Ռուսահայ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուսաստանում կադրերի պատրաստման կարևոր օջախներ էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը, ինչպես և Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաները, որտեղ սովորել են նաև հայ երաժիշտներ, երգիչներ Սոֆյա Ակիմովան, Նադեժդա Պապայանը, Բեգլար Ամիրջանյանը, Մագդալինա Գենջյանը, Արշակ Կոստանյանը, ջութակահար Հ. Նալբանդյանը և ուրիշներ։ 19-րդ դարի 2-րդ կեսին 20-րդ դարի սկզբին Քրիստափոր Կարա-Մուրզան, Ալեքսանդր Սպենդիարյանը, Մակար Եկմալյանը, Ռոմանոս Մելիքյանը, Գրիգոր Սյունին, Նիկողայոս Տիգրանյանը և ուրիշներ օգտագործել են ռուսական օպերային ստեղծագործության փորձը։ Կոմպոզիտորներ Ն. Կլենովսկին, Ե. Իպոլիտով-Իվանովը և ուրիշներ ձայնագրել, մշակել և իրենց երկերում օգտագործել են հայկական ժողովրդական, ազգ-հայրենասիրական և գուսանական երգեր։ Ռուս բանաստեղծների խոսքերով վոկալ ստեղծագործություններ են գրել Գ. Գորդանյանը և Ա. Սպենդիարյանը։ Մոսկվայի հայ մշակույթի տան (1921 թ.) երաժշտական ստուդիան մեծապես նպաստել է հայ երաժշտության տարածմանը և կադրերի պատրաստմանը, այստեղ են ուսանել կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը, Եղվարդ Միրզոյանը, էդուարդ Բաղդասարյանը, Ադամ Խուդոյանը, բալետմայստերներ Մաքսիմ Մարտիրոսյանը, Ազատ Ղարիբյանը, բալետի արտիստներ Թերեզա Գրիգորյանը, Վանուշ Խանամիրյանը, երգիչներ Ս. Դավթյանը, Սերգեյ Գալստյանը և ուրիշներ։ 1910-1916 թթ. գործել է Մոսկվայի հայ խմբերգային ընկերությունը (հիմն.՝ Ե. Բաղդասարյան), 1922 թ. ստեղծվել է Հայ երաժշտական կոլեկտիվը (նախագահ՝ Գևորգ Բուդաղյան1924 թ. կազմակերպվել է լարային քառյակը (1932 թ.՝ Կոմիտասի անվան), որն իր գործունեությունը շարունակում է Երևանում։ Քառյակի հետ ելույթներ են ունեցել դաշնակահարներ Սվյատոսլավ Ռիխտերը, էմիլ Գիլելսը, կոմպոզիտոր, դաշնակահար Դմիտրի Շոստակովիչը և ուրիշներ։ Մոսկվայում են ստեղծագործել դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փալահը, կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիևը, Դավիթ Թուխմանովը, Արամ, Կարեն և էմին Խաչատրյանևերը, Սերգեյ Բալասանյանը, էդվարդ Խադագորտյանը, Ալեքսանդր Փիրումովը, Գեորգի Գարանյանը, երգիչներ Պավել, Ռուբեն, Կարինե և Ռուզաննա Լիսիցյանները, Զարուհի Դոլուխանյանը, Սարատովի, Սվերդլովսկի օպերային թատրոններում է երգել Լ. Իսեցկին։ Ռուսաստանում են ապրել և ստեղծագործել Նադեժդա-Շողակաթ Սիմոնյանը, Ալեքսանդր Մնացականյանը, Արկադի Աղաբաբովը և ուրիշներ։ Ռուսական էստրադայի երգիչներից են Իգոր Սարուխանովը, Ռոքսանա Բաբայանը, Իրինա Օտիևան, Իրինա Ալեգրովան, Վյաչեսլավ Դոբրինինը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։