Բառատեսակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բառատեսակներ, բառերի որոշակի խմբավորումներ՝ պայմանավորված բառը բնութագրող այս կամ այն հատկանիշով (իմաստաբանական, արտասանական-հնչյունաբանական, բառակազմական, ձևակազմական-ձևաբանական, շարահյուսական, գործառական և այլն) կամ հատկանիշների խմբով (ասենք՝ ձևաիմաստային)։

Բառերի դասակարգումն ըստ իմաստաբանական հիմունքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմաստաբանական հիմունքով բառերը լինում են՝ մենիմաստ, բազմիմաստ, լիիմաստ, թերիմաստ, իմաստով պատճառաբանված, իմաստով չպատճառաբանված, թանձրացական, վերացական, նյութային-զանգվածային, անձնանիշ, իրանիշ, հոմանիշ, հականիշ, զգացական, մտածական, ձևաիմաստային հատկանիշներով՝ համանուն, հարանուն, իմաստաբանական-քերականական հատկանիշներով՝ հարցական, բացականչական, կոչական, եղանակիչ, թարմատար և այլն։

Մենիմաստ բառերի (ռուս.՝ моносемантические (однозначные) слова) բովանդակությունը ներկայանում է մեկ իմաստով՝ նշանակությամբ. բառը գործածվում է մեկ իմաստով։ Մենիմաստ է մասնագիտական բառերի, տերմինների զգալի մասը, հատուկ անունների մեծ մասը։ Երբեմն առանձնացվում են երկիմաստ կամ կրկնիմաստ բառեր, որոնք երկու տարբեր իմաստներ ունեն. համապատասխանաբար էլ գործածվում է երկիմաստություն՝ կրկնիմաստություն (дисемия) տերմինը։

Բազմիմաստ բառերի (ռուս.՝ многозначные (полисемантические) слова) բովանդակությունը ներկայանում է մեկից ավելի իմաստներով՝ նշանակություններով, օրինակ՝ շրջան (երկրաչափական պատկեր, աշխարհագրական տարածք, ժամանակաշրջան և այլն)։

Լիիմաստ բառերը (ռուս.՝ полнозначные слова), ի տարբերություն թերիմաստների, հասկացության անուն են, արտահայտում են առարկա, որակային, քանակային հատկանիշ, հատկանիշի հատկանիշ, այսինքն՝ հիմնականում գոյականները, ածականները, թվականները, բայերը, մակբայները. կոչվում են նաև նյութանիշ բառեր (знаменательные слова), ինքնուրույն բառեր (ռուս.՝ самостоятельные слова)։ Շարահյուսական պլանում դրանք կարող են լինել նախադասության անդամ։

Թերիմաստ բառերը (ռուս.՝ неполнозначные слова), ի տարբերություն լիիմաստ բառերի, հասկացություն չեն անվանում. արտահայտում են քերականական-կապակցական հարաբերություններ, վերաբերմունք, կամազգացական, բնաձայնական միտումներ (կապերը, շաղկապները, եղանակավորող բառերը, ձայնարկությունները)։ Սրանց մի մասը, հատկապես քերականական հարաբերություններ արտահայտողները կոչվում են նաև կախյալ բառեր (ռուս.՝ зависимые, несамостоятельные слова), ձևական բառեր (ռուս.՝ формальные слова), քերականական բառեր (ռուս.՝ грамматические слова), սպասարկու բառեր (ռուս.՝ служебные (вспомогательные) слова), երկրորդական բառեր (ռուս.՝ второстепенные слова) և այլն։ Շարահյուսական պլանում սրանք նախադասության ինքնուրույն անդամ չեն լինում, կամ առհասարակ նախադասության ոլորտից դուրս են գտնվում։

Իմաստով պատճառաբանվող բառերի «ներքին ձևը» (բնիմաստը) մթագնած չէ, մեկնաբանվում է, ինչպես՝ ձնծաղիկ, հեռուստացույց և այլն։ Իմաստով չպատճառաբանվող բառերի «ներքին ձևը» մթագնած է, մեկնաբանելի չէ, օրինակ՝ քար, փայտ, ծառ, ջուր և այլն։

