Ինգե Մորատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինգե Մորատ
Ծնվել էմայիսի 27, 1923(1923-05-27)[1][2][3][4][5]
ԾննդավայրԳրաց, Ավստրիա[1]
Մահացել էհունվարի 30, 2002(2002-01-30)[1][6][2][3][4][5] (78 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ և ֆոտոլրագրող
ԱմուսինԱրթուր Միլլեր
ԱնդամությունMagnum Photos[7]
ԵրեխաներՌեբեկկա Միլլեր և Daniel Miller?
Կայքingemorath.org
Inge Morath Վիքիպահեստում

Ինգեբորգ Հերմինա «Ինգե» Մորատ (անգլ.՝ Ingeborg Hermine «Inge» Morath, գերմ.՝ Inge Mörat, մայիսի 27, 1923(1923-05-27)[1][2][3][4][5], Գրաց, Ավստրիա[1] - հունվարի 30, 2002(2002-01-30)[1][6][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), եվրոպացի և ամերիկացի լուսանկարիչ: Եղել է դրամատուրգ Արթուր Միլլերի վերջին կինը: Նրանց դուստրը սցենարիստ և ռեժիսոր Ռեբեկա Միլլերն է:

Վաղ տարիներ (1923-1945)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգեբորգ Հերմինա Մորատը ծնվել է Ավստրիայի Գրաց քաղաքում գիտնականներ Մաթիլդա (օրիորդական ազգանունը` Վիսլեր) և Էդգար Մորատների ընտանիքում[8]: Ինգեի մանկության ժամանակ նրա ընտանիքը շատ է ճանապարհորդել` նաև լինելով Եվրոպայի համալսարաններում և տարբեր լաբորատորիաներում[9]: Այդ ընթացքում նրա ծնողները կաթոլիկությունից անցնում են բողոքականության: Սկզբում Ինգեն սովորում էր ֆրանսիական դպրոցներում, իսկ 1930-ական թվականներին ընտանիքով տեղափոխվում է Դարմշտադտ, ապա Բեռլին: Նա սովորել է Բեռլինի «Bahnhof Friedrichstraße» կայարանի մոտ գտնվող «Luisenschule» դպրոցում:

Մորատն առաջին անգամ ծանոթացել է ավանգարդային արվեստին «Դեգենարատիվ արվեստ» ցուցահանդեսում, որ կազմակերպել էր նացիստական կուսակցությունը 1937 թվականին` Գերմանիայի հասարակական կարծիքը ժամանակակից արվեստի դեմ տրամադրելու նպատակով: «Ինձ գրավեցին մի քանի այդպիսի նկարներ, մասնավորապես ես սիրահարվեցի Ֆրանց Մարկի «Կապույտ ձի» կտավին»,— ավելի ուշ գրել է Մորատը:

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ինգեբորգն ընդունվել է Բեռլինի համալսարան, որտեղ սովորել է եվրոպական մի շարք լեզուներ: Նա ազատ տիրապետել է ֆրանսերենին, անգլերենին, ռումիներենին և իհարկե, մայրենի գերմաներենին: Ավելի ուշ այդ լեզուներին ավելացան իսպաներենը, ռուսերենը և չինարենը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Մորատը զորակոչվել է ծառայության. նա ուկրաինացի ռազմագերիների հետ աշխատել է Տեմպելհոֆի գործարանում: Խորհրդային ռմբակոծիչների հարձակման ժամանակ Մորատին հաջողվել է փախչել և հասնել Ավստրիա: Ավելի ուշ Մորատը հրաժարվել է ռազմական գործողություններ նկարելուց` գերադասելով օբյեկտիվին հանձնել դրանց հետևանքները[10]:

Միջին տարիք (1945-1962)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Մորատն աշխատել է թարգմանիչ և լրագրող: Նա հետպատերազմյան Վիեննայում պատահաբար հանդիպել է լուսանկարիչ Էռնստ Հաասի հետ. նրանք սկսում են միասին աշխատել: 1949 թվականին Մորատն ու Խաասը միացել են ոչ շուտ հիմնադրված փարիզյան Magnum Photos ընկերությանը: 1951 թվականին, ամուսնանալով բրիտանացի լրագրող Լայոնել Բերչի հետ (ամուսնությունը երկար չի տևել), Ինգեն տեղափոխվում է Լոնդոն: Այդ նույն թվականին` Վենետիկ կատարած այցելության ժամանակ, նա կատարում է սեփական լուսանկարներ: Դրանից հետո Մորատը մի քանի ամսով դառնում է Սայմոն Գուտմանի քարտուղարը. այս աշխատանքը նրան հնարավորություն է տալիս արհեստավարժ լուսանկարներ կատարելու: Իր առաջին լուսանկարները նա վաճառել է Էգնի Տարոմ մականունով, ինչը իր սեփական անունն էր` հակառակ ընթերցումով[10]:

Դրանից հետո Մորատը ամուսնալուծվում է Բերչից և վերադառնում Փարիզ, որպեսզի կարիերան շարունակի լուսանկարչության ուղղությամբ: 1953 թվականին` իր աշխատանքների առաջին խոշոր սերիան ներկայացնելուց հետո, Մորատը որպես լուսանկարիչ հրավիրվում է Magnum ընկերություն: Նրա առաջին հանձնարարությունները եղել են պատմություններ, որոնց նկատմամբ հետաքրքրություն չեն ցուցաբերել «մեծ տղաները» (անգլ.՝ the big boy): Մասնավորապես, նա` որպես լուսանկարիչ, մեկնում է Լոնդոն, որպեսզի լուսանկարի Սոհո (անգլ.՝ Soho) և Մեյֆեյր (անգլ.՝ Mayfair) թաղամասերի բնակիչներին: Տիկին Էվելեյ Նեշի լուսանակարը, որն արվել է այդ ընթացքում, հետագայում դարձել է Մորատի ամենահայտնի աշխատանքներից մեկը:

1955 թվականին Մորատին հրավիրում են դառնալու Magnum Photos ընկերության լիիրավ անդամ: 1950-ական թվականների վերջին Մորատը շատ է ճանապարհորդում` պատմելով ֆոտոպատմություններ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, ԱՄՆ-ի և Հարավային Ամերիկայի մասին: Նրա լուսանկարները հրատարակվել են այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք են Holiday, Paris Match և Vogue: 1955 թվականին հրատարակվել է «Guerre à la Tristesse» գիրքը (Ռոբերտ Դելպիրի հետ համատեղ): Մորատն ընդհանուր առմամբ ունի 30 մենագրություն: Ինչպես Magnum Photos ընկերության այլ անդամներ, Մորատը ևս մասնակվել է բազմաթիվ ֆիլմերի նկարահանումներին, որոնց թվում են Հյուսթոնի «Մուլեն Ռուժը» (1952) և «Չներվածը» (1959)[10][11]:

Վերջին տարիներ (1962-2002)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վերադառնալուց հետո` 1960-70-ական թվականներին, Մորատն աշխատել է «տանը մոտ»` դաստիարակելով երեխաներին: Այս թվականներին լույս են տեսնում նրա «Ռուսաստանում» (1969) և «Չինական հանդիպումներ» (1979) գրքերը, որոնցում նկարագրված են Ինգեի ուղևորությունները ԽՍՀՄ և ՉԺՀ[12]: 1980-90-ական թվականներին Մորատը շարունակում էր կատարել խմբագրության հանձնարարությունները, ինչպես նաև աշխատում էր սեփական ծրագրերում: 2002 թվականին ռեժիսոր Ռեգինա Ստրասեգերի հետ նա իրագործում է իր վաղեմի երազանքը` իր նախնիների հողը տեսնելը, որը Շտիրիայի և Սլովենիայի սահմանին էր: «Վերջին ճանապարհոդություն» գիրքը (2002) և Ստրասեգերի «Սահմանային տարածություն» ֆիլմը (2002) վավերագրել են Ինգե Մորատի այս ուղևորությունները իր կյանքի վերջին տարիներին[13]:

Մորատը մահացել է 2002 թվականին քաղցկեղից Նյու Յորքում 78 տարեկան հասակում` լուսանկարներ չանելով միայն մահին նախորդող երկու շաբաթներին: Հետմահու հրատարակվել է նրա աշխատանքը` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետևանքներին վերաբերող[14]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորատի ձեռքբերումները իր ֆոտոարվեստի առաջին տասնամյակում կարևորվել են քննադատների կողմից: Եվա Առնոլդի հետ Ինգեն առաջին կանանցից էր, որ դարձել է Magnum Photos-ի լիիրավ անդամ, իսկ ընկերությունում այդ տարիներին գերազանցապես տղամարդիկ էին աշխատում: Շատ քննադատներ գրել են «խաղային սյուրռեալիզմի» մասին, որով առանձնանում են Մորատի աշխատանքները: Հասուն տարիքի գործերում Մորատը վավերագրել է մարդկային ոգու դիմացկունությունը արտակարգ դժվարին իրավիճակներում, ինչպես նաև էքստազի ու ուրախության պահեր[15]:

Մորատի ձեռքբերումներից են նրա դիմալուսանկարները, որոնք ներկայացնում են ինչպես հայտնի մարդկանց, այնպես էլ անհայտ մարդկանց ակնթարթային պատկերները: Բորիս Պաստեռնակի տանը, Պուշկինի գրադարանում, Անտոն Չեխովի տանը, Մաո Ցզեդունի ննջարանում, նկարիչների արվեստանոցներում, գերազմանոցներում արված նրա աշխատանքները կարծես «անտեսանելի մարդկանց հոգիների» արտացոլումը լինեն: Ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոտը Մորատին նկարագրել է որպես «ամենագրավիչ, առույգ և, թվում է, անվնաս վուայերիստ` գաղտնի հետևորդ»[16]:

Պարգևներ և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մորատ ընտանիքը սահմանել է «Ինգե Մորատի ֆոնդը» (2003)
  • Magnum Photos ընկերությունը սահմանել է Ինգե Մորատի անվան ամենամյա մրցանակ մինչև 30 տարեկան կին լուսանկարիչների համար (2002)
  • Ավստրիայի պետական մեծ մրցանակ լուսանկարչության բնագավառում (1992)
  • Կոնեկտիկուտի համալսարանի պատվավոր աստիճան (1984)
  • Միչիգան նահանգի Սենատի № 295 բանաձևը` ի հիշատակ Ինգե Մորատի (1983)
  • Զալցբուրգում անցկացվում է «Inge-Morath-Platz» միջոցառումը` նվիրված լուսանկարչուհու հիշատակի (2012 թվականից)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի փետրվարի 17-ին Ինգե Մորատն ամուսնացել է հայտնի դրամատուրգ Արթուր Միլլերի հետ և տեղափոխվել ԱՄՆ: Զույգի առաջին երեխան` Ռեբեկա դուստրը, ծնվել է նույն թվականի սեպտեմբերին, իսկ երկրորդ երեխան` որդի Դանիիլը, ով Դաունի համախտանիշ ուներ, ծնվել է 1966 թվականին[17]: Ռեբեկա Միլլերը հետագայում դարձել է կինոռեժիսոր, դերասանուհի և գրող[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր
  • Strassegger R. Inge Morath: Grenz.Räume. — Prestel, 2002. — 229 с. — (Photography Series). — ISBN 9783791327730
  • Morath I. Portraits. — Aperture, 1986. — 95 с.
  • Morath I., Raven L., Miller A. The road to Reno / ed. Lucy Raven, Arthur Miller, John P. Jacob. — Steidl, 2006. — 158 с. — ISBN 9783865212030
  • Lahs-Gonzales O. To Unseal the Deeper Nature // Inge Morath. Life as a Photographer / ed. Sabine Folie, Gerald Matt. — München: Kehayoff Verlag, 1999. — 183 с. — ISBN 978-3929078923
Հոդվածներ