Տոլեդոյի տաճար
Տոլեդոյի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Տոլեդո |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Toledo? |
Հիմնական ամսաթվերը | 1226 |
Կազմված է | Chapel of San José? և Chapter house of the Cathedral of Toledo? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Անարատ հղիություն |
Ճարտարապետ | Petrus Petri? |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1226 |
56 մետր | |
Երկարություն | 113 մետր |
Լայնություն | 56 մետր |
Բարձրություն | 44 մետր |
Բնակիչ | Museo Catedralicio? |
Cathedral of Toledo Վիքիպահեստում | |
architoledo.org/catedral/Default.htm |
Տոլեդոյի տաճար կամ Սուրբ Մարիամի մայր տաճար (իսպ.՝ Catedral Primada Santa María de Toledo), կաթոլիկ տաճար Իսպանիայի Տոլեդո քաղաքում, Տոլեդոյի արքեպիսկոպոսական մայր տաճար։ Ճարտարապետական հուշարձան է, իսպանական գոթիկայի բնորոշ դրսևորում։ Սուրբ Մարիամի մայր տաճարը Տոլեդոյի պատմական կենտրոնի մաս է, 1986 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։ Եկեղեցական նշանակությունից զատ տաճարը գործում է նաև որպես թանգարան։
Տաճարը կառուցված է գոթական ոճով վեստգոթյան եկեղեցու տեղում, որ կառուցված է եղել 5-6-րդ դարերում, իսկ երբ մավրերը գրավել են Պիրենեյան թերակղզին, այն վերածվել է մզկիթի։ Քրիստոնյաների կողմից Տոլեդոն վերանվաճելուց հետո 13-15-րդ դարերում ընթացել է Տոլեդոյի ներկայիս տաճարի շինարարությունը։ Այն մինչ օրս էլ համարվում է Իսպանիայի խոշորագույն տաճարներից մեկը. տաճարի երկարությունը 120 մ է, լայնությունը` 60 մ, բարձրությունը` 44 մ[3]։
Տաճարում պահվում են բազմաթիվ գլուխգործոցներ` Էլ Գրեկոյի, Կարավաջոյի, Տիցիանի և նշանավոր այլ նկարիչների գործերից մինչև միջնադարյան ոսկերչական արվեստի` առանձնահատուկ նշանակություն ունեցեղ օրինակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդության համաձայն` ներկայիս տաճարի տեղում գոյություն է ունեցել քրիստոնեական եկեղեցի, որ առնչվում է Տոլեդոյի առաջին եպիսկոպոս Եվգենիի հետ, ում մասին պատմական ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Փաստացի հայտնի է, որ այս եկեղեցին արդեն գոյություն է ունեցել 587 թվականին, և այն վերաօծվել է այն ժամանակ, երբ վեստգոթերի արքա Ռեկարեդ I-ը արիոսականությունից անցել է քրիստոնեության (Նիկիայի Ա տիեզերական ժողովից հետո)։ Այս իրադարձությանն է նվիրված 16-րդ դարի արձանագրությունը, որ պահպանվել է տաճարի սյունաշարին։
Այդ պահից Տոլեդոն դարձել է եպիսկոպոսական թեմի և Վեստգոթական թագավորության հոգևոր կենտրոնը։ Տաճարում պատարագները մատուցվել են մոսարաբական արարողակարգով, որը հիմնականում բնորոշ էր վեստգոթական Իսպանիային[4]։ Եկեղեցական 18 շինությունները, որ պատմության մեջ մտել են Տոլեդոյական տաճարներ անվանումով, հաստատել են քաղաքի հոգևոր նշանակությունը։
Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումներից հետո 711 թվականին Տոլեդոյի տաճարը վերածվել է մզկիթի, սակայն արաբական նվաճումների հետևանքով քրիստոնեական հիերարխիան միանգամից չի վերացել. Տոլեդոյի եպիսկոպոսության նստավայրը տեղափոխվել է Սանտա Մարիա դե Ալֆիզեն եկեղեցի (չի պահպանվել)[5]։
