Յոզեֆ Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոզեֆ Հոֆմանից)
Յոզեֆ Հոֆման
գերմ.՝ Josef Hoffmann
Ծնվել էդեկտեմբերի 15, 1870(1870-12-15)[1][2][3][…]
ԾննդավայրBrtnice[4][5][6]
Մահացել էմայիսի 7, 1956(1956-05-07)[1][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիա[5][6]
ԿրթությունՎիեննայի համալսարան, Վիեննայի գեղարվեստի ակադեմիա և Վիեննայի գեղարվեստի ակադեմիա (1895)[6]
ԱշխատավայրԿիրառական արվեստի համալսարան[6]
Ուշագրավ աշխատանքներSanatorium Purkersdorf? և Ստոկլեի պալատ
Պարգևներ
 Josef Hoffmann Վիքիպահեստում

Յոզեֆ Հոֆման (գերմ.՝ Josef Hoffmann, դեկտեմբերի 15, 1870(1870-12-15)[1][2][3][…], Brtnice[4][5][6] - մայիսի 7, 1956(1956-05-07)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[5][6]), ավստրիացի ճարտարապետ և կիրառական արվեստի նկարիչ, Օտտո Վագների աշակերտը, ավստրիական մոդեռնի հիմնական ներկայացուցիչներից և Վիեննայի արվեստանոցների, Ավստրիական Վերկբունդի և Վիեննական սեցեսսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Եվրոպական ֆունկցիոնալիզմի ճարտարապետության ստեղծողներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Հոֆմանը ծնվել է 1870 թվականի դեկտեմբերի 15-ին փոքր տեքստիլ ֆաբրիկայի սեփականատիրոջ ընտանիքում։ Հայրը ցանկացել է որդուն տեսնել որպես իրավաբան և գործարար և նրան է ուղարկել առևտրային ուսումնարան։ Բայց Յոզեֆը 1887 թվականին տեղափոխվել է Բրնոյի (Սլովակիա) Արվեստի և արհեստների բարձրագույն դպրոց, որտեղ 1891 թվականին ստացել է բակալավրի աստիճան։ 1892 թվականին Յոզեֆ Հոֆմանն սկսել է ուսումը Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում հայտնի ճարտարապետներ Կառլ ֆոն Հեզենհաուերի և Օտտո Վագների ղեկավարությամբ։ Ակադեմիայում նա հանդիպել է նոր արվեստի համար պայքարում իր ապագա համախոհներին՝ Յոզեֆ Մարիա Օլբրիխին, Կոլոման Մոզերին և Կարլ Օտտո Չեշկային։ Հոֆմանն իր դիպլոմային աշխատանքը կատարել է Օտտո Վագների ղեկավարությամբ։ Արժանանալով Հռոմեական մրցանակի՝ նա կարողացել է մեկ տարվա ընթացքում ճանապարհորդել և աշխատել Իտալիայում[7]։ 1898 թվականին Հոֆմանն ամուսնացել է Աննա Հլադիկի հետ։ Յոզեֆ Հոֆմանի որդին՝ Վոլֆգանգը, ծնվել է 1900 թվականին։ Նա իր հոր նախկին աշակերտուհի Պոլա Վայնբախ Հոֆմանի (ավելի ուշ՝ Պոլա Ստյուարտ) հետ 1925 թվականին գաղթել է Նյու Յորք։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին Իտալիայից վերադառնալուց հետո Հոֆմանն ընդունվել է Օտտո Վագների նախագծային բյուրո Վիեննայում։ Նույն թվականին Գուստավ Կլիմտի, Ալֆրեդ Ռոլերի, Կոլոման Մոզերի, Յոզեֆ Մարիա Օլբրիխի, Մաքս Կուրցվայլի, Էռնստ Շտերի, Վիլհելմ Լիստի և այլ արվեստագետների հետ, որոնք հեռացել էին կոնսերպատիզմից և ավանդական հասկացություններից արվեստում և հարել դեպի պատմականության ժամանակաշրջանի էկլեկտիկային, Յոզեֆ Հոֆմանը հիմնադրել է Վիեննական սեցեսսիոնը («Բաժին»)։ Նրանց համար օրինակ են դարձել Բեռլինի և Մյունխենի սեցեսիոնները։ Հոֆմանը եղել է Սեցեսիոնի առաջին մանիֆեստի հեղինակը, որում կոչ է արվել ստեղծել շենքեր, որոնք զուրկ են անօգուտ զարդաքանդակներից։ Այդ գաղափարները համահունչ են նրան, ինչ Ա. Լոոսը հայտարարել էր իր աղմկահարույց «Զարդանախշ և ոճիր» (1908) հոդվածում։ 1898 թվականից իր գաղափարները տարածելու նպատակով խումբը թողարկել է իր սեփական Ver Sacrum (լատ․՝ սրբազան գարուն) ամսագիրը։

