Ծնվել է 1930 թ. հունվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի ՀանրապետությանՀադրութի շրջանի Աղբուլաղ (այժմ՝ Ակնաղբյուր) գյուղում։ 1944 թ. ավարտել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցը, այնուհետև հարևան Էդիլլու (այժմ՝ Ուխտաձոր) գյուղի միջնակարգ դպրոցը։ 1947-1948 թթ. աշխատել է հայրենի գյուղում՝ որպես կոմերիտկազմակերպության քարտուղար և կուլտուրայի տան վարիչ։ 1949-1953 թթ. սովորել և ավարտել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1950 թ. «Կոմունիստ» թերթում տպագրվել է առաջին բանաստեղծությունը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված ավագ եղբոր՝ բանաստեղծ Սուրեն Խանյանի հիշատակին։ 1953-1962 թթ. աշխատել է Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» հայերեն հանրապետական թերթի խմբագրությունում՝ որպես լրագրող։ 1958 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է, 1994 թվականին ԼՂՀ[2], 2002 թվականին՝ Հայաստանի գրողների միության անդամ։ 1959 թ. տպագրել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Կարկաչ» խորագրով։ 1962-1965 թթ. սովորել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «Հայ գրականություն» մասնագիտության գժով։ Միաժամանակ դասավանդել է հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1965 թ. ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեզ՝ «Նաիրի Զարյանի դրամատուրգիան» թեմայով, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1969 թ. Բաքվում Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը փակվելուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ և շարունակել դասախոսական աշխատանքը Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում որպես դոցենտ, 1991 թվականից՝ պրոֆեսոր[3]։ 1974-1988 թթ. եղել է Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական խորհրդի նախագահ, 1975-1976 թթ.՝ մարզային «Գիտելիք» ընկերության նախագահ։ 1978-1981 թթ. վարել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի (ԱրՊՀ) լեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ 1984-2007 թթ. եղել է ԱրՊՀ նախ՝ հայոց լեզվի և գրականության, ապա՝ գրականության և լրագրության ամբիոնի վարիչը։ 1985-1990 թթ. եղել է Խաղաղության պաշտպանության ԼՂ մարզային կոմիտեի նախագահ։ 2002 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեզ՝ «Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում (1950-1990-ական թթ.) թեմայով, արժանացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։ 2004 թվականին ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է պրոֆեսորի դիպլոմ՝ «Գրականագիտության» գծով[4][5]։ ԽՄԿԿ անդամ 1963 թվականից։