Տոլեդոն մավրերից ազատագրվել է Լեոնի և Կաստիլիայի արքա Ալֆոնսո VI Քաջի կողմից 1085 թվականին։ Կապիտուլյացիայի պայմաններից մեկը արքայի խոստումն էր մուսուլմաններին չհետապնդելու և պաշտամունքային շինությունները պահպանելու մասին։ Բնական է` այդ խոստումը տարածվում էր նաև Սուրբ Մարիամի նախկին տաճարի վրա, որ քաղաքի ամենամեծ մզկիթն էր։ Քրիստոնյաների կողմից Տոլեդոն վերանվաճելուց հետո քաղաքում վերականգնվում է եպիսկոպոսական թեմը, և Տոլեդոյի առաջին եպիսկոպոս է դառնում Բեռնարդ դե Սեդիրակը։ Հռոմի Ուրբանոս II պապը ճանաչում է վերականգնված թեմի առաջնորդությունը։ 1087 թվականին խախտվում է մզկիթը պահպանելու մասին մուսուլմաններին տրված խոստումը, և մզկիթն օծվում է որպես քրիստոնեական տաճար` ճարտարապետական աննշան փոփոխություններով[6]։ Մինչև 13-րդ դարը նախկին մզկիթ-տաճարի շինությունը մնում է անփոփոխ։
Լաս Նավաս դե Տոլոսի ճակատամարտում քրիստոնյաների հաղթանակից հետո, որ կարևոր նշանակություն է ունեցել Ռեկոնկիստայի համար, Ալֆոնսո VIII արքան որոշում է Տոլեդոյում նոր, ավելի ազդեցիկ տաճար կառուցել, սակայն նրա մահից հետո Ֆերնանդո III արքայի և Տոլեդոյի արքեպիսկոպոս Խիմենես դե Ռադայի օրոք հին շինությունը քանդվում է, և 1226 թվականին սկսվում է ժամանակակից տաճարի շինարարությունը, որը շարունակվում է մինչև 1493 թվականը[3]։
Տաճարը կառուցվում է գոթական ոճով ֆրանսիական ակնհայտ ազդեցությամբ[7]։ Նրա առաջին ճարտարապետը եղել է ֆրանսիական ծագումով Մարտինը։ Տաճարն ունի հինգ նավ, որոնք ձևավորում են 88 սյուներն ու 72 կամարները[7]։ 14-րդ դարում արքեպիսկոպոս Պեդրո Տենորիոյի օրոք ճարտարապետ Ռոդրիգո Ալֆոնսոյի նախագծով տաճարի հյուսիսային պատի մոտ կառուցվում է բաց սյունաշար և սուրբ Բլասի մատուռը, որտեղ թաղված է արքեպիսկոպոս Տենորիոն։ 15-րդ դարում Ալվար Մարտինեսն ավարտում է արևմտյան դիմային հատվածի և աշտարակի կառուցումը։
Տաճարի շինարարությունն ավարտվել է 1493 թվականին արքեպիսկոպոս Պեդրո Գոնսալես դե Մենդոսի օրոք, ում անվանում էին «մեծ կարդինալ»։ Տաճարում հետագա փոփոխությունները վերաբերում էի ինտերիերին. 16-րդ դարում այն զարդարվում է արվեստի մի շարք գործերով[7]։ Կարդինալ Ֆրանսիսկո Խիմենես դե Սիսներոսի օրոք, ով մոսարաբական արարողակարգի վերականգնման կողմնակից էր, ստեղծվում է մոսարաբական կապելլան։ Կարդինալ Խիմենես դե Սիսներոսը նախաձեռնում է գլխավոր կապելլայի ռետաբլոյի ստեղծումը։ Բացի այդ` 16-րդ դարում Խիմենես դե Սիսներոսի հետնորդների օրոք ստեղծվում են Նոր արքաների կապելլան, երգչախմբի հատվածի վերին մասը և ցանցկեն ճաղերը, գանձարանն ու ավանդատունը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարը կառուցված է գոթական ոճով, սակայն նրա ճարտարապետության մեջ առկա են մավրիտանական ճարտարապետությանը բնորոշ գծեր։ Մասնավորապես, մավրիտանական ազդեցությունը երևում է պայտանման ու բազմաթիակ կամարների կիրառումով։ Տաճարն իր լայնությամբ ու սրահային տեսակի նմանությամբ հիշեցնում է մավրիտանական մզկիթ[8]։
Տաճարի երկարությունը 120 մ է, լայնությունը` 60 մ, բարձրությունը` 44 մ[3]։ Հյուսիսային աշտարակն ունի 90 մ բարձրություն, նրանում տեղադրված է Կամպանիա-Գորդա զանգը, որ պատրաստվել է 1753 թվականին և կշռում է 17 տ։ Նախատեսվել էր նրան սիմետրիկ հարավային աշտարակի շինարարությունը, սակայն 16-րդ դարում նրա տեղում կառուցվում է մոսարաբական կապելլան գմբեթով։
Ժամանակի հետ շրջակա շինությունները քողարկում էին տաճարի իրական չափերը, բացի այդ` պատմական Տոլեդոյի ոչ հավասար ռելիեֆը նույնպես խանգարում էր շինության իրական հսկայական չափերի ընկալմանը։ Տեսադաշտի համար բաց է միայն գլխավոր (արևմտյան) ճակատամասը, որ բացվում էր քաղաքի գլխավոր հրապարակի վրա, ուր դուրս էին գալիս նաև արքեպիսկոպոսական պալատի և քաղաքապետարանի շինությունների մուտքերը[9]։
