Արևելյան Անտարկտիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Անտարկտիդա
Արևելյան Անտարկտիկայի ափերից սառույցի մի շարք տեսակների պատկեր տիեզերքից[Ն 1]
Տեսակտարածաշրջան
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Մասն էԱնտարկտիդա
Ջրլիցի ափինՈւեդդելի ծով և Ռոսսի ծով
Քարտեզ
Քարտեզ

Արևելյան Անտարկտիդա, աշխարհագրական տարածաշրջան, Անտարկտիդայի երկու հնմնական տարածաշրջաններից մեկը։ Ափերը ողողում են Խաղաղ, Հնդկական, Ատլանտյան օվկիանոսները, ըստ որոշ տեսակետների նաև՝ Հարավային օվկիանոսը։ Արևելյան Անտարկտիդան իր մեջ ներառում է Ուիլկսի երկիրը, Մոդ թագուհու երկիրը, Վիկտորիայի երկիրը և Խորհրդային սարահարթը, իսկ Արևմտյան Անտարկտիդայից բաժանվում է Տրանսանտարկտիկական լեռներով։

«Արևելյան Անտարկտիդա» անունը գոյություն ուներ ավելի քան 90 տարի, բայց համընդհանուր գործածության մեջ է մտել Միջազգային երկրաֆիզիկական տարվանից (1957-1958) և հետազոտություններից հետո, որոնց ընթացքում հաստատվել է, որ Տրանսանտարկտիկական լեռները հանդիսանում են բնական բաժանարար Արևելյան և Արևմտյան Անտարկտիդաների միջև։

Հետազոտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականի դեկտեմբերի 16-ին, Խորհրդային անտարկտիկական արշավախմբի երկրորդ՝ սահնակատրակտորային արշավի ժամանակ Արևելյան Անտարկտիդայի կենտրոնական մասում բացվել է «Վոստոկ» խորհրդային գիտական կայանը, որը տեղակայվել է երկրի Հարավային մագնիսական բևեռի շրջանում[2]։ Այն ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի միակ գիտական մայրցամաքային կայանը Անտարկտիդայում, որը տարածվում է 78°28′ հարավային լայնության, 106°50′ արևմտյան երկարության աշխարհագրական կոորդինատներով և գտնվում է սառցե սարահարթի կենտրոնում՝ ծովի մակարդակից 3488 մետր բարձրության վրա (կայանի շրջակայքում սառցե վահանի մոտավոր հաստությունը 3500 մետր է)[3]։

1983 թվականի հուլիսի 21-ին կայանում գրանցվել է երկրագնդի ամենացածր ջերմաստիճանը՝ −89,2 °C[4]։

Անտարկտիդայի Արևելյան Վահանի ամենաբարձր կետում՝ Արգոսի գմբեթ (Dome Argus կամ Dome A) բարձրադիր սարահարթակի վրա չինացի, ավստրալիացի և ամերիկացի գիտնականները կառուցել են PLATO (PLATeau Observatory) ինքնավար աստղագիտական աստղադիտարանը[5]։ Երկնքի ֆոնային պայծառությունը առաջին շերտում այստեղ կազմում է I=20,50 աստղային մեծություն, որն զգալիորեն ավելի լավ է, քան մյուս աստղագիտական աստղադիտարաններում․ չիլիական Պարանալում այն կազմում է՝ I=19,93; Սերրո Տոլոլոյում I=20,07; Լա–Պալմայում՝ I=20,10 (Իսպանիա, Կանարյան կղզիներ, Ռոկե դե լոս Մուչաչոս լեռան վրա); Կալար Ալտոյում՝ I=19,57[6]։

Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Անտարկտիդայի սառցե ծածկույթի տակ ընկած է արևելաանտարկտիկական Վահանը (անգլ.՝ East Antarctic Shield)[7]։ Նրա մեծ մասը համապատասխանել է արևելաանտարկտիկական կրատոնին, որը ձևավորվել է արխեյան դարաշրջանում[8]։ Ըստ այլ կարծիքի Արևելյան Անտարկտիդան ձևավորվել է մեզոպրոտերոզոյան ժամանակաշրջանում արխեյան դարաշրջանի երեք առանձին հատվածների (անգլ.՝ Geologic province) միավորումով, որոնք համապատասխանել են Ուիլկսի երկրի, Մոդ թագուհու երկրի և Ռեյների սառցադաշտի (անգլ.՝ Rayner Glacier) տարածքներին[9]։ Էնդերբի երկրի շրջանում գտնվել է Երկրագնդի այն քիչ վայրերից մեկը, որտեղ մակերևույթ են դուրս գալիս վաղ արխեյան դարաշրջանի ցեղատեսակներ․ դրանք մոտավորապես չորս միլիարդ տարեկան են[10]։

