Աուստեռլիցի ճակատամարտ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Թվական | 20 նոյեմբերի (10 դեկտեմբերի) [[Script error: The function "bs" does not exist. թվական|1805 թվական]] |
---|---|
Մասն է | Նապոլեոնյան պատերազմներ Երրորդ կոաիլիցիայի պատերազմ |
Վայր | Աուստեռլից, Մորավիա, Ավստրիա, այժմ Չեխիա 49°08′ հս․ լ. 16°46′ ավ. ե.HGЯO |
Կոչվել է (անունով) | Slavkov u Brna? |
Արդյունք | Ֆրանսիացիների հաղթանակ՝ երրորդ կոալիցիայի նկատմամբ
|
Հակառակորդներ | |
Առաջին ֆրանսիական կայսրություն | Ռուսական կայսրություն Սրբազան Հռոմեական կայսրություն |
Հրամանատարներ | |
Նապոլեոն I Բոնապարտ Ժան-Բատիստ Բեսյեր Ժան-Բատիստ Բերնադոտ Լուի Նիկոլա Դավու Ժան դը Դյո Սուլտ Մարշալ Լանն Յոախիմ Մյուրատ Ժան Ռապպ | Ալեքսանդր I Միխայիլ Կուտուզով Պյոտր Բագրատիոն Ֆրանց II Ֆրանց ֆոն Վեյրոտեր |
Կողմերի ուժեր | |
63-70 000[1] 139 հրետանի | 70-85 000 16000 այրուձի 278 հրետանի |
Ռազմական կորուստներ | |
1300-1537 զոհ 6943 վիրավոր 1 դրոշ Ընդհանուր 9000 | 4000 զոհ 12000 վիրավոր 11453 գերի 180 հրետանի 45 դրոշ Ընդհանուր 36.000 |
Ընդհանուր կորուստներ |
Աուստեռլիցի ճակատամարտ (ֆր.la bataille d’Austerlitz, ռուս.Битва под Аустерлицем, գերմ.Schlacht bei Austerlitz, 20 նոյեմբերի (10 դեկտեմբերի) [[Script error: The function "bs" does not exist. թվական|1805 թվական]]), տեղի է ունեցել 1805 թվականի դեկտեմբերի 2-ին Մորավիայի հարավում գտնվող Աուստեռլից քաղաքի մոտ (քաղաքը ներկայումս կրում է Սլավկով-ու-Բռնա անվանումը, գտնվում է Չեխիայում)։ Աուստեռլիցի ճակատամարտը հայտնի է նաև «3 կայսրերի ճակատամարտ» անվանումով, քանի որ ճակատամարտին մասնակցում էին միանգամից 3 կայսրեր՝ Նապոլեոն (Ֆրանսիա), Ռուսաստան (Ալեքսանդր I), Ֆրանց II (դե ֆակտո՝ Ավստրիա, դե յուրե՝ Սրբազան Հռոմեական կայսրություն)։ Մոտ 9 ժամ տևած ճակատամարտում Ֆրանսիայի «Մեծ Բանակը» (Grande Armée) Նապոլեոնի գլխավորությամբ ջախջախեց ռուս-ավստրիական բանակը՝ Ալեքսանդրի և Ֆրանցի գլխավորությամբ։ Ճակատամարտը վերջ դրեց Անգլիայի ստեղծած երրորդ կոալիցիային։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամյենի հաշտագիր և Անգլիայի հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1802 թվականի մարտին Ֆրանսիան և Անգլիան, հյուծված մոտ 10 տարի տևած պատերազմից, Ամյենում կնքեցին հաշտագիր։ Պայմանագրի կետերից մեկի համաձայն Անգլիան պարտավորվում էր դուրս բերել իր զորքերը Մալթա կղզուց։ Սակայն Բրիտանիայի նոր վարչապետ Ուիլյամ Փիտը անարգեց պայմանագիրը և հրաժարվեց անգլիական զորքերը դուրս բերել Մալթայից։ Ավելին, Անգլիան առանց պատերազմ հայտարարելու 1200 նավերով հարձակում գործեց Ֆրանսիայի և Հոլանդիայի նավահանգիստների վրա՝ հասցնելով ծանր վնասներ։ Ի պատասխան դրա, արդեն 4 օր անց, Նապոլեոնը սկսեց նոր բանակ կազմավորել։
Դեռ 1797 թվականին Նապոլեոնը հնարավորություն ուներ պատերազմ սկսելու Անգլիայի դեմ, սակայն բանակի անպատրաստությունը ստիպեց նրան հրաժարվել այդ ծրագրից և շարունակել եգիպտական արշավանքը։ 1803 թվականին Առաջին կոնսուլ Բոնապարտը սկսեց կազմավորել բանակ՝ Անգլիա արշավելու համար։ 1 տարվա ընթացքում Նապոլեոնը անցկացնում է հսկայածավալ զորավարժություններ, որից հետո ֆրանսիական բանակը համալրվում է բացառապես արհեստավարժ զինվորներով։ Բացի այդ Նապոելոնը իր տրամադրության տակ ուներ փորձառու սպայական շտաբ, որոնք մասնակցել էին Նապոլեոնի եգիպտական և իտալական արշավանքներին։