Պորտալներ և ճակատամասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի գլխավոր ճակատամասը գտնվում է արևմտյան մասում և դուրս է գալիս քաղաքի կենտրոնական հրապարակ, որն ունի անկանոն ձև։ Բացի տաճարի գլխավոր ճակատամասից` հրապարակ են դուրս գալիս արքեպիսկոպոսական պալատի և Տոլեդոյի քաղաքապետարանի մուտքերը։ Գլխավոր ճակատամասից ձախ գտնվում է զանգակատունը, որ բաղկացած է երկու մասերից` ներքին, որը քառակուսի է և կառուցվել է Ալվար Մարտինեսի նախագծով, և վերին, որը ութանկյուն է և կառուցվել է բրյուսելցի Խանեկինի նախագծով։
Գլխավոր ճակատամասը ստեղծվել է 15-րդ դարում և աննշան ձևափոխություններ է կրել 18-րդ դարում։ Այն ունի երեք պորտալ։ Գլխավոր պորտալը, որը գտնվում է կենտրոնում, կոչվում է Պուերտա դել Պերդոն (Թողության դարպասներ)։ Անվանումը կապված է այն հավատալիքի հետ, որ դարպասին դիպչող կամ նրանով անցնող ամեն մարդ մեղքերի թողություն է ստանում[9]։ Մնացած երկու պորտալները կոչվում են Ահեղ դատաստանի (հարավային) և Դժոխքի (հյուսիսային) դարպասներ։
Թողության դարպասը ստեղծվել է գլխավոր ճակատամասի հետ միաժամանակ 15-րդ դարում Ալվար Մարտինեսի նախագծով։ Տաճարի մուտքը ձևավորված է գոթական կամարով, որն ունի վեց ենթակամարներ։ Դարպասի տիմպանին պատկերված է Աստվածամոր կողմից իր ավանդի հանձնումը սուրբ Իլդեֆոնս Տոլեդոցուն։ Ներկայումս այդ դարպասները գրեթե միշտ փակ են և բացվում են միայն արտակարգ կարևոր դեպքերում, ինչպիսին է, օրինակ, նոր արքեպիսկոպոսի մուտքը տաճար։ Ահեղ դատաստանի դարպասին պատկերված է ահեղ դատաստանի տեսարան, որից էլ առաջացել է դարպասի անունը, մինչդեռ Դժոխքի դարպասում չկա համապատասխան սյուժետային տեսարան. այն զարդարված է բուսական զադապատկերով։ Դժոխքի դարպասի երկրորդ անվանումը «Արմավենիների դարպաս» է, քանի որ նախկինում Ծաղկազարդի ժամանակ անցել են դրանով` արմավենիների ճյուղերով զարդարված[10]։
Պուերտա դել Ռելոխը (Ժամացույցի դարպաս) գտնվում է տաճարի հյուսիսային պատին։ Անվանումն առաջացել է մուտքի կամարի վրա գտնվող ժամացույցից։ Դարպասի երկրորդ անվանումը «Տոնավաճառային» է, քանի որ այն գտնվում է փողոցի վերջում, որտեղ հին ժամանակ տոնավաճառներ էին կազմակերպվում։ Ժամացույցի պորտալը տաճարի ամենահին պորտալն է. այն ստեղծվել է 15-րդ դարի սկզբին։ Պորտալի տիմպանն առատորեն զարդարված է փորագրություններով, որոնք ներկայացնում են Քրիստոսի երկրային կյանքի դրվագներ։ Ներկայումս այդ դարպասով այցելուները կարող են տեսնել ինտերիերի ընդհանուր տեսքը։
Պուերտա դե լոս Լեոնոսը (Առյուծների դարպաս) տաճարի հարավային մուտքն է։ Առյուծների դարպասը տաճարի ամենանոր պորտալն է, ստեղծվել է 1460-1466 թվականներին։ Անվանված են մուտքի սյուներին քանդակված առյուծների պատվին։ Ներկայումս այն տաճարի գլխավոր մուտքն է. դրանով են մտնում տոմսեր ունեցող զբոսաշրջիկները և հավատացյալները պատարագի գնալիս։
Բացի տաճարի գլխավոր պորտալներից` կան ևս երեք ոչ մեծ պորտալներ։ Պուերտո Լյանան (Հարթ դարպասներ) այդպես է կոչվել այն պատճառով, որ այն միակ պորտալն է, որ գետնի հետ նույն մակարդակին է և չունի աստիճաններ։ Եվս երկու պորտալներ` Սանտա Կատալինան և Մուտքի, տանում են ոչ թե տաճար, այլ բաց սյունաշար, որը հարում է տաճարին հյուսիսից։
