Հայկյան տոմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայոց տոմարից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական տոմար (այլ կիրառումներ)
4513, Հոռի, Վանատուր
Շանթակող

Հայկյան տոմար կամ Հին հայկական տոմար, հայկական օրացույց, ժամանակի հաշվարկի հայկական համակարգ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը մ.թ.ա. ունեցել են տոմար։ Վահագն աստծո ծննդից հաշվարկվող թվարկությունը, ըստ որի՝ 2015 թ. մարտի 21-ից 9608 թվականն է։ Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված՝ արեգակնային տոմարի։ Հայոց տոմարի սկզբնավորման մասին կան միայն կցկտուր տեղեկություններ։ Ենթադրվում է, որ հայոց հին արեգակնային տոմարը շարժական էր (12x30+5), և դրա հետևանքով խախտվել են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև, որ շատ կարևոր է, եկեղեցական տոների, ծիսակատարությունների ժամանակները։

Որոշ տոմարագետներ Հայոց տոմարը նմանեցրել են եգիպտական տոմարին։ Եգիպտացիների օրացուցային տարին, ինչպես և հայկականը, իրական արեգակնայինից մեկ չորրորդ օրով պակաս է եղել, որի հետևանքով տարեսկիզբը յուրաքանչյուր չորրորդ տարին մեկ օրով շուտ է սկսվել և իր դիրքը վերականգնել է միայն 1460 հուլյան տարի անցնելուց հետո։ Եգիպտացիները այն կոչել են Սոթիսի շրջան, հայերը՝ Հայկյան շրջան։ Ձեռագրերում պահպանված ավանդության համաձայն, Հայոց տոմարի սկիզբը կապվել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի հետ (Ղևոնդ Ալիշանը իր հաշվումներով հետ գնալով Հայկյան շրջաններով՝ այդ թվականը ստացել է մ.թ.ա. 2492, այսինքն՝ Հայոց Բուն թվականը), իսկ ամսանունները կոչվել են նրա 12 ուստրերի ու դուստրերի անուններով՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից և Ավելյաց։

Մ.թ.ա. 26-ին եգիպտացիներն անցել են անշարժ տոմարի, իսկ Հայոց շարժական տոմարը շարունակվել է գործածվել։ Նիկիայի Ա տիեզերական ժողովից (325) հետո հուլյան տոմարը ընդունել են քրիստոնյա բոլոր ժողովուրդները։ Մինչդեռ Հայ եկեղեցին շարունակել է առաջնորդվել Հայոց շարժական տոմարով։ Հայերը, ինչպես և մյուս ժողովուրդները, եկեղեցական տոները կարգավորել են Անդրեաս Բյուզանդացու կազմած 200-ամյա (352–551) աղյուսակով, իսկ դրա ավարտից հետո գործածվել է Էաս Աղեքսանդրացու 532-ամյա զատկացուցակը, որով և սկիզբ է առել Հայոց Մեծ թվականը։ Ձեռագրերը վկայում են, որ VII դ. Անաստաս Ա Ակոռեցու հանձնարարությամբ Անանիա Շիրակացին կազմել է անշարժ տոմարի նախագիծ, որը սակայն, գործածության մեջ չի մտել։

Ըստ հին հայկական օրացույցի՝ տարին սկսվում էր Նավասարդ ամսի 1-ին (համապատասխանում է օգոստոսի 11-ին)։ Ամբողջ տարին բաղկացած էր 12 ամիսներից՝ յուրաքանչյուրում 30 օր, իսկ տարվա մնացող օրերը լրացնում էր Ավելյաց կոչվող ամիսը՝ բաղկացած 5 (նահանջ տարիներին 6) օրից։

Առաջին հայկական օրացույցը կոչվել է «Պարզատումար», որը տպագրվել է 1513 թվականին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի տպարանում[1]։

1788 թվականին հնդկահայ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի կողմից հրատարակած Հայաստանի սահմանադրության նախագծում՝ Որոգայթ փառացում, 103-րդ հոդվածում նա հետևյալ կերպ է պատճառաբանում Հայաստանում Հայկյան տոմարի հրաժարվելը[2].

Հայ ազգի կյանքում ընդունվարծ էր, որ տարեմուտն ընկնում է նավասարդ ամսի մեջ, որը չի համապատասխանում տարվա չորս եղանակներին ու ցուցի չի տալիս՝ ոչ գարնան, ոչ ամռան,

ոչ աշնան և ո՛չ էլ ձմռան սկիզբը, այ պատճառով էլ հայոց ամսանուններն իրենց նշանակությունը պահպանել են հայոց մեջ եղած բազում գրքերի հավաստման համար միայն: Իսկ մեր տարեմուտն սկսվում է հունվարի վեցին՝ մեր Տեր Տեր Փրկիչ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնի օրը, և հայոց ամսանուններն էլ հիշվում են ըստ [անցյալում ունեցած] գործածության:

Փաստագրական ակնարկ

Մ.թ.ա. III հազարամյակի կեսերից հին աշխարհում սկսվել են մարդկության զարգացման պատմության, այսպես կոչված <Քաղաքային հեղափոխության> փուլերը, որն իրենից ներկայացրել է մի շարք գյուղական և ավանային բնակավայրերի վերափոխվելն առավել կատարելագործված կառավարման և արտադրողական համակարգ ունեցող Քաղաքային բնակավայրերի: Այս իրապայմաններից ելնելով նաև փոխվել է հասարակարգային հարաբերությունները և նախկին տոհմավագային ու քրմապետական հասարակարգերին սկսել են փոխարինել Քաղաք պետությունները /այն հատկապես ցայտուն սկսել է դրսևուրվել մ.թ.ա. 2500-ից Եգիպտոսում և Միջագետքում/:  