Երրորդ կոալիցիա. Անգլիա, Ռուսաստան և Ավստրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիան ծովում արդեն հասել էր գերիշխանության, սակայն անգլիական ցամաքային զորքերը հիմնովին զիջում էին ֆրանսիականին։ Հաշվի առնելով դա, Անգլիան որոշեց ստեղծել հակաֆրանսիական նոր կոալիցիա, որի կազմի մեջ պետք է մտնեին Անգլիան, Ռուսաստանը, Ավստրիան (Սրբազան Հռոմեական կայսրություն) և Շվեդիան (անդամակցությունը կրում էր երկրորդական բնույթ)։
Ավստրիան սեփական պատճառներն ուներ կոալիցիային միանալու։ Ավստրիան հասցրել էր սեփական մաշկի վրա զգալ Նապոլեոնի տաղանդը։ Ֆրանսիացիները Նապոլեոնի գլխավորությամբ արդեն 2 անգամ վտարել էին նրանց Իտալիայի հարավից, իսկ գրաված տարածքները միավորել Ֆրանսիային։ Այդ պատճառով Ավստրիան չէր համարձակվի միայնակ պատերազմ սկսել Ֆրանսիայի դեմ։ Այսպիսով Ավստիայի` կոալիցիային միանալու փաստը կարելի է արդարացված համարել։
Մինչդեռ Ռուսաստանը ոչ մի լուրջ պատճառ չուներ միանալ կոալիցիային, հատկապես որ Նապոլեոնը միշտ փորձել է կնքել հաշտության պայմանագիր Ռուսաստանի հետ։ Պավել I-ի սպանությունից հետո նրա որդին՝ Ալեքսանդրը, սկսեց վարել հակաֆրանսիական քաղաքականություն և մերժել Նապոլեոնի առաջարկած հաշտագրերը։ Այսինքն Ալեքսանդրի միանալը կոալիցիային ուներ անձնական բնույթ, քանի որ Ալեքսանդրը տարված էր Նապոլեոնին հաղթելու մոլուցքով։
1805 թվականի հուլիսի 4-ին Ռուսաստանը և Ավստրիան կնքեցին պայմանագիր, ըստ որի Ռուսաստանը պարտավորվում էր 140.000 զինվոր ուղարկել ի օգնություն Ավստրիայի 100.000-անոց բանակին։ Ռուս-ավստրիական բանակի առաջին թիրախը պետք է լիներ Բավարիան։ Ինչ վերաբերվում է Անգլիային, ապա նա բանակ չէր տրամադրելու, փոխարենը Անգլիան պարտավորվում էր վճարել 1.250.000 ֆունտ դաշնակիցների տրամադրված յուրաքանչյուր 100.000 զինվորի համար։ Դա ահռելի գումար էր այդ ժամանակի համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ Անգլիայում ֆինանսական ճգնաժամ էր։
Նախնական ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլմի գրավում
[խմբագրել | խմբագրել կոդը]1805 թվականի օգոստոսի կեսին Ֆրանսիայում ծանր իրավիճակ էր։ Չնայած Ֆուշեի ջանքերին, ռոյալիստների գործողությունները ակտիվացել էին, հատկապես Էնգիենի դուքսի մահապատժից հետո։ Երկրում ֆինանսական ճգնաժամը հասել էր բարձր մակարդակի։ Բացի դրանից, Նապոլեոնը տեղեկացավ, որ Ադմիրալ Վիլնևի նավատորմը կրել է լուրջ կորուստներ և չի կարող պայքարել Ադմիրալ Նելսոնի հետ, իսկ ռուս-ավստրիական զորքերն արդեն ներխուժել էին Բավարիա (Ֆրանսիայի դաշնակից)։ Այս դեպքերից առաջ Նապոլեոնն օգոստոսի 23-ին փոխել էր բանակի ուղղությունը դեպի Ռեյն։ Որոշ պատմաբանների կարծիքով Անգլիա արշավելու ծրագիրը զուտ խաբկանք էր թշնամիների համար, և Նապոլեոնը ի սկզբանե Անգլիա արշավելու ծրագիր չուներ։
Օգոստոսի 29-ին Ֆրանիսական 150.000 հետևակը, 40.000 հեծելազորը և 350 հրետանին շարժվեցին դեպի Գերմանիա։ Բոնապարտը կազմել էր անթերի ծրագիր։ Բանակի յուրաքանչյուր ջոկատ ուներ իր առաջադրանքը և շարժվելու ուղղությունը։ Նապոլեոնը զորքին տեղափոխում էր անհավատալի ճշգրտությամբ՝ առանց ավելորդ ժամանակ կորցնելու(բանակն անցնում էր օրական 40 կմ)։ Նրա նպատակն էր հասնել Վիեննա, մինչև ռուսական զորքի օգնության հասնելը։ Առանց ռուսների օգնության Ֆրանսիան կունենար քանակական առավելություն և հաշվի առնելով Նապոլեոնի մարտը վարելու տաղանդը Ավստրիայի պարտությունը անխուսափելի կլիներ։
