մի քանի օր։ Բացառություն է արվել միայն Մեթ Դեյմոնի համար, որի դերը համարվել է երկրորդական՝ չնայած այն բանին, որ նրա հերոսի ազգանունը հիշատակվում է ֆիլմի վերնագրում։
  • Նկարահանումների ժամանակ Սփիլբերգը նկարահանված նյութերը ցույց է տվել Նորմանդական օպերացիայի վետերաններին՝ նպատակ ունենալով նրանց օգնությամբ հնարավորինս մանրամասն վերարտադրել իրադարձությունները։ Օրինակ՝ պայթյուններից խլացած ձուկը, որ ափ էր նետվել Օմախայում, դեսանտայինների պատմածից է։
  • Սցենարի օրիգինալ տարբերակում Թոմ Հենքսի հերոսի խոսքը՝ ուղղղված իր զորամասի անդամներին, բավական երկար էր (իր խոսքում Միլլերը պատմում է այն մասին, թե ինչ է պատրաստ անելու, որպեսզի վերադառնա տուն)։ Թոմ Հենքսն ինքն է առաջարկել կրճատել իր հերոսի խոսքը, և Սփիլբերգը համաձայնել է. արդյունքում մենախոսությունը զգալիորեն կրճատվել է։
  • Սթիվեն Սփիլբերգը մոտավորապես 60 %-ով ցածրացրել է կինոժապավենի գունահաղորդման հագեցվածությունը (օգտագործելով bleach bypass տեխնոլոգիան)՝ դրանով իսկ փորձելով հաղորդել ֆիլմում պատկերված ժամանակաշրջանի շունչը։ Սակայն ԱՄՆ երկու առաջատար կաբելային հեռուստաալիքները (DirecTV և Dish) ֆիլմը ցուցադրել են իսկական գույներով, որովհետև ցուցադրության առաջին երկու օրերից հետո ստացվել են բազմաթիվ քաղաքացիների արձագանքներ, որոնք դժգոհել են ֆիլմի գունային գամմայից[20]։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սինգապուրում ֆիլմն ստացել է մինչ այդ չօգտագործված NC-16 վարկանիշ (16 տարեկանից բարձր անձանց համար)։ Մի կողմից՝ ֆիլմում բավական շատ են դաժան տեսարանները, որպեսզի այն ստանար PG վարկանիշ, իսկ մյուս կողմից՝ ֆիլմում չկան բաց տեսարաններ, ինչի պատճառով էլ այն R վարկանիշ նույնպես չէր կարող ստանալ։ Այդ պատճառով էլ գտնվել է փոխզիջումային տարբերակը։
  • Հնդկաստանի կինոքննադատները մերժել են թույլատրել ֆիլմի ցուցադրությունը երկրում՝ պատճառ բերելով բռնության տեսարանների մեծաթիվ լինելը։ Դրա հետ կապված՝ Սփիլբերգից պահանջվել է ֆիլմի՝ Հնդկաստանում ցուցադրվելիք տարբերակից հանել դաժան տեսարանները։ Սակայն Սփիլբերգը մերժել է՝ առաջարկելով հրաժարվել Հնդկաստանում ֆիլմի ցուցադրությունից։ Հասկանալով իրադրության լրջությունը՝ Հնդկաստանի վարչապետն անձամբ դիտել է ֆիլմը և, ցնցվելով տեսածից, որոշել է թույլատրել ֆիլմի ցուցադրությունը երկրում։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգ Անուն Արդյունք
Օսկար Լավագույն ֆիլմ Սթիվեն Սփիլբերգ, Յեն Բրայս, Մարկ Գորդոն, Գարի Լևինսոն Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ Հաղթանակ
Լավագույն դերասան Թոմ Հենքս Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Ռոբերտ Ռոդեթ Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Յանուշ Կամինսկի Հաղթանակ
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Թոմաս Սանդերս, Լիզա Դին Առաջադրված
Լավագույն մոնտաժ Մայքլ Կան Հաղթանակ
Լավագույն դիմահարդարում Լուի Բյորվել, Քոնոր Օ’Սալիվան, Դենիել Ստրիպիկ Առաջադրված
Լավագույն երաժշտություն Ջոն Ուիլյամս Առաջադրված
Լավագույն ձայն Գարի Ռայդսթորմ, Ռոն Ջադկինս, Գարի Սամերս, Էնդի Նելսոն Հաղթանակ
Լավագույն ձայնային մոնտաժ Գարի Ռայդսթորմ, Ռիչարդ Հիմնս Հաղթանակ
BAFTA Լավագույն ֆիլմ Սթիվեն Սփիլբերգ, Յեն Բրայս, Մարկ Գորդոն, Գարի Լևինսոն Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ Առաջադրված
Լավագույն դերասան Թոմ Հենքս Առաջադրված
Օպերատորական լավագույն աշխատանք Յանուշ Կամինսկի Առաջադրված
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Թոմաս Սանդերս Առաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ Ստեֆան Ֆանգմեյեր, Ռոջեր Գայետ, Նիլ Կորբոուլդ Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Մայքլ Կան Առաջադրված
Լավագույն դիմահարդարում Լուի Բյորվել, Ժանետ Ֆրիմեն Առաջադրված
Ֆիլմի լավագույն երաժշտություն Ջոն Ուիլյամս Առաջադրված
Լավագույն ձայն Գարի Ռայդսթորմ, Ռոն Ջադկինս, Գարի Սամերս, Էնդի Նելսոն, Ռիչարդ Հիմնս Հաղթանակ
Ոսկե գլոբուս Լավագույն ֆիլմ-դրամա Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ Հաղթանակ
Լավագույն դերասան (դրամա) Թոմ Հենքս Առաջադրված
Լավագույն սցենար Ռոբերտ Ռոդետ Առաջադրված
Ֆիլմի լավագույն երաժշտություն Ջոն Ուիլյամս Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանական կազմ Առաջադրված
Լավագույն դերասան Թոմ Հենքս Առաջադրված
Գրեմմի Լավագույն գործիքային երաժշտություն կինոյի կամ հեռուստատեսության համար Ջոն Ուիլյամս Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://web.archive.org/web/20200517120533/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/saving-private-ryan.5054
  2. http://www.moviemistakes.com/picture86485
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0120815/
  4. 4,0 4,1 4,2 https://www.filmaffinity.com/en/film824508.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Saving Private Ryan — 1998.
  6. http://www.boxofficemojo.com/movies/?id=savingprivateryan.htm
  7. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=37706&type=MOVIE&iv=Basic
  8. Internet Movie Database — 1990.
  9. AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  10. 10,0 10,1 10,2 http://interfilmes.com/filme_16400_O.Resgate.do.Soldado.Ryan-(Saving.Private.Ryan).html
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 https://www.siamzone.com/movie/m/4371
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. 13,0 13,1 http://www.metacritic.com/movie/saving-private-ryan
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 http://www.imdb.com/title/tt0120815/fullcredits
  15. 15,0 15,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=18598.html
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 http://www.imdb.com/title/tt0120815/locations?ref_=tt_dt_dt
  17. http://boxofficemojo.com/movies/?
  18. 18,0 18,1 Box Office Mojo — 1999.
  19. Mark Bando (2001). 101st Airborne: The Screaming Eagles at Normandy. Zenith Imprint. p. 153-155. ISBN 1610606914.
  20. HVisone. «Although Steven Spielberg reduced the color saturation of the movie by 60%».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]