Գլխավոր կապելլա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ներկայիս տեսքի համար Գլխավոր կապելլան (Capilla Mayor), որ գտնվում է տաճարի կենտրոնական մասում` խորանին մոտ, պարտական է Խիմենես դե Սիսներոսին։ Մինչև 16-րդ դարը այդ տեղը բաղկացած է եղել երկու մասերից` առանձին կամարներով, իսկ բազմաշերտ կամարը գտնվել է Հին արքաների ժամատան տակ (capilla de los Reyes Viejos): Այս ժամատան նավի ու խորանի միջև ընկած հատվածը եղել է շատ նեղ, ինչն անբնական է թվացել հսկայական չափեր ունեցող տաճարի համար։ Կարդինալ Սիսներոսը տաճարը վերանորոգելուց առաջ խուսափում է Հին արքաների ժամատունը քանդելու և Գլխավոր կապելլան այդպիսով ընդարձակելու մտադրությունից։ Վերանորոգված Գլխավոր կապելլայի համար Սիսներոսը պատվիրում է գոթական ռետաբլո, որը դարձել է տաճարի գոհարներից մեկը։
Կապելլայի ուշգոթական ռետաբլոն պատրաստված է ոսկեզօծ փայտից. այն դարձել է այս ոճի վերջին դրսևորումներից մեկը Կաստիլիայում։ Նրա պատրաստման համար պահանջվել է վեց տարի` 1498-1504 թվականները[11]։ Ռետաբլոյի ստեղծման աշխատանքներում ներգրավված են եղել մի շարք վարպետներ, որոնց ընդհանուր ղեկավարը եղել են Էնրիկե Էգասը և Պեդրո դե Գումիելը։ Ռետաբլոն ստեղծող վարպետներից են Ֆելիպե Բիգարնին, Խուան դե Բորգոնիան, Կոպին Հոլանդացին, Սեբաստիան դե Ալմոնասիդը և այլք։ Ռետաբլոն բաժանված է ուղղահայաց յոթ մասերի։ Կենտրոնական լայն հատվածը գտնվում է գանձանակի տակ, աջակողմյան ու ձախակողմյան չորս հատվածները ներկայացնում են ավետարանական սյուժեներ, իսկ եզրային առավել նեղ մասերում քանդակներ են։ Գանձանակը ևս, ինչպես և ռետաբլոն, պատրաստված է ոսկեզօծ փայտից։
Գլխավոր կապելլայի կողմնային պատերը ռետաբլոյից աջ և ձախ առատորեն զարդարված են փորագրություններով։ Մի շարք հեղինակների կարծիքով Գլխավոր կապելլայի փորագրությունները տաճարի ամենից տեսարժան պատկերներն են[12]։ Արվեստի տեսանկունից ևս մեկ կարևոր օբյեկտ է Գլխավոր կապելլայի ձախ մասում գտնվող կարդինալ Պեդրո Գոնսալես դե Մենդոսի դամբարանը, որը բաղկացած է սարկոֆագից և նրա շուրջը տեղադրված քանդակներից։ Դամբարանի հեղինակն անհայտ է, բայց այն համարվում է իսպանական վերածնունդի առավել վաղ դրսևորումներից մեկը[11][13]։ Բացի կարդինալ Մենդոսից` Գլխավոր կապելլայում են թաղված իսպանացի արքաներ Ալֆոնսո VII-ը, Սանչո III-ը, Սանչո IV-ը։
Կապելլաի գլխավոր խորանի տակ տեղակայված է ոչ մեծ կրիպտե ժամատնով։ Գլխավոր կապելլայի մուտքը փակված է ցանցկեն ճաղաշարով, որի հեղինակը Ֆրանսիսկո դե Վիլյալպանդոն։
Երգչախմբի հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչախմբի համար նախատեսված հատվածը գտնվում է տաճարի կենտրոնական հատվածում` Գլխավոր կապելլայի հարևանությամբ։ Այն բաղկացած է երկու հարկից` վերին և ստորին։
Փայտե նստարանները երկու հարկերում էլ զարդարված են վերածննդի ոճի փորագրություններով։ Ստորին հարկի նստարանները զարդարում են Ռոդրիգո Ալեմանի (իսպ.՝ Rodrigo Alemán) 54 խորաքանդակները (1495), որոնցում պատկերված են Գրանադայի գրավման դրվագներ[10]։ Վերին հարկը, որի կառուցումն ավարտվել է 1543 թվականին, զարդարված է Աստվածաշնչից վերցված դրվագներով և Ֆելիպե Բիգարնայի փորագրություններով։ Խորանում գտնվում է Մարիամ Աստվածամոր քանդակը (14-րդ դար)։ Այն ֆրանսիական ծագում ունի և հայտնի է Սպիտակ Աստվածամայր (Virgen Blanca) անունով[14]։ Երգչախմբի հատվածում տեղադրված են երկու հին երգեհոններ։ Հատվածն առանձնացված է պլատերեսկո ոճի ճաղաշարով (1548)։
Ավանդատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոլեդոյի տաճարի ավանդատունը (սակրիստիա) գտնվում է պրեսվիտերիայից (նավի ու խորանի միջև ընկած հատված) ձախ։ Ավանդատունը կառուցվել է 16-րդ դարում, բաղկացած է մի քանի սենյակներից, որոնք ներկայումս կիրառվում են որպես պատկերասրահ։ Ցուցադրության մեջ ներկայացված են Էլ Գրեկոյի, Կարավաջոյի, Տիցիանի, Վան Դեյքի, Գոյայի և նշանավոր այլ նկարիչների աշխատանքներ։ Բացի նկարներից` հավաքածուն ներառում է միջնադարյան ժամերգության պարագաներ ու հագուստներ։ Կենտրոնական սրահի ավանդատունը զարդարված է իտալացի գեղանկարիչ Լուկա Ջորդանոյի ֆրեսկոյով` «Սուրբ Մարիամ Աստվածածնի կողմից երկնային փառքի ընդունումը»[15]։
Սուրբ Հաղորդության կապելլա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հաղորդության կապելլան գտնվում է Պուերտա դել Ռելոխի մուտքից ձախ։ Կապելլայի երկրորդ անվանումն է Նուեստրա Սենյորա դե լա Անտիգուա (Կույս Մարիամ)։ Կապելլայի խորանը պսակում է սուրբ Մարիամ Աստվածամոր փայտե փորագրությունը, որը ստեղծվել է 12-րդ դարում։ Քանդակը տեղադրված է ոսկեզօծ գահին (17-րդ դար)։ Կերպարը լայնորեն պաշտվում է Տոլեդոյում։
Նոր արքաների կապելլա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր արքաների կապելլան այդպես անվանակոչվել է Հին արքաների կապելլայից տարբերելու համար, որը գտնվել է ներկայիս Գլխավոր կապելլայի տեղում։ Կառուցվել է 1531-1534 թվականներին որպես Տրաստամարա արքայատոհմի արքաների դամբարան։ Կապելլայում աջ կողմից Հենրի II-ի և նրա կնոջ դամբարաններն են, իսկ ձախից` Հենրի III-ի դամբարանը, պրեսվիտերիայի մոտ էլ գտնվում է Խուան I-ի և նրա կնոջ` Էլեոնորա Արագոնցու դամբարանները[16]։ Կապելլայի գլխավոր խորանը զարդարված է Մարիանո Մաելիայի նկարով[17]։ Կապելլայում կան նաև երկու երգեհոններ, որոնք պատրաստվել են 1654 և 1721 թվականներին։
Սանտյագո կապելլա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտյագո կապելլան (Սուրբ Հակոբոսի կապելլա) տեղակայված է արտախորանային տարածության հյուսիսարևելյան հատվածում` Նոր արքաների և Սան Իլդեֆոնսո կապելլաների միջև։ Կապելլան կառուցվել է 1435-1440 թվականների ընթացքում ազդեցիկ կոնետաբլ Ալվարո դե Լունայի միջոցներով, ով մտադրվել էր այս կապելլան վերածել ընտանեկան դամբարանի[18]։ Կապելլան կառուցված է գոթական ոճով և ծածկված է աստղազօծ կամարով։ Կապելլայի կենտրոնում գտնվում են Ալվարո դե Լունայի և նրա կնոջ մարմարե դամբարանները, որոնք առատորեն զարդարված են փորագրված զարդապատկերներով։ Կապելլայի եզրային հատվածներում կան ևս մի քանի տապանաքարեր, որոնք հիմնականում Ալվարո դե Լունայի ազգականներինն են։ Կապելլայի ռետաբլոն պատրաստված է ոսկեզօծ փայտից և ներկայացնում է սրբերին, իսկ կենտրոնական մասում Հիսուս Քրիստոսի փայտե քանդակն է։
Սան Իլդեֆոնսո կապելլա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապելլան գտնվում է տաճարի կենտրոնական առանցքի արտախորանային տարածության արևելքում։ Սուրբ Իլդեֆոնսը առանձնահատուկ պաշտամունքի է արժանացել Տոլեդոյում, և կապելլան, որը նվիրված է նրան, այս տեղում է գտնվել տաճարի հիմնադրումից սկսած (13-րդ դար)։ Նրա ներկայիս ութանկյուն արտաքինը ձևավորվել է եզրային երկու ոչ մեծ կապելլաների քանդումից հետո։ Ծածկված է գոթական կամարով։ Կապելլան կառուցվել է 14-րդ դարի վերջին արքեպիսկոպոս և կարդինալ Խիլ Ալվարես դե Ալբորնոսի պատվերով` որպես ընտանեկան դամբարան[19]։ Կապելլայի կենտրոնական մասում գտնվում է հիմնադրի մարմարե սարկոֆագը, եզրերում` ևս մի քանի դամբարաններ։ Կապելլայի մարմարե ռետաբլոն ստեղծվել է 18-րդ դարում և ներկայացնում է Տոլեդոյում հանրաճանաչ սյուժեն. Աստվածամայրը գանձանակը հանձնում է սուրբ Իլդեֆոնսին։