3 օր հանգստից հետո, սեպտեմբերի 26-ին Բոնապարտի բանակի 7 զորամասերը անցան Ռեյնը և շարժվեցին դեպի Բավարիա։ Ավստրիայի բանակի գեներալ Մակը սպասում էր Նապոլեոնին Ուլմում։ Նա փակել էր Հռենոսից Մյունխեն տանող ամենակարճ ճանապարհը այսինք՝ Շվարցվալդը (ֆր.Forêt-Noire)։ Նապոլեոնը որոշեց շրջանցել Շվարցվալդը, հասնել Ուլմ և կտրել ռուսական զորքերին ավստրիականից, տեղակայելով զորքը Ուլմի և Ռեգենսբուրգի միջև։ Մինչ Նապոլեոնի զորքը շրջանցում էր Շվարցալդը, Մարշալ Լաննի և Մյուրատի հեծելազորը տարբեր հնարքների միջոցով ավստրիացիների մոտ ստեղծել էր այն համոզմունքը, որ ֆրանսիական «Մեծ բանակը» միշտ նրանց առջևում է։ Էլխինգենի ճակատամարտում Նեյի տարած հաղթանակից հետո գեներալ Մակը իր 25.000-անոց բանակով ստիպած էր նահանջել դեպի Ուլմ։ Ուլմի մեկ շաբաթյա պաշարումից հետո, Ավստիայի կայսրության լավագույն բանակը հանձնվեց։ Ավստրիացի զինվորներն անցան ծառայության Ֆրանսիայի տարբեր շրջաններում, իսկ սպաները ազատ արձակվեցին, խոստանալով այլևս չպատերազմել ֆրանսիացիների դեմ։ Ճանապարհը դեպի Վիեննա բաց էր։
Վիեննայի գրավում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Նապոլեոնը հաղթեց Ուլմում, սակայն գլխավոր ճակատամարտը դեռ առջևում էր։ Նապոլեոնը հետապնդեց Կուտուզովի գլխավորած ռուսական բանակին։ Աստիճանաբար ռուսական նահանջող զորքը նահանջելու ընթացքում ամրապնդվում էր զենքով և պարենով, մինչդեռ ֆրանսիական զորքը գտնվելով իրենց հենակետից մոտ 1000 կմ հեռավորության վրա, արդեն հյուծված էր։ Իտալիայում ֆրանսիական զորքերը Մասենայի գլխավորությամբ պարտվեցին Շառլ-Լուիի գլխավորած ավստրիական զորքից։ Այդ պատճառով Նապոլեոնը ստիպված էր Նեյին և Մարմոնին ուղարկել Տիրոլ, որպեսզի ավստրիական զորքերը չկարողանան հարձակվել «Մեծ բանակի» աջ թևի վրա։ Նապոլեոնը ստիպված էր բաժանվել նաև Օժերոյից, քանի որ ավստրիական մեկ այլ բանակ սպառնում էր ներխուժել Բոհեմիա (Չեխիա)։ Այս ամենից բացի, Պրուսիան նույնպես պատրասպտվում էր համալրել կոալիցիայի շարքերը։ Հոկտեմբերի վերջին Պոտսդամում տեղի ունեցած գաղտնի հանդիպման ժամանակ Պրուսիայի արքա Ֆրիդրիխ III-ը Ալեքսանդր I-ին խոստացավ դեկտեմբերի կեսին հարձակվել ֆրանսիական զորքի վրա։
Ուլմի գրավումից 1 օր անց տեղի ունեցավ Տրաֆալգարյան ճակատամարտը, որտեղ Ֆրանսիան կրում է խոշոր պարտութուն (ինչպես ցույց կտա պատմությունը Նապոլեոնին այս պարտությունից հետո այդպես էլ չհաջողվեց վերականգնել Ֆրանսիայի նավատորմը)։ Բոնապարտն այս մասին տեղեկանում է նոյեմբերի 1-ին։ Մյունխենը ազատագրելուց հետո, ֆրանսիական բանակն ուղին շարունակեց Դանուբ գետով և շարժվեց դեպի Վիեննա։ Նրա նպատակն էր գրավել Վիեննան և ռուսների դեմ տալ որոշիչ ճակատամարտ։ Նապոլեոնի տվյալներով Կուտուզովի տրամադրության տակ կար 100.000 զինվոր, մինչդեռ իրականում Կուտուզովի տրամադրության տակ կար 36.000 զինվոր (որոնք արդեն երկար ճանապարհից հյուծված էին), որին միացել էին 22.000 ավստրիացի (որոնք դեռևս գտնվում էին Ուլմի ճակատամարտի բացասական ազդեցության տակ)։ Չնայած Ավստրիայի կայսր Ֆրանցի Վիեննան պաշտպանելու բոլոր խնդրանքներին, Կուտուզովը որոշեց նահանջել մինչ ռուսական բանակի հենակետ և այնտեղ պատրաստվել ճակատամարտին։ Այսպիսով Վիեննան գործնականում մնաց անպաշտպան։