1899 թվականին քսանիննամյա Հոֆմանն սկսել է դասավանդել Գեղարվեստական արհեստների դպրոցում (Kunstgewerbeschule, ներկայում՝ Վիեննայի կիրառական արվեստների համալսարան)։ Սեցեսիոնի նկարիչների և Հոֆմանի վաղ շրջանի աշխատանքներն դեռևս մնացել են ար նուվոյի ոճի գեղագիտության շրջանակներում։ 1900 թվականի Վիեննայի ութերորդ ցուցահանդեսից հետո, որն ամբողջությամբ նվիրված էր դեկորատիվ արվեստին, խմբի ստեղծագործությունը դարձել է ավելի նորարարական։ Բայց Հոֆմանը բոլորովին չի հեռացել պատմական ավանդույթից։ Նրա համար օրինակ են եղել Չառլզ Ռեննի Մակինթոշի, Չարլզ Ռոբերտ Էշբիի, Անրի Վան դե Վելդեի գործերը։

1903 թվականին Յոզեֆ Հոֆմանը Կոլոման Մոզերի հետ հիմնադրել է Վիեննայի արվեստանոցները (Wiener Werkstätte)՝ նկարիչների, վարպետների և արդյունաբերողների միավորում «նոր ոճի» աշխատանքներ ստեղծելու համար, ներառյալ ճարտարապետությունը, կահույքը, ջահերը, ապակյա և մետաղե իրերը, սպասքը և տեքստիլը։ Քննադատները գրել են, որ ճարտարապետության մեջ Հոֆմանը «տարված էր ձևի խնդրով» և «արհեստի էլիտար մշակույթի նկատմամբ մաներիստական հակվածությամբ»։ Սակայն, ի տարբերություն Ա. Լոոսի, նա բավականին ճկուն նկարիչ էր «հաճախ փոխում էր իր ոճը, և միշտ պատրաստ էր գնալ փոխզիջումների»[8]։

Յոզեֆ Հոֆմանի կառուցած Պուրկերսդորֆ առողջարանը Վիեննայի շրջակայքում (1904-1906) ցուցադրել է գեոմետրիզմի մոլուցքը՝ քառակուսիներ և ուղղանկյուններ, շախմատի վանդականախշ, որը դարձել է Հոֆմանի «ֆիրմային նշանը»։ Այս ամենը կրկնվել է ինտերիերում և կահույքում, որը շենքի համար հատուկ նախագծվել էին Վիեննայի արվեստանոցների նկարիչները։ Երկրաչափական ձևերի նկատմամբ հակվածության համար Յոզեֆ Հոֆմանին անվանել են «իսկական վագներական», իսկ բնորոշ ուղղանկյունաձև ձևերի համար՝ «տախտակյա» և «քառակուսի Հոֆման» (Quadratl Hoffmann)[9]:

Հոֆմանը մշակել է 1900 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի համար ավստրիական ցուցադրության կոնցեպցիան և գեղարվեստական ձևավորումը, որտեղ «Սեցեսիոն ոճը» ներկայացվել է միջազգային հանրությանը։ 1899 թվականին Հոֆմանը նախագծել է Սեցեսիոնի ութերորդ ցուցադրությունը՝ ամենակարևոր ցուցահանդեսներից մեկը, որը նա անցկացրել է իր միջազգային կապերի շնորհիվ։ Վիեննայի Սեցեսիոնի նկարիչների աշխատանքներից բացի, ցուցահանդեսում ներկայացվել են ֆրանսիացի նկարիչ Ժյուլ Մեյեր-Գրեֆեի, բելգիացի Անրի վան դե Վելդեի, շոտլանդացի ճարտարապետ Չարլզ Էշբիի և հատկապես «Գլազգոյի դպրոցի» շոտլանդացի նկարիչների՝ Չառլզ Ռեննի Մակինթոշի և Մարգարետ Մակդոնալդի աշխատանքները։ 1910 թվականին Հոֆմանը դարձել է Լոբմեյր ֆիրմայի համատեղ տնօրենը, որն արտադրում էր ապակյա իրեր։ Հոֆմանը իր երկրաչափական ոճով նախագծել է կահույքի, ջահերի, սպասքի նոր նմուշներ։ 1912 թվականին Յոզեֆ Հոֆմանը կազմակերպել է ավստրիական Վերկբունդ (Österreichischer Werkbund) Շվեյցարիայում մասնաճյուղի հետ։ 1914 թվականին գերմանական և ավստրիական Վերկբունդները համատեղ մեծ ցուցահանդես են անցկացրել Քյոլնում։