Կապիտուլի սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապիտուլի սրահը գտնվում է տաճարի հարավարևելյան վերջնահատվածում` Սան Իլդեֆոնսո տաճարից հարավ։ Այն կառուցվել է կարդինալ Խիմենես դե Սիսներոսի նախաձեռնությամբ հին կապելլայի տեղում, որտեղ կարդինալը ձևավորել է կապելլան մոսարաբական ոճով։ Բաղկացած է չորս կառույցներից, և բացի հիմնական սրահից` ընդգրկում է եզրային երկու սենյակներ և մեկ նախասրահ։ Նախասրահը ձևավորված է մի ոճով, որը ներառում է գոթիկայի ու մուդեխարի տարրեր։ Հիմնական սրահ են տանում շքեղ ձևավորված դռները (1510)[20]։
Հիմնական սրահի ինտերիերը ձևավորված է բազմագույն ու ոսկեզօծ փայտով։ Ուղղանկյուն սրահի բոլոր պատերը լի են նկարներով, որոնց շարքում առանձնանում են Տոլեդոյի տաճարի բոլոր արքեպիսկոպոսների դիմանկարները։
Տրանսպարենտե կապելլա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապելլան գտնվում է Գլխավոր կապելլայի հետին մասում` տաճարի կենտրոնական առանցքում։ Կապելլան համարվում է իսպանական բարոկկոյի գլուխգործոց[21]։ Այն ստեղծվել է 1729-1732 թվականներին բարոկկոյի նշանավոր իսպանացի վարպետ Նարսիսո Տոմեի կողմից։ Կապելլայի խորանը շրջապատված է մարմարե քանդակներով և բրոնզե զարդարանքներով, կենտրոնում տեղադրված է Մարիամ Աստվածամոր քանդակը` նորածինը գրկում։
Կապելլայի յուրահատուկ առանձնահատկությունն է նրա լուսավորման եղանակը, որի շնորհիվ էլ ստացել է «Տրանսպարենտե» (թափանցիկ) անվանումը։ Կապելլայի դիմաց կամարում փորված է կլոր պատուհան, ընդ որում նրա տեղակայությունն ընտրված է այնպես, որ լույսի ճառագայթն ընկնում է կապելլայի կենտրոն` նրա գանձանակի վրա։ Պատուհանի շրջակա տարածությունը ձևավորված է աստվածաշնչյան թեմաներով քանդակներով, ֆրեսկոներով։
Կապելլայի ստեղծումից անմիջապես հետո կապելլան տարաձայնությունների տեղիք է տվել. մինչ շատերը հիացել են նրանով` որպես յուրահատուկ գլուխգործոցով, մյուսները կտրուկ քննադատել են նրա հեղինակին բարոկկո ոճով շքեղ ձևավորված կապելլայի և գոթական խիստ ոճով շրջակայքի հակասության ու անհամատեղելիության համար[9]։
Մոսարաբական կապելլա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոսի մարմնի կապելլան գտնվում է Տոլեդոյի տաճարի հարավարևմտյան անկյունում։ Այն հայտնի է նաև որպես Մոսարաբական կապելլա, քանի որ նախատեսված է եղել մոսարաբական (վեստգոթական, իսպանական) արարողակարգով պատարագների համար։ Այս արարողակարգը Ռեկոնկիստայից հետո աստիճանաբար հարմարեցվել է կաթոլիկ եկեղեցու հռոմեական արարողակարգին։ Նրա վերածնունդը կապվում է կարդինալ Խիմենես դե Սիսներոսի անվան հետ, ում հանձնարարականով անցկացվել է պահպանված մոսարաբական ժամագրքերի ստուգում[22]։ Դրանից հետո Խիմենեսը Հռոմի Հուլիոս II պապից թույլտվություն է ստացել Տոլեդոյում մոսարաբական արարողակարգի կիրառման համար, որը այն ժամանականերից մինչ օրս օգտագործվում է Քրիստոսի մարմնի կապելլայում[22]։ Տոլեդոյի տաճարի մոսարաբական ժամատունը միակ տեղն է աշխարհում, ուր պատարագ է կատարվում ամեն օր[23]։