Այդ ժամանակաշրջանով է պայմանավորված Հին Եգիպտոսում աստղագիտության զարգացումը և նրա հետ կապված օրացույցի կամ տոմարի ստեղծումը: Նույն ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի առաջին արժանահավատ քաղաք բնակավայրը համարվող <Մեծամորի> հնավայրում նունպես պեղվել է աստղադիտարանի շինություններ, որտեղ իրականացվե են երկնային մարմինների ուսումնասիրություններ և հավանաբար Եգիպտոսի օրինակով ստեղծվել առաջին Հայկյան օրացույցը կամ տոմարը: Ղևոնդ Ալիշանը իր մոտավոր հաշվարկներով /այն համեմատելով Եգիպտոսի տոմարի հետ/  նույնպես հանգել է մ,թ,ա, III հազարամյակի կեսերին /մ.թ.ա. 2492/ և այն ավելի համոզիչ դարձնելու համար հայտարարել, որ հավանաբար այդ թվականին է Հայկը սպանել Բելին (իրականում առասպելի դեպքերը թվագրվում են ավելի վաղ ժամանակաշրջանով):

/Տես՝ Ա.Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>>  Եր.-2002թ/

Հին հայկական ամսանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նավասարդ (օգոստոսի 11-սեպտեմբերի 9)
  2. Հոռի (սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9)
  3. Սահմի (հոկտեմբերի 10-նոյեմբերի 8)
  4. Տրե (նոյեմբերի 9-դեկտեմբերի 8)
  5. Քաղոց (դեկտեմբերի 9-հունվարի 7)
  6. Արաց (հունվարի 8-փետրվարի 6)
  7. Մեհեկան (փետրվարի 7-մարտի 8)
  8. Արեգ (մարտի 9-ապրիլի 7)
  9. Ահեկան (ապրիլի 8-մայիսի 7)
  10. Մարերի (մայիսի 8-հունիսի 6)
  11. Մարգաց (հունիսի 7-հուլիսի 6)
  12. Հրոտից (հուլիսի 7-օգոստոսի 5)
  13. Ավելյաց (օգոստոսի 6-օգոստոսի 10)

Հին հայկական օրանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքրական է, որ ամսվա յուրաքանչյուր օր նույնպես ուներ իր անունը։

  1. Արեգ
  2. Հրանդ
  3. Արամ
  4. Մարգար
  5. Ահրանք
  6. Մազդեղ կամ Մազդեկան
  7. Աստղիկ
  8. Միհր
  9. Ձոպաբեր
  10. Մուրց
  11. Երեզկան կամ Երեզհան
  12. Անի
  13. Պարխար
  14. Վանատուր
  15. Արամազդ
  16. Մանի
  17. Ասակ
  18. Մասիս
  19. Անահիտ
  20. Արագած
  21. Գրգուռ
  22. Կորդուիք
  23. Ծմակ
  24. Լուսնակ
  25. Ցրոն կամ Սփյուռ
  26. Նպատ
  27. Վահագն
  28. Սիմ կամ Սեին
  29. Վարագ
  30. Գիշերավար

Իսկ վերջին "Ավելյաց" ամսվա օրերի անվանումներն են

  1. Լուծ
  2. Եղջերու
  3. Ծկրավորի
  4. Արտախույր
  5. Փառազնոտի

Օրվա ժամերի անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրվա ժամերի անուններին նվիրված հուշարձան Երևանի Արաբկիր համայնքում

Օրվա ժամերը նույնպես ունեին իրենց անվանումները։

00:00 Խաւարականն
01:00 Աղջամուղջն
02:00 Մթացեալն
03:00 Շաղաւոտն
04:00 Կամաւոտն
05:00 Բաւականն
06:00 Հաւթափեալն
07:00 Գիզկան
08:00 Լուսաճեմն
09:00 Առաւոտն
10:00 Լուսափայլն
11:00 Փայլածումն
12:00 Այգն
13:00 Ծայգն
14:00 Զօրացեալն
15:00 Ճառագայթեալն
16:00 Շառաւիղեալն
17:00 Երկրատեսն
18:00 Շանթակալն
19:00 Հրակաթն
20:00 Հուրթափեալն
21:00 Թաղանթեալն
22:00 Առաւարն
23:00 Արփողն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, Երևան, 1964։
  • Բենիկ Թումանյան, Տոմարի պատմություն (խմբ. Ստեփան Մելիք-Բախշյան), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 1972 — 222 էջ. — 5000 հատ։
  • Ռաֆայել Համբարձումյան, Հայկական տոմար, Երևան, «Հայաստան», 1992 — 102 էջ. — 10000 հատ։
  • Բադալյան Հ., Օրացույցի պատմություն, Երևան, 1970։
  • Բադալյան Հ., Հայոց տոմարի պատմություն, Երևան, 1976։
  • Վարդանյան Ռ., Հայոց Տոնացույցը (4–18-րդ դարեր), Երևան, 1999։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Փարսադանյան «Գիտելիքների շտեմարան», «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», Երևան, 2003 թ
  2. , Որոգայթ փառաց, Երևան, 2002, էջ 129 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]