Արմեն Հովհաննիսյան (բանաստեղծ)
Արմեն Հովհաննիսյան | |
---|---|
Ծննդյան անուն | Արմեն Խաչատուրի Ավանեսյան |
Ծնվել է | մայիսի 12, 1932 |
Ծննդավայր | Բերդաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 25, 2017 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Ստեփանակերտ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, թարգմանիչ և հրապարակախոս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Աշխատավայր | Գրական Ադրբեջան, Կոմունիստ և Ազատ Արցախ |
Արմեն Հովհաննիսյան Վիքիդարանում | |
Armen Hovhannisyan Վիքիպահեստում |
Արմեն Խաչատուրի Հովհաննիսյան (Ավանեսյան) (մայիսի 12, 1932, Բերդաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2017, Ստեփանակերտ), հայ բանաստեղծ, գրող, թարգմանիչ, հրապարակախոս[1][2][3]։ 1974-1983 թթ. ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի գրողների միությունը, եղել է ԼՂԻՄ կուսմարզկոմի անդամ և աշխատավորների դեպուտատների մարզխորհրդի պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1932 թվականի մայիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ղզղալա գյուղում (այժմ` Բերդաշեն)։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ 1968 թ․ ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (Բաքու) բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը[4]։ Ստեղծագործել սկսել է աշակերտական նստարանից։ 1954 թ․ տպագրվել է բանաստեղծությունների առաջին շարքը Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» (հայերեն) հանրապետական թերթում, որի գրականության և արվեստի բաժնի վարիչը հայտնի արձակագիր Մարգար Դավթյանն էր, ով հետագայում դառնում է բանաստեղծի «հոգևոր հայրը»[5]։ 1959 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ էր, 1994 թվականից՝ ԼՂՀ, 2002 թվականից՝ Հայաստանի գրողների միության, 2001 թվականից՝ Արցախի ժուռնալիստների միության անդամ[6]։ 1974-1983 թթ․ եղել է Լեռնային Ղարաբաղի գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Նույն ժամանակահատվածում ընտրվել է կուսմարզկոմի անդամ և աշխատավորների դեպուտատների մարզխորհրդի պատգամավոր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հունիսի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով՝ գրականության և լրագրության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար և ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ[7][8]։
«Գանձասար»
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Հովհաննիսյանը «Գանձասար» բանաստեղծությունը գրել է 1976թ-ին: 1980-ականներին բանաստեղծությունը վերածվել է երգի և մեծ հեղինակություն էր վայելելում հատկապես Արցախյան վերազարթոնքի առաջին օրերին, երբ արգելված էր մշակութային արժեքները գովերգող ցանկացած խոսք։
Գանձասար
Վանի՛ր ինձնից, վանի՛ր քո պատրանքը,
Կամ Թարթառի ձորից մուժը վանիր,
Հանի՛ր ինձնից, հանի՛ր տառապանքս,
Կամ խորանս մտած փուշը հանիր:
Ավերակող փուշը կողդ խրվել,
Խարխլում է պատը լուռ, անծպտուն,-
Օ՜, երկնային, ասա՛, ինչպե՞ս վարվել,
Ավա՜ղ, ճեղք է տալիս սրբատունս:
««Գանձասարը» ծնվեց ութսունականներին, բռնաճնշումների այն օրերին՝ որպես բողոք, որպես ընդվզում։ Այդ տարիներին թուրք ավազակներն ավերում էին մեր եկեղեցիներն ու վանքերը, կրակում սուրբ խաչերի վրա։ Մենք վառվում էինք ներսից, վրդովվում, հասունանում էր Արցախյան շարժման փոթորիկը։ Բանաստեղծ, մանկագիր Գ.Գաբրիելյանի ծննդյան 60-ամյակն էր, հրավիրվել էինք պատմական Տումի գյուղ։ Վերադարձի ճանապարհին Արմեն Հովհաննիսյանը Գուրգեն Գաբրիելյանին առաջարկում է իր բանաստեղծություններից մեկի հիման վրա երգ գրել։ Փոխադարձ համաձայնությամբ՝ նախապատվությունը տրվում է «Գանձասար» բանաստեղծությանը։ Եվ նոտա առ նոտա երգը ծնվում է հենց ճանապարհին։ Արցախյան շարժմամբ ոգեշնչված՝ Գուրգեն Գաբրիելյանը բանաստեղծությանը ավելացնում է ևս երկու քառատող»,-պատմում է Ս․ Խանյանը։[9]