Այս ընթացքում Նապոլեոնը հույս ուներ ճակատամարտ տալ Սանկտ Պյոլտենում (Ավստրիա), սակայն նոյեմբերի 11-ին Կուտուզովը ռուսական զորքի մի մասով, որին միացել էր 10.000 ավստրիացի, ճակատամարտ տվեց Դյուրնշտայնում և պարտվեց։ Ռուսական զորքերը պարտություն կրեցին նաև ռազմաճակատի այլ վայրերում։
Նապոլեոնը հրամայեց Մյուրատին գրավել Վիեննան։ Նապոլեոնը Մյուրատին մեղադրում էր Մորտյերին միայնակ թողնելու և ռուսների դեմ չհակագրոհելու մեջ, այն ժամանակ, երբ Բերնադոտը չկարողացավ անցնել Դանուբը, քանի որ այն վարարում էր։ Նոյեմբերի 13-ին Մյուրատը և Լաննը առանց որևէ կրակոցի գրավեցին Վիեննան։
Կուտուզովը գտնվում էր Մորավիայի շրջանի Օլմուց քաղաքում, որտեղ, նոյեմբերի 19-ին նա միանում է ռուսական բանակի մնացած մասին և ավստրիական բանակին։ Ընդհանուր ռուս-ավստրիական բանակը կազմեց 86.000 զինվոր։ 2 օր անց Նապոլեոնը 69.000 զինվորով հասավ Աուստեռլից, որը գտնվում էր Վիեննային 100 կմ հեռավորության վրա։ Ֆրանսիական բանակի մի մասը՝ մոտ 7000 զինվոր, Դավուի գլխավորությամբ դեռևս Վիեննայում էր։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատամարտի սկզբին դաշնակիցների բանակն ուներ թվային առավելություն։ Նապոլեոնի տրամադրության տակ կար 72.000 զինվոր և 157 թնդանոթ իսկ Դավուի 7000-անոց կորպուսը Վիեննայի մոտ էր։ Դաշնակիցների բանակն ուներ 85.000 զինվոր (70%-ը ռուս) և 318 թնդանոթ։
Ճակատամարտի նախօրեին Նապոլեոնը վստահ չէր իր հաղթանակի վրա։ Արտաքին գործերի նախարար Տալեյրանին գրած նամակում Բոնապարտը խնդրում է նրան ոչինչ չասել Ժոզեֆինային սպասվող ճակատամարտի մասին։ Սա տարօրինակ էր, եթե հաշվի առնենք որ Նապոլեոնը Ժոզեֆինային գրած մի շարք նամակներում[2] պատմում է սպասվող ճակատամարտերի և իր փառահեղ հաղթանակների մասին։
Ռազմադաշտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտը տեղի է ունեցել Բռնո քաղաքից 10 կմ (6 մղոն) հարավ-արևելք, Բռնո և Աուստեռլից քաղաքների միջև (ներկայումս Չեխիայում)։ Ռազմադաշտի հյուսիսում գտնվում է Սանտոնի բլուրը (210 մ) և Զուրանի բլուրը (270մ ), որտեղից բացվում էին դեպի Օլոմուկ-Բռնո քաղաքները կապող ճանապարհի միջև։ Այս երկու բլուրներից արևմուտք գտնվում էր Բելովից գյուղը։
Այս շրջանի կենտրոնում գտնվում էր Պրատցենի բլուրը (10-12 մ)։ Ինչպես նշում է Նապոլեոնի օգնականներից մեկը, հրամանատարն իր մարշալներին ասաց. «Պարոնայք, ուսումնասիրեք տարածքը, սա լինելու է ռազմադաշտը, որտեղ դուք մասնակցում եք»[3]։
Դաշնակիցների ծրագրերը և դասավորվածությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատամարտի նախօրեին դեկտեմբերի 1-ին կայացավ Դաշնակիցների հրամանատարների ժողով։ Ժողովին մասնակիցների մեծամասնությունը ուներ 2 հիմնական գաղափար. կռվի բռնվել թշնամու հետ և փակել դեպի Վիեննա ֆրանսիացիների հաղորդակցման միջոցները։ Սակայն երկար քննարկումներից հետո ընդունվեց Ավստրիայի գեներալ Ֆրանց Ֆոն վայրոտերի ծրագիրը[4] : Ըստ ծրագրի հիմնական հարվածը պետք է հասցվեր ֆրանսիական բանակի աջ թևի, որն ըստ դաշնակիցների ամենից թույլն էր պաշտպանված, ապա ապակողմորոշող շարժումներով հարձակվեին ձախ թևի վրա։ Դաշնակիցներ տարածել էին բանակի մեծ մասը 4 զորասյունով, որը պետք է հարձակվեր ֆրանսիացիների աջ թևի վրա։ Ռուսաստանի կայսերական պահակազորը (ռուս. Росси́йская импера́торская гвардия) պետք է պահպաներ իր ուժերը ճակատամարտի ավելի ուշ շրջանի համար, իսկ ճակատամարտի սկզբում դաշնակիցների աջ թևի պաշտպանությունը իրականացնելու էր Բագրատիոնը։ Ռուսաստանի ցարը զրկեց Կուտուզովին հրամանատարական լիազորություններից և տվեց դրանք Ֆրանց ֆոն վայրոտերին։ Կուտուզովին տրվեց միայն դաշնակիցների IV կորպուսը, չնայած իրավաբնորեն Կուտուզովը դեռևս գլխավոր հրամանատարն էր, քանի որ Ալեքսանդր I-ը չհամարձակվեց իր վրա վերցնել ճակատամարտի ամբողջ պատասխանատվությունը (հետագայում ցարը Կուտուզովի վրա բարդեց ճակատամարտի ամբողջ մեղքը)[5]։
Ֆրանսիացիների ծրագրերը և դասավորվածությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նապոլեոնը հույս ուներ, որ դաշնակիցները առաջինը կհարձակվեն և նրանց «քաջարելելու» համար դիտավորյալ թուլացրեց իր բանակի աջ թևը։ Նոյեմբերի 28-ին Նապոլեոնը հանդիպեց իր մարշալներին և հայտնեց գալիք ճակատամարտի մասին իր մտավախությունների մասին։ Չնայած Նապոլեոնը ամբողջովին վստահ չէր հաղթանակի վրա, նա ուշադրություն չդարձրեց մարշալների թշնամու հետ զինադադար կնքելու առաջարկների վրա։
Նապոլեոնը կանխատեսում էր, որ դաշնակիցները մեծ քանակի ջոկատներ կուղարկեն իր բանկի աջ թևի վրա և այդպիսով փակել Վիեննայի ճանապարհը։ Որպես արդյունք դաշնակիցների կենտրոնը և ձախ թևը կթուլանար։ Որպեսզի դաշնակիցները վերջնականապես ընկնեն Բոնապարտի ծուղակը, նա որոշեց թողնել իր ռազմավարական դիրքերը Պրատցենի բլրում բարձունքում, ձևացնելով իր բանակի թուլությունը։ Այդ ընթացքում Նապոլեոնի բանակը տեղակայվելու էր բլրի դիմաց գտնվող ստորոտում, որն անտեսանելի էր թշնամու համար։ Ըստ ծրագրի, ֆրանսիացիները պետք է հարձակվեին և հետ գրավեին բլուրը, ապա հարվածեին դաշնակիցների կենտրոնին և շրջապատել խուճապահար թշնամուն։
Եթե ռուսները թողնեն Պրատցենի բլուրը որպեսզի գնան աջ թև, ապա նրանք առանց որևէ կասկածի կպարտվեն. - Նապոլեոն Բոնապարտ
|
Դաշնակիցների կենտրոնին հարվածներ պետք է իրականացվեր Սուլտի գլխավորված IV կորպուսի (16.000 զինվոր) կողմից։ IV կորպուսի դիրքը պետք է ծածկեր վաղորդյան մառախուղը։ Փաստացի, մառախուղը մեծ դեր ուներ Նապոլեոնի ծրագրում։ Եթե այն շուտ ցրվեր, ապա դաշնակիցները կնկատեին Սուլտին, եթե ուշ ցրվեր, ապա Նապոլեոնը չէր տեսնի, թե երբ է թշնամին գրավում բլուրը և ժամանակին չէր կարողանա արձագանքել[6]։
Աջ թևին օգնելու համար, Նապոլեոնը հրամայեց Դավույին հնարավորինս արագ հասնել ռազմադաշտ և միանալ գեներալ Լեգրանի ջոկատին, որը պետք՝ ընդուներ դաշնակիցների ամենածանր հարվածը։ Դավուի զորքերը ունեին 48 ժամ 110 կմ անցնելու համար (ժամում ավելի քան 2 կմ)։ Նրանց ժամանումը կվճռեր ճակատամարտի ելքը։ Իրականում, Նապոլեոնի ծրագիրը շատ ռիսկային էր, քանի որ նա քիչ զինվոր էր թողնում աջ թևում։ Ռիսկի պատճառները մի քանիսն էին. նախ նա վստահում էր Դավուի տաղանդին և վարպետությանը, և վստահ էր, որ նա ճիշտ պահին կհասներ ռազմադաշտ, երկրորդ՝ աջ թևի զինվորները աշխարհագրորեն պաշտպանված էին լճերով և գետերով, և երրորդ՝ Ֆրանսիան արդեն վերցրել էր Բռնոն և դարձրել իր հենակետը։ Կայսրական պահակազորը և Բեռնադոտի I կորպուսը պահպանվելու էին ճակատամարտի սկզբում, մինչդեռ Լաննի գլխավորած V կորպուսը պահելու էր ռազմադաշտի հյուսիսային դիրքերը, որտեղ գտնվումէին ֆրանսիական բանակի կապի նոր ուղիները։