Թանձրացական բառերը (ռուս.՝ конкретные слова) արտահայտում են զգայական ընկալումներում տրվող առարկա կամ հատկանիշ (սեղան, կանաչ, վազել, կոշտ և այլն), այսինքն՝ թանձրացական իմաստ, նշանակություն ունեն։

Վերացական բառերը (ռուս.՝ абстрактные слова) ունեն վերացական իմաստ՝ նշանակություն, այսինքն՝ արտահայտում են մտքով հասկացվող (ընկալվող, ըմբռնվող, պատկերացվող), ոչ նյութական, ոչ ֆիզիկական առարկաներ, երևույթներ. երազանք, խոհ, գեղեցկություն, վեհություն, դառնալ, լինել և այլն։ Խոսքային որոշ հանգամանքներում թանձրացականից կարող է անցում կատարվել վերացականին և հակառակը. օրինակ՝ ուրախություն և ուրախություններ։

Նյութայնություն-զանգվածայնություն արտահայտող բառերը բաժանական, թվարկվող (համրելի) բովանդակություն չունեն. կոչվում են նաև նյութային-զանգվածային գոյականներ (ռուս.՝ вещественные существительные). սրանք մեծ մասամբ արտահայտում են այնպիսի առարկա, որի մասը սովորաբար ունի նույն հատկությունները, ինչ ամբողջը. օրինակ՝ մեղր, ձյութ, ալյուր, շաքարավազ, բրինձ և այլն։

Անձնանիշ բառերն արտահայտում են անձ, բանական էակ. մարդ, ուսուցիչ, ուսանող, Վահան, Անահիտ, ես, դու, մենք, ով և այլն։

Առարկայանիշ` իրանիշ բառերն արտահայտում են ոչ անձ (կենդանի, իր)` դաշտ, ջուր, գայլ, թռչուն և այլն։

Հոմանիշ բառերը (ռուս.՝ синонимы) արտասանությամբ, հնչյունական կազմով տարբեր են, իմաստով՝ մոտ կամ նույնական. օրինակ՝ սիրուն-գեղեցիկ, մեծ-խոշոր։ Սրանց ենթախմբերն են համանիշ և նույնանիշ բառերը։ Համանիշ են կոչվում այն բառերը, որոնք արտասանությամբ, հնչյունական կազմով տարբեր են, իմաստով մոտ (վերը նշված օրինակները)։ Նույնանիշ կոչվում են այն բառերը, որոնք ունեն արտասանական տարբերություններ, բայց իմաստով նույնն են. օրինակ՝ հարևան-դրացի, այտ-թուշ, համեմատել-բաղդատել և այլն։

Հականիշ բառերը (ռուս.՝ антонимы), արտասանական-հնչյունական տարբերություն ունենալուց բացի, արտահայտում են հակադիր հասկացություններ, ինչպես՝ երկար-կարճ, հաստ-բարակ, մեծ-փոքր, գեղեցիկ-տգեղ։

Ըստ իմաստաբանական-արտասանական (ձևաիմաստային) հարաբերակցության առանձին խումբ են կազմում նույնանուն կամ համանուն բառերը (ռուս.՝ омонимы), որոնք արտասանությամբ, հնչյունական կազմով նույնն են, իմաստով՝ տարբեր. օրինակ՝ մարտ (կռիվ)-մարտ (ամիս), սեր (կաթի)-սեր (զգացմունք) և այլն։

Համանման հարաբերությամբ առանձնացնում են նաև հարանուն բառերը (ռուս.՝ паронимы), որոնք հնչումով մոտ են, իմաստային նմանություն հուշող, թեև էապես տարիմաստ են. օրինակ՝ ժամավճար-ժամավաճառ, պաշտպանել-պահպանել, հրատարակություն-հրատարակչություն։

Զգացական բառերը (ռուս.՝ эмоциональные слова) արտահայտում են հուզազգացական, զգացմունքային երևույթներ, ինչպես որոշ ձայնարկություններ և զգացական բայեր (аффективные глаголы)` կարոտել, հիանալ, սքանչանալ և այլն։

Մտածական բառերը (ռուս.՝ интеллектуальные слова), ի տարբերություն զգացական բառերի, մտավոր (դատողական-մտածական) բովանդակություն ունեն։ Լեզվի բառերի գերակշիռ մասն այդպիսին է։

Եղանակիչ բառերը (ռուս.՝ модальные слова) այն բառ-մասնիկներն են, որոնք եղանակավորման իմաստ են արտահայտում, հաճախ մասնակցում են բայի եղանակների վերլուծական կաղապարմանը։ Հայերենում այդպիսի եղանակիչներ են` պիտի և պետք է, կու (արևմտահայերեն) և այլ բառեր։

Իմաստաբանական-շարահյուսական հիմունքով առանձնացվում են՝ հարցական բառեր (вопросительные слова), բացականչական բառեր (ռուս.՝ восклицательные слива), նաև հրամայական, հաստատական, ժխտական, կոչական, թարմատար, կապակցական և այլն. այսպես՝ հարցական (արդյո՞ք, մի՞թե, ինչու՞, չէ՞ որ), կոչական (ո'վ, ա'յ, հե'յ), հաստատական (այո, իրավ), ժխտական (բնավ, ոչ), թարմատար (այնպես որ, թե որ, թե ինչ), կապակցական բառեր, որոնք արտահայտում են բառերի ու նախադասությունների համազոր ու կախյալ հարաբերություններ (կապերը, շաղկապները, ինչ-որ չափով և հարաբերական բառերը՝ դերանունները

Բառերի դասակարգումն ըստ հնչյունաբանական-արտասանական հիմունքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունաբանական-արտասանական հիմունքով բառերը լինում են. 1. Հնչյունական բառ կամ հնչաբառ (ռուս.՝ фонетическое слово), որ արտասանական շղթայում առանձին միավոր է։ 2. Վանկաքանակությամբ՝ միավանկ բառ (ռուս.՝ односложное слово), երկվանկ բառ (ռուս.՝ двусложное слово), մեկուկես վանկանի բառ (полуторасложное слово), երբ երկվանկ բառը ներկայանում է մեկ լիահունչ վանկով և մեկ գաղտնավանկով, բազմավանկ բառ (ռուս.՝ многосложное слово)։ Վանկաքանակությունը սովորաբար ենթադրում է բառի կամ բառույթի ուղիղ ձևը։ 3. Շեշտադրությամբ՝ շեշտված բառ (ռուս.՝ ударное слово), անշեշտ բառ (ռուս.՝ безударное слово), հարաշեշտ բառ (վերջընթեր շեշտադրություն ունեցող)։ 4. Նախահար բառ (ռուս.՝ проклитика)` շեշտված բառին նախորդող բառը հնչաբառի կազմում։ 5. Վերջնահար բառ (ռուս.՝ энклитика)` շեշտված բառին հաջորդող բառը հնչաբառի կազմում. օրինակ՝ ի գիտություն, իսկույն ևեթ. նաև՝ բաղաձայնահանգ, ձայնավորահանգ, բաղաձայնասկիզբ, ձայնավորասկիզբ բառեր։

Բառերի դասակարգումն ըստ բառակազմական հիմունքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառակազմական հիմունքով բառերը լինում են՝ պարզ (ռուս.՝ простые, первичные слова), որոնք, ի տարբերություն բաղադրյալ բառերի, դրսևորվում են մեկ հիմնական ձևույթով` արմատով (արմատական բառեր, նախատիպ բառեր), բաղադրյալ (ռուս.՝ составные слова), որոնք բաղադրված են բառակազմական տարրերով (արմատ, ածանց, բառամաս և այլն), նաև` միաձևույթ` միայն մեկ հիմնական ձևույթով ներկայացվող բառը, արմատական` պարզ բառը, երկձևույթ` երկու բառակազմական տարրերով, ձևույթներով բաղադրված բառը, բազմաձևույթ` երկու և ավելի բառակազմական ձևույթներով բաղադրված բառը։ Երկձևույթները և բազմաձևույթները բաղադրյալ բառեր են։

Ազգակից կամ ցեղակից բառերը (ռուս.՝ родственные слова) ծագումնաբանորեն ընդհանուր են, օրինակ՝ հայ. եղբայր, ռուս.՝ брат, գերմ. Bruder, լատ.՝ frater։ Սրանց զուգահեռ գործում են նաև՝ նույնարմատ կամ համարմատ բառեր (ռուս.՝ однокоренные слова), օրինակ՝ հող, հողային, հողագործ, անհող և այլն։

Բառերի դասակարգումն ըստ բառապաշարային շերտավորումների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բառապաշարային շերտավորումների, կիրառական այլևայլ ոլորտների լինում են՝ 1. համագործածական բառեր (ռուս.՝ общеупотребительные слова), երբ բառն ընդհանրացած է իր գործածության մեջ, սահմանափակված չէ ոճական մասնավոր ոլորտով, ինչպես՝ հաց, ջուր, փայտ, գալ, գնալ, ուտել, երգել և այլն, 2. ընտնեկան-կենցաղային բառեր (ընտանեկան, կենցաղային ոլորտում գործածվողները), 3. աշխարհիկ բառեր (ի տարբերություն կրոնական, պաշտամունքային, եկեղեցական շրջաններին, ծեսերին, արարողություններին բնորոշ բառերի՝ այն բառերը, որոնք վերաբերում են բուն հասարակական կյանքին, իրական մարդուն, բնությանը, աշխարհիկ գրականությանը հատուկ բառեր), 4. գրքային բառեր (ռուս.՝ книжные слова), որոնք բնորոշ են գրքերին, գրավոր տեքստին, հազվադեպ են հանդիպում այլ ոլորտներում, 5. դիպվածային բառեր (ռուս.՝ окказиональные слова), որոնք խոսողը գործածում է միայն տվյալ խոսքային իրադրության համար. օրինակ՝ ամենաիմը, ամենաքոնը (Հ. Սահյան), արարատված, ուղեղվել (Հովհ. Շիրազ), 6. հնացած բառեր (ռուս.՝ устаревшие слова), ի տարբերություն կենդանի գործածություն ունեցողների, այն բառերը, որոնք թեև կարող են մասնակիորեն գործածության մեջ դրվել, սակայն խոսողը գիտակցում է դրանց հին, անցած փուլին պատկանելը, 7. մանկական բառեր (ռուս.՝ детские слова), հիմնականում փոքրահասակ երեխաներին, որոնք շատ բառերի արտասանության մեջ փոփոխություն են մտցնում, հարմարեցնում իրենց հնչարտաբերական հնարավորություններին, 8. փաղաքշական բառեր (ռուս.՝ ласкательные слова). ունեն փաղաքշական իմաստ և հիմնականում կազմված են այդպիսի իմաստ ունեցող ածանցներով (-իկ, -ուկ և այլն), 9. հայհոյական (գռեհիկ) բառեր (ռուս.՝ бранные, вульгарные слова), արտահայտում են կոպիտ վերաբերմունք, տհաճություն, զզվանք, հաճախ դրանք օգտագործում են վիրավորանք պատճառելու միտումով, 10. մասնագիտական բառեր (ռուս.՝ профессиональные слова), տվյալ մասնագիտությամբ միավորված սոցիալական խմբին, որոշակի մասնագիտության տեր մարդկանց բառապաշարին բնորոշ բառեր, տերմիններ, 11. միջազգային բառեր (ռուս.՝ интернациональные, международные слова), որոնք գործածական են մի քանի կամ շատ լեզուներում, 12. ժարգոնային բառեր։

Բառերի դասակարգումն ըստ սերման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սերման (ծագման, գոյացման) կամ բառաշերտային պատկանելության՝ 1. անստույգ կամ անվավեր բառեր, 2. բնիկ բառեր (ռուս.՝ исконные слова), որոնք, ի տարբերություն փոխառյալի, սերում են տվյալ լեզվի կազմավորման շրջանից, 3. փոխառյալ բառեր (ռուս.՝ заимствованные (иноязычные) слова), որոնք սերում են այլ լեզուներից և ուրույն բառաշերտ են կազմում՝ բնիկ բառերի կողքին, 4. օտար բառեր (ռուս.՝ иностранные слова), որոնք փոխառյալ բառաշերտին են պատկանում, սերում են այլ լեզուներից, և խոսողը գիտակցում է դրա այլալեզու լինելը, 5. նորակերտ (նորակազմ, նորաստեղծ, նորամուտ) բառեր, 6. բարբառային բառեր (ռուս.՝ диалектные слова), որոնք սերում են համաժողովրդական լեզվի տարածքային տարբերակներից, բարբառներից կամ պատկանում են բարբառային բառաշերտին, որոնց մեջ երբեմն առանձնացվում են գավառական բառերը (областные слова)։

Ըստ սերման և ուրույն իմաստաբանության՝ առանձնացնում են բնաձայնական կամ նմանաձայնական բառերը (ռուս.՝ звукоподражательные, ономатопоэтические слова), որոնք գոյանում են բնական ձայների նմանողությամբ, և դրանց իմաստը հենց այդ ձայնի արտահայտումն է։

Բառերի դասակարգումն ըստ ձևաբանական բնութագրի[խմբագրել | խմբագրել կոդը]

1. անեզական բառեր (լատ.՝ pluralia tantum), որոնք միայն կամ գրեթե միայն հոգնակի ձևով են գործածվում, ինչպես՝ նոթեր, ֆինանսներ, գրաբարում` կյանք,միտք և այլն, 2. անհոգնական բառեր (լատ.՝ singularia tantum), որոնք միայն կամ գրեթե միայն եզակի ձևով են գործածվում, ինչպես` ալյուր, բրինձ, ձյութ և այլն, հատուկ անունները և մի շարք այլ բառեր, 3. անհոլով բառեր (ռուս.՝ несклоняемые слова), որոնք չեն հոլովվում, ինչպես՝ մակբայները, բայերը, կապերը, շաղկապները. փոխանվանական գործածությունների դեպքում շատ անհոլով բառեր հոլովվում են, 4. անփոփոխ բառեր (ռուս.՝ неизменяемые слова), որոնք չեն հոլովվում, չեն խոնարհվում կամ հոգնակի չեն կազմում։

Բառերի դասակարգումն ըստ շարահյուսական հարաբերությունների[խմբագրել | խմբագրել կոդը]

1. ինքնուրույն բառեր (ռուս.՝ самостоятельные слова), որոնք ունեն նյութական իմաստ և կարող են լինել նախադասության ինքնուրույն անդամ, 2. սպասարկու կամ օժանդակ բառեր (ռուս.՝ служебные слова), որոնք նյութական իմաստ չունեն, հիմնականում կապակցական դեր ունեն, արտահայտում են լիիմաստ բառերի այս կամ այն փոխհարաբերությունը, 3. կապական բառեր, որոնք հանդես են գալիս նաև կապի դերով, թեև պատկանում են այլ խոսքի մասի. օրինակ՝ պատճառով, ժամանակ, դեպքում, ընթացքում և այլն, 4. շաղկապական բառեր (ռուս.՝ союзные слова), որոնք հանդես են գալիս նաև շաղկապի դերով, թեև պատկանում են այլ խոսքի մասի (մակբայի, դերանվան և այլն), օրինակ՝ ինչպես, որտեղ, 5. հարաբերական բառեր՝ շաղկապական բառերի դերով հանդես եկող բառերը, հիմնականում հարաբերական դերանունները, որոնք սովորաբար ունենում են նախադասության ինքնուրույն անդամի գործառություն. կարող են հոլովվել, հոգնակի լինել և հոդ ստանալ, 6. հարաբերյալներ, որոնք հանդես են գալիս գլխավոր նախադասության կազմում և ունեն նախադասության ձևական անդամի դեր, 7. միջանկյալ բառեր (ռուս.՝ вводные слова), որոնք նախադասության կառուցվածքում թեև կապակցությունից դուրս են, սակայն իմաստային, դատողական, զգացական այս կամ այն երանգն են հաղորդում խոսքին. մեծ մասամբ հանդես են գալիս եղանակավորման դերով. օրինակ՝ իհարկե, անշուշտ, ցավոք և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, էջ 118