Մինչև 16-րդ դարը կապելլայի տեղում գտնվել է կապիտուլի հին սրահը, որից մոսարաբական կապելլայի վերանորոգումից հետո պահպանվել է միայն կամարը։ Ժամատան մուտքը փակված է ճաղաշարով (1524), որ պսակված է կարդինալ Խիմենես դե Սիսներոսի զինանշանով։ Կապելլան ուղղանկյուն է` ծածկված ութանկյուն գմբեթով, որի նկարազարդումը վերաբերում է 17-րդ դարին։ Կապելլայի պատերի ֆրեսկոներում (1509-1514) ներկայացված են կարդինալ դե Սենսիրոսի կողմից Օրանի (քաղաք Ալժիրում) գրավման տեսարաններ։ Կապելլայի խորանը պատրաստված է բրոնզից ու մարմարից, իսկ կենտրոնում Մարիամ Աստվածածնի պատկերն է` մանուկը գրկին (18-րդ դար)[23]։
Գանձարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է տաճարի հյուսիսարևմտյան հատվածում` Մոսարաբական կապելլայի հայելային հարաբերությամբ` ուղիղ տաճարի գլխավոր աշտարակի տակ։ Այս տեղում կարդինալ Խուան Պարդո դե Տավերան ծրագրել էր ձևավորել կապելլա` ընտանեկան դամբարան, սակայն ավելի ուշ այստեղ տեղակայվել է գանձարանը[24]։
Ներկայումս այնտեղ բացված է պատարագ մատուցելու հին իրերի ու արվեստի գործերի ցուցադրություն։ Անկասկած, ցուցադրության հիմնական գլուխգործոցը հսկայական գանձանակն է, որ ստեղծվել է 16-րդ դարում ոսկերիչ Էնրիկե դե Արֆեի կողմից։ Գանձանակն ունի 2.5 մ բարձրություն, բաղկացած է 5.600 առանձին դետալներից, որոնք ամրացված են 12.500 պտուտակով։ Այն զարդարված է ոսկեզօծ արծաթից ու էմալից պատրաստված 250 քանդակներով, իսկ գանձանակի գլուխը պսակում է ադամանդակուռ խաչը[25]։ Գանձանակի պատրաստման համար օգտագործվել է 18 կգ ոսկի և 183 կգ արծաթ[26]։ Տոլեդոյում կա ավանդույթ, որի շրջանակներում Քրիստոսի մարմնի ու արյան տոնին (նշվում է սուրբ Երրորդության տոնին հաջորդող հինգշաբթի օրը) գանձանակը դուրս են բերում կապելլայից ու պտտում Տոլեդոյի փողոցներում։ Թանկարժեք գանձանակն այդ ժամանակ տեղափոխվում է հատուկ հարթակով[27]։
Ծածկած սյունաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդարձակ քառակուսի ծածկած սյունաշարը (կլուատր) ավելացվել է տաճարի հյուսիսային պատին արքեպիսկոպոս Պեդրո Տենորիոյի օրոք։ Շինարարական աշխատանքներն ընթացել են 1389-1425 թվականներին։ Հաշվի առնելով կլուատրի շրջանի բարդ ռելիեֆը` այն կառուցվել է տաճարի հատակից 1.5 մ բարձրության վրա։ Տաճարից դեպի սյունաշար տանող մուտքը գտնվում է գանձարանի մոտ, այցելուն տաճարից հայտնվում է կլուատրի հարավարևմտյան անկյունում։ Ծածկած սյունաշարի զբոսուղին ծածկված է գոթական կամարներով, պատերը զարդարված են ֆրեսկոներով, որոնք ներկայացնում են սրբերի կյանքի դրվագներ։ Այս ֆրեսկոներից 11-ի հեղինակը Ֆրանսիսկո Բայեուն է, իսկ երկուսինը` Մարիանո Մաելիեն։ Տոլեդոյի տաճարի ծածկած սյունաշարն անսովոր է նրանով, որ տաճարի հարևանությամբ երբեք մենաստան չի գործել, մինչդեռ սյունաշարը հատուկ է մենաստանի ճարտարապետությանը։ Տոլեդոյի տաճարի ծածկած սյունաշարը տարբեր դարերում կիրառվել է տարբեր նպատակներով` պահեստից մինչև աղոթավայր։
Սան Բլաս կապելլա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Բլաս կապելլան գտնվում է ծածկած սյունաշարի հյուսիսարևելյան անկյունում, այսինքն` մուտքի հակառակ կողմում։ Ժամատունը կառուցվել է ծածկած սյունաշարի հետ միաժամանակ արքեպիսկոպոս Պեդրո Տենորիոյի օրոք որպես նրա ապագա դամբարան[28]։ Սյունաշարից կապելլա մուտքը գոթական դարպասներով է, որոնք զարդարված են բուսական զարդաքանդակներով։ Ժամատան կենտրոնում մարմարե երկու սարկոֆագ կա` արքեպիսկոպոս Պեդրո Տենորիոյի և նրա զարմիկ Բալբոայի եպիսկոպոսի։