Ճակատամարտի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատամարտը սկսվեց առավոտյան ժամը 8-ին, երբ դաշնակիցների բանակի առաջին զորասյունը հարձակվեց Տելնից գյուղի վրա, որը պաշտպանված էր Ֆրանսիայի 3-րդ զորամասի ջոկատով։ Ճակատամրտի սկզբին ֆրանսիացիների այս ստորաբաժանումը ընդունեց ծանր հարված, երբ դաշնակիցները կազմակերպեցին հուժկու գրոհ և ֆրանսիացիներին դուրս նետեցին գյուղից։ Այդ ընթացքում Դավուի կորպուսի ջոկատներից մի քանիսը հասան ռազմադաշտ և դուրս մղեցին թշնամուն Տելնիցից։ Դաշնակիցների լրացուցիչ գրոհները կասեցվեցին ֆրանսիական թնդանոթների կողմից[7]։
Դաշնակիցների բանակը սկսեց հարձակվել ֆրանսիական բանակի աջ թևի վրա, սակայն դաշնակիցների նախատեսվածից ավելի դանդաղ գործողությունների պատճառով, ֆրանսիացիները կարողացան հեշտությամբ կասեցնել թշնամու գրոհները։ Իրականում դաշնակիցները իրենց առաջխաղացումը սկսեցին ոչ ճիշտ ժամանակ։ Հեծելազորը Յոհան I Լիխտենշտայնի գլխավորությամբ դաշնակիցների ձախ թևից ստիպված էր տեղափոխվել աջ թև, տեղափոխման ընթացքում բախվելով իրենց հետևակային զորքի զինվորներին, դանդաղեցրեցին գրոհները։ Սկզբում դաշմակիցների հրամանատարակն շտաբը այս դանդաղեղումը ընդունեց որպես աղետ, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, դա ամենևին էլ աղետ չէր և ավելին, այն օգնեց դաշնակիցներին։ Միևնույն ժամանակ, դաշնակիցները գրոհեցին Սոկոլնից գյուղի վրա, որը պաշտպանում էր 26-րդ ջոկատը և մի քանի այլ ջոկատներ։ Դաշնակիցների սկզբնական գրոհներն անհաջող էին և գեներալ Լանժերոնը հրամայեց ռմբակոծել գյուղը։ Սա ստիպեց ֆրանսիացիներին թողնել գյուղը, իսկ դաշնակիցները հարձակվեցին Սոկոլնից գյուղի ամրոցի վրա։ Ֆրանսիացիները այնուամենայնիվ, հակագրոհեցին և վերադարձրեցին Սոկոլնիցը, և նորից կորցրեցին (ճակատամարտի ընթացքում Սոկոլնիցը մի քանի անգամ անցավ 2 կողմերի ձեռքը)։ Գյուղի համար պայքարը գործնականում ավերվեց, երբ Ֆրիանի դիվիզիան (ֆրանսիական III կորպուսի մի մասը) գրավեց այն։ Այսպիսով Սոկոլնիցը դարձավ Աուստեռլիցի ամենաթեժ կետերից մեկը[8]։
Մինչ դաշնակիցների բանակը գրոհում էր ֆրանսիական աջ թևի վրա, Կուտուզովն իր կորպուսով տեղակայվել էր Պրատցենի բարձունքում։ Ինչպես Նապոլեոնը, Կուտուզովը նույնպես հասկանում էր Պրատցենի կարևորությունը, այդ պատճառով նա որոշել էր մնալ և պահպանել Պրատցենը։ Սակայն Ալեքսանդր I-ը չգիտակցելով բլրի կարևորությունը հրամայում է Կուտուզովին հեռանալ բլրից և օգնել բանակին։ Հենց այստեղ դաշնակիցներն ընկնում են Բոնապարտի ծուղակը։
«Մեկ ուժգին հարված և ճակատամարտն ավարտված է»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտավորապես առավոտյան ժամը 8:45, զգալով թշնամու կենտրոնի թուլությունը, Նապոլեոնը Սուլտից իմացավ, որ ֆրանսիացիներն ի զորու են 20 րոպեում հասնել Պրատցենի բարձունք և գրավել այն։ 15 րոպե անց Նապոլեոնը հարձակման հրաման տվեց և ավելացրեց. «Մեկ ուժգին հարված և ճակատամարտն ավարտված է[9]» :
Խիտ մառախուղը օգնեց ծածկել Սենտ-Իլերի առաջխաղացումը, բայց երբ նրանք բարձրացան դեպի լանջ, արևը բացվեց և նրանք անցան հարձակման (շատ անգամ արևի ճիշտ ժամանակին բացվելն անվանում են Աուստեռլիցի արև)։ Ռուս զինվորները հանկարծակի եղան՝ տեսնելով բազմաքանակ թշնամուն։
