Վիեննայի արվեստանոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի արվեստանոցների ֆիրմային ապրանքանիշը Նյու Յորքում

Վիեննայի արվեստանոցներ (գերմ.՝ Wiener Werkstatte), ճարտարապետների, նկարիչների, արհեստագործների և կոմերսանտների միավորում: Հիմնադրվել է 1903 թվականին Վիեննայում Վիեննական սեցեսսիոնիզմի դիզայներներ Յոզեֆ Հոֆմանի և Կոլոման Մոզերի ջանքերով և մեծահարուստ բանկիր Ֆրից Վարնդորֆերի հովանավորությամբ: Միավորումը ստեղծվել է կորպորատիվ հիմունքներով բրիտանական կազմակերպությունների, մասնավորապես` Չարլզ Ռոբերտ Էշբիի Արհեստների գիլդիայի օրինակով:

Վիեննայի արվեստանոցների հիմնադիրներն իրենց հռչակել են դիազայնի բաղադրիչների գեղագիտական վերակենդանացնողներ: Ի սկզբանե միավորումը կենտրոնացել էր ստեղծվող առարկաների գործնականության վրա, որը միավորված կլիներ դրանց գեղարվեստական արտահայտչականությամբ և բարձրագույն որակով[1]: Վիեննայի արվեստանոցներ ծրագրի հիմնադիրների առաջ քաշած գլխավոր կետը եղել է արվեստի ու արհեստի միավորումը, իսկ հիմնական նպատակները` նկարիչների, արդյունաբերողների ու առևտրականների փոխհամագործակցության կոորդինացումն ու զարգացումը: Բոլոր աշխատանքները եղել են անվանական և պատրաստվել են եզակի օրինակով[2]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականի աշնանը սկսվել է ոսկյա, արծաթե, կաշվե և փայտե իրերի պատրաստումը: Կատարվել են նաև հյուսկեն աշխատանքներ: Միավորումն ունեցել է ճարտարապետական բյուրո (նախկինում պատկանել է Հոֆմանին) և դիզայնի ստուդիա:

Վիեննական արվեստանոցներն առանձնացել են անբասիր մաքրությամբ, լավ լուսավորվածությամբ և աշխատողների նկատմամբ խիստ բարեհաճ վերաբերմունքով: Միավորման պատրաստած իրերի օրինակներում դրվել են ոչ միայն դիզայներների, այլև դրանք պատրաստող արհեստավորների մակագրությունները: Միավորման անդամները, հատկապես Հոֆմանը, հրաժարվում էին որակի հաշվին ապրանքներ պատրաստել առավել մատչելի գներով և օգտագործում էին ամենաընտիր նյութերը: Չնայած այն բանին, որ այդպիսի մոտեցումն ապահովում էր անկրկնելի բարձր որակ, այն միաժամանակ խոչընդոտում էր ֆինանսական հաջողությունը:

Հասարակության հետաքրքրությունը գրավելու համար Վիեննայի վարպետանոցների գեղարվեստական ղեկավարները` Մոզերն ու Հոֆմանը, օգտագործում էին յուրահատուկ գրաֆիկական կոնցեպցիա: Գովազդի համար նրանք ընտրել էին գրաֆիկական դիզայնի շատ նոր, բայց միաժամանակ շատ հաջողակ ոլորտ` նկարներով բացիկներ: Հենց սկզբից միավորման մեջ մտածեցին բացիկները վաճառել ոչ միայն որպես կազմակերպությունից պատվիրատուին տեղեկություն փոխանցելու միջոց, այլև որպես արվեստի յուրահատուկ ոչ մեծ գործ, որը կարելի է կարելի է պահել ի հիշատակ: Միավորման տնօրենները որոշել էին, թե ում նկարներն են դառնալու փոստային բացիկներ: Յուրաքանչյուր թողարկում իրականացվում էր քարից նոր վիմագրության տեսքով[3]:

Վիեննայի արվեստանոցների թանգարան, Վիեննա

1905 թվականին Վիեննայի արվեստանոցներն արդեն ունեին հարյուրավոր աշխատակիցներ, և այն տեղ գրավեց Սեցեսիոնում` որպես արհեստների ու արվեստի միավորում:

1905-1910 թվականներին Վիեննայի արվեստանոցները իր ծաղկման շրջանն էր ապրում դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում: Այդ տարիներին ստեղծված գործերը դարձել են այդ ժամանակների գեղեցիկ հուշարձանները: Հոֆմանի ճարտարապետության հանճարեղ կոնստրուկտիվիզմը և Կլիմտի դեկորատիվ յուրահատուկ արվեստը դարձել էին միավորման բոլոր ապրանքների դիզայնի ֆիրմային նշանը[4]:

Արվեստանոցների աշխատանքը լուսաբանվում էր «Ստուդիա» և «Գերմանական արվեստ ու դեկորացիա» թերթերում և լայն հասարակությանն էր հասնում հատուկ հեղինակային ցուցահանդեսների միջոցով: Բացի այդ, 1914 թվականին Վիեննայի արվեստանոցները մասնակցություն են ունեցել Քյոլնի ցուցահանդեսին, իսկ 1925 թվականին` Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին: 1903-1932 թվականներին Վիեննայի արվեստանոցներում ընդհանուր առմամբ մոտ 200 մարդ զբաղված էր կահույքի, հագուստի, պաստտառների, ապակուց, մետաղից և կերամիկայից ապրանքների նախագծման աշխատանքներում[5]:

Արվեստանոցներն իրականցնում են մի շարք նախագծեր, որոնք կարող են ամբողջական գեղարվեստական գործեր համարվել, օրինակ` Պուրկերսդորֆի առողջարանը (1904-1906), Բրյուսելի Ստոլկե պալատը (1905-1911):

Այն բանից հետո, երբ 1914 թվականին Ֆրից Վարնդորֆերը արտագաղթում է Ամերիկա, Վիեննական արվեստանոցները Օտտո Պրիմավեսիի ղեկավարությամբ սկսում են պատրաստել պակաս բացառիկ գործեր, որոնք տարբերվում էին կլորացված ձևերով և էկլեկտիկ ոճով: Չնայած այն բանին, որ արվեստանոցների մասնաճյուղեր բացվեցին Բեռլինում և Նյու Յորքում, 1932 թվականին դրանք դադարեցրին իրենց գործունեությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Backhausen — interior textiles & design
  2. Венские мастерские. Иллюстрированный каталог почтовых открыток. — Киров: Издательский дом «Крепостновъ», 2012. — С. 25.
  3. Там же. С. 25-26.
  4. Там же. С. 26.
  5. http://www.backhausen.com/index.php?m=museum&s=entwuerfe (Архивные материалы музея Венских мастерских)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Венские мастерские. Иллюстрированный каталог почтовых открыток. — Киров: Издательский дом «Крепостновъ». — 2012.
  • Фиелл, П., Фиелл, Ш. Энциклопедия дизайна. Концепции, материалы, стили / Шарлотта Фиелл, Питер Фиелл; пер. с англ. А. В. Шипилова. — М.: АСТ: Астрель, 2008. — 192 с., ил. ISBN 978-5-17-051998-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]