Jump to content

Սուպերմայրցամաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուպերմայրցամաք, Երկիր մոլորակի ամբողջ կամ գրեթե ամբողջ մայրցամաքային երկրակեղևը։ Այսինքն՝ սուպերմայրցամաքի գոյության ժամանակաշրջանում Երկրի ցամաքային տարածքների մեծ մասը կազմել է մեկ ամբողջություն[1][2], ինչն ազդել է կլիմայական գործընթացների ու կյանքի զարգացման վրա։

Մայրցամաքների ձևավորման, զարգացման ու հետագա տեղաշարժերի վերաբերյալ գիտական պատկերացումները թույլ են տալիս մոտավորապես վերականգնել երկրաբանական նախորդ դարաշրջանների աշխարհագրությունը։ Համաձայն այդ ուսումնասիրությունների՝ գոյություն ունի այսպես կոչված սուպերմայրցամաքային ցիկլ, որի ընթացքում մայրցամաքային տարածքները 600 մլն տարի պարբերականությամբ անցնում են սուպերմայրցամաքի փուլ, որին փոխարինում է մասնատվածության փուլը։

Ժամանակակից մայրցամաքները կազմել են Պանգեա սուպերմայրցամաքը մոտավորապես 400-200 մլն տարի առաջ։ Ընթացիկ երկրաբանական ժամանակաշրջանը վերաբերում է մասնատվածության փուլին, որի գագաթնակետը եղել է կավճի ժամանակաշրջանում։ Ընթացիկ երկրաբանական գործընթացների էքստրապոլյացիայի արդյունքում ենթադրվում է, որ 100-200 մլն տարի անց ցամաքը նորից կմիավորվի որպես մեկ ամբողջություն։ Կայնոզոյի դարաշրջանում ձևավորված Եվրասիան ապագա մայրցամաքի հիմքն է, Աֆրիկայի նկատվող տեղաշարժը թույլ է տալիս պնդել, որ արդեն 15-20 մլն տարի հետո այն մեկ ամբողջություն կկազմի Եվրոպայի հետ, իսկ Միջերկրական ծովի տեղում նախ կձևավորվի աղի անապատ, ապա վեր կխոյանան լեռնաշղթաներ, որոնք չեն զիջի Հիմալայներին։ Ավստրալիան նույնպես, ամենայն հավանականությամբ, կհարի Ասիային 60 մլն տարի հետո։ Հետագա տեկտոնական գործընթացների կանխատեսումները և մայրցամաքների տեղաշարժի վրա ազդող գործոններին տրվող գնահատականները տարբեր են տարբեր ուսումնասիրողների մոտ, այս պատճառով գոյություն ունեն ապագա սուպերմայրցամաքի ձևավորման մի քանի մոդելներ՝ Պանգեա Ուլտիմա, Ամազիա և Նեոպանգեա, սակայն նրանք բոլորն էլ ենթադրում են սուպերմայրցամաքի ձևավորումը ≈200 մլն տարի հետո։

Հնագույն սուպերմայրցամաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում հայտնի չէ արխեյան դարաշրջանում եղած երկրակեղևի չափը. հնարավոր է, որ գոյություն են ունեցել ցամաքի հատվածներ, որոնք ներկայում ակնհայտ ներկայացված չեն լիտոսֆերայում։ Այնուամենայնիվ, հավանական է, որ մայրցամաքային կեղևն սկսել է ձևավորվել արխեյան դարաշրջանում և ներկային մոտ չափերի է հասել պրոտերոզոյան դարաշրջանում, այնպես որ առաջին սուպերմայրցամաքները չեն եղել մեծ, սակայն այդպես են կոչվել ըստ սահմանման, այսինքն՝ այն պատճառով, որ նդգրկել են իրենց դարաշրջանում գոյություն ունեցած գրեթե ամբողջ մայրցամաքային կեղևը։

Հնարավոր ապագա մայրցամաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթական սուպերմայրցամաքի ձևավորումը գիտնականները կանխատեսել են հարյուր միլիոնավոր տարի հետո։ Ըստ այդ կանխատեսումների՝ Աֆրիկան միավորվելու է Եվրոպայի, Ավստրալիայի հետ, ապա շարունակի տեղաշարջվել դեպի հյուսիս և միանա Ասիային, իսկ Ատլանտյան օվկիանոսը որոշակի ընդլայնումից հետո ընդհանրապես անհետանալու է։ Աֆրիկյան սալի մոտենալու հետևանքով ավելի են բարձրանալու Ալպերի ու Պիրենեյների լեռնազանգվածները, իսկ Հունաստանն ու Թուրքիան ցնցվելու են երկրաշարժներից։ Ծովի հատակը երբեմն իջնելու է ցամաքից ներքև և ձգի պլատֆորմի եզրը[3][4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rogers, John J. W., and M. Santosh. Continents and Supercontinents. Oxford: Oxford UP, 2004. Print.
  2. «CT8.PL » Strona główna» (PDF). szczepan.ct8.pl. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 3-ին.
  3. Олег ЛАРЬКО, Материки в погоне друг за другом. // Российская газета от 03-11-2000
  4. Марина Аствацатурян, ГРАНИТ НАУКИ // Эхо Москвы, 12.10.2000
  5. 5,0 5,1 5,2 Patrick L. Barry, Continents in Collision: Pangea Ultima, Creeping more slowly than a human fingernail grows, Earth’s massive continents are nonetheless on the move. Արխիվացված 2012-08-21 Wayback Machine // Science@NASA, Headline News, October 6, 2000

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Xiao Xuchang & Liu Hefu (eds). Global Tectonic Zones: Supercontinent Formation and Disposal. Proceedings of the 30th International Geological Congress. Utrecht — Tokyo: VSP, 1997.
  • Nield, Ted, Supercontinentst: Ten Billion Years in the Life of Our Planet, Harvard University Press, 2009, ISBN 978-0674032453
  • Малая горная энциклопедия. В 3 т. = Мала гірнича енциклопедія / (На укр. яз.). Под ред. В. С. Белецкого. — Донецк: Донбасс, 2004. — ISBN 966-7804-14-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]