Դաշնակիցներն այնտեղ ուղարկեցին 4-րդ զորասյան մի քանի զորամիավորում։ Մոտ մեկ ժամ տևած կռվում դաշնակիցների այս զորամիավորումները ջախջախվեցին։ Մեծ մասամբ ավստրիացիներից կազմված 2-րդ զորասյունը քանակական առավելության շնորհիվ կարողացավ կասեցնել ֆրանսիացիների մի քանի գրոհ, սակայն շուտով Սենտ-Իլենի գլխավորության ֆրանսիացիները գրավեցին Պրատցենը։ Հյուսիսում, գեներալ Վանդամի դիվիզիան հարձակվեց Ստարե Վինոհրադի (Հին խաղողներ) կոչվող տարածքի վրա և այնտեղ ջախջախեց դաշնակիցների մի քանի ջոկատներ։
Ճակատամարտը ընթանում էր Ֆրանսիայի առավելությամբ, սակայն հաղթանակը դեռևս Նապոլեոնի ձեռքում չէր։ Նապոլեոնը հրամայեց Բեռնադոտի I կորպուսին օգնել Վանդամի ձախ թևին և շրջվել դեպի սբ. Էնթոնի։ Դաշնակիցները հուսահատությունից ճակատամարտ դուրս բերեցին իրենց վերջին ուժերը՝ ռուսական կայսրական պահակազորը։ Ալեքսանդր I-ի եղբայր Կոնստանտինի գլխավորությամբ կայսրական պահակազորը հակագրոհեց Վանդամի ջոկատի վրա։ Այս կռիվը ճակատամարտում ամենածանր վնասները հասցրեց ֆրանսիացիներին, որտեղ նրանք կորցրեցին շատ զինվորներ, ինչպես նաև 1 դրոշ[10]։ Ի վերջո ֆրանսիական այս գումարտակը պարտվեց։ Զգալով վտանգը, Նապոլեոնը իր իսկ գլխավորած հեծելազորով առաջ ընթացավ և ջախջախեց ռուսական կայսրական պահակազորը:
Ռուսները ունեին թվային առավելություն, սակայն շուտով այդ առավելությունը նույնպես վերացավ։ Ֆրանսիայի հեծելազոային թնդանոթները մեծ վնաս հասցրին թշնամու բանակին։ Վնասվածք ստացավ նաև Կուտուզովը և նրա փեսան ՝ Ֆերդինանդ Ֆոն Տիզենհաուզենը։
Ճակատամարտի ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ես ուժգին և շարունակական կրակահերթի տակ էի։ Շատ զինվորներ, որոնք ժամը 9-ից 16-ը ճակատամարտում էին, չունեին փամփուշտներ։ Բացի հանձնվելուց ուրիշ ելք չունեի։ - Գեներալ-լեյտենանտ Պրժեբիշևսկի[11]
|
Միևնույն ժամանակ ռազմադաշտի արևելյան մասում ընթանում էր ուժգին պայքար։ Յոհան I Լիխտենշտայնի (դաշնակիցներ) ծանր հեծելազորը հարձակվեց Կելերմանի (Ֆրանսիա) թեթև հեծելազորի վրա։ Ճակատամարտը շարունակում էր ընթանալ ֆրանսիացիների առավելությամբ, բայց Կելերմանի ուժերը թաքնվեցին Կաֆարելլի հետևակի ետևում և ռազմադաշտի այս մասում ռուսական կողմի քանակական առավելությունը շատ մեծ էր։ Կաֆարելլին հաջողվեց կանգնեցնել ռուսական հարձակումը, ինչը հնարավորություն տվեց Մյուրատին 2 կիրասիրների (ֆր. Cuirasser) ջոկատ ուղարկել ռուսների հեծելազորին վերջնական հարված տալու համար։ Երկար շարունակվող այս մարտն ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով։ V կորպուսը Լաննի գլխավորությամբ հարձակման անցավ Բագրատիոնի դեմ և երկար մարտերից հետո ռուս հմուտ զորավարը տեղի տվեց և սկսեց նահանջել։ Լաննը ցանկացավ հետապնդել նրան, սակայն Մյուրատը՝ ռազմադաշտի այդ մասի հրամանատարը, թույլ չտվեց[12] :
Այժմ Նապոլեոնի ուշադրությունը ռազմադաշտի հարավում էր, քանի որ Սոկոլնիցի և Տելնիցի շրջանում կռիվը դեռևս չէր ավարտվել։ Արդյունավետ գրոհներով Սենտ-Իլերի դիվիզիան և Դավուի III կորպուսի մի մասը թշնամուն դուրս մղեց Սոկոլնիցից և ստիպեցին առաջին երկու զորագնդերին (գեներալ Կիենմայերի և Լանժերոնի գլխավորությամբ ) ամբողջ ուժով փախչել։ Բուքսհևդենը, որը դաշնակիցների ձախ թևի հրամանատարն էր և հարձակման պատասխանատուն, անհայտ պատճառներով գինովցած էր, ուստի նույնպես դիմեց փախուստի։ Կինմայերը իր փախուստը ծածկեց Օ՛Ռեյլիի թեթև հեծելազորով, որը արիաբար մարտերի միջոցով կարողացավ հաղթել ֆրանսիայի 6 հեծելազորից 5-ին, սակայն իր բանակի զինվորների սակավությունը ստիպեց նրան հանձնվել[13]։
Այս ամենը սարսափ տարածեցին դաշնակիցների մոտ և դաշնակիցների զինվորները դիմեցին փախուստի, թողնելով մեծ քանակությամբ ռազմատեխնիկա։
արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական և քաղաքական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշնակիցները կորցրեցին իրենց բանակի մոտ 40%-ը, մինչդեռ Ֆրանսիան միայն 12%։ Փարիզը Նապոլեոնին դիմավորեց փառահեղ ձևով։ Մինչ այդ Բոնապարտն իր կնոջը՝ Ժոզեֆինային գրած նամակում ասում է.
«Ես հաղթեցի ռուս-ավստրիական բանակին, որը գլխավորում էին 2 կայսրեր։ Մի փոքր հոգնած եմ։ Համբուրում եմ»։ |
Հիշարժան են նաև Ալեքսանդր I-ի խոսքերը.
«Մենք երեխա ենք հսկայի ձեռքում»։ |
Ֆրանսիան և Ավստրիան դեկտեմբերի 4-ին կնքեցին Պրեսբուրգի հաշտությունը։ Ավստրիան ճանաչեց Ֆրանսիայի բոլոր նվաճումները Իտալիայում, Բավարիայում, Բադենում և վճարեց 40.000.000 ֆրանկ ռազմատուգանք, իսկ Վենետիկն անցավ Իտալիայի թագավորությանը։ Նապոլեոնը գերմանական (պրուսական) մի քանի քաղաքներից ստեղծեց Հռենոսյան կոնֆեդերացիան, որը հանդիսացավ Ֆրանսիական և Պրուսական թագավորությունների կապող օղակ։
Հռենոսյան կոնֆեդերացիայի ստեղծումը մեծ հարված հասցրեց Սրբազան Հռոմեական կայսրությանը և,1806 թ օգոստոսի 6-ին Ֆրանց II-ի գահից հեռանալու հետ մեկ տեղ դադարեց գոյություն ունենալուց։ Սրբազան Հռոմեական կայսրության տարածքի մեծ մասն անցավ Ավստրային։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.pousse-pion.fr/blog/wan/ordre-de-bataille-austerlitz/ Արխիվացված 2016-03-25 Wayback Machine
- http://www.zamky-hrady.cz/1/slavkov-e.htm
- http://www.vialupo.com/austerlitz/
- http://www.pousse-pion.fr/mp/La-bataille-d-Austerlitz.php
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆրանսիական աղբյուրները նշում են 73 հազար թիվը, իսկ անգլիական աղբյուրները ՝ 67 հազար։ Անհամապատասխանելիության պատճառն այն է, որ Դավուի 7000անոց կորպուսը Ֆրանսիական բանակի կազմում չէր ճակատամարտի սկզբին։
- ↑ http://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6304095n
- ↑ David G. Chandler, The Campaigns of Napoleon. p. 412–413
- ↑ Chandler p. 416
- ↑ Lê Vinh Quốc, Nguyễn Thị Thư, Lê Phụng Hoàng, pp. 154-160
- ↑ Gregory Fremont-Barnes (2010). Napoleon Bonaparte: leadership, strategy, conflict. Great Britain: Osprey Publishing. p. 21. ISBN 978-1-84603-458-9.
- ↑ Fisher & Fremont-Barnes p. 48–49
- ↑ Todd Fisher & Gregory Fremont-Barnes, The Napoleonic Wars: The Rise and Fall of an Empire. p. 49
- ↑ Andrew Uffindell, Great Generals of the Napoleonic Wars. p. 21
- ↑ Ճակատամարտում սա ֆրանսիական բանակի միակ կորցրած դրոշն էր, մինչդեռ դաշնակիցները կորցրեցին 45 դրոշ։
- ↑ Grant, p. 203
- ↑ Fisher & Fremont-Barnes p. 52
- ↑ Rose (1910:46)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 160)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուստեռլիցի ճակատամարտ» հոդվածին։ |
|