Կապելլայի գեղարվեստական գլխավոր արժեքը ֆրեսկոներն են, որոնք զարդարում են կապելլայի պատերը։ Քիվից վերև գտնվող ֆրեսկոների շարքը ներկայացնում է Հավատո հանգանակը, իսկ քիվից ներքև ֆրեսկոները ներկայացնում են սրբերի պատկերներ և «Ահեղ դատաստան» պաննոն։ Ֆրեսկոների հեղինակային պատկանելությունը հաստատված չէ և վիճաբանությունների տեղիք է տալիս[29]։ 21-րդ դարի սկզբին կապելլայի ֆրեսկոների հիմնանորոգում է եղել, որի արդյունքում դրանք ձեռք են բերել գունագեղություն ու պայծառություն` բացառությամբ այն հատվածների, որոնք վնասված են եղել այնքան, որ վերանորոգման ենթակա չեն եղել[29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Historic City of Toledo
- ↑ 3,0 3,1 3,2 Кафедральный собор в Толедо
- ↑ «Jenner, H. Mozarabic Rite-1. History and origin» (անգլերեն) — Сайт, посвященный мосарабскому обряду. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
- ↑ F. Fita. Boletín de la Real Academia de la Historia. El monasterio toledano de San Fernando. Santa María de Alfizén. 1906
- ↑ Menéndez Pidal, Ramón (1906). «871: El capitulo de como la mezquita de los moros fue fecha en Toledo eglesia de cristianos». Primera Crónica General: Estoria de España que mandó componer Alfonso el sabio y se continuaba bajo Sancho IV en 1289. Bailly-Baillière Hijos.
- ↑ 7,0 7,1 7,2 История собора на официальном сайте
- ↑ Ц. Нессельштраус Искусство Западной Европы в средние века. — М.: Искусство, 1964. — С. 357. — 392 с.
- ↑ 9,0 9,1 9,2 Испания. Вокруг света. М.:2006. ISBN 5-98652-056-4
- ↑ 10,0 10,1 Navascués Palacio, Pedro; Sarthou Carreres, Carlos (1998). Catedrales de España. Espasa Calpe. ISBN 842395270-3.
- ↑ 11,0 11,1 Capilla Mayor на официальном сайте собора
- ↑ Chueca Goitia, Fernando (1975). La catedral de Toledo. León: Everest. ISBN 84-241-4719-7
- ↑ «Sepulcro del cardenal Mendoza». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Хоры на официальном сайте собора
- ↑ Ризница на официальном сайте собора
- ↑ Капелла Новых Королей на официальном сайте собора
- ↑ Jorge García Briceño, Adolfo de Mingo Lorente: Exaltación de la iconografía local en la segunda mitad del siglo XVIII: la ciudad de Toledo. Anales de historia del arte, ISSN 0214-6452, Nº 13, 2003
- ↑ Капелла Сантьяго на официальном сайте собора
- ↑ Капелла Сан-Ильдефонсо на официальном сайте собора
- ↑ Зал капитулов на официальном сайте собора
- ↑ Капелла Транспаренте на официальном сайте собора
- ↑ 22,0 22,1 Կաղապար:Книга:Собрание древних литургий восточных и западных
- ↑ 23,0 23,1 Мосарабская капелла на официальном сайте собора
- ↑ [De la Morena, Áurea; Azcárate, José María de (1998). Castilla-La Mancha. La España Gótica. Madrid: Ediciones Encuentro. ISBN 978-84-7490-509-0]
- ↑ Сокровищница на официальном сайте собора
- ↑ Кафедральный собор: фото, описание
- ↑ Aganzo, Carlos. Toledo. Ciudades con encanto. Santillana Ediciones Generales, 2006. ISBN 84-03-59872-6
- ↑ Капелла Сан-Блас на официальном сайте собора
- ↑ 29,0 29,1 Castañón, Blanco, Sánchez-Barriga La Capilla de San Blas de la catedral de Toledo. 2005. Արխիվացված 2013-12-03 Wayback Machine ISBN 84-933107-7-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոլեդոյի տաճարի պաշտոնական կայք
- Տոլեդոյի արքեպիսկոպոսության պաշտոնական կայք
- Տոլեդոյի տաճար Արխիվացված 2018-06-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլեդոյի տաճար» հոդվածին։ |
|