1920 թվականից Հոֆմանը եղել է Վիեննայի գլխավոր ճարտարապետը։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը Ստոկլեի պալատն է (կոչվել է պատվիրատուի և սեփականատիրոջ ազգանունով) Բրյուսելում (1905-1911 թվականներ), որը դասվում է Համաշխարհային ժառանգության հուշարձանների շարքին։ Շենքի համար ինտերիերը և կահույքը մշակել են Գ. Կլիմտը և Վիեննայի արվեստանոցների նկարիչները։ Այս կառույցն այնքան բնորոշ է «Վիեննայի նոր ոճին», որ ստացել է «Սեցեսիոնիզմի թանգարան» անվանումը[10]։ Հոֆմանի այլ կարևոր աշխատանքներից են Հոխշտետերի տունը (1906-1907) և Վիլլա Աստը (1909-1911) Վիեննայում։ Վերջինս կառուցվել է գործարար և շինարարական կապալառու Էդուարդ Աստի համար, որը եղել է Վիեննական արվեստանոցների հիմնական հովանավորը։

1920-ական թվականներին Հոֆմանին հատկապես հետաքրքրել է պետական բազմաբնակարան շենքերի կառուցումը աշխատավորների համար։ Նրա առաջին նման նախագիծը եղել է տուն Քլոզ հոֆում՝ Վիեննայի շրջանում (1924-1925)։ Հոֆմանը կազմակերպել է քաղաքաշինական նախագծերի ցուցահանդեսներ, որտեղ ներկայացվել են համեմատաբար էժան, պարզ կառուցվածքի տներ։ Հոֆմանի նորություններից մեկը ապակյա աստիճանն է յուրաքանչյուր տան արտաքին մասում, որը ինտերիերը դարձրել է ավելի ընդարձակ և բազմազանություն է հաղորդել շենքերի ճակատամասերին։ Մյուս նորարարությունը, որը վերցվել է Լե Կորբյուզյեից, տան տանիքին կառուցվող սանդղավանդն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Հոֆմանի վերջին խոշոր աշխատանքը եղել է Ավստրիայի տաղավարը 1934 թվականի Վենետիկյան բիենալեում։ Շենքն անսովոր պարզ էր, U տառի տեսքով։ Այն չի պահպանվել, բայց վերականգնվել է 1984 թվականին։

1936 թվականին Հոֆմանն ստացել է Գեղարվեստական արհեստների դպրոցի պատվավոր պրոֆեսորի կոչում, սակայն շարունակել է աշխատել իր աշակերտների հետ։ Հոֆմանը եղել է փորձառու և հարգված ուսուցիչ։ Իրենց նրա ոչ պաշտոնական աշակերտներն են համարել Օսկար Կոկոշկան, Էգոն Շիլեն և Լե Կորբյուզյեն։ 1927 թվականին Ժնևում լինելով Ազգերի լիգայի պալատի նախագծման մրցույթի միջազգային ժյուրիի անդամ՝ Հոֆմանը պատկանել է այն փոքրամասնությանը, որը քվեարկել է Լե Կորբյուզյեի նախագծի օգտին։ 1937 թվականին ներկայացրել է «Մեծ դերասանուհու Բուդուարը» ինտերիերի մոդելը 1937 թվականի Փարիզի միջազգային ցուցահանդեսում և նոր ինտերիերներ է մշակել Վիեննայի Իմպերիալ հյուրանոցի համար։

Հոֆմանը քվեարկել է ֆաշիստական Գերմանիայի հետ Ավստրիայի միության օգտին։ Ճարտարապետը հիացել թ նացիստներով, որոնք նրան նշանակել էին Վիեննայի արվեստի հատուկ կոմիսար։ 1938 թվականի անշլյուսից հետո Հոֆմանը գերմանական դեսպանատան նախկին շենքը վերակառուցել է «Վերմախտի տան» բանակի սպաների համար։ Բրիտանական կառավարության կողմից 1945-1955 թվականներին այն օգտագործելուց հետո տունը քանդվել է[11]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հոֆմանն ստեղծել է ավելի քան ութսուն ճարտարապետական նախագծեր, սակայն դրանց իրականացման մասին ոչինչ հայտնի չէ[12]։ 1945 թվականին՝ պատերազմից հետո, Հոֆմանը կրկին միացել է Վիեննայի Սեցեսիոնին, որը նա Գուստավ Կլիմտի և Օտտո Վագների հետ ներքին տարաձայնությունների պատճառով լքել էր 1905 թվականին։ 1948-1950 թվականներին Հոֆմանը եղել է Սեցեսիոնի նախագահը[13]։ Յոզեֆ Հոֆմանը մահացել է 1956 մայիսի 7-ին ութսունհինգ տարեկան հասակում Վիեննայում՝ Սելեզիզներգաս փողոց, 33 հասցեում գտնվող իր բնակարանում[12]:

Հոֆմանն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների և Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտի պատվավոր կրթաթոշակի։ Մոռացության շրջանից հետո՝ 1980-ականներին հրապարակվել են մի քանի մենագրություններ և անցկացվել են Հոֆմանի ստեղծագործությանը նվիրված խոշոր ցուցահանդեսներ։ Նրա նախագծած իրերն արտադրվում են մինչև օրս։ 1991 թվականին Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի սրահներում տեղի է ունեցել «Յոզեֆ Հոֆման։ 1870-1956» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նմուշներ Ավստրիայի կիրառական արվեստի թանգարանի հիմնադրամներից (Վիեննա), որն այնուհետեւ ցուցադրվել է Արևմտյան Եվրոպայի եւ ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում։

Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո լեգեոնի շքանշանի հրամանատար – 1926
  • Ավստրիայի պետական մրցանակ ճարտարապետության բնագավառում – 1950
  • Վիեննայի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր – 1951[14]
  • Դրեզդենի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր – 1951[15]
  • Ռուդոլֆ Դիզելի Մեդալ – 1966

Առավել հայտնի ճարտարապետական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1900-1911 – Hohe Warte նկարիչների գաղութի նախագիծ
  • 1900-1901 – Տուն երկուսի համար Կոլոման Մոզերի և Կարլ Մալլի համար
  • 1904-1906 – Պուրկերսդորֆ առողջարանը Վիեննայի արվարձանում
  • 1905-1906 – Գրող Ռիխարդ Բեեր-Հոֆմանի տունը Վիեննայում
  • 1905-1911 – Ստոկլեի առանձնատոնւ Բրյուսելում, Բրյուսել
  • 1913-1915 – Պրիմավեզա վիլլան Վիեննայում
  • 1919-1924 – Զիգմունդ Բերլի տունը Մորավիայի Բրունտալ քաղաքում
  • 1920-1921 – Ֆրից Գրոմանի վիլլա Մորավիայի Վրբնո քաղաքում
  • 1924-1925 – Քլոզե-Հոֆի քաղաքային բնակելի համալիր
  • 1934 – Ավստրիայի տաղավարը Վենետիկի բիենալեում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Josef (1870-1956) Hoffmann (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 https://hedendaagsesieraden.nl/2023/11/10/josef-hoffmann/
  7. Sarnitz, 2017
  8. Власов В. Г.. Стили в искусстве. В 3-х т. — СПб.: Кольна. Т. 3. — Словарь имен, 1997. — С. 482
  9. Фёлькер А. Художественное творчество Йозефа Хоффмана. Орнамент и узор // Йозеф Хоффман. Каталог выставки произведений. — М.: Советский художник, 1991. — С. 9
  10. Берсенева А. А. Европейский модерн: Венская архитектурная школа. — Екатеринбург: Изд-во Уральского ун-та, 1991. — С. 69
  11. Sarnitz А. Josef Hoffmann. In the Realm of Beauty. Cologne: Taschen, 2007
  12. 12,0 12,1 Sarnitz, 2016
  13. Fahr-Becker G. Wiener Werkstätte: 1903-1932. Cologne: Taschen, 2008
  14. TU Wien: Ehrendoktorate Արխիվացված 2016-02-21 Wayback Machine. Abgerufen am 26. März 2015.
  15. Verzeichnis der Ehrenpromovenden der TH/TU Dresden

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sarnitz, August (2016). Josef Hoffmann, L'univers de la beauté (French). Cologne: Taschen. ISBN 978-3-8365-5038-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Sarnitz, August (2007). Josef Hoffmann. In the Realm of Beauty. Cologne: Taschen. ISBN 978-3-8228-5591-1.
  • Fahr-Becker, Gabriele (2008). Wiener Werkstätte: 1903-1932. Cologne: Taschen. ISBN 3-8228-3773-3.
  • Sekler, Eduard (1982). Josef Hoffmann. Das Architektonische Werk; Monographie und Werkverzeichnis. Salzburg: Residenz. ISBN 3-7017-0306-X.
  • Vives Chillida, Julio (2008). Josef Hoffmann y Jacob & Josef Kohn en la Kunstschau Wien de 1908, (La pequeña casa de campo: una efímera obra de arte total). Lulu.com (print on demand). ISBN 978-1-4092-0239-4.
  • Huey, Michael, ed. (2003) Viennese Silver. Modern Design 1780-1918, exhibition catalogue for the Neue Galerie New York, Hatje Cantz, Ostfildern. 978-3-7757-1317-7.
  • Witt-Dörring, Christian, ed. (2006) Josef Hoffmann Interiors 1902-1913, exhibition catalogue for the Neue Galerie New York, Prestel Verlag, New York. 978-3-7913-3710-4.