Ազատամարտիկ-երգիչ Մկրտիչ Մկրտչյանն ասում էր, որ «Գանձասարը» դարձել էր Շարժման հիմնը։
1987 թվականին Ստեփանակերտում պետք է մեծ շուքով նշվեր Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակը, նախատեսվում էր նաև կառավարական մեծ համերգ։ «Մարալիկ» ազգագրական համույթի հիմնադիր, մենակատար Աննա Այվազյանը քաղկոմից առաջարկ է ստանում ներկայանալ երաժշտական համարով և որոշում է կատարել «Գանձասար»-ը։ Այվազյանը նախապես ոչ մեկին չի զգուշացնում երգի ընտրության մասին՝ իմանալով, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ «Երբ երգը սկսվեց, դահլիճում մի պահ քար լռություն էր։ Այնուհետև, առաջին շարքում, որտեղ նստած էին իշխանության ներկայացուցիչները, սկսվում է իրարանցում․ ոմանք լքում են դահլիճը, իսկ կազմակերպիչը ձեռքի շարժումներով պահանջում է ընդհատել կատարումը։ Այդպիսի երգն ինչպե՞ս կարելի է ընդհատել։ Երգեցի մինչև վերջ․․․»,-հիշում է Աննա Այվազյանը[9]։ Երգի ավարտին դահլիճում ուրախություն էր, ցնծություն, բարձր ծափահարություններ։ Հաջորդ օրը Աննա Այվազյանը հրավիրվում է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի մոտ։
- Բացատրիր՝ տեսնեմ ի՞նչ էիր ուզում ասել։ Ի՞նչ էր Գանձասարը Մասիսին ասում։ Բացատրի՛ր, ես լավ չեմ հասկացել,- ասում է Կևորկովը։
- Բորիս Սարգիսովիչ, դէ․․․ Գանձասարը ավերակված է, քանդվում է ու օգնություն է խնդրում Մասիսից։
Աննա Այվազյանը այս միջադեպից հետո խիստ նկատողություն է ստանում։
«Գանձասար» երգը կատարել են ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ազատամարտիկ-երգիչ Մկրտիչ Մկրտչյանը, երգիչներ Տիգրան Կարապետյանը և Արթուր Խաչենցը[10][11]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքային գործունեությունը սկսել է 1953 թվականին, Բաքվում, շինմոնտաժային կազմակերպությունում։
- 1957-1958 թթ․ աշխատել է Բաքվի «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագրությունում։
- 1958-1959 թթ․ - Բաքվի «Կոմունիստ» թերթի խմբագրությունում։
- 1960-1963 թթ․ - ԼՂԻՄ ժողովրդական ստեղծագործության տանը՝ որպես ավագ մեթոդիստ։
- 1963-1964 թթ․ - ԼՂԻՄ մշակույթի վարչությունում՝ որպես գլխավոր տեսուչ։
- 1964-1966 թթ․ - ԼՂԻՄ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում՝ որպես խմբագիր, այնուհետեւ՝ ռադիոթղթակից։
- 1966-1970 թթ․ - Ղարմետաքսկոմբինատի «Մետաքսագործ» թերթի խմբագիր։
- 1970-1973 թթ․ - Ղարմետաքսկոմբինատի կուսկոմիտեի քարտուղար։
- 1973-1974 թթ․ - Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի սեփական թղթակից։
- 1974-1983 թթ․ - Լեռնային Ղարաբաղի գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար։
- 1983-1984 թթ․ - հայրենի գյուղի՝ Բերդաշենի Կիրովի անվան կոլտնտեսության կուսկոմիտեի քարտուղար։
- 1984-1988 թթ․ - ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի քաղլուստանը՝ որպես խորհրդատու։
- 1988-1989 թթ․ - ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի հրահանգիչ։
- 1989-1990 թթ․ - ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի կուսակցական ապարատի գաղափարախոսական բաժնի մամուլի սեկտորի վարիչ։
- 1990-1993 թթ․ - ԼՂ արհմիությունների մարզային խորհրդի լրատվական կենտրոնի վարիչ։
- 1993-1994 թթ․ - Գիտամեթոդական կենտրոնի գիտաշխատող։
- 1996-1999 թթ․ - «ԼՂ Հանրապետություն» թերթի գործադիր տնօրեն։
- 1999-2001 թթ․ - «Ազատ Արցախ» թերթի թղթակից, այնուհետև՝ հրատարակչության խմբագիր։
- 2001-2002 թթ․ - ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար։
- 2002-2013 թթ․ - «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիր։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գրական ալմանախ» (ժողովածուի մեջ տեղ են գտել Ա․ Հովհաննիսյանի գործերից), Բաքու, 1957 թ․, 227 էջ
- «Բարի ճանապարհ» (բանաստեղծություններ), Բաքու, 1959 թ․, 62 էջ
- «Հայրենի տուն» (բանաստեղծություններ), Բաքու, 1963 թ․, 48 էջ
- «Լեռնային վտակ» (ժողովածուի մեջ տեղ են գտել Ա․ Հովհաննիսյանի գործերից), Բաքու, 1963 թ․, 132 էջ