Մոտավորապես 1100 միլիոն տարի առաջ Արևելյան Անտարկտիդան եղել է Ռոդինյա սուպերմայրցամաքի կազմում, իսկ նրա փլզումից հետո, որը տեղի է ունեցել մոտավորապես 750 միլիոն տարի առաջ, գտնվել է Հյուսիսային Ռոդինյա մայրցամաքի կազմում։ Հին մայրցամաքների նոր միավորումը մոտավորապես 650 միլիոն տարի առաջ հանգեցրել է Պաննոտիայի սուպերմայրցամաքի ձևավորմանը, հենց այդ ժամանակին է վերագրվում Տրանսանտարկտիկական լեռների առաջացումը[11]։

Արևելյան Անտարկտիդան, վերջին փլզումից հետո՝ էդիակարիի դարաշրջանի վերջում, մոտավորապես 560 միլիոն տարի առաջ, դարձել է Գոնդվանա մայրցամաքի մի մասը[11]։

Գոնդվանայի կազմավորումը ամրապնդել է Արևելյան Անտարկտիդայի հիմնական զանգվածի միավորումը, որը նախկինում կապ չի ունեցել արևելաանտարկտիկական տերրեյնյան դարաշրջանի խառնարանի հետ։ Այն ընկած էր ապագա Աֆրիկայի, Հնդկաստանի և Ավստրալիայի սահմանների երկայնքով[12]։

Արևելյան Անտարկտիդան Գոնդվանայի հարևան մասերի հետ միասին Կարբոնայի դարաշրջանում սկսել է սառցակալել, որը նահանջել է պերմի ժամանակաշրջանի սկզբին։

Արևելյան Անտարկտիդայի մի շարք շրջաններում պերմի ժամանակաշրջանում սկսել են քարածխի կուտակումներ առաջանալ[13]։ Այդ ժամանակ կարբոնայի և պերմի դարաշրջանների սահմանագծում Գոնդվանան միավորվել է Լավրուսիա (Եվրամերիկա) մայրցամաքի հետ՝ կազմելով Պանգեա սուպերմայրցամաքը, սակայն միջին յուրայի դարաշրջանում Պանգեան բաժանվել է Լավրասիայի և Գոնդվանայի, իսկ կավճի ժամանակաշրջանում սկսվել է Գոնդվանայի փլզումը, որն ավարտվել է վաղ պալեոգենում՝ Ավստրալիայի և Անտարկտիդայի անհամապատասխանությամբ[14]։

