Բառույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառույթ, բառի ձևաիմաստային դրսևորումների ամբողջությունը, ընդհանրությունը։

Բառը խոսքի մեջ հանդես է գալիս որոշակի հաղորդակցական, ճանաչողական, անվանողական և այլ դերերով՝ արտահայտելով բառիմաստ (հասկացություն, վերաբերմունք, նմանակություն և այլն). ընդ որում, այն դրսևորվում է ինքնին, իբրև խոսքի անկախ, ինքնուրույն տարր, կամ էլ որպես քերականական կապակցություն, նախադասության բաղադրիչ։ Իր այդ ֆունկցիաներն արտահայտելու համար բառը կարող է մնալ անփոփոխ կամ ենթարկվել քերականական (ձևաբանական) տարբերացումների։ Ձևափոխված (բառափոխական) տարբերակները համակարգայնանում են հարացուցային շարքերով։ Շարքի յուրաքանչյուրանդամ կոչվում է բառաձև կամ քերականական ձև։ Բառաձև է համարվում նաև բառի այն արտահայտությունը, որ ձևակազմական հարացուցային շարք չի մտնում (օրինակ՝ հարավային, առավոտյան)։ Ահա հարացուցային ձևերի ամբողջությունը կամ ընդհանրությունը կոչվում է բառույթ։

Իբրև բառույթի ներկայացուցիչ սովորաբար նկատի է առնվում անդամներից՝ ենթաբառույթներից որևէ մեկը, ըստ էության առավել գործածականը (ելակետայինը), ինչպես եզակի ուղղականը` գոյական բառույթի համար, անորոշ դերբայը` բայականի, դրական աստիճանը՝ ածական բառույթի համար։

Հարացուցային շարքով չներկայացված բառն էլ պայմանականորեն բառաձև է ու ինքնին՝ բառույթ, որովհետև նա էլ ինչ-որ չափով տարբեր գործառությունների ամբողջություն է։ Սա նշանակում է, թե ձևաբանական բնութագրությամբ չի սպառվում բառույթի գաղափարը։ Ընդլայնված ըմբռնմամբ բառույթ են համարվում նաև բազմիմաստությամբ իրացվող դրսևորումների ամբողջությունը, մանավանդ որ շարակարգային պլանում այդ բազմիմաստությունը վերանում է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 301