- «Նվագներ հողի» (բանաստեղծություններ), Բաքու, 1967 թ., 60 էջ
- «Գալիս ենք և մենք» (բանաստեղծություններ), Բաքու, 1973 թ., 96 էջ
- «Անմահների ձայնը» (բանաստեղծություններ), Բաքու, 1975 թ․, 100 էջ
- «Հեռաստանների կանչը» (բանաստեղծություններ), Բաքու, 1978 թ․, 231 էջ
- «Հայրենիք և սեր» (բանաստեղծություններ), Բաքու, 1980 թ․, 192 էջ
- «Չհորինված մեղեդիներ» (բանաստեղծություններ), Բաքու, 1984 թ․, 165 էջ
- «Ավանդատուն» (բանաստեղծություններ), Երևան, 1991 թ․, 100 էջ
- «Տարաժամի զանգեր» (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 1997 թ․, 127 էջ
- «Տեսիլաժամ» (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2002 թ․, 63 էջ
- «Մոմակալներում հալոցք չէ մոմի» (բանաստեղծություններ,) Ստեփանակերտ, 2002 թ․, 191 էջ
- «Ապաշխարան» (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2007 թ․, 320 էջ
- «Արցախի երգը» (ժողովածուի մեջ տեղ են գտել Ա․ Հովհաննիսյանի գործերից), Ստեփանակերտ, 2011 թ․, 359 էջ
- «Քարափ․ Իրապատումներ» (արձակ), Ստեփանակերտ, 2011 թ․, 80 էջ
- «Երկերի ժողովածու», երկհատորյակ, Ստեփանակերտ, 2012 թ․, 319-ական էջ
- «Բառը սահմանի վրա» (ժողովածուի մեջ տեղ են գտել Ա․ Հովհաննիսյանի գործերից), Ստեփանակերտ, 2016 թ․, 237 էջ
- «Մայրամուտի նվագներ» (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2016 թ․, 55 էջ
- «Իմ կորուստները, իմ կարոտները» (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2017 թ․, 59 էջ
Թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործություններ
Ռուսերենից թարգմանել է Նիկոլայ Գումիլյովի, Օսիպ Մանդելշտամի, Աննա Ախմատովայի, Բորիս Պաստեռնակի, Մարինա Ցվետաևայի, Վառլամ Շալամովի, Դմիտրի Չիստյակի, Միխայիլ Դուդինի, Լեսյա Ուկրաինկայի, Էդուարդաս Մեժելայտիսի, Ռիմա Կազակովայի, Անատոլի Կրասնովի, Անդրեյ Վոզնեսենսկու, Ելենա Իսաևայի, Սեսար Վալեխոյի ստեղծագործությունները։
Գրքեր
- Ծովինար, «Հոգու մեղեդիներ», Ստեփանակերտ, 1998 թ․, 112 էջ
- Ծովինար, «Սիրտս ափի մեջ», Երևան, 2000 թ․, 72 էջ
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոկրատ Խանյան, «Հայրենի եզերքի և սիրո ծարավը (Արմեն Հովհաննիսյանի քնարերգությունը)», Ստեփանակերտ, 2007 թ․, 47 էջ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նկարում՝ աջից, առաջին շարքում՝ Ա. Հովհաննիսյան, Հ. Բեգլարյան: Երկրորդ շարքում՝ Բ. Ջանյան, Ս. Աբրահամյան, Բ. Ուլուբաբյան: Երրորդ շարքում՝ Վ. Օվյան, Գ. Գաբրիելյան, Ի. Ալավերդյան, Գ. Աղաջանյան
-
Մարգար Դավթյանի հետ
-
Սերո Խանզադյանի հետ
-
Արմեն Հովհաննիսյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արցախի գրողների միություն». artsakhwriters.com.
- ↑ «ARTSAKHpress». artsakhpress.am.(չաշխատող հղում)
- ↑ «Արցախի հեռուստատեսություն». www.artsakh.tv. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Խաչատրյան, Հայկ (1986). Գրական տեղեկատու. Երևան: Սովետական գրող. էջ 311.
- ↑ Հովհաննիսյան, Արմեն (նոյեմբեր, 2010). «Ճերմակահեր մարդը (հուշապատում)». Արցախի ԿՈՄՈՒՆԻՍՏ.
- ↑ Հարությունյան, Մհեր (2012). Լրագրողական հանրագիտակ. Ստեփանակերտ: Դիզակ պլյուս. էջ 169.
- ↑ «Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգևով։». Facebook. Արմեն Հովհաննիսյան Գրական Ակումբ. 01.07.2022. Վերցված է 12.07.2022-ին.
- ↑ «ԼՂՀ պետական պարգեւներ». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 12.07.2022-ին.
- ↑ 9,0 9,1 Արցախի Հանրային հեռուստաընկերություն. «ԱԿՆԹԱՐԹ /ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ/ 31.05.2018». youtube.am. Վերցված է 10.08.2024-ին.
- ↑ «Մկրտիչ Մկրտչյան (Մակիչ) - Գանձասար». youtube.com. Վերցված է 10.08.2024-ին.
- ↑ «Գանձասար - Արթուր Խաչենց / Gandzasar - Arthur Khachents». Վերցված է 10.08.2024-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Հովհաննիսյան (բանաստեղծ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Հովհաննիսյան (բանաստեղծ)» հոդվածին։ |
|