Միոցենյան դարաշրջանում սկսվել է Անտարկտիդայի նոր սառցաշերտի առաջացումը, որը ուշ պլիոցենում նույնիսկ գերազանցել է իր ժամանակակից չափերը․ Արևելյան Անտարկտիդան սառցակալմանը զուգընթաց միավորվել է Արևմտյան Անտարկտիդայի հետ՝ մի միասնական զագվածում, որոնք մինչ այդ իրենցից ներկայացրել են մասնատված տերրեյն կղզիների խումբ[15]։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Անտարկտիդայի ներկայիս գրեթե ողջ տարածքը, բացառությամբ ափերի մի քանի հատվածների և անտարկտիկական օազիսների, ամբողջ տարին ծածկված է սառույցով։ Սառցաշերտից ազատ տարածքներում գերակշռում է տունդրայի բուսականությունը՝ տարբեր տեսակների մամուռների և քարաքոսերի տեսքով։ Ցամաքային կաթնասունները լիովին բացակայում են։ Ցամաքային կենդանիներից բնակվում են Ուեդդելի փոկեր, խեցգետնակեր փոկեր, ծովային ընձառյուծներ, ծովափղեր և թռչուններ՝ մրրկահավերի մի քանի տեսակ (անտրակտիկական, ձյունե), երկու տեսակի ծովահենաորորներ, բևեռային ջրածիծառներ, Ադելի պինգվիններ և կայսերական պինգվիններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նկարի աջ մասի փայլուն, սպիտակ սառույցն ամուր սառույցն է (անգլ.՝ fast ice), այն պահում է ափը։ Այս սառույցը բավականաչափ խիտ է, որից էլ նրա փայլուն սպիտակ գույնն է։ Դրանից ձախ խցանված սառցաբեկորներն են։ Սառցաբեկորները ձևավորվում են սառցե շլեյֆերից, դրանք ափամերձ սառույցի հաստ սալեր են։ Դրանց հաստությունը հասնում է տասնյակից մինչև հարյուրավոր մետրի։ Փշրվելով և ափերին զարնվելով սառցաբեկորները կարող են իրար վրա կուտակվելով ավելի բարձր լինել ամուր սառույցից։ Ջրով հագեցած այդ սառույցը կապույտ երանգ ունի։ Ամուր սառույցի եզրին գտնվող սառցաբեկորները տեղավորվում են ծովի մակերևույթից ներքև և պահում են ափամերձ ամուր սառույցը։ Դրանից ձախ՝ խմբային սառույցներն են (անգլ.՝ pack-ice), որոնք օվկիանոսում դրեյֆում են քամիներից և հոսանքներից։ Կիսաթափանցիկ, բարակ սառույցը կապույտ-մոխրագույն երանգ ունի։ խմբային սառույցը ներառում է նոր ձևավորված ծովի սառույց։ Երբ ծովային ջուրը սկսում է սառչել, այն ձևավորում է փոքրիկ բյուրեղներ, որոնք հայտնի են որպես ֆրազիլ (պատկերի կենտրոնում)։ Չնայած բյուրեղներն ինքնին ընդամենը 1 մմ լայնություն ունեն, բայց տիեզերքից դրանց կուտակումները երևում են։ Անընդհատ տեղափոխվելով օվկիանոսի հոսանքներով, ֆրազիլը հաճախ հայտնվում է ջրապտույտների մեջ։ Ֆրազիլի բյուրեղները կարող են միավորվելով՝ սառույցի բարակ թերթեր առաջացնել, որոնք հայտնի են որպես նիլա (ծովի սառույց, պատկերի վերևում)։ Նիլայի թերթերը հաճախ միմյանց վրայով սահելով, ի վերջո սառույցի ավելի հաստ շերտերի են վերածվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sea Ice and Icebergs off East Antarctica». earthobservatory.nasa.gov (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  2. Трёшников А. Ф. История открытия и исследования Антарктиды. — М.: Географгиз, 1963. — 432 с. — (Открытие Земли). — С. 307—309.
  3. Ласточкин А. Н., Попов С. В., Попков А. М. Рельеф подледниковой котловины оз. Восток (Восточная Антарктида) // Вестник СПбГУ. Сер. 7. Геология. География. — 2003. — В. 3 (№ 23). — С. 38—50.
  4. «На российской антарктической станции Восток пробурена скважина до реликтового подледникового озера». // Сайт медиахолдинга РБК. 9.02.2012. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  5. «Югорский НИИ Информационных Технологий. Завершена установка автономной обсерватории на антарктическом Куполе A». web.archive.org. 2014 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  6. A transit survey at Antarctica Dome A գտնվող աստղագիտական աստղադիտարաններում
  7. Шнюков С. Е. Проект глобального геологического исследования подледниковой Антарктиды: результаты реализации и возможное дальнейшее развитие // Геология и полезные ископаемые Мирового океана. — 2013. — № 1 (31). — С. 10—27.
  8. Хаин, 2001, էջ 377—378
  9. Хаин, 2001, էջ 383
  10. Хаин, 2001, էջ 378
  11. 11,0 11,1 Scotese C. R. Late Proterozoic plate tectonics and palaeogeography: a tale of two supercontinents, Rodinia and Pannotia // Global Neoproterozoic Petroleum Systems: The Emerging Potential in North Africa / Ed. by J. Craig, J. Thurow, B. Thusu, A. Whitham and Y. Abutarruma. — London: The Geological Society of London, 2009. — vi + 309 p. — (Geological Society Special Publication, vol. 326). — ISBN 978-1-86239-287-8 — P. 67—83. — doi:10.1144/SP326.4.
  12. Satish-Kumar e. a., 2008, էջ 3, 5
  13. Хаин, 2001, էջ 379
  14. Черепанов Г. О., Иванов А. О. Палеозоология позвоночных. — М.: Издат. центр «Академия», 2007. — 352 с. — ISBN 978-5-7695-3104-0 — С. 19—21.
  15. Хаин, 2001